ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ամպերը

Ամպերը
14.08.2009 | 00:00

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ
«Եկայք և տեսէք զգործս Աստուծոյ, որ արար զնշանս և զարուեստս ի վերայ երկրի» (Սաղմ. ԻԲ)։
«Ամպերով ծածկվեցիր, որ աղոթքը մեր Քեզ չհասնի» (Երեմիայի ողբը, Գ 44)։

Դեռ մանկուց սիրեցի ամպերը։ Չգիտեի ինչի համար և անգամ չէի կարող պատմել, թե ինչով էին նրանք գերել ինձ։ Բայց կարող էի անվերջ հիանալ նրանցով։ Նրանք ինձ թվում էին կենդանի էակներ, որոնք սահում էին դեպի երանելի հեռուն և կանչում ինձ լողալու իրենց հետ` այնտեղ կյանքը եթերային է ու լուսավոր, թեթև և ուրախ։ Ինչ-որ տենչալի երազներ էին արթնանում հոգուս մեջ` ասես կախարդական հեքիաթներ էին ծնվում այդ ամպերում։ Նայում էի հափշտակված այդ օդային հեքիաթներին, մինչև որ վիզս սկսում էր ցավել, ու վրա էր հասնում գլխապտույտը։ Որևէ մեկը մեծերից ասում էր ինձ` «բերանբաց», իսկ ես որոշ ժամանակ գնում-գալիս էի հարբածի նման։
Օ՜հ, երեխայական երազանքներիս թանկագին բարեկամներս` հեզաբարո, քնքշալի, պայծառ։ Մենք իրարից ոչինչ չէինք պահանջում, չէինք խոստանում մեկմեկու ոչինչ` նրանք միայն սահում էին իմ գլխավերևով, իսկ ես վայելք էի ապրում և մոռանում մանկական վշտերս։
Վաղուց հասակ եմ առել, բայց իմ մեջ առաջվա նման մանուկը շարունակում է ապրել, և ես ուրախանում եմ իմ վաղեմի ու միշտ պատանի բարեկամներով։ Բա ասո՜ւմ են, իբր աշխարհում չկա հավերժ կապվածություն։ Հենց որ ուժասպառ եմ լինում կյանքիցս, երբ երկրային հանգամանքներն ինձ ուժերիցս վեր են թվում, հայացքս ուղղում եմ ամպերի կողմը, սուզվում հայեցության մեջ և մխիթարվում։ Բոլորովին անսպասելի ու աննկատ հայտնվում ես ուրիշ աշխարհում, որն ապրում է ուրիշ օրենքներով, և որը խնդությամբ ընդունում է քեզ իր ամբողջության մեջ։ Ի՜նչ հիանալի են վեր համբառնում նրանք ու ինչ թեթև. դա տրվում է նրանց հենց այնպես, առանց որևէ ջանքի. դա բնատուր է իրենց։ Եվ դրա համար է, որ նրանք այնքան թեթև, այնքան համեստ, այնքան ազատ են որևէ պահանջից ու երևի ոչինչ չգիտեն իրենց վեհության և այդքան բարձր լինելու մասին։ Կամ, կարող է պատահել, որ նրանք, այնուամենայնիվ, աղոտ կերպով զգում են այն վիթխարի, անսահման աստվածային բարձրությունը, որը տարածվում է մեր վերևում։ Եվ հետո` այդ լռությունը, այդ անդորրությունը, այդ հոյակապ անձայնությունը։ Այն արտահոսում է իրենցից, և մենք ընկալում ենք դա որպես մեղմացում, որպես թողություն և ազատագրում։ ՈՒ հոգուս խորքում ծնվում է Լերմոնտովի երազանքը` դառնալ իրենց նման, հաղորդակից դառնալ նրանց անհոգությանը, նրանց անխռով եթերային խաղերին` այդ լուսածին էակների անցավությանը և անկամությանը։ Ի՜նչ արագ են գոյանում նրանք։ Ի՜նչ խոնարհաբար են միախառնվում, ընդարձակվում ու անհայտանում, ի՜նչ հոժարակամությամբ են չքանում իսպառ` ընդունելով իրենց ճակատագիրն ու հանձնվելով աննշան քամու փչելուն։ Բայց և այնպես, երբեմն թվում է, թե նրանք վճռական ու համառորեն սահում են դեպի իրենց նպատակը, ասես իրոք գիտեն, թե ուր են շտապում։ ՈՒ շարունակ փոփոխվում են նրանց կերպարանքը, ուրվագծերը, կառուցվածքը։ Ամեն ակնթարթը նորոգում է նրանց, յուրաքանչյուր ժամը նրանց դարձնում է անճանաչելի` ամեն մի օրը մեզ բերում է անկրկնելին, չտեսնվածը։ Օդային ձևերի անհատնում հարստություն, գոյության և անէության, դատարկության և ամբողջության անսպասելի զուգակցություններ, լույսի ու ստվերի, պղտոր գորշության ու ցնծալից գույների անակնկալ, աներևակայելի նրբերանգներ։ Կամ կաթնանման քողի պարզություն, կամ նրբագեղ ցանցի թափանցիկություն, կամ ծանր զանգվածների բարդագույն կուտակումներ։ ՈՒ մերթ ընդ մերթ նրանց կերպարանքը մեզ տարօրինակորեն հիշեցնում է երկրային ձևեր։ Մի՞թե սարեր չեն այնտեղ, հեռվում, որոնք փակում են երկնակամարը։ Մի՞թե երկնային ապարանքի փլատակներ չեն նրանք։ Ի՜նչ խորհրդավոր է այն մուտքը դեպի հսկայական քարայր։ Սողում ու անհայտանում են վիշապները։ Լողալով անցնում են պառկած եղևնիները։ Կազմվում են ու անցնում-գնում հրեշտակների թևերը։ Սրընթաց ճախրում են թեթև գանգուրները։ Լողում են օդային ռազմանավերը։ Կանգնում են ահեղ, խաղացող ուրվականները։ Եվ այդ ամենը չքանում է, և ահա` կապույտ երկնքում ոչ մի ամպ։ Ի՜նչ հրաշալի պոեմներ, ինչքա՜ն երանելի հնարավորություններ, որոնք կոչվում են դեպի կյանք ու հետ կանչվում տիեզերքի խորհրդավոր պոետի կողմից։ Եվ այդ ամենը միշտ հոյակապ է, հոյակապ ու նշանակալից, մինչև անգամ այն պահին, երբ ամեն ինչ միախառնվում է գորշ, կիսամութ, անհուսալի շղարշի մեջ։
Շքե՜ղ տեսարան։ Շռա՜յլ պարգև։ Երկնայի՜ն պատկեր։ Աստծո զրուցակցություն և Աստծո մխիթարություն։ Այդ պարգևը տրվում է մեզ այն բանի համար, որ մենք կարողանանք փրկվել այս գերլարված, տանջամահ եղած աշխարհից, իր զայրույթով և չարչարանքներով, իր չափազանց մեծ պահանջներով։ Այստեղ մեզ համար բացվում է դուռը դեպի թեթև անպատասխանատվության և հոյակապ անտարբերության թագավորություն։ Այստեղ մեզնից ոչ ոք ոչինչ չի պահանջում, ոչ ոք ոչնչով չի սպառնում և ոչ մի բանի չի հարկադրում։ Մեզ հարկավոր չէ ցանկանալ, ձգտել հասնելու որևէ բանի, դատել, հրաժարվել, կենտրոնանալ ու հիշել։ Այստեղ պետք չէ պայքարել ու սրտմտել։ Այստեղ կարելի է տարվել երազանքներով։ Թող նիրհի ուժասպառ կամքը, թող չքանան չթուլացող մտորումները, թող հանգստանա վշտացած կամ վիրավորված սիրտը։ Մարդը տրվում է թեթև ու ազատ նայելուն։ Նրան տրվում է մաքուր ու անշահասեր հայեցության երջանկությունը։ Նա ոտք է դնում ինչ-որ մի Աստծո թատրոն` աշխարհի պես և իր Արարչի նման բարեգութ։ Ամպերը մեզ տալիս են ինքնամոռացում, հեռացնում են օրվա հոգսից, մեղմացնում և մարում են մեր ցասումը, վերացնում են հոգու ջղակծկումները, հագեցնում նրա անհագությունը, ցիրուցան անում աղջամուղջը և մեղմացնում նրա համառությունը. այնքան անվրդով ու ազատ է նրանց ընթացքը, այնքան հեզահամբույր և բարեհոգի է նրանց մեղմ բնությունը։ Հանդարտվում է անողոք կամքը, և մարդուն հաճելի է լինում ոչինչ չուզել և իրավունք ունենալ կամազրկության։ Հանգստանում է հոգնած միտքը, ու հայտնվում ես չմտածելու անդորրության, տարակենտրոնացած և միամիտ անխոհեմության մեջ։
Հալումաշ եղած սիրտը դադարում է սիրել կամ չսիրել, կանչել կամ վրդովվել` իր մեջ լցվում է լռության, հեզության ու երախտապարտության բուժիչ անխռովությունը։ Եվ ամբողջ հոգին մաքրվում է` դիտելով երկրից հեռանալու և երկնային երանության այդ խորհրդանիշը, ամեն ինչ ներող և պաշտպանող առատությունը։
Եթե մենք ավելի հաճախ ու երկար դիտեինք ամպերը, ապա հնարավոր է` դառնայինք ավելի լավը։ Չէ՞ որ դրանք կենդանի հեքիաթներ են, հեքիաթներ այն մասին, թե ինչպես են իրականանում անիրագործելի ցանկությունները։ Կամ, կարող է պատահել, դրանք բարձրագույն, երկնային ուժերի հավատարիմ ստվերնե՞րն են։ Գուցե դա խնկի ծո՞ւխն է, որը քուլա-քուլա համակում է Աստծո անտեսանելի զոհասեղանը։ Ինչո՞ւ է սիրտս թպրտում ինչ-որ նախազգացումից, երբ մայր մտնող արևը լուսավորում է այդ հզոր ամպրոպի ամպը` կարծես օրհնելով այն և շնորհելով նրան չտեսնված գեղեցկություն։ Ինչո՞ւ եմ երբեմն զգում, որ այս ամպերի վրայով, Իր ամբողջ զորությամբ և փառքով կարող էր քայլել Ինքը` Ամենակալ Տերը. դա իմ մեջ արթնացնում է նախաստեղծ հիշողություն այն բանի մասին, որ կատարվում էր հնում իրերի լինելիության մեջ։ Կամ գուցե ես ինքս ինչ-որ ժամանակ ամպ եմ եղել ու հիմա խնդությամբ ճանաչում եմ իմ վաղեմի եղբայրներին։ Ով դիտում է ամպերը և սրտագին ապրում նրանց մեջ, նա տեսնում է արթմնի երազներ, երազներ` հնարավոր և մոտեցող կատարելության մասին։
Կարող է պատահել` մենք երազ ենք տեսնում Աստծո հիասքանչ խորհուրդների մասին, որոնք քամու թեթև շնչից հեռացել են Աստծո գրկից։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ