Թշնամուն թերագնահատել պետք չէ, առավել ևս, եթե այդ թշնամին մարդասպանի գենետիկ կոդ ունեցող Ադրբեջանն է ու ցեղասպան Թուրքիան։ Մեր բանակն այսօր միայնակ դիմակայում է մահ սփռող երկգլխանի ոսոխին, բայց ի՞նչ գնով։ Յուրաքանչուր հայ զինվորի կյանք մեզ համար չափազանց թանկ է, մենք վարձկան չունենք, որ «թնդանոթի միս» դարձնենք, և այս օրերի ոգևորությունն էլ պիտի պահել՝ սթափությունը չկորցնելով։ Պետք չէ ժամանակից շուտ հաղթանակ տոնել, երբ ռազմի դաշտում զինվորը կյանքի գնով հետ է շպրտում ոսոխին։ Այո, հաղթելու ենք, բայց ժամանակից շուտ պետք չէ բթացնել զգոնությունը։ Մեր թշնամին նենգ է, նա թքած ունի աշխարհի բոլոր երկրների հորդորների ու կոչերի վրա, նա խախտում է բոլոր գրված ու չգրված օրենքները, նա չի մտածում առաջնագծում կանգնած իր զինվորի մասին, նա սեփական ժողովրդին անգամ թիրախ է դարձնում։
Այս օրերին շատերը, հատկապես վիրտուալ տարածքում, անհարկի էյֆորիայի գիրկն են ընկել, մինչդեռ իրական հայրենասիրությունն ու հերոսությունը ճոռոմ, ճռճռան բառերը չեն, այլ կոնկրետ գործերը։ Երևանի սրտում՝ համակարգչի առաջ նստած, բարձրագոչ հայտարարություններ անելուց հեշտ բան չկա, դրանով թշնամուն չես զարմացնի. մեզ այսօր հավասարակշռված, խելամիտ, ոգեկոչող խոսք է պետք, մնացածը ռազմական ղեկավարության հայտարարությունների տիրույթում է, որը բոլորից լավ գիտի, թե յուրաքանչյուր գործողության հետևում քանի մարդկային կյանք է։ Թիկունքում մնացածներիս անելիքն այս դժնդակ օրերին մեզ վստահված «դիրքը» ամուր պահելն է։ Այդպես ենք սատարելու և՛ բանակին, և՛ երկրին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ