38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բաց նամակ հայ տղամարդկանց` ի պաշտպանություն հայոց աղջիկների

Բաց նամակ հայ տղամարդկանց` ի պաշտպանություն հայոց աղջիկների
14.03.2014 | 12:30

Հայաստանում կանանց հանդեպ ուշադրությունն ու հոգածությունը արտահայտվում են նաև երկու հատուկ տոներով. մեկը Մարտի 8-ն է` որպես միջազգային տոն, մյուսը Ապրիլի 7-ն է` որպես ազգային տոն, իսկ ոչ պաշտոնապես` երկու տոների միջև ընկած ժամանակահատվածը հայտարարված է կանանց միամսյակ: Որպես բնության հրաշք ու առեղծված` կինն իր առաքելությամբ էլ արժանի է ամենայն մեծարանքի և, իհարկե, ոչ մեկ օր կամ մեկ ամիս:
Արժանին մատուցենք կնոջը` մայրության, ընտանիքի ջերմության, հասարակության հանդարտ ու հավասարակշիռ գոյության համար:
Խոնարհվենք զինվոր ծնած ու զավակ կորցրած մայրերի առջև: Հպարտանանք կանանց ամրությամբ ու սիրով, որ մութ ու ցուրտ տարիներին նաև պատերազմի բեռ տարան իրենց փխրուն ուսերին, հազարափեշակ դարձան, որ ընտանիքը չփլվի, որ երեխաները տաք ու կուշտ մնան:
Հիանանք բոլոր բնագավառներում գործող երևելի կանանցով:
Իհարկե, տոնի առիթով կանայք ըստ արժանվույն կգնահատվեն, շնորհավորանք ու ծաղիկներ, պես-պես նվերներ կստանան: Կանայք առատ-առատ սեղաններ կգցեն, տղամարդիկ ճոխ-ճոխ կենաց ճառեր կասեն ու կանանց սովորական օրը տոն կդարձնեն:
Ամեն անգամ, երբ կանանց տոնի առթիվ հոդված եմ գրում, հիացմունքի ու հրճվանքի խոսքեր չեն ծնվում, որովհետև լույսի ու ցնծության հետնամասերում ստվեր ու թախիծ կան, և այդ ստվերն ու թախիծը ինձ ցավ են պատճառում: Տոնն ինձ տոնական տրամադրություն չի պարգևում, և գրիչս դա զգում է:
Ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկիր, մենք նույնպես բազմակուսակցական ու բազմաշերտ հասարակություն ենք: Ժամանակը փաստեց, որ սոցիալիզմի գորշ համահարթեցումը ամենևին էլ մարդկության երազանքը չի եղել: Եվ բնականոն ընթացքով կայացած երկու ծայրահեղ բևեռների արանքում իրենց անբնական ու վայրենի գոյությունն են քարշ տալիս նաև մարդկային տարաբնույթ խմբեր: Եվ քանի որ ասելիքս կանանց տոնի առիթով է, ուզում եմ, որ հենց այս առիթով հիշենք ու շնորհավորենք նաև մուրացիկների շարքերը համալրած տարեց կանանց, բանուկ ու տեսանելի վայրերում նստատեղ նվաճած մայր-կանանց` մանկանց հետ` կեղտոտ ու գարշահոտ:
Շնորհավորենք կյանքի խորշերը քշված բոմժ կանանց` ալկոհոլից ու ցրտից ուռած աչք-երեսով: Այս կանայք էլ հասարակությանը զավակներ են պարգևել և շարունակելու են բնության օրենքով էլի զավակներ ծնել:
Տոնի առիթով տեսնես նրանց ո՞վ ծաղիկ կամ նվեր կմատուցի, կամ ո՞վ կասի` քեզ ի՞նչ է հարկավոր:
Իսկ ընդհանրապես, կանանց միջազգային և ազգային տոների առթիվ ես բաց նամակ եմ հղում հայ տղամարդկանց` ի պաշտպանություն հայոց աղջիկների:
Ահա նամակս. «Հարգարժան գործատեր ու փողատեր հայ այրեր, ձեզ համար, հարկավ, հայտնություն չեն հայ կնոջ առաքինությունն ու արժանապատվությունը: Բոլոր ժամանակներում էլ հայ կինն իր ընտանիքի ջերմությունն ու լույսը, իր տան պատվախնդիր տիրուհին ու աղախինն է եղել:
Երևի ձեզ հայտնի է նաև, որ ամուսնալուծությունների քանակով Հայաստանը աշխարհում, բազում երկրների հետ համեմատած, վերջին տեղերում է եղել, որովհետև ընտանիքի պահապանն ու պատասխանատուն միայն ու միշտ` նախ և առաջ Մայր կինն է, որը գիտակցաբար չի նկատում կամ ենթագիտակցորեն ներում է ամուսնու դրսային վայելքները:
Ամուսինը մնում է տան հայրը, հացը, բարեկեցությունը: Ընտանիքը փրկվում է քայքայվելուց, երեխաները՝ անհայրությունից: Կնոջ երջանկությունը ձուլվում է կենցաղին, շարունակվում երեխաների մեջ:
Իսկ մեր նոր ժամանակներում տղաները քիչ են ամուսնանում: Մի մասին` պետք չէ: Սա այն խումբն է, որն ունի և՛ գործ, և՛ փող, որի կյանքի իմաստն ու նպատակը վայելքն է, ժամանցը՝ զվարճանքի՝ սնկի պես աճած խաղատներում, հյուրանոցներում, ռեստորաններին կից շոգեբաղնիքներում ու հանգստի սենյակներում: Իսկ աղջիկներ՝ որքա՜ն ուզեք: Տարբեր ճաշակի, տարբեր գների, տարբեր կարողությունների տեր:
Շուկա է, չէ՞: Ամեն ինչ գնվում ու վաճառվում է: Կարևորը պահանջարկն է: Աղջիկների, իրերն իրենց անունով կոչենք, մարմնի պահանջարկը կա և շա՜տ կա: Շուկան է կերակրում, հագցնում: Ապրանքը կա, որովհետև գնորդ կա:
Իսկ գնորդները դուք եք, հարգարժան գործատեր ու փողատեր այրեր: Դուք, որ գործի եք հրավիրում միայն մինչև 25 տարեկան և անպայման` բարետես աղջիկների: Աղջիկները սկզբում հրապուրվում են վերջապես աշխատանք ունենալու իրողությամբ, հետո, աշխատատեղը պահպանելու փափագով, վերածվում են զվարճանքի ու ժամանցի առարկայի:
Գայթակղության զոհերը հմտանում են «պոռնկություն» մասնագիտության մեջ: Արդեն կարևոր չէ՝ կամա՞, թե՞ ակամա: Հետո անցնում են ձեռքից ձեռք: Հետո՝ ով ավելին:
Եվ պակասում են առաքինի ու պատվախնդիր հարսնացուները:
Իսկ դուք, պարոնայք, եթե ամուսնացած չեք, վախենում եք ամուսնանալ. մաքուր աղջի՞կ որտեղից:
Եթե որդի ունեք, զգուշանում եք ամուսնացնել՝ բա որ հանկա՞րծ... Թեպետ մեր կյանքում «բա որ հանկարծն» էլ խնդիր չէ:
«Հարց չկա, պրոբլեմ չկա»-ների շարքում կուսությունն էլ հարց ու պրոբլեմ չէ: Ամենաթանկ վաճառվող պոռնիկն էլ կարող է կույս մնալ կամ, փառք բժշկությանը, վերականգնել կուսությունը: (Թույլ տվեք չհավատալ «ամերիկա-եվրոպականացված» հայ տղաների ազա՛տ մտածողությանը: Մտածելն ու խոսելը մի բան են, անձնական-տղայական արժանապատվությունն այլ բան է: Այնպես որ, հայ ընտանիքում կուսությունը միշտ համարվելու է մաքրության, սրբության չափանիշ, բարոյական կատեգորիա):
Մարմնի շուկայից օգտվող տղաները փորձ ունեն, զգուշանում են և չեն էլ շտապում ընտանիք կազմել, իսկ տղաների մյուս խումբը, որը կանաչու, հացի, մսի, կոշիկի շուկաներում իր ընտանիքի հանապազօրյա հացն է հայթայթում, չի ամուսնանում, որովհետև ի վիճակի չէ տուն-երեխա պահելու:
Ամուսնությունները նվազում են, իսկ պոռնկությունը, որ նրբացված` «մարմնավաճառություն» անունն ունի, ծաղկում ու բարգավաճում է: Այն դարձել է ապրուստի ու հաճույքի համատեղ կենսաձև:
Մարմնավաճառությունը ձաղկելու, պախարակելու փոխարեն դրվում է ի տես, ի ցույց՝ որպես ապրուստի միջոց: Մարմնավաճառությունն արդարացվում է: Պետությունն ազատվում է հազարավոր կանանց աշխատատեղեր ստեղծելու հիմնահարցից, չծնվող հազարավոր երեխաների հոգսից: Մենք կերտում ենք ազգային պետություն ու կորցնում ենք ազգային դիմագիծը: Մենք բարբաջում ենք ազգային արժեքներից ու տրորում ենք ազգային ամենամեծ արժեքը՝ ընտանիքը:
Բարձր ու ճոխ կենացներ ենք ասում մեր սրբություն սրբոցի՝ կանանց ու աղջիկների, մայրերի պատվին (հայ աղջիկների ցավը տանեմ՝ հպա՜րտ, թասիբո՜վ, մաքո՜ւր) ու ապականում ենք նրանց:
Պարոնայք, կա՛նգ առեք: Մի՛ չարաշահեք, մի՛ օգտվեք կանանց ու աղջիկների անճարակ ու հուսահատ վիճակից, օգնեք հարազատավարի, եղբայրաբար, հայի՛ պես: Նպաստեք, որ հայ աղջիկները հայ ընտանիքի առաքինի մայր ու ամուր, կայուն սյուն դառնան: Հայո՛ց աղջիկները, որ ձեր դուստրերն են, ձեր քույրերը, հարազատները, ձեր հարսներն ու հարսնացուները, ձեր կանայք ու ձեր թոռների մայրերը: Եթե ձեզ համար ընտանիքը սրբություն է, ապա սրբություն է ձեր կնոջ, քրոջ, դստեր բարոյական կերպարով»:
Կանանց միամսյակի առիթով և, ընդհանրապես, անխաթար գեղեցկություն ու երջանիկ մայրություն եմ մաղթում ձեզ, հայոց աղջիկներ: Եվ՝ Սեր:


Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ

Հ. Գ.- Մի օտարաշունչ կազմակերպություն կա, որ հայ կնոջը փորձում է փրկել բռնություններից: Որպես բռնություն է դիտվում և այն, որ «հայ տղամարդիկ շարունակում են սպասել և պահանջել, որ իրենց հարսնացուները կույս լինեն» և որ «շատ կանայք դիմում են կուսաթաղանթի վերականգնման վիրահատության, որպեսզի բավարարեն այդ պահանջը»:
Այ, այ, այ, այս ինչքան բռի ու անբարո են դարձել հայ տղամարդիկ, և ինչպես են ջանում հայ աղջիկները իրենց կորցրած կուսությունը հետ բերել: Տեսնես` ինչո՞ւ:
Հետգրությունս կապ չունի տոնի հետ:
Տոները յուրաքանչյուրի հոգու մեջ են:

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ