38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայտարարություն Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ

Հայտարարություն Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ
09.06.2024 | 13:47

Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․

Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած տրանսպորտային միջոցը՝ այն տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառաբանությամբ։ Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։

Այնուամենայնիվ, Կարապետ Պողոսյանը, ենթարկվելով Պարեկային ծառայության աշխատակցի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18․1 և 18․2 հոդվածներին ակնհայտորեն հակասող պահանջին, տրանսպորտային միջոցը վարել է դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք, որի ընթացքում իր տրանսպորտային միջոցի մեջ գտնվող Պարեկային ծառայության աշխատակցից տեղեկացել է, որ «ցուցում ունեն ԱՅՍՕՐ բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք ունենան խախտում, որը հիմք է տրանսպորտային միջոցն արգելանք դնելու, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»։ Ըստ այդմ, Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, արդարացիորեն վրդովվելով ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ և խտրական գործողություններից, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և Պարեկային ծառայության աշխատակիցը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ տալու եղանակով արտահայտել է իր զայրույթը։

Այնուհետև, Կարապետ Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի մասին տեղեկացրել է հանրությանը՝ խնդրելով նաև իր փաստաբան ընկերներին մոտենալ և իրավաբանական օգնություն ցույց տալ, որից հետո Պարեկային ծառայության աշխատակցի պահանջով կանգնեցրել է ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցը Պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշված բաժնում էլ Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԱՍՑԵԻՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, որպիսի արարքն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չի համարվում:

Տեղեկացնում ենք նաև, որ իրականությանը չի համապատասխանում և փաստական հիմքից առհասարակ զուրկ է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տվյալը, թե իբր «վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տեղեկությանը, թե «Կարապետ Պողոսյանը, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ», ապա հայտնում ենք, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն այն մասին, որ այդ դեղահաբերը պատկանում են իր մայրիկին, ով դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իր մոտ դրանք, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին, հայտնվել են հանգամանքների պատահական զուգորդմամբ՝ մանրամասն ներկայացնելով ամբողջ եղելությունը։ Ընդ որում, նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել և վարույթի նյութերին կցվել են համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր։

Իրազեկում ենք նաև, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է մասնակի՝ 1 ամիս ժամկետով: Նշված դատական ակտի դեմ կներկայացվի հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`

Արտակ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Սլավիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4381

Մեկնաբանություններ