Արտագաղթի խնդիրը վերածվել է ներքաղաքական քննարկումների թիվ մեկ հարցի: Ընդդիմությունը, կարծես չունենալով այլ գաղափարական ռեսուրսներ, իշխանության դեմ պայքարում հիմնական թեմա է ընտրել արտագաղթի խնդիրը` ՀՀԿ-ի ձևավորած իշխանությանը մեղադրելով արտագաղթը չնկատելու, այն չկասեցնելու և նույնիսկ խրախուսելու գործերում: Մինչդեռ արտագաղթի խնդիրը շատ ավելի խորքային է և կապված է մի շարք գործոնների հետ: Նախ և առաջ պետք է հասկանալ, թե երբ է սկսվել արտագաղթը և ինչ պատճառներով: Արտագաղթից ամենաշատը խոսող ՀԱԿ անդամները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել, որ արտագաղթի ավանդույթն ու խրախուսումը տեղի են ունեցել իրենց իշխանության գլուխ եղած տարիներին: Նախկին ՀՀՇ, ներկայիս ՀԱԿ վերնախավը, իշխանության դեմ պայքարում արտագաղթի խնդիրը վերածելով գլխավոր զենքի, չի ցանկանում ընդունել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արտագաղթի հայրն է:
Լևոնականները ցանկացած տեսակի պատճառաբանություններով փորձում են հիմնավորել, թե իրենց օրոք արտագաղթը օբյեկտիվ պատճառներ ուներ` շրջափակում, պատերազմ, փլուզված տնտեսություն: Կարծես ներկայիս արտագաղթը ոչ մի օբյեկտիվ պատճառ չունի, կարծես շրջափակումն ավարտված է, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները վաղուց հարթված են, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ անցել է պատմության գիրկը: Ընդհանրապես, նորը սկսելու համար անհրաժեշտ է թերթել էջը, սակայն արտագաղթի և ՀՀՇ տարիների քաղաքական-տնտեսական վայրագությունների գնահատականների բացակայության պայմաններում հնարավոր չէ օբյեկտիվ գնահատականներ տալ արտագաղթին և մտածել դրա կասեցման կամ նվազեցման մասին: Միայն պաշտոնական տվյալներով` 1992-1998-ին Հայաստանը լքել է 583000 քաղաքացի: Արտագաղթի թեման ամենաշատը շահարկող ՀԱԿ խմբակցությունն այս մարդկանց մասին մոռացել է: Մինչդեռ նրանց մեծամասնությունը Խորհրդային Հայաստանի գիտամշակութային սերուցքի ներկայացուցիչներն էին ու հիմնական արտադրողական ուժերը, որոնք չդիմացան ժամանակի բարքերին և արտագաղթեցին` օտար երկրներում կառուցելով իրենց երեխաների ապագան:
Հարց` արդյոք Տեր-Պետրոսյանի իշխանությունը չէ՞ր կարող պահել այս մարդկանց Հայաստանում, արդյոք այդ ծավալների արտագաղթը օբյեկտիվ հիմքեր ունե՞ր, իսկ ժամանակի իշխանությունն ամեն ինչ արե՞լ է արտագաղթը կասեցնելու համար: Արդյոք Լյովիկ Զուրաբյանը նախագահի մամուլի խոսնակ աշխատած տարիներին դեմքի նույն «խելացի» արտահայտությամբ արտագաղթի կասեցման թեմայով հարցեր բարձրացնո՞ւմ էր իշխանության վերին օղակներում, թե՞ այդ ժամանակ օրակարգն ու պահանջներն այլ էին: Նույնը վերաբերում է Հրանտ Բագրատյանին: Արտագաղթի ծավալների մեծացման գագաթնակետը վրա հասավ նրա վարչապետ աշխատած տարիներին, երբ մարդիկ հասկացան, որ բագրատյանական տնտեսական քաղաքականությունը երկիրը տանում է դեպի անդունդ, իսկ մասնագիտական կարողություններ ունեցող մարդիկ պետք չեն ՀՀՇ-ին:
Ինչ խոսք, բագրատյանական էլիտային ձեռնտու էր արտագաղթը, քանզի երկրից դուրս էին գալիս հիմնականում մասնագիտական կարողություններ ունեցող մարդիկ, ովքեր ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գլխացավանքի էին վերածվելու: Օրակարգում պետական գույքի, շինությունների և տարածքների «սեփականաշնորհման» հարցն էր ու վայրի կապիտալիզմի սկզբունքների տարածումը, ինչի համար ինտելեկտուալ խավի ներկայությունը Հայաստանում ձեռնտու չէր ո՛չ նախագահ Տեր-Պետրոսյանին, ո՛չ էլ նրա «փոքր տնտեսության մեծ մասնագետ» Հրանտ Բագրատյանին:
(շարունակելի)
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ