Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մնացէք ճշմարտութեան ու Քրիստոսի խօսքին հաւատարիմ

Մնացէք ճշմարտութեան ու Քրիստոսի խօսքին հաւատարիմ
27.09.2024 | 17:15

Ամենօրեայ մեր դժուարութիւնների մէջ, լինի գործի, լինի յարաբերութիւնների մէջ, բախւում ենք ամէն տեսակ չարութեանց, անտեսումների, խաբկանքների եւ դժբախտութեանց։ Շատ դժուարութեամբ կարելի է գտնել որեւէ տեսակի յարաբերութիւններ որոնք հիմնուած կը լինեն անկեղծութեան, բարութեան, խոնարհութեան, մաքրութեան, ճշմարտութեան վրայ։

Մարդիկ այս դարուն, լինեն աշխարհիկ թէ հոգեւորական՝ ունեն անյագ սէրը նիւթի, փողի, ուժի, իշխանութեան եւ այն բոլոր հանգամանքների վրայ, որոնցից մեր Տէրը Յիսուս Քրիստոս մեզ զգուշացրեց, եւ ինքն մանաւանդ հեռու մնաց։ Ճշմարտութիւնն այն է որ այս դարուն որեւէ յարաբերակցութիւն չի հիմնւում ճշմարտութեանց աղբիւրների վրայ, այլ մարդկային գործօնի եւ մարդկային ստրկացման գաղափարականների վրայ։

Աշխարհը այս օրերին լի է ստութեամբ, խաբէութեամբ, ճնշումներով, կռիւ-պատերազմներով, ազդեցութեանց զանազան ու այլատեսակ տարածման եղանակներով։ Որեւէ տեղ ինքնուրոյն չէք կարող լինել, եթէ դա հակասի որեւէ փառասէր եւ նիւթապաշտ ձեր վերադասի կարծիքներին կամ կեցուածքներին։ Հետեւաբար եթէ տուժէք, չարիք ստանաք, նեղութիւնների մէջ ընկնէք, պէտք է վերստին մտաբերել հետեւեալ ճշմարտութիւնը. «ծառայ եմ մարդո՞ւն թէ ճշմարտութեան»։

Սաղմոսների գրքում կարդում ենք. «ԶԱստուած կ՚օրհներգեմ իր խօսքին համար, Աստուծոյ կը վստահիմ ու այլեւս չեմ վախենայ։ Մարդ արարածը ի՞նչ կարող է անել ինձ։ Նրանք ամէն օր իմ խօսքերը կ՚այլափոխեն, եւ կը խորհին՝ թէ ի՛նչ չարիք կարող են ինձ հասցնել։ Նրանք իմ դէմ դաւ կը նիւթեն, դարան կը մտնեն, եւ քայլերիս կը հետեւեն զիս սպաննելու առիթի սպասելով։ Այսքա՜ն անիրաւութիւն անպատի՞ժ պիտի մնայ, Տէր Աստուած..» Սաղմոս 56։4-7

Այս բոլորը կը վերաբերին մեզ.., ինձ ու ձեզ։ Մարդիկ ամէն օր թող դաւ լարեն, թող չարախօսեն, թող պղծեն, թող ստեն, խաբեն, ճշմարտութիւններ ծամածռեն իրենց աթոռից ու ծիծաղեն ձեր վրայ։ Դուք մնացէք ճշմարտութեան ու Քրիստոսի խօսքին հաւատարիմ։ Աշխարհը լի է այսօր հենց այդ ստորոգելիներով, որոնք իրենց ճանապարհը գտել են ամէն հոգու, ամէն տան, եւ անգամ ամէ՛ն հաստատութեան մէջ։

Աստուծոյ խօսքով առ երկինք գոչում ենք. «Փրկի՝ր ինձ Տէ՜ր, որովհետեւ հաւատարիմ մարդ չմնաց, մարդոց մէջ վստահելի մարդ չմնաց, բոլորը ստում են, շողոքորթ լեզուով, կեղծաւոր սրտով»։ Սաղմոս 12.

Երբ մենք անցնում ենք այս բոլորով, դարձեալ պէտք է ամուր կանգնենք ապաւինելով Տիրոջ ներկայութեան։ Մարդիկ թող ստեն, յոխորտանան, հպարտ քայլեն իրենց ամպերի վրայով, ոսկի ու փող դիզեն ու հաւաքեն, ու ճնշեն բոլորին... դուք հաւատարիմ մնացէք Աստուծոյ խօսքին եւ այդ կեանքին ու կենցաղին, մնալով մաքուր, հաւատարիմ, տանելով այս բոլոր չարչարանքները, երբ նրանք վայելեն ամէն բարիք եւ ուտեստ, հանգիստ ու փառաբանանք, իսկ դուք ստանում էք կեանքի չոր ոսկորները, չարաբանանքը ձեր անձի դէմ..., համբերութեամբ տարէք այդ խաչը, որովհետեւ այդ մարդիկ չեն ձեր կողքին, այլ Քրիստոսի ձեռքը ինքը, կ՚օգնի ձեզ կ՚ամոքի ձեր վիշտը եւ կը բարձրացնի ձեր նման ընկած, ոտնահարուած տանջուածին..։

Ամուր եղէք, համբերող.. օրերը կանցնեն... նոյնիսկ հիւանդութիւնն ու մահը չի կարողանայ յաղթել ձեզ, երբ ի տես ամէն դժուարութեանց, թուքի ու հալածանքի դիմաց ամուր էք, հաստատուն էք, հաւատարիմ էք, եւ չէ՛ք ծռուելու, չէ՛ք գնուելու ստրկութեան համար, չէ՛ք ծախուելու մարդոց կողմից նիւթին ու հաճոյքին համար գերավարուելու համար, եւ մնալու էք այո անտեսուած, հեռացուած, ոտնակոխուած ու չարաբանուած, ձեր անունը սեւացուած, բայց ի տես այդ բոլորին Քրիստոսի ներկայութեամբ, ԻՐ արեամբ գնեալ.. ձեր արիւնը միախառնելու բոլոր տանջահար սրբերի կենցաղին, որոնք գնացին ձեզանից առաջ։

Տ. Սերոբ քահանա ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ