Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնում ռուսական «Россия-1» և «Первый канал» հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվող «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելության» առնչությամբ: Հայտարարության հեղինակները ՀՀ իշխանություններից պահանջում են վերանայել նշված հեռուստաընկերությունների պայմանագրերը և նման քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել դրանց հեռարձակումը Հայաստանի տարածքում: Սա որքա՞ն է արտահայտում հեռուստադիտողի կարծիքը, արդյոք այս հեռուստաընկերությունները նախընտրող լսարանին հարցրե՞լ են՝ նրանք համաձա՞յն են, որ այդ ալիքներն այլևս չլինեն:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, թե այն գնահատականը, որ նրանք տալիս են այդ հեռուստաընկերություններին, ճիշտ կլինի իրենց վերագրել: «Արևմտամետներ բոլոր երկրների, միացե՛ք». ահա այս համատեքստում է այս ամենը տարածվում: Այն բանից հետո, երբ ուկրաինական իշխանությունները սկսեցին փակել այդ ալիքները, ի հայտ եկան նման հայտարարությունները: Եթե այդքան շատ են մտածում, մտահոգ են հայկականությամբ, գուցե նաև հավասարակշռության նշա՞ն դնեին և առաջարկեին CNN-ի հեռարձակումը ևս դադարեցնել: Ես չեմ ասում, այլ ամերիկացիներն են ժամանակին ասել, որ CNN-ը իրենց անվտանգության խորհրդի տասնվեցերորդ անդամն է: Եթե մեր արևմտամետներն այլ երկրների հանդեպ անսահման սիրով են տոգորված, թող իրենց աչքի գերանը տեսնեն, նոր առանձնացված փոքրիկ փշերը,- նշեց պատգամավորը, հընթացս նկատելով, որ պատահական ոչ մի հայտարարություն չի լինում, և սա լիովին տեղավորվում է պատվերի շրջանակում:- Մեր արևմտամետներն էլ պիտի իրենց լալահառաչ ձայնը բարձրացնեն ի պաշտպանություն իրենց տերերի, որոնցից սնվում են: Սա հենց այս համատեքստում է, ուրիշ ոչինչ»:
Նույն հանձնաժողովի անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆՆ էլ զարմանքով նկատեց, թե ինչպես կարող է Երևանի մամուլի ակումբի ղեկավարը խոսել ընդհանրապես որևէ լրատվամիջոցի հեռարձակման դադարեցման մասին: «Ես առհասարակ դեմ եմ մամուլում բոլոր արգելանքներին: Երբ խոսում ենք լրատվամիջոցների ազատության մասին, պիտի հասկանալ, որ չի կարելի որևէ մեկի իրավունքը սահմանափակել: Շատ ուրախ եմ, որ դա մի կազմակերպության հայտարարություն է, և դա հետևանքներ, շարունակություն չի ունենա,- շեշտեց տիկին Աճեմյանը, հավելելով, որ անկախ այդ հայտարարությունում հնչող հիմնավորումներից, դրան դեմ կլինեն մամուլի բոլոր ներկայացուցիչները, խմբագիրները:- Այս հեռուստաընկերությունները Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են, որովհետև շատերն են նայում, և ինչ-որ հիմնավորումներ բերել հեռարձակվող սյուժեների առնչությամբ, ամենևին էլ տեղին չէ: Այս քայլից պարզապես զարմացած եմ, ինչպե՞ս կարող է մամուլի ներկայացուցիչը սահմանափակմանը կողմ լինել»:
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ևս փորձեցինք տեսակետ լսել: ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ փաստեց, որ եթե խոսքի ազատության, մարդու իրավունքների դիտակետից են խոսում, պետք է ընդհանրապես նման հայտարարություններով հանդես չգան: Ըստ Սարգսյանի, իրեն ևս այսօրվա հայկական մամուլում շատ բան դուր չի գալիս ու ընդհանրապես էլ դուր չի գալիս, թե իրենք ինչ են հայտարարում, բայց երբեք հանդես չի գա նրանց իրավունքների սահմանափակման պահանջով. «Եթե այդ երկու հեռուստաընկերությունների հեռարձակման արգելանքի մասին ենք խոսում, այդ դեպքում եկեք բոլորին էլ արգելենք: CNN-ին էլ, որովհետև երբ Բելգրադը ռմբակոծում էին, մեղմ ասած, նրանք էլ օբյեկտիվ լրատվություն չէին տալիս: Կամ երբ Իրաքում փորձում էին Հուսեինին գահընկեց անել, մեզ հրամցնում էին, թե այնտեղ չգիտեմ ինչ վտանգավոր բաներ կան, դրա համար գնացել էին այդ ամենն անելու: Իսկ հիմա էլ կոտորած են անում այդ երկրում, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում: Բացահայտ երևում է, որ դա պատվիրված հանձնարարություն է, որովհետև այլ կերպ չես կարող բացատրել: Դուրդ չի գալիս, մի նայիր»: Իսկ թե ինչպես է Ռուսաստանն իր փոխհարաբերությունները ձևավորում իր հարևան երկրների հետ, ըստ քաղաքական գործչի, դա միայն իր գործն է:
Արամ Սարգսյանը նաև խոսեց այն մասին, թե ինչպիսի որակյալ, ինտելեկտուալ «արտադրանք» են մատուցում հեռուստադիտողին այդ հեռուստաալիքները` առանձնացնելով, ժամանցային հաղորդումները: «Եթե դուր չեն գալիս քաղաքական հաղորդումները, է՜, մի նայեք»,- ընդգծեց մեր զրուցակիցը` անդրադառնալով հայկական հեռուստաընկերությունների բռնություն քարոզող ֆիլմերին ու անմակարդակ սերիալներին, որոնց առնչությամբ նա հիշեցրեց, թե քննարկումների ժամանակ ինչպես էին այսօրվա «ջատագովներն» ասում. «Դուք էլ մի նայեք, ալիքը փոխեք»: «Հիմա էլ նույնն իրենց կարելի է ասել,- ասաց ՀԴԿ ղեկավարը։- Այդ արևմտամետ կոչվածները, որոք իրենց ներկայացնում են եվրոպական արժեհամակարգի կրողներ, երբ պատվեր են ստանում, արդեն մոռանում են, որ իրենք ինչ-որ մի արժեհամակարգի կրողներն են: Միանգամից ընկնում են ծայրահեղության մեջ: Ես այդպիսիներին մի քանի հարց տվեցի, բայց այդպես էլ պատասխան չստացա: Օրինակ, ինչո՞ւ չեք դատապարտում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը, որտեղ ԼՂՀ-ն համարվեց սեպարատիստների գրաված տարածք, էդ ինչո՞ւ որևէ մեկի բերանը չբացվեց, որ ասեր` ո՞նց կարող եք նման բան ասել: Կամ՝ ինչո՞ւ չեք ասում, որ կուտակայինի հետ կապված ԱՄՆ-ը, իր դեսպանի շուրթերով, պարտադրում էր, որ դա ամենալավագույն օրենքն է: Բա բողոքեք, ինչո՞ւ չեք բողոքում: Այսինքն, պետք է օբյեկտիվ լինել: Ռուսաստանի այն քայլերը, որոնց հետ ես համաձայն չեմ, պատրաստ եմ միշտ շեշտելու, ոչ մեկի պարտադրանքի տակ չեմ: Իսկ իրենք բացարձակապես միակողմանի են դատում, ազատություն հասկացությունը լրիվ այլ կերպ են ուզում օգտագործել: Իսկ դրանից լրիվ ուրիշ հոտ է գալիս»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ