Ռուս գրող Անտոն Չեխովի այս խոսքերը շամփրահար արեցին ուղեղս, երբ առավոտյան թերթեցի իմ ֆեյսբուքյան լրահոսը: Առավոտվա գույժը դերասան Երվանդ Ենգիբարյանի մահվան մասին էր: Կեսօրից հետո հաղորդվեց նաև լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանի մահվան լուրը: Ֆեյսբուքում ցավակցությունների շարան էր- է, որը դեռ մինչև ուշ գիշեր կշարունակվի ու, գուցե, վաղն էլ: Այդ ափսոսանքի ու տխրության մեջ տարօրինակ մի արձագանք աչքովս ընկավ Երվանդ Ենգիբարյանի մահվան վերաբերյալ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ` «Թող կարգին քշեր, չվթարվեր, ինչ եք ողբը ֆեյսբուք գցել»: Այս գրառումը նույնիսկ հավանության էր արժանացել այլ օգտատերերի կողմից: Ավելին` ոմանք նույն տրամադրությամբ մեկնաբանություններ էին թողել գրառման տակ: Ըստ իս, եթե որևէ մեկը հանգուցյալի մահվան պատճառների մասին դատողություններ է անում օրը հարամվածի դիրքերից, ուրեմն նա եթե ոչ հոգեբույժի, ապա հոգեբանի կարիք հաստատ ունի: Նման մարդիկ սպանում են ոչ միայն շրջապատը, այլև իրենց` առաջին հերթին: Այսինքն` ըստ այդ տրամաբանության ստացվում է, որ եթե մեկը նույնիսկ արագ է վարել ավտոմեքենան, ապա նա արժանի է մահվան: Մարդու մեջ որքա՞ն չարություն պիտի ամբարված լինի, որ նա, կարելի է ասել, ուրախանա ուրիշի մահով: Առհասարակ վերջին տարիներին մեր հասարակության մեջ չարության չափաքանակը ավելացել է, մարդիկ պակաս գթասիրտ են դարձել ու ավելի անտարբեր: Անտարբերությունը վտանգավոր հատկանիշ է: Փոքր ժողովուրդների համար այն պարզապես սպանիչ է: Օրերս մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը խոսել էր այն մասին, թե բրիտանացիների մոտ նկատվում է գթաստրության, կարեկցանքի պակաս տարեցների նկատմամբ և թե պետք է ամրացնել սերունդների միջև սոցիալական կապը: Այսօրվա ֆեյսբուքյան օգտատերը երիտասարդ է և գրել էր մեկ այլ երիտասարդի մասին: Սա նույնիսկ տարբեր սերունդների միջև սոցիալական կապի բացակայություն չէ: Այն պարզապես հոգու կաթված է, որը կարող է վարակիչ լինել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ