«Ժողովորդի ճնշող մեծամասնությունը նոյեմբերի 10-ից հետո այնքան ճնշված ու ստորացված էր իրեն զգում, որ հեղափոխության, հեղաշրջման կամ մեկ այլ փոփոխության էր սպասում, որ փոխվի այս իշխանությունը: Ժողովորդի մի հատված էլ ասում է՝ ճիշտ է՝ Փաշինյանը լավ ղեկավար չի, տանուլ է տվել , բայց հիմա, երբ պատերազմն արդեն ավարտվել է, եկեք կամաց-կամաց առաջ գնանք: Ճանապարհները բացվում են, ասում են, կսկսենք առևտուր անել և այլն: Բայց նրանք չեն հասկանում, որ անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մեր պարտությունը շարունակվում է»,- այս մասին այսօր՝ հունվարի 16-ին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա վստահ է, որ չարաբաստիկ այդ հայտարարության առաջին կետը, որտեղ ասվում է, որ հանձնում ենք Քելբաջարն ու Լաչինը, իսկ մնացած տեղերում զորքը կանգնում է այնտեղ, որտեղ կանգնած է, փաստացիորեն խախտվել է: Զանգեզուրում, Սյունիքում մեր զորքը, բացատրում է, կիլոմետրերով առաջ էր կանգնած, Նիկոլ Փաշինյանի հրամանով զորքը հետ է կանչվել, ու Սյունիքի սահմանների առումով խնդիր ունենք: «Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո: Երեկ նայում էի Ալիևների այցը Շուշի, դրան զուգահեռ կարդում էի Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի հարցազրույցը, որտեղ ասում է, թե թուրքերի հետ պետք է հարևանություն ու առևտուր անենք: Տիկին Նազարյանը երևի չգիտի, որ առևտուր անելու համար էլ պետք է դիրք ունենալ: Իսկ ի՞նչ դիրքում ենք մենք այսօր՝ պարտված, ստորացված դիրքում: Չմտածեք, որ ճանապարհը բացվեց, Հայաստանի տնտեսությունը զարգանալու է: Ոչ, Թուրքիայի ու Ադրբեջանի բիզնես շահն է առաջ գնալու: Թույլ պետությունը չի կարող ուժեղ տնտեսություն ունենալ»,- մեկնաբանում է նա:
ՀՀ նախկին վարչապետը հիշեցնում է՝ Ադրբեջանցիները համարյա 10 միլիոնի են հասնում, նրանք աճում ենք, մենք՝ անընդհատ նվազում: Վստահ է՝ վայ-հարևանը կամաց-կամաց Սյունիք, այնուհետ Հայաստան է մտնելու, ճիշտևճիշտ խորհրդային տարիների նման. «Այսինքն՝ նրանց հաջորդ քայլը Հայաստանով մեկ լցվելն է, ու մենք նորից դառնալու ենք բնակավայր, ոչ թե պետություն: Իհարկե, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքայի հետ ինչ-որ ժամանակից հետո պետք է հարաբերություններ կառուցենք, առևտրաշրջանառություն ունենաք, բայց դա պետք է անել մեր դիրքերն ամրապնդելուց հետո միայն: Այս պայմաններում առանց բանակ ու պետությունն ամրապնդելու գնալ հարաբերություններ կառուցելու ճանապարհով, նշանակում է ամբողջությամբ կորցնել Հայաստանը: Իսկ Հայքաստանի ներսում, երևում է, ինչ է կատարվելու: Իշխանությունը հեռուստատեսությունից, գրքերից ու ամեն տեղից կամաց-կամաց հանում է ազգայինը, այն դառնալու է երկրորդական բան: Բայց, ես վստահեցնում եմ, այս պայմաններից կարելի է ոտքի կանգնել»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ