Թուրք պատմաբան Սալիմ Ձյոհջեն նշել է, որ հայերը Թուրքիայում ոչ միայն թուրքացել, քրդացել են, այլև արաբացել։ «Սղերթում, Հաթայում (Ալեքսանդրետ), ՈՒրֆայում, Մարդինում բնակվող հայերն արաբացել են և այսօր արաբախոս են»,-այտարարել է նա։
Միևնույն ժամանակ, Ջյոհջեն նշում է, թե Թուրքիայում կան նաև ասորացած հայեր։ Ակնհայտ է, որ թուրքական պետական տարբեր օղակներ, վերլուծական, հետազոտական կենտրոններ զբաղված են ծպտյալ և իսլամացած հայերի մասին նոր տվյալներ ձեռք բերելու գործով: «Աքսիոն» հանդեսում հրատարակվել են ներկայումս Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի բնակության վայրերի, թվաքանակի մասին տվյալներ, ինչպես նաև նշվում է, թե նրանք պաշտոնապես որ ազգի կամ կրոնական համայնքի ներկայացուցիչներ են համարվում։ Հետաքրքրական է, որ հենց թուրքական հանդեսի տեղեկության համաձայն` այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, քանի որ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են։ Ստորև ներկայացվող ցուցակում, որը վերցված է «Աքսիոն» հանդեսից, հանդիպում են նաև տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե որ շրջաններում կան արաբացած հայեր։
ՔԱՂԱՔԸ. ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ԹԻՎԸ. «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Դիարբեքիր. 1000 ընտանիք. քուրդ, ասորի, ալևի
Մալաթիա. 3655 ընտանիք. քուրդ, ալևի
Կեսարիա. 5000 ընտանիք. թուրք
Էլյազիգ. 1000 ընտանիք. քուրդ, ալևի
Վան. 4000 ընտանիք. քուրդ
Թունջելի. 2000 ընտանիք. քուրդ, ալևի
Շանլըուրֆա. 3500 ընտանիք. քուրդ, արաբ
Սղերթ. 1200 ընտանիք. արաբ, քուրդ
Հաթայ (Ալեքսանդրետ). 1100 ընտանիք. արաբ
Բիթլիս. 200 ընտանիք. քուրդ
Էրզրում. 3000 ընտանիք. քուրդ, ալևի, թուրք
Երզնկա. 1300 ընտանիք. ալևի, քուրդ
Սեբաստիա. 2000 ընտանիք. քուրդ, ալևի
Մարդին. 1500 ընտանիք. արաբ
Քահրաման
Մարաշ. 3000 ընտանիք. քուրդ, ալևի
Ադըյաման. 1600 ընտանիք. քուրդ
Ադանա. 2000 ընտանիք. քուրդ, արաբ, ալևի
Ինչպես երևում է վերը բերված աղյուսակից, արաբացած հայերը, ըստ թուրքական աղբյուրների, բնակվում են Սղերթի, Հաթայի, Շանլըուրֆայի, Մարդինի և Ադանայի շրջաններում։ Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքրական է այն հարցը, թե ինչու պետք է հայերը, փրկելու համար իրենց կյանքը, իսլամ ընդունելուց հետո հանդես գային որպես արաբներ և ոչ քրդեր կամ թուրքեր։ Օսմանյան կայսրության արաբական վիլայեթներին սահմանակից շրջաններում հայերի արաբանալը, թերևս, կարելի է պայմանավորել արաբական ցեղերի հետ սերտ շփումներով, ինչն էլ ստիպել է այդ տարածքների հայերին, կոտորվելուց խուսափելու համար, արաբանալ։ Սակայն այս խնդրի վերաբերյալ այլ հավաստի աղբյուրների և անձնական դիտարկումների արդյունքում ձեռք բերված փաստերը որոշակի հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, արաբացած հայեր կան ոչ միայն նշված վայրերում, այլև, որքան էլ զարմանալի է, Սասունի, Մուշի գյուղերում, և այս մասին թուրքական աղբյուրները լռում են։ Ի տարբերություն այլ շրջանների, այս վայրերում «դյոնմե» (հավատափոխ) ասելով` նկատի են ունենում ոչ միայն քրդացած հայերին, այլև արաբացածներին։ Տեղի բնակիչները շատ լավ են ճանաչում միմյանց, և գրեթե բոլորը գիտեն արաբացած ու արաբախոս հայերի իրական էթնիկ պատկանելության մասին, ինչպես նաև գիտեն, թե ովքեր են իրականում քրդացած հայեր, ովքեր` թուրքացած և այլն։ Ի վերջո, հենց արաբացած հայերը չեն ժխտում իրենց հայկական ծագումը, չնայած չի էլ կարելի ասել, թե շատ բացահայտ են դա ընդունում։ Հետաքրքիր է, որ արաբացած հայերը բնակվում են նախկին հայկական գյուղերում, օրինակ` Սասունի Մճկեղ գյուղը ներկայումս արաբացած հայերով է բնակեցված, բացի այդ, նրանք գիտեն բոլոր հայկական եկեղեցիների, սրբավայրերի, գերեզմանատների տեղերը։ Հենց արաբացած հայերի խոստովանությամբ` իրենք այդ վայրերի բնիկների ժառանգներն են: Եթե սա հիմք ենք ընդունում ու հաշվի առնում, որ դրանք նախկին հայկական գյուղեր են, ապա պարզ է դառնում, որ արաբացած հայերին կարելի է համարել այդ գյուղերի նախկին հայ բնակչության սերունդներ։
Սակայն արաբացած հայերը Թուրքիայում ապրող այլ կրոնափոխ հայերի խմբերից` մասնավորապես քրդացածներից, ունեն էական տարբերություններ. այսպես, օրինակ` արաբացած հայերը, ի տարբերություն քրդացածների, վայելում են թուրքական պետության որոշակի վստահությունը։ Այս հանգամանքը, կարծում ենք, կարող է օգնել` հասկանալու համար Թուրքիայում արաբացած հայերի գոյության հանելուկը։ Արաբացած հայերն իրենց մի աստիճան բարձր են համարում քրդացած հայերից, քանի որ նրանք ոչ թե դեմ են թուրքական պետությանը, այլ ընդհակառակը` թուրքական պետությունը հովանավորում է իրենց։ Ավելին, թուրքական պետությունն արաբացած հայերին տալիս է զենք, զինամթերք, նույնիսկ աշխատավարձ, որպեսզի նրանք պայքարեն PKK-ական քրդերի դեմ և պահեն իրենց գյուղերը։ Իսկ գաղտնիք չէ, որ հենց վերոնշյալ շրջաններում են, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, տեղի ունենում քրդական հուզումները։ Գաղտնիք չէ նաև, որ արդեն տևական ժամանակ այդ վայրերում ընթանում է չհայտարարված պատերազմ քրդական զինյալների և թուրքական կանոնավոր բանակի միջև։ Եվ ահա այս պատերազմում արաբացած հայերը թուրքական պետության կողմից դիտվում են որպես լրացուցիչ պատնեշ քրդերի դեմ։
Հայերի արաբանալը և հատկապես այդ վայրերում բնակվելը, մեր կարծիքով, կարելի է մեկնաբանել և բացատրել հետևյալով.
1. Հայերը ցեղասպանության տարիներին մտել են արաբական աշիրեթները, արաբացել, իսլամացել և արդեն որպես իսլամ արաբներ շարունակել ապրել իրենց գյուղերում։ Վարկածն ունի հավանականության որոշակի տոկոս, սակայն առաջացնում է նաև որոշ հարցեր, մասնավորապես` օսմանյան կամ թուրքական կառավարությունները, տեղյակ լինելով սրան, ինչո՞ւ են թողել այդ ամենը։
2. Ցեղասպանության ժամանակ, աքսորի ճամփով մի կերպ Դեր Զոր, Սիրիա հասած հայերը կամ նրանց երեխաները, հետագայում ընդունելով իսլամ, վերադարձել են Թուրքիա` իրենց նախնիների գյուղերը, բայց արդեն որպես արաբներ։ Այս փաստարկի օգտին է խոսում մի քանի հանգամանք. նախ` լիբանանահայերի և սիրիահայերի շրջանում անցկացրած մեր հարցումները ցույց են տվել, որ ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայերից եղել են մարդիկ, ովքեր վերադարձել են Թուրքիա։ Փաստը, որ ցեղասպանության տարիներին արաբական որոշ ցեղերի մոտ եղել են որբ հայ երեխաներ, ապացուցում են մի շարք աղբյուրներ, այդ թվում և Պոլսո Հայոց պատրիարքարանի 1921թ. կազմած մի տեղեկանք, որտեղ նշված է, թե արաբական որ ցեղերի մոտ ինչքան հայ որբեր են գտնվում։ Ըստ այդ ցուցակի` Դեր Զորի շրջանի Զիբար, Էգաբար և Վարաքորա ցեղերի մոտ գտնվել են առնվազն 500, Ժիբոուր (Ջիբուր) ցեղի մոտ` 600, Շամոր (Շեմմար) ցեղի մոտ` 700, Անեզաի (Անեզա) ցեղի մոտ` 2000, Ռեսուլայնի շրջանի չեչենական ցեղերի մոտ` 2000 հայ որբ երեխաներ։ Չի կարելի բացառել, որ այս հայ երեխաները, ինչպես նաև փրկված այլ հայեր էլ հենց կազմել են արաբացած հայերի կորիզը։ Սակայն այս ամենի վրա, մեր կարծիքով, կարող է լույս սփռել նաև այն հանգամանքը, որ արաբացած հայերը Թուրքիա են վերադարձել հատկապես 1930-ականների վերջին և 40-ականների սկզբին, այն էլ` թուրքական պետության համաձայնությամբ, ավելին` աջակցությամբ։ Սիրիահայերը կամ լիբանանահայերը, որոնց հետ մենք զրուցել ենք, խոստովանում են, որ, իրոք, իրենց բարեկամները կամ հարազատները ցեղասպանությունից որոշ ժամանակ անց վերադարձել են Արևմտյան Հայաստան։ Այս վերադարձի ժամկետները շատ հաճախ համապատասխանում են 1930-ականների վերջերին։ Այստեղ կարևոր է հաշվի առնել հետևյալ փաստը. ինչպես նշեցինք, այդ տարածքներում են տեղի ունեցել քրդական ապստամբություններն ու խռովությունները, և հենց Դերսիմում 1938թ. արյան մեջ ճնշվել է ալևիների ապստամբությունը։ Դրան նախորդել են այլ ապստամբություններ և բախումներ։ Այսինքն` շրջանը եղել է շարունակական ժողովրդական հուզումների վայր, և արաբացած հայերին բերելով ու բնակեցնելով այս վայրերում` թուրքական կառավարությունը ստեղծել է հակակշիռ քրդերի դեմ։
Անշուշտ, հետաքրքիր է իմանալ նաև արաբացած հայերի մոտ հայկական ինքնագիտակցության պահպանման կամ դրա աստիճանի մասին, սակայն այդ ամենի վերաբերյալ տվյալները հակասական են և ոչ ստույգ։ Ըստ մի վարկածի, եթե նրանց մեջ լիներ ցեղասպանության վրեժի գաղափար, ապա դժվար թե նրանք համագործակցեին թուրքական իշխանությունների հետ։ Բայց մյուս կողմից` այստեղ պարզորեն կարելի է նկատել դարեր շարունակ թուրքական քաղաքականության հետքը, այն է` իրար դեմ լարել հարևանությամբ ապրող էթնոսներին և շահել, ինչը տեղի է ունեցել նաև այս պարագայում։ Միևնույն ժամանակ, քրդերի դեմ արաբացած հայերի պայքարում կարելի է տեսնել հենց նույն վրեժի գաղափարը, քանի որ գաղտնիք չէ, և ներկայումս էլ քրդերն իրենք են խոստովանում, որ ցեղասպանության ժամանակ գործել են հայերի դեմ, կոտորել նրանց, թալանել, տիրացել ունեցվածքին և գյուղերին։ Միգուցե թուրքական պետությունն օգտագործել է հենց այս հանգամանքը` արաբացած հայերին իրենց կողմը գրավելու և քրդերի դեմ օգտագործելու համար։
Չափազանց հետաքրքիր է քրդացած և արաբացած հայերի փոխհարաբերությունների հարցը, որի մասին նույնպես չկան տվյալներ, բայց կարելի է արձանագրել, որ Թուրքիայում դավանափոխ հայերի երկու խմբեր կամա, թե ակամա հայտնվել են հակադիր ճամբարներում։
Ինչպես պարզորոշ ցույց են տալիս փաստերը, ծպտյալ հայերի թեման ունի շատ ենթաշերտեր, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է յուրովի մոտեցում, և կարծում ենք` հետևողական աշխատանքները լույս կսփռեն այս խնդրի վրա, որը մեզ համար ունի ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և հոգեբանական նշանակություն։