38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես գերմանացի եմ գլխով, հայ` սրտով»

«Ես գերմանացի եմ  գլխով, հայ` սրտով»
05.11.2013 | 11:09

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ղեկավարած ՔԴՄ կուսակցության համար, իրոք, հաղթական նվաճում էր 2013 թ. սեպտեմբերի 21-ի Բունդեստագի ընտրություններում ավելի քան 42 % ձայն հավաքելը:
ՔԴՄ կուսակցության ընտրությունների Բեռլինյան ցուցակի 7-րդ տեղում է Բունդեստագի ամենաերիտասարդ պատգամավոր, 29-ամյա ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԸ (Martin Paetzold): Կարծում եմ, հայ հանրությունը պետք է ավելին իմանա «հայ սրտով» ամենաերիտասարդ պատգամավորի մասին, քան այն, ինչ ներկայացված է ամենահաս համացանցում:
Մարտինի հայրը` Դիտրիխ Պետցոլդը, մասնագիտությամբ ֆիզիկոս է, սակայն հանրությանը ավելի շատ հայտնի է իր լրագրողական գործունեությամբ: Շուրջ 10 տարի` 1968-78 թթ. Դիտրիխը սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում և պաշտպանել է գիտական թեզ` ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտաստիճան: Երևանում ուսումնառության տարիներին ինքնուրույն սովորել է հայերեն, ուսումնասիրել է հայոց պատմությունը, գնացել արշավների, հետաքրքրվել հայոց ճարտարապետությամբ, կենցաղով, ծեսերով, և այդ ամենը ներկայացրել է Գերմանիայի (այն ժամանակ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն՝ ԳԴՀ) ամսագրերում, թերթերում:
Այդ տարիների մի քանի տասնյակ հոդվածներից հիշատակման են արժանի «Աշխարհի լեզուները. Հայերեն» (1976 թ.) և տողերիս հեղինակի հետ գրած «60 տարի առաջ. Ցեղասպանություն Հայաստանում» (1975 թ.) հոդվածները, որոնք լույս տեսան ԳԴՀ-ի կոմկուսի պաշտոնաթերթ «Հորիզոն» շաբաթաթերթում, որը տարածվում էր ոչ միայն սոցիալիստական ճամբարի երկրներում, այլև Արևմուտքում:
Երևանում ուսումնառության վերջին տարում Դիտրիխն ամուսնանում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Ալինա Մարտիրոսյանի հետ և մեկնում ԳԴՀ: Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը` Մերին, Դիտրիխը թողնում է իր մասնագիտական կարիերան և ամբողջությամբ նվիրվում ժուռնալիստիկային, իսկ Ալինան դասավանդում է Բեռլինի Հումբոլդի համալսարանում: 1982-ին Դիտրիխին նշանակում են Մոսկվայում ԳԴՀ մամուլի կենտրոնի ղեկավար, ուր և ընտանիքով ապրում են մինչ 1990 թ.` գերմանական երկու պետությունների միավորումը: Այս ընթացքում` 1984 թ., Մոսկվայում ծնվում է նրանց երկրորդ զավակը, որին, ի պատիվ Ալինայի հոր, անվանում են Մարտին:
Մոսկվայում ապրած տարիներին Պետցոլդների ընտանիքը գրեթե ամեն տարի լինում էր Հայաստանում, և ամեն մի այցելությունից հետո գերմանական մամուլում բազմապատկվում էին Հայաստանի պատմությունը, մշակույթը, առաջընթացը ներկայացնող հոդվածները և լուսանկարչական ռեպորտաժները, որոնց մեջ առանձնանում են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ հարցազրույցը և լուսանկարների շարքը, որը լույս է տեսնում «Վելթ» ամսագրում: Այս ընթացքում փոքրիկ Մարտինն ու Մերին վայելում էին ոչ միայն իրենց հայ հասակակիցների հետ շփվելու բերկրանքը, այլև նրանց մեջ սերմանվում էին Հայաստանի և այստեղ ապրող ազգականների հետ ոգեղեն կապվածությունը և կարոտի զգացումը: Իսկ դա չէր կարող անհետևանք մնալ, հատկապես օտար միջավայրում:
1988-ին 6 տարեկան Մարտինը, հավանաբար, չէր կարող գիտակցել Հայաստանին պատած դեկտեմբերյան արհավիրքը, երբ հայրը մեկ շաբաթով հեռացավ տնից (Մոսկվայից)` Երևան հասցնելու Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դեսպանատան և մամուլի կենտրոնի աշխատակիցների օգնությունը Սպիտակի երկրաշարժից տուժածներին:
1990-ից Պետցոլդների ընտանիքը վերադառնում է Բեռլին, ուր Մարտինը բարձր առաջադիմությամբ ավարտում է Բարնիմյան գիմնազիան (2004 թ.), իսկ այնուհետև Հումբոլդի համալսարանի տնտեսագիտության բաժինը (2010 թ.):
2013-ին Խեմնիցի տեխնոլոգիական համալսարանում պաշտպանում է գիտական թեզ «Բեռլինի տնտեսության կառուցվածքային փոփոխությունները քաղաքի արևելյան և արևմտյան մասերի միավորումից հետո» թեմայով և ստանում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
Մարտին Պետցոլդը ուսանողական տարիներից ակտիվ մասնակցություն է ունեցել ՔԴՄ երիտթևի աշխատանքներին, նվաճել է կուսակցության լիդերների համակրանքը: 2004-2010 թթ. որպես կամավոր աշխատել է Բունդեստագի ՔԴՄ կուսակցությունից պատգամավոր Պյոտր Չեպկայի աշխատանքային խմբում` անցնելով պատգամավորի փորձառության դպրոց: 2011-ից մինչև ընտրությունները եղել է պետքարտուղար Դիրկ Գերսբլիի սոցիալական հարցերի գծով օգնականը, միաժամանակ հանդիսանալով Բեռլինի Լիխտենբերգ շրջանի ՔԴՄ կուսակցության շրջանային միավորման նախագահ: 2013 թ. ընտրություններում Մարտինը հաղթանակ է տանում հենց այս տարածքում, ուր մինչ այդ սովորաբար գերիշխել են ձախ ուժերը: Հանդիսանում է Լիխտենբերգի մարզական ընկերության փոխնախագահ և միաժամանակ մարզում է սեղանի թենիսի պատանիների թիմը:
ՈՒսումնառության տարիներին Մարտինը բազմիցս է այցելել Հայաստան, որտեղ ապրում են նրա հարազատները: Հայաստանում նա հաղորդակցվում է հայերենով, ձգտում է լինել տեսարժան վայրերում և Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը:
Տարիներ առաջ Մարտինին ուղղված իմ այն հարցին, թե որքա՞ն է իրեն գերմանացի համարում և որքա՞ն` հայ, մի պահ մտորելուց հետո պատասխանեց.
-Ես գերմանացի եմ գլխով, հայ` սրտով:
Դեռևս նախընտրական փուլում հեռուստալրագրողի հետ հարցազրույցում Մարտինը անկաշկանդ նշել է մայրական կողմից իր հայ լինելը և հպարտացել հայերենի իր իմացությամբ: Առանձնահատուկ նշել է. «Ես հպարտ եմ, որ իմ մայրը հայ է, և շնորհիվ նրա կարողանում եմ հաղորդակցվել հայերենով», ինչը Բեռլինի 1-միլիոնանոց թուրքական համայնքի պայմաններում կարող էր դիտվել ոչ ցանկալի հայտարարություն` քվեների կորստի առումով:
Առաջիկայում աշխարհի ամենաերիտասարդ «սրտով հայ» պատգամավորը կրկին կայցելի Հայաստան` կարճատև հանգստի և հարազատների հետ կիսելու իր անձնական հաղթանակի բերկրանքը, հաղթանակ, որը մեծ հավանականությամբ կարող է սկիզբ հանդիսանալ նոր բարձունքներ նվաճելու և, ինչու չէ, նաև սրտի թելադրանքով գործելու:


Նորայր ԽՐԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4140

Մեկնաբանություններ