38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»

«Երկիրը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է»
10.04.2013 | 16:32

«Ժողովուրդը ոչ թե Րաֆֆիի կողմն է, այլ դեմ է այս իշխանություններին: Ես էլ Րաֆֆիի կողքին եմ կանգնել, քանի որ դեմ էի Սերժ Սարգսյանին: Ընտրություններին չէի գնացել, քանի որ գիտեի, թե ով է ընտրվելու, և ինչ պետք է տեղի ունենա»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց երգիչ-երգահան Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ: Երգահանի ձևակերպմամբ` «այսօր ժողովուրդը բռնվեց Րաֆֆիից, որովհետև Րաֆֆին ավելի պարկեշտ, լայնախոհ մարդ է, քան Սերժ Սարգսյանը»:
Եթե Րաֆֆիից ժողովուրդը հիասթափվի, ապա, ըստ Հախվերդյանի, այսօր կան ավելի պատրաստի տղաներ ու երիտասարդներ, ովքեր իսկապես կարող են գործն ավարտին հասցնել: «Կան մարդիկ, ովքեր շարժումը առաջ կտանեն. երիտասարդներ` Կանաչների մեջ, «Սարդարապատ» շարժման մեջ, մասնավորապես` Ժիրայր Սեֆիլյանը: Մեզ նոր ուղեղներ են պետք: Այն մարդիկ, ովքեր փորձում են կառավարել հին ձևով, ոչինչ չի ստացվի: Սերժ Սարգսյանը կայացել է որպես մարդ Ադրբեջանական ՍՍՌ-ում: Նա ազատություն չի ուզում, նա ուզում է դառնալ ստրկատեր: Երբ նա ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, նա չի կարող դա անել, քանի որ կոռուպցիայի հիմքում հենց ինքն է կանգնած»,-ասաց նա:
Բանախոսի դիտարկմամբ` զվարճալի ներկայացում էր հիշեցնում այն տեսաանը, երբ միևնույն քաղաքում ընտրված և չընտրված նախագահները երդվում էին: Գնահատելով նրանց ելույթները, Հախվերդյանը նշեց, որ «Րաֆֆիի ելույթի մեջ լավ բաներ կային, թեև ջուրն ավելի շատ էր: Իսկ Սերժ Սարգսյանի ելույթը բացակա հայացքով էր և անգիր արած տեքստով»: «Ինքը նախկինում, երբ ասում էր «Առա´ջ, Հայաստան», բավականին հետ գնացինք: Հիմա, որ ասում է «Ապահով Հայաստան», ես հասկանում եմ, որ շատ անապահով Հայաստանում պետք է ապրենք»,-նկատեց երգահանը:
Վերջինս կարծում է, որ այս բողոքի ցույցերը դեռ շարունակվելու են, և Հայաստանը պետք է ղեկավարի մի մարդ, ով ոչ թե լավ կամ վատ տղա է, այլ ով իսկապես կարող է:
«ԼՏՊ-ի ժամանակներից սկսած` ահռելի քաղաքական սպանություններ են տեղի ունեցել: Սկսած ուբոռնու սպանությունից, վերջացրած մարտի մեկով, ոստիկանին, որ պադյեզդում գյուլլեցին: Բոլորը քաղաքական սպանություններ են, բայց որևէ մեկը լուրջ քայլեր չի ձեռնարկում դրանք բացահայտելու ուղղությամբ:Մի երկիր, որտեղ մարդիկ վախենում են և ազատ չեն խոսում, երկիր չէ »,- շեշտեց Հախվերդյանը` հավելելով, որ «վախն արդեն զզվացրել ու հոգնեցրել է»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ