Մնում է նույնը Պուտինը հայտարարի, և վերջ Զելենսկուն ու նրա վարչակարգին
Անցյալ ամսավերջին հրապարակված «Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել. եթե հաստատվի ահաբեկչությանը ՈՒկրաինայի ղեկավարության մեղսակցությունը և երկրում չգտնվի Կինժալից փրկող
բունկեր» վերտառությամբ մեր հոդվածում կանխատեսել էինք, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունից շուտով կարող է անցնել հակաահաբեկչական գործողության, ինչը նշանակում է, որ ՌԴ Զինված ուժերի թիրախում կհայտնվեն ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Հոդվածաշարի 2- րդ մասում գրել էինք, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը շուտով անցում կկատարի որակապես նոր փուլի, ՌԴ- ի դեմ իր թշնամիների պատերազմը՝ նույնպես… Նշել էինք նաև, որ աշխարհում ավելի մեծ փորձություններ են սպասվում, քան եղել են մինչ այժմ, և որ Հայաստանն աշխարհից դուրս չէ, հետևաբար այդ փորձությունները, ցավոք, վերաբերելու են նաև մեզ… Վերոնշյալի առումով հետագա իրադարձությունները, ինչպես նաև պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ մեր այս կանխատեսումը շուտով կարող է իրականություն դառնալ:
Սկսենք նախ նրանից, որ Ռուսաստանի արտգործնախարարության մարտի 31- ի հաղորդագրության համաձայն՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակման և ՌԴ-ում այլ ահաբեկչությունների հետքերը տանում են դեպի ՈՒկրաինա, Մոսկվան Կիևից այդ կապակցությամբ պահանջել է ձերբակալել և իրեն հանձնել ահաբեկչությունների բոլոր մեղսակիցներին:
«Մարտի 22- ին Կրասնոգորսկ քաղաքում իրականացված և ամբողջ աշխարհը ցնցած արյունալի ահաբեկչական գործողությունը հեռու է վերջին շրջանում մեր երկրի դեմ իրականացված առաջին ահաբեկչական հարձակումից,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:- Ռուսաստանի իրավասու մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունները ցույց են տալիս, որ այդ բոլոր հանցագործությունների հետքերը տանում են ՈՒկրաինա… Այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ- ն ՈՒկրաինայի իշխանություններին է փոխանցել Ռմբային ահաբեկչության դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի և Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում այդ ահաբեկչություններին մասնակից բոլոր անձանց անհապաղ ձերբակալելու և արտահանձնելու մասին պահանջներ: Այդ պահանջների թվում է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի ձերբակալությունը, որը մարտի 25-ին ցինիկորեն ընդունել է ՈՒկրաինայի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթեցման կազմակերպումը և բացահայտել Ռուսաստանի Դաշնությունում այլ ահաբեկչությունների կազմակերպման մանրամասները»։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ- ն, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է: Բացի այդ, ռուսական կողմը Կիևի վարչակարգից պահանջում է անհապաղ դադարեցնել ցանկացած աջակցություն ահաբեկչական գործունեությանը, հանձնել մեղավորներին և փոխհատուցել զոհերին պատճառված վնասը:
ՌԴ դիվանագիտական գերատեսչությունն արձանագրել է, որ «ՈՒկրաինայի կողմից հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումը կհանգեցնի նրա միջազգային իրավական պատասխանատվության»:
Ռուսաստանի ԱԳՆ- ում աշխատողները, անշուշտ, խելապակասներ չեն, որ միամտաբար կարծեն, թե Զելենսկու վարչակարգը կատարելու է հայտնի ահաբեկչություններին մասնակից բոլոր անձանց անհապաղ ձերբակալելու և արտահանձնելու, ինչպես նաև իր վերոնշյալ մյուս պահանջները: Կիևը նույնիսկ ահաբեկչության մի շարքային մասնակցի չի ձերբակալի և հանձնի Մոսկվային, էլ ուր մնաց թե՝ ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին:
Միամտություն կլինի կարծելը նաև, թե ՌԴ ԱԳՆ-ում իրենց հույսը դրել են ՈՒկրաինայի կողմից հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտման ու վերոնշյալ պահանջները չկատարելու դեպքում այդ պետության միջազգային իրավական պատասխանատվության վրա: Մոսկվայի հաշվարկը բոլորովին այլ է՝ Կիևի կողմից հիշյալ պահանջների մերժման կամ արհամարհման դեպքում իրավական ու քաղաքական հիմքեր ունենալ ՈՒկրաինան ահաբեկչական պետություն կամ առնվազն Զելենսկուն ու նրա վարչակարգի անդամներին ահաբեկիչներ հռչակելու և, ըստ այդմ, նրանց հետ վարվելու համապատասխանաբար:
Եվ, ահա, ընդամենը 2 օր առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամ ալիքի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է, որ ՈՒկրաինան արդեն իսկ դե ֆակտո ահաբեկչական պետություն է:
«Փաստացի նախկին ՈՒկրաինան արդեն իսկ ահաբեկչական պետություն է, որն ազատ, առանց հետևանքների, սպանում է յուրայիններին և (!) օտարերկրյա քաղաքացիների,- նշել է Մեդվեդևը։- Սպանում է քաղաքներում և խրամատներում, սպանում է նույնիսկ բանտերում։ Դա ակնհայտ է նույնիսկ ձկան դեմքով զզվելի բրիտանացի կանանց և Սպիտակ տան մարգագետնին կայունության համար մեծ մարզակոշիկներով մարազմատիկների համար» (նկատի ունի համապատասխանաբար Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Էլիզաբեթ (Լիզ) Թրասսին և ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենին):
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեկ վերահաստատել է, որ «Կրոկուսում» ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ:
«Փորձում են մեր վզին փաթաթել, թե ահաբեկչական գործողությունն իրականացվել է ոչ թե Կիևի վարչակարգի, այլ արմատական իսլամական գաղափարախոսության կողմնակիցների կողմից, հնարավոր է՝ ԻԼԻՊ- ի աֆղանական մասնաճյուղի անդամների կողմից»,- «Коммерсантъ»– ի տեղեկացմամբ, հայտարարել է Պատրուշևը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ ամենամյա հանդիպման ժամանակ:
«Սակայն,- շարունակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը,- շատ ավելի կարևոր է օպերատիվորեն պարզել, թե ով է հանդիսանում պատվիրատուն և հովանավորն այս հրեշավոր հանցագործության։ Նրա հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ։ Բայց բոլորին քաջ հայտնի է, որ Կիևի վարչակարգն ինքնուրույն չէ և լիովին վերահսկվում է ԱՄՆ- ի կողմից։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ԻԼԻՊ- ը, «Ալ- Քաիդան» և ահաբեկչական այլ կազմակերպություններ ստեղծել է Վաշինգտոնը»:
Ոչ միայն Մեդվեդևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ՈՒկրաինան բացահայտ ահաբեկչական պետություն է անվանել:
«Այսօր ՈՒկրաինան ինքը, եթե վերադառնանք ահաբեկչության վերաբերյալ նրա փաստարկներին՝ որպես իր գործողությունների պատճառ, դարձել է բացահայտ ահաբեկչական պետություն։ Տասը տարի ահաբեկում է քաղաքացիներին և՛ իր երկրում, և՛ նրա սահմաններից դուրս»,- «РИА Новости»–ի տեղեկացմամբ , ասել է Լավրովը ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ կլոր սեղանի ձևաչափով հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության անկախ արհմիությունների ֆեդերացիայի
12- րդ համագումարում, ТАСС- ի տեղեկացմամբ, ասել է.
«Դատելով նրանից, թե այժմ ինչ է տալիս հետաքննությունը, մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Մոսկվայում տեղի ունեցած արյունալի, սարսափելի ահաբեկչական գործողության պատվիրատուների գլխավոր նպատակը հենց մեր միասնությանը վնաս պատճառելն էր։ Այլ նպատակներ չեն էլ դիտարկվում: Նրանք չկան»:
«Ռուսաստանը չի կարող իսլամական արմատականների կողմից ահաբեկչական հարձակումների օբյեկտ լինել,- նույն գործակալության մեկ այլ հրապարակման համաձայն, ասել է Պուտինը:- Մենք ունենք մի երկիր, որը ցույց է տալիս միջդավանական համաձայնության և միասնության, միջկրոնական միջէթնիկ միասնության եզակի օրինակ»:
Ընդգծելով, որ Ռուսաստանն արտաքին ասպարեզում էլ իրեն այնպես է պահում, որ դժվար թե կարող է թիրախ լինել իսլամական արմատականների հարձակման համար, ՌԴ նախագահն այսպիսով ակնարկել է, որ «կրոկուսում» ահաբեկչության հետևում այլ ուժեր են կանգնած:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ