«Մամ, էն հի՞նչ սյասեր ա...»
09.10.2020 | 00:39
Թշնամին իր վարքը ցույց տալով, օրեր շարունակ նշանառության տակ ունենալով խաղաղ բնակչությանը` հրթիռակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև մի շարք գյուղեր և այլ քաղաքներ։ Կյանքը տեղափոխվել է ապաստարան։ Չոր ու սառը պատերին ջերմություն են տալիս երեխաների ժպիտները։ Նրանց աչքերում խաղաղությունն է փայլատակում։ Մեկի եղբայրն է առաջնագծում, մյուսի` հայրը, հարևանը, բարեկամը։ Օդային տագնապի ազդանշանը սովորական բան է դարձել, կարծես դպրոցական զանգ լինի, ուղղակի այն դեպի նկուղ է ուղեկցում։
Նկուղների զրույցն այլ է...
-Մամ, էն հի՞նչ սյասեր ա... (մամ, էն ինչ ձայներ ա)։
-Բալաս, հըրսանեք ա (բալես, հարսանիք է)։
-Ծափ տա՞մ (ծափահարե՞մ)։
- ....
-Մամ, պա քինյու՞մ չընք հըրսնքեն մաշիններին առաջը կապինք... (մամ, իսկ չե՞նք գնում հարսանիքի մեքենաների ճանապարհը փակենք)։
-Չէ՛, բալաս... սա տի հըրսանեք չի (չէ, բալես, սա այդպիսի հարսանիք չէ)։
Դեռ խաղաղության սպասող երեխաները ժպտում են։ Նրանք նաև իսկական հարսանիքի են սպասում, բայց ոչ այս մեկի նման...
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
Մեկնաբանություններ