«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ինքնաբերաբար....

Ինքնաբերաբար....
10.09.2024 | 06:52

Ամեն ինչ կատարվում է ինքնաբերաբար:

Աչքերդ բացում ես ինքնաբերաբար՝ դեռևս կոպերում պահելով հեքիաթի մտապատրանքը:

Եվ քանի որ հեքիաթները միայն հեքիաթներում են լինում, ինքնաբերաբար հագնում ես շորերդ, որոնք քոնը չեն, և դու քեզ զգում ես գյուղական բոստանների խրտվիլակի պես, որին հագցնում են տան ավելորդ հագուստները, միայն այնքան արտառոց, որ փախցնեն ցանքսերի վրա հարձակվող թռչուններին:

Խրտվիլակները չեն փոխում իրենց շորերը, որովհետև ո՜չ շոգում են, ո՜չ մրսում:

Մենք էլ ենք ո՜չ շոգում, ո՜չ մրսում, որովհետև մենք հոգի չունենք, մեր զգայարանները բթացել են, մենք ապրում ենք նույնականացնելով ներկան անցյալի հետ. մերն այսպիսինն էր, մեր այնպիսինն էր, մերի համնուհոտը ուրիշ էր:

Քայլում ենք ինքնաբերաբար, որովհետև վերջնակետ չունենք, որովհետև որոնում ես քոնը և չես գտնում, ուտում ես ինքնաբերաբար, որովհետև ուտելիքը միայն կեր է դառնում սոված բջիջների համար, ոչ սոված հոգու:

Աշխատանքդ էլ է ինքնաբերաբար դառնում. ամեն օր նույն գործողությունները, նույն հաճախորդները և քո դեմքին ինքնաբերաբար հայտնվող նույն հերթապահ ժպիտը, որ գոյացման ծալքերի տակ արցունք ու ցավ է, կորցրածն ու անդարձն է, իսկ դու պիտի անպայման ժպտաս, որպեսզի անդուր խրտվիլակի պես չվանես հաճախորդներին, այլապես...

Ինքնաբերաբար պիտի ժպտաս, որովհետև մարդիկ զգայական արարածներ են՝ նրանց արմատներում դեռևս գազանային խրախճանքն է և զոհի հետ խաղալու հաճույքը: Իսկ երբ նրանք կգնան, ու դու մենակ կմնաս, այդ սարդոնիկ ժպիտի՝ դեպի աչքերի անկյունները ուղղված ծալքերը ինքնաբերաբար ներքև կիջնեն, կհավասարվեն շրթունքներիդ ուղղագծին, և դու ամբողջ էությամբ կցանկանաս նրանց այդ ելման դիրքում պահել, բայց նրանք չեն ենթարկվի քեզ և կամաց-կամաց կհոսեն դեպի ներքև՝ ծնոտը՝ դառնալով լացի ուրվագծեր...

Կդողան ծնոտդ ու շրթունքներդ, եղունգներդ կխրես ափիդ մեջ, ու գոռալու անհագ ցանկություն կառաջանա մեջդ, գլուխդ պատին խփելու և այդ ամենին վերջ տալու անզուսպ մարմա:

Բայց դա շատ քիչ կտևի, և հաջորդ հաճախորդը խամաճիկի պես կձգի թելերդ, և դու ինքնաբերաբար կվերադառնաս ելման դիրք՝ հերթապահ ժպիտդ դեմքիդ:

Դու դու չես...

Դու ինքնաբերաբար կատարվող գործողություն ես, գողացել են քո գույները, քո երգերը, գողացել են քեզ՝ քեզանից ու քո ներսում թողել մի ամայություն, որտեղ մարդիկ, ցանկանալով վերածել աղբարկղի,

ուզում են նետել անպետք իրերը:

ՈՒ ինքնաբերաբար զգացնել է տալիս ցավը, որը քո միակ փրկությունն է, ցավը կանչն է արմատներիդ, կորցրածիդ:

Ցավը քո ինքնազարթնությունն ու ինքնահաստատումն է՝ անզգայությունից դեպի ռեալ իրականություն:

Արթուն պիտի պահել ցավը, որպեսզի լիովին չկորցնես ինքդ քեզ:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

08.09.2024

Դիտվել է՝ 3411

Մեկնաբանություններ