Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԵՊՀ ղեկավարությունն ինձ հեռացրեց իմ հարազատ համալսարանից

ԵՊՀ ղեկավարությունն ինձ հեռացրեց իմ հարազատ համալսարանից
02.09.2024 | 16:57

Կյանքիս լավագույն 25 տարին անցկացրել եմ համալսարանի պատերի տակ, միջանցքներում, գրադարանում, լսարաններում, զբաղվել իմ մասնագիտությամբ՝ քաղաքագիտությամբ և միջազգային հարաբերություններով, սովորել, կրթվել ու կրթել եմ, աշխատել՝ պայծառ, խելացի ու հայրենասեր սերունդների հետ, գիտելիք, փորձ ու հմտություններ տվել, իրենցից սովորել, շատերի հետ ընկերացել, հարգանք վաստակել, առինքնող հպարտությամբ ուրախացել նրանց միջազգային հաջողություններով, հետևողական եղել՝ մարդ, հայ ու մասնագետ դառնալու գործում:

ԵՊՀ ղեկավարությունն այս տարի ընդհատեց Մայր բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իմ 15-ամյա գիտամանկավարժական/դասախոսական առաքելությունը:

Դա իրապես առաքելություն էր և, վստահաբար, առաջիկայում շարունակելու է մնալ այդպիսին:

Հեռացման հիմնավորումների քողի տակ ներկայացված պատրվակներն անհիմն են, տգետ, անարժանապատիվ, եթե չասեմ՝ լերկ՝ վարչապետի աթոռն զբաղեցնողի ու նրա ղեկավարած ոհմակի հոգեմտավոր տիրույթի նման: Պատճառը հստակ է՝ քաղաքական. բոլոր նրանք, այդ թվում՝ իմ տարիների գործընկերները, որոնք ընկան այս անհեռատես ու հիմար որոշման թրի տակ, տարիների փորձ ու գիտելիք ունեցող, հայրենիքի գաղափարը չէժանացնող ու չվաճառող արհեստավարժ դասախոսներ են (մոտ՝ մեկ տասնյակ), որոնք համարձակություն են ունեցել պայքարելու՝ ազատ ու արդար պետություն ունենալու: ԵՊՀ ղեկավարության փորացավն այդ պրոֆեսիոնալների և ուսանողների ուղիղ՝ լսարանային կապն ընդհատելն է, ոչ ավելին:

Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու և իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում:

Շնորհակալություն իմ ամբիոնի ընկերներին ու գործընկերներին՝ երկարատև համատեղ ճանապարհի համար, մենք դեռ հանդիպելու ենք ու շարունակելու ենք սերունդներ կրթելու և ազգային դաստիարակությամբ նրանց սնուցելու մեր առաքելությունը, իսկ ամոթ նրանց, ովքեր գերադասեցին լռել ու մնալ անտարբեր՝ այս որոշմանն ականատես լինելիս:

Դե իսկ իմ շատ սիրելի ուսանողներին՝ շնորհավորանքի փոխարեն՝ համառ աշխատանք, կրթվելու ամուր ջանք, գիտելիքը հանուն հայի ու Հայաստանի ծառայեցնելու անկոտրում կամք:

Հայրենիքն ամեն ինչից վեր:

Պի՛նդ եղեք:

Աբրահամ Գասպարյան

Դիտվել է՝ 7311

Մեկնաբանություններ