Մինչ մայրաքաղաքի տարբեր հատվածներում և հասարակական տրանսպորտում «գնային պատերազմ է» տեղի ունենում, զուգահեռաբար էլ`երթուղայիններն են դատարկվում: Այս ամենի արդյունքում վարորդները մեծ թվով «կլիենտ» են կորցնում:Եվ դա զարմանալի չէ, այդպես էլ պետք է լիներ:Կարծում եմ, գնային հաշվարկ կատարած մեր իմաստուն տնտեսագետները, ուղեվարձը թանկացնելիս պետք է այս ամենը հաշվի առնեին, ցուցաբերեին մի փոքր հեռատեսություն:
Վերջին թեժ եռօրյայի ընթացում, ինչպես նկատել եմ, քաղաքացիների այն ստվար բանակը, որն օգտվում էր երթուղային տաքսիներից, ավտոբուսներից, այժմ էլ ուղղություն է վերցնում`դեպի մետրո: Օրեր առաջ, եթե երկաթգծից օգտվողների թիվը շատ փոքր էր, վագոնները համարյա դատարկ, այս օրերին`լեփ-լեցուն:
«Սասունցի Դավիթ» կայարանի հսկիչն ինքն էլ փաստեց, որ մարդկանց հոսքը դեպի մետրո, օրեցօր ավելանում է: «Իհարկե դա միայն կապում ենք տրանսպորտի թանկացման հետ: Ցերեկային ժամերին վագոնները գրեթե դատարկ էին լինում, իսկ այս մի քանի օրը նույնիսկ կանգնելու տեղ չի լինում»,-ասաց նա:
Միկրոավտոբուսներն ու ավտոբուսները լքող քաղաքացիների հանգամանքը չկանխատեսված հարված էր բոլոր գծատերերի համար:Իսկ որոշ ազդեցիկ և պաշտոններ զբաղեցնող գծատերերն էլ, ովքեր մեծ դերակատարություն ունեցան գնային փոփոխության հարցում, պատկերացնում եմ` որքա՜ն են ափսոսում, որ առաջին հերթին Մետրոպոլիտենի ուղեվարձը չթանկացրեցին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ