Մեր օրերի ճշմարիտ մտավորական, երգահան Վահրամ Թաթիկյանը Facebook սոցիալական ցանցով ահազանգում է իր բարեկամներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող Ոսկեվազ գյուղի տեղացի «քյոխվաները» հետևողականորեն հալածում են իրեն՝ նպատակ ունենալով հեռացնել ոչ միայն գյուղից, այլև Հայաստանից ընդհանրապես:
«Հետագայում, որպեսզի ոչ ոք անակնկալի չգա, ասելով, թե մենք չգիտեինք, ստիպված եմ հայտնել, որ այստեղ՝ ամբողջապես «Օրինաց երկիր» կուսակցության կողմից վերահսկվող Ոսկեվազ գյուղում, իմ կյանքը վտանգված է. տարիներ ի վեր շարունակվող սադրանքներին փոխարինել են հաշվեհարդարի սպառնալիքներն ու զինված հարձակումները։ Այդպիսով նրանք ցանկանում եմ հասնել նրան, որ մի մտավորական ստիպված լինի հեռանալ այստեղից։ Չե՛մ գնալու, պապերիս արյունը վկա»,-գրում է Վահրամ Թաթիկյանը:
Թե ինչ «սադրանքների, հաշվեհարդարի սպառնալիքների ու զինված հարձակումների» մասին է խոսքը, irates.am-ը կփորձի ճշտել անմիջականորեն ՕԵԿ-ի ղեկավարներից, հուսալով, որ Ոսկեվազ գյուղում երգահանի համար կապահովվեն ապրելու ու ստեղծագործելու ոչ միայն նորմալ, այլև մտավորականին վայել պատշաճ պայմաններ:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ