«Քաղաքական գերագույն մարմինը գլխավորում է ցուցակը, մյուսները մեր տարածքների ընկերներն են, Երևանի տարբեր վարչական շրջանների ընկերները: Թիմը թիմ է: Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը կմտնեն ամբողջ թափով պայքարի մեջ: Նույն Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Լիլիթ Գալստյանը և բոլոր հայտնի դաշնակցականները», -այսօր, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակին ու հայտնի դեմքերի բացակայությանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հավելելով, որ նախընտրական այս շրջանում իշխանությունը փորձում է «կռվեցնել» ընդդիմադիր ուժերին: «Փորձում է միմյանց դեմ լարի: Բայց ընդդիմությունը պետք է այնքան խելք ունենա, որ հասկանա`այսօրվա կարևորագույն խնդիրը Երևանում միակուսակցական համակարգի կոտրումն է»,- ընդգծեց պատգամավորը:
Խոսելով իշխանական թեկնածուի` Տարոն Մարգարյանի մասին, Աղվան Վարդանյանը հարկ համարեց շեշտել, որ նախ քարոզչապաստառում դեղինը շատ է, հետո էլ հավելեց. «Երբ հայտարարում են, որ քսան տարիների մեջ ամենալավ քաղաքապետն է Տարոն Մարգարյանը, մարդու ծիծաղը կարող է գալ: Համեմատեք Տարոն Մարգարյանի կենսագրությունը Արմեն Ռուստամյանի կենսագրության հետ: Երևանի քաղաքապետը չի կարող քաղաքական մարդ չլինել»: Ի դեպ, դաշնակցական գործիչը Տարոն Մարգարյանին հրավիրեց Արմեն Ռուստամյանի հետ բանավեճի:
Անդրադառնալով ներքաղաքական, մասնավորապես,Անի հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի նախատեսած միջոցառմանը, պատգամավորը նշեց. «Մի քիչ դժվար եմ պատկերացնում հանրահավաքը հյուրանոցում: Մեզ համար դեռ անորոշ է, թե ինչ հանդիպում է դա, բայց եթե հրավիրեն, մենք միշտ պատրաստ ենք: Հանրահավաքի հինգ հազար հոգուն ասել, որ հաջորդ հանրահավաքը Անի հյուրանոցում է, ճիշտ չի լինի: Գուցե չորս հազարը գնան, մենք չորս հազար հինգ հարյուրի մեջ լինենք և չտեղավորվենք»:
Վստահեցնելով, որ ընդդիմությունն այսօր ողջ ուժերը պիտի կենտրոնացնի առաջիկա ընտրությունների վրա, Աղվան Վարդանյանը նկատեց. «Մենք կարևորում ենք այս շարժումը և Րաֆֆի Հովհաննիսյանի դերկատարումը: Բայց չենք հասկանում մեկ օրով Մոսկվա գնալը և ժողովրդի հաղթանակը Պուտինից բերելը, չենք հասկանում ամսի իննի մոմավառությունը, Հիսուսի հիշատակը հարգելը: Որքան գիտենք` Հիսուսը հարություն է առել: Շատ բաներ մեզ համար անհասկանալի են»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ