ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ես ապրում եմ երգով...»

«Ես ապրում եմ երգով...»
10.03.2009 | 00:00

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳԻՉԸ
Ազգային երաժշտական մրցույթում (2008 թ.) «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց սիրված երգիչ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ինչն անակնկալ էր և՛ հանդիսատեսի, և՛ մրցանակի արժանացած երգչի համար։
-Ինչպե՞ս եք վերաբերվում մրցույթներին։
-Դերասանի, երգչի, առհասարակ, արտիստի համար ամենակարևոր մրցանակը հանդիսատեսի սերն ու համակրանքն է։ Իհարկե, լավ է, որ գնահատականի ես արժանանում նման միջոցառումների ժամանակ, բայց կոնկրետ ինձ համար դա չէ առաջնայինը։
-Ոչ մի անվանակարգում Ձեր ստեղծագործությունները ներկայացված չէին։ Անսպասելի՞ էր, ուրա՞խ եք տարվա լավագույն երգիչ ճանաչվելու համար։
-Եթե ասեմ` անտարբեր եմ, դա ինձ ոչինչ չի տվել, անկեղծ չի լինի։ Իհարկե, ուրախ եմ։
-Եթե նկատել եք, տարվա երգիչ դառնալուց հետո մեր արտիստների ակտիվությունը մի տեսակ նվազում է։
-Ես ուրիշների փոխարեն ոչինչ ասել չեմ կարող։ Մի տարի կարող ես ներկայանալ հինգ երգով, հաջորդ տարի` ավելի քիչ։ Աշխատանքային ընթացքը միատիպ չի լինում։ Բայց դա չի նշանակում, որ մրցանակ ստանալ-չստանալը կարող է որևէ անդրադարձ ունենալ իմ ստեղծագործական գործունեության վրա։ Ամեն դեպքում պարտավոր ես լավ աշխատել։ Հանդիսատեսը սպասում է քո նորություններին։
-Ինչպե՞ս եք կարողանում շահել մարդկանց սերն ու համակրանքը։ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ծափողջույններից կարելի էր կռահել, որ Ձեզ համար ուրախ էին շատերը։
-Ինչպես որ ես տրամադրված եմ ընկերներիս, հանդիսատեսի, շրջապատի նկատմամբ, փոխադարձաբար արժանանում եմ նույնպիսի վերաբերմունքի։ Ես այդպես եմ ապրում։ Չպետք է խաբել հանդիսատեսին։ Կարևորում եմ աշխատասիրությունը, նվիրվածությունը, տաղանդը և առողջ մրցակցությունը, ոչ թե ծանոթ-բարեկամ հարաբերությունները։ Ես ոչ մի կողմնակի աջակցություն չեմ ունեցել որևէ պաշտոնյայի, գործարարի կողմից։ Սովորել եմ կոնսերվատորիայում, այնուհետև` ասպիրանտուրայում, զուգահեռ երգել եմ ռեստորանում` ընտանիքիս օգնելու համար, նկարահանել եմ տեսահոլովակ։ Այսօր ունեմ ընկերներ (գործիքավորող, երաժիշտ), որոնց շնորհիվ իմ երգը հասնում է հանդիսատեսին։
-Ասում են` շատ բարի եք։ Ձեր բնավորության ո՞ր գիծը չեք սիրում։ ՈՒնե՞ք թերություններ։
-Իհարկե, ունեմ... (Ա. Հովհաննիսյանը չկարողացավ որևէ թերություն մտաբերել-Ա. Ս.)։
-Հե՞շտ եք ներում։
-Աշխատում եմ վատությունը մոռանալ, լավությունը երբեք չմոռանալ։
-Ո՞վ է Ձեր ուսուցիչը։
-Ես սովորել եմ դասական բաժնում, այնուհետև` ժողովրդական։ ՈՒսուցիչներս եղել են Սարգիս Թորոսյանը, Ռուբեն Մաթևոսյանը, ինչի համար հպարտ եմ։ Այն, ինչ սովորել եմ նրանցից, առայսօր անհրաժեշտ է ինձ։
-Սիրո՞ւմ եք լսել Ձեր երգերը։
-Մինչ երգը հանդիսատեսին հասցնելը լսում եմ, որ լավ կատարեմ, հետագայում լսում եմ, որպեսզի ավելի զարգացնեմ։
-Փաստորեն, չկա՞ երգի «կատարյալ» մատուցում։
-Ո՛չ, եթե դոփես նույն տեղում, հանդիսատեսը չի լսի քեզ։ Որպես երաժշտի` ինքդ էլ քեզ չես գնահատի։
-Ի՞նչ եք կարծում` մեր աստղերը նո՞ւյն կերպ են վարվում։
-Ոչ բոլորը։
-Ժանրը, ոճը փոխում են և մատուցում որպես նորություն։
-Ժողովրդին ոչ ոք չի կարող խաբել։ Մեկ, երկու, լավագույն դեպքում երեք տարի ասպարեզում կմնան։ Ամենամեծ գնահատողը հանդիսատեսն է։ Եթե փոխում ես ոճդ, և դա հարազատ է քեզ, հանդիսատեսը կգնահատի։ Եթե արհեստական ես ներկայանում այս կամ այն ոճում, որովհետև շահավետ է կամ զանգվածային, քեզ պարզապես չեն լսի։
-Ձեզ ուրիշ ոճում չե՞նք տեսնի։
-Երգում եմ այն, ինչ հարազատ է, չեմ մտածում ժանրային փոփոխությունների մասին։
-Բացի երգելուց, ի՞նչ նախասիրություններ ունեք։
-Էլի երգարվեստի հետ են կապված։ Ես ապրում եմ երգով...
-Տարիներ առաջ, երբ «Արման Հովհաննիսյան» չէիք, երազե՞լ եք այսօրվա մասին։
-Այո՛, ես այդ մասին մանկուց եմ երազել։
-Իսկ այսօր ի՞նչ եք երազում։
-Երազանքս չի փոխվել։
-Ասում են` Ձեր երգացանկում շատ է գործածվում «ինչու» բառը։ Ինչո՞ւ։
-Իմ երգերի հեղինակը ես չեմ, ու նման բան չկա։ Պարզապես մարդկանց մեջ տպավորվել է այդ բառը։
-Ի՞նչ կասեք սիրո մասին։
-Սերն Աստծո կողմից տրված յուրահատուկ զգացմունք է։ Աստված սիրում է մեզ, մենք` ծնողներին, երեխաներին, ընկերներին... մարդկանց։
-Արման, այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու են Ինգա և Անուշ Արշակյանները։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Շատ սիրում եմ նրանց երգարվեստը։ Յուրահատուկ ոճով են հանդես գալիս։ Կարծում եմ` ժողովրդի սրտով էլ էր այդ ընտրությունը։ Արժանի են հաղթանակի։
-Մի փոքր պատմեք Ձեր ծրագրերի մասին։
-Մեկ ամսվա ընթացքում պատրաստ կլինի մենահամերգիս DVD-ն` Audio և Video տարբերակով։ Նախատեսված են համերգներ արտերկրում։
Զրույցը վարեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3432

Մեկնաբանություններ