ԾՆՆԴՈՑ ԳԻՐՔԸ
Շարունակելով «Ծննդոց գիրքը և գիտությունը» թեման` այս հոդվածում խոսելու ենք հնագիտության, հնէաբանության, ազգագրության և պատմագիտության տվյալներից ու նվաճումներից, որոնք ապացուցում են Սուրբ Գրքի պատմական հիշողության անհերքելի արժանահավատությունը` նրանում հիշատակված բազմաթիվ անցքերի առնչությամբ։
Արդեն ասել ենք, որ հազարավոր ու միլիոնավոր տարատեսակ քարացած կենդանիների` քարացուկների գերեզմանոցները վկայում են երկու բան. առաջին` որ դրանք ոչնչացել են միանգամից, և երկրորդ` որ քարացել են նստվածքային շերտերի մեջ թաղվելուց, ինչը և բացատրվում է միմիայն տարերային աղետով` ջրհեղեղով։ Այլապես անհասկանալի են միլիոնավոր կենդանիների քաոսային և խառնիճաղանջ կուտակումներն ու անփուտ, չքայքայված լեշերը։
Ամեհի ջրհեղեղով պայմանավորված Երկիր մոլորակը փոխում է իր ուղեծիրը կամ թեքման անկյունն արեգակի շուրջ, որի արդյունքում շեղվում է արևի ճառագայթների անկման անկյունը և, դրանից կախված, նաև առանձին շրջանների կլիման։ Այսպես, մի ակնթարթում սառչում են բևեռային շրջանները։ Ցայսօր հավերժական սառածության մեջ հնէաբանները հայտնաբերում են հին կենդանիների և բույսերի լիովին պահպանված մնացորդներ` մամոնտներ, վագրեր, կանաչ տերևներով ու հասուն պտուղներով արմավենիներ և սալորենիներ, որոնք բոլորն էլ արևադարձային գոտու ֆլորայի ու ֆաունայի ներկայացուցիչներ են։ Ապշեցուցիչ է մանավանդ Սիբիրում հայտնաբերված հիանալի պահպանված սառած մամոնտը` չմարսված կանաչ խոտը ստամոքսում և բերանում։ Հավերժական սառածությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ակնթարթում սառած ջրի և ցեխի զանգված` մի քանի հարյուր մետրից մինչև 1200 մետր խորությամբ, որը և, ըստ էության, նույն նստվածքային երկրաբանական շերտերն են, բայց ոչ քարացած, այլ սառած։
Երկիր մոլորակի բևեռների և առհասարակ Երկրի առանցքի թեքության փոփոխության այլ զարմանահրաշ և տարաբնույթ փաստեր էլ կան։
XVII դարում Չինաստան միսիոներական առաքելությամբ այցելած ճիզվիտ Մարտին Մարտինեսը, մի քանի տարի ուսումնասիրելով լեզուն ու երկիրը, գրում է «Չինաստանի պատմությունը» աշխատությունը։ Վկայակոչելով տեղացի հին մատենագիրներին` մանրամասն նկարագրում է, թե ինչ է տեղի ունեցել ջրհեղեղի ժամանակ. «...երկնքի հենարանը փլվեց, երկիրը ցնցվեց մինչև իր հիմքերը։ Երկինքը սկսեց թեքվել դեպի հյուսիս։ Արևը, լուսինն ու աստղերը փոխեցին իրենց շարժման ուղղությունը։ Տիեզերքի ողջ կարգը փոխվեց։ Արեգակն ընկավ խավարման մեջ, և մոլորակները փոխեցին իրենց ուղին»։
Մեքսիկական հնադարյա «Չիմալպոպոկի կոդեքսում» կարդում ենք. «Երկինքը մոտեցավ երկրին, և մեկ օրում ամեն ինչ կործանվեց։ Նույնիսկ լեռները ջրի տակ անցան...»։
Գվատեմալայի տարածքում բնակվող կիչե հնդկացիների սրբազան գրքում` «Պապոլ-Վուհում», կարդում ենք. «Աղետից հետո տիրեց սառնամանիքը, արևը չէր երևում»։
Մերօրյա գիտական կարծիքներից ուշագրավ է ամերիկացի երկրաբան Ջ. Բեյնի պնդումը, ըստ որի, շատ տարիներ առաջ հյուսիսային բևեռը գտնվել է Խաղաղ օվկիանոսում։ Երկրաբաններից շատերը համոզված են, որ քարածխի հանքաշերտերը գոյացել են ջրհեղեղի ժամանակ ջրի երեսին լողացող ծառերի ու բույսերի կուտակումներից, որոնք թաղվել են հողի տակ։
Ջրհեղեղով է բացատրվում նաև այն, որ նստվածքային ապարները, որոնք միմիայն ջրային միջավայրում են գոյանում, հավասարապես ծածկում են երկրագնդի գրեթե բովանդակ մակերեսը։
Բացի այդ, աշխարհի բոլոր մայրցամաքներում` Եվրոպայից Ամերիկա, Ասիայից Աֆրիկա և Ավստրալիա, բնակություն հաստատած գրեթե բոլոր ժողովուրդների ավանդությունները պատմում են, թեև տեղական գունավորումներով ու աղճատված, ջրհեղեղի և մի ընտանիքի փրկության մասին, ինչը, անկասկած, սուրբգրային ջրհեղեղի և Աստծո միջամտությամբ դրանից փրկված Նոյի ու նրա գերդաստանի, այսինքն` մեր հեռավոր նախնիների մասին պահպանված հիշողության արձագանքն է։ Այդ նույն «Պապոլ-Վուհում» կարդում ենք. «Եղավ մի մեծ ջրհեղեղ... Երկրի երեսը խավարեց, և սկսեց տեղալ սև անձրև, զօրուգիշեր տեղատարափ էր... Մարդիկ փախչում էին հուսահատ... Նրանք փորձում էին պատսպարվել տների տանիքներում, որոնք փլվում էին ու նրանց շպրտում գետնին։ Նրանք փորձում էին բարձրանալ ծառերի կատարները, բայց ծառերից էլ էին շպրտվում ցած, մարդիկ փրկություն էին փնտրում այրերում ու քարանձավներում, և դրանք գերեզման էին դառնում նրանց համար։ Այսպես ավարտվեց ոչնչացման դատապարտված մարդկային ցեղի կոտորածը»։
Ըստ Ամազոնիայի հնդկացիների ավանդության` ամեն ինչ սկսվեց որոտ ու դղրդոցով, ապա ամեն ինչ կորավ խավարի մեջ, և երկրի վրա սկսվեց հեղեղ, որը ջրի տակ առավ ողջ աշխարհը` սրբել-տանելով ամեն ինչ։
Ընդ որում, մեքսիկական Նոյը` Կոքս-Կոքսը, իր կնոջ հետ փրկվեց նավով, իսկ ջրերի հետ նահանջելու մեջ համոզվելու համար մի ցին, ապա կոլիբրի արձակեց, որը և բողբոջած մի ճյուղ բերեց։
Ֆիջի կղզիների բնակիչների ավանդազրույցներից իմանում ենք, որ նրանց` կղզիներում բնակություն հաստատելուց անմիջապես հետո, դրանք ջրհեղեղով ջրի տակ առնվեցին, և փրկվեցին միայն ութ հոգի, այն էլ` երկու նավով։
Հնդկաստանում Մանուն ջրհեղեղից փրկվեց նավով, որը նա կառուցել էր ձկան հորդորով։
Հունաստանում Դևկալիոնն ու նրա կինը նավով հանգրվանեցին Պառնաս լեռան գագաթին, իսկ Պարսկաստանում` Յիման լեռան գագաթին ցանկապատված այգում։
Շատ ամերիկյան ավանդազրույցներում խոսվում է իրենց նախահոր նախազգուշացված լինելու և, բացի իր ընտանիքից, իր հետ կենդանիներ վերցնելու մասին։
Սուրբգրային պատումին, սակայն, ամենից մոտը քաղդեականն է, ընդ որում, երկար ժամանակ Ք.ա. IV դարում ապրած Բերոսոսի հայտնած տեղեկություններին պատշաճ ուշադրություն չէին դարձնում, կասկածելով, որ հունարեն գրած քուրմը կարող էր օգտված լինել նաև սուրբգրային բնագրերից։ Սակայն Ջորջ Սմիթին` նշանավոր ասուրագետին, հաջողվեց վերծանել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի գրադարանի սալիկներից մեկի` թիվ 11-ի պոեմը, որը ջրհեղեղի մասին պատումներ էր պարունակում։ «Գիլգամեշ» դյուզացնավեպի հերոսը` ՈՒթ-նապիշտիմը, որը շումերական Զիուդսուդրան է (տարբերակ` Քսիսոթրոս), տեղական մի դիքի հորդորով նավ է կառուցում և իր ընտանիքի անդամների, հարազատների ու մի քանի նավորդների և բոլոր տեսակի կենդանիների հետ փրկվում վերահաս աղետից։
Այսօր արդեն մոռացված, սակայն հին ժամանակներում ջրհեղեղի մասին ավանդազրույցներ հայոց մեջ էլ են տարածված եղել։ Քերթողահայր Մ. Խորենացին իր «Հայոց պատմության» սկզբում գրում է. «Բայց ավելի հաճախ Արամյան ազգի ծերերը փանդիռների նվագակցությամբ ցուցքերի և պարերի երգերում հիշատակում են այս բաները»։
Գիլգամեշի էպոսի և ջրհեղեղի ավանդության մասին ուրարտական շրջանի Հայաստանում հայտնի լինելն էլ է այսօր փաստ։ Արմավիրի (Արգիշտիխինիլի) պեղումներից հայտնաբերված էլամերեն սեպագիր կավե սալիկներում ակնարկներ կան թե ջրհեղեղի աքքադական առասպելի և թե ՈՒթ-նապիշտիմի` աքքադական Նոյի` անմահության արժանանալու մասին։ Ընդ որում, ենթադրվում է, որ «Գիլգամեշ» վիպերգության եզրափակիչ դրվագի թեմայով ներկայացում է բեմադրվել արքունիքում` ի պատիվ Սարդուր II-ի թագադրման (մ.թ.ա. 760 թ.)։
Արարատ լեռան վրա հանգրվանած Նոյյան տապանի մասին բազմաթիվ պատմագիտական վկայություններ կան։ Առաջինը պատկանում է քաղդեացի քուրմ Բերոսոսին, ում տեղեկությունների համաձայն` իր ժամանակակիցներից ու նախնիներից շատերը բարձրացել են Արարատ և տեսել տապանն ու իրենց հետ, իբրև մասունք, նրանից բեկորներ բերել։ Հրեա անվանի պատմագիր Հովսեպոս Փլաբիոսը (I դար) իր «Հրեական հնախոսություն»-ում ասում է, որ «ոմանք [նրա վրայից] պոկելով կուպրի կտորներ են բերում, և մարդիկ դրանք կրում են իրենց վրա իբրև հուռութք»։
Այս մասին հիշատակում են նաև Հիերոնիմոս Եգիպտացին իր «Փյունիկյան հնախոսությունում», Մինեասը և ուրիշներ։ Իսկ Նիկողայոս Դամասկացին, արդեն իսկ քրիստոնեության տարածման ժամանակներում, իր 96-րդ գրքում գրում է. «Մինիաս [երկրից] վերև Հայաստանում կա մի խոշոր լեռ` Բարիս [իմա` Արարատ] կոչվող, որտեղ, պատմության համաձայն, շատերն ապաստանելով փրկություն են գտել ջրհեղեղի ժամանակ, իսկ մեկը տապանի վրա տարվելով, իջել է գագաթին, և տախտակների բեկորները երկար ժամանակ պահպանվել են։ Սա, հավանաբար, այն մարդն է, որի մասին գրել է Մովսեսը` հրեաների օրենսդիրը»։
ՈՒշագրավ են նաև մերօրյա վկայությունները։
1840 թ. Ստամբուլի թերթերից մեկը հայտարարեց, որ Նոյյան տապանը հայտնաբերվել է։ Տապանակիր լեռան ձյան ծածկույթն ուսումնասիրելիս թուրքական գիտարշավախումբը սառույցի տակից ելած ահռելի չափսերի փայտյա շինվածք է հայտնաբերում։ Ընդ որում, մերձակա գյուղերի բնակիչների պնդմամբ, իրենք արդեն վեց տարի է, ինչ գիտեին այդ մասին, սակայն չէին համարձակվում մոտենալ տապանին, քանզի դռնախորշում ինչ-որ ահեղ ոգի էին տեսել։ Տապանի հետազոտությունները ցույց տվեցին, որ, բացառությամբ մի նավակողի, այն լավ է պահպանված։ Ընդ որում, ականատեսներից մեկի վկայությամբ, տապանը կառուցված է եղել այն ծառից, որն աճում է Եփրատ գետի հովտում։ Ներս թափանցելով` արշավախմբի անդամները համոզվում են, որ այն նախատեսված է եղել կենդանիների փոխադրման համար, քանզի մեկուսախցերի է բաժանված եղել 4,5 մետր բարձրությամբ։ Բացի երեք զետեղարաններից, մյուսները ծածկված էին սառույցով։
1982 թ. լույս տեսած «Պրավոսլավնայա ժիզն» հանդեսի համարներից մեկում զետեղված մի չափազանց ուշագրավ հոդվածում ևս մի քանի հետաքրքիր վկայություններ կան, որոնք անփոփոխ և ամբողջությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում։
1916 թ. օգոստոսին ռուս օդաչու (ավիացիայի սպա) Վլադիմիր Ռոսկովիցկին, թուրքական սահմանի երկայնքով հետախուզական թռիչք իրականացնելով, հայտնվեց Արարատի վրա և ձնե գագաթի արևելյան կողմում սառուցյալ լիճ նկատեց։ Լճի եզրամասի մոտ մի մեծ նավի կմախք էր նշմարվում։ Թեև նավը մասամբ սառույցի տակ էր, նրա նավակողերը, որոնցից մեկի վրա ծակծկվածքներ կային, դրսում էին մնացել։ Բացի այդ, երևում էր երկփեղկանի դռան մի փեղկի կեսը։ Երբ Ռոսկովիցկին հրամանատարությանը զեկուցեց իր հայտնագործության մասին, վերջինս ցանկացավ այդ տեղեկությունների վերաբերյալ ավելի ստույգ ապացույցներ ստանալ։ Լեռան վրա բազմաթիվ թռիչքներ կատարելով` նրանք համոզվեցին տեղեկության իսկության մեջ և հաղորդեցին այդ մասին Մոսկվա ու Պետրոգրադ։ Նիկոլայ II կայսրը հրամայեց արշավախումբ ուղարկել Արարատ։ Այս արշավախումբը չափեց ու լուսանկարեց տապանը. փայտանյութից նմուշներ վերցվեցին, իսկ հետազոտության արդյունքները Պետրոգրադ առաքվեցին։ Ցավոք, այս արժեքավոր փաստաթղթերի հավաքածուն ոչնչացվեց Ռուսաստանում, հավանաբար, բոլշևիկյան հեղափոխության ժամանակ։
Ռոսկովիցկու հետ կապված պատմությունը հայտնի դարձավ II համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ըստ խորհրդային հատուկ ծառայությունների ղեկավար Յասպեր Մասկալինի` նրա ենթականերից մեկը թռիչք կատարեց Արարատի վրայով` հետաքրքրասիրությունից դրդված, տեսնելու` արդյո՞ք Ռոսկովիցկու պնդումների մեջ ճշմարտության թեկուզ ինչ-որ նշույլ կա։ Խորհրդային օդաչուն ևս ուշադրություն դարձրեց մի ինչ-որ շինվածքի վրա, որի մի մասը սառցե լճի մեջ էր մխրճված։ Այդուհանդերձ, այս փաստերը խորհրդային գիտնականներին չխանգարեցին հայտարարել, որ Նոյյան տապանի պատմությունը գիտության հետ որևէ ընդհանրություն չունեցող առասպել է։
1955 թ. հուլիսի 6-ին լեռնագնաց Ֆեռնան Նավառան իր տասնմեկամյա որդու` Ռաֆայելի հետ, ինչ-որ բան հայտնաբերեց, որը, ըստ նրա, Նոյյան տապանն էր։ Նա իր գյուտով գրավեց համայն աշխարհի ուշադրությունը։ Նավառայի այս գիտարշավի նախապատրաստությունը տասնյոթ տարի էր տևել։ Այն հանգամանքը, որ Արարատ լեռը գտնվում էր երեք երկրների` Խորհրդային Միության, Իրանի և Թուրքիայի սահմանագլխին, և որ նրանց միջև լեռ բարձրանալն արգելող գաղտնի պայմանագիր էր ստորագրված, հետազոտողի համար լուրջ խոչընդոտ դարձավ։ Նավառան երեք փորձ իրականացրեց` գիշերներով անցնելով վտանգավոր գոտին։ Ահա թե ինչպես ընթացավ հաջողությամբ պսակված երրորդ գիտարշավը։ Հետևելով իր հայ ընկերոջ ցուցումներին` Նավառան գիշերով հասավ սառցադաշտի եզրին և գիշերելու համար վրան խփեց` առավոտյան վերելքը շարունակելու մտադրությամբ. այն պետք է անցներ ամբողջովին սառցակալած անառիկ ժայռերով։ Գիշերը սարսափելի բուք ու բորան սկսվեց, որի հետևանքով ամեն ինչ սառցի հոծ կեղևով ծածկվեց։ Նավառան ու Ռաֆայելը քիչ էր մնում ցրտահարվեին, քանզի հայտնվել էին ձյան հաստ շերտի տակ` զրոյից 30 աստիճան ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Առավոտյան, ինչպես պատմում է Նավառան, նրան Աստծո օգնությամբ հաջողվեց ճանապարհ ընկնել դեպի այն տեղը, որը հեռվից էր նկատել իր առաջին գիտարշավներից մեկի ընթացքում։ Թեև ժամանակն անհաջող էր ընտրել, ամեն ինչ ձյան ու սառույցի տակ էր, այնուամենայնիվ, նրան հաջողվեց հասնել նպատակին։ Մեծագույն դժվարությամբ, վտանգի ենթարկվելով, նա սառցի տակ առնված նավակողի չորսուից մի կտոր պոկեց` մեկ մետր երկարությամբ և 8 սմ հաստությամբ։ Այդ մասում հղկված տախտակներ չկային։ Իսկ վերադարձին սահմանապահները գնդակոծեցին և ձերբակալեցին Նավառային։ Վերջ ի վերջո նրան ազատ արձակեցին` վերադարձնելով բոլոր լուսանկարչական ժապավեններն ու փայտի նմուշը։ Ահա թե ինչպիսի պայմաններում էր անցնում գիտարշավը։
Կահիրեի և Մադրիդի աշխատանոցներում կատարված` փայտանյութի ռադիոածխածնային տարրալուծումը ցույց տվեց, որ այն հինգ հազար տարվա է։ Ֆրանսերեն հրատարակված Նավառայի գիրքը նկարազարդ է, որի վրա երևում է, թե ինչպես է հեղինակը տապանի նավակողից մի կտոր փայտ պոկում, ինչպես նաև այն տեղը, որտեղ սառցի տակ անթեղված է տապանը. այստեղ ներկայացված են նաև աշխատանոցային տարրալուծումների արդյունքներ, նկարներ, սխեմաներ և այլն։
1965 թ. «Դեյլի տելեգրաֆում» տպագրվեցին տիեզերքից նկարահանված, հստակ ուրվագծերով երևացող տապանի լուսանկարները։ Սակայն թուրքական կառավարությունը յոթանասնական թվերից մահմեդական աշխարհի ճնշման տակ (քանզի, ըստ Ղուրանի, տապանն ուրիշ լեռան վրա է հանգրվանել) խոչընդոտում է ցանկացած գիտարշավ։ Ինչ վերաբերում է տապանին, ապա Ս. Գիրքը նրա չափ ու ձևի մասին վկայում է. «Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կշինես։ Տապանը բաժանմունքներով կպատրաստես և ներսից ու դրսից կուպրով կծեփես։ Տապանն այսպես կկառուցես. թող երեք հարյուր կանգուն լինի տապանի երկարությունը, հիսուն կանգուն` լայնությունը և երեսուն կանգուն` բարձրությունը» (Ծննդ. 6.14)։ Կանգունը մետրերի վերածելով` ստանում ենք հետևյալ պատկերը. երկարություն` 150, լայնություն` 25, բարձրություն` 15։ Չափազանց հետաքրքրական է, որ երկարության և լայնության հարաբերակցությունը վեցը մեկի է, ինչն ապահովում էր տապանի օպտիմալ շարժումը` դրեյֆը, քամուց և հոսանքներից տարվելիս։ Իսկ բարձրության և լայնության հարաբերակցությունը տապանին այնպիսի կայունություն էր ապահովում, որը բացառում էր ծովային օրորում ջրերի ցանկացած ալեկոծման դեպքում։
Եռատախտակամած նավի ընդհանուր մակերեսը 9300 քառակուսի մետր է, որը համարժեք է 569 բեռնատար վագոնի։ Իսկ կարո՞ղ էր, արդյոք, այսպիսի նավն ընդունել աշխարհի մեկ միլիոնից ավելի կենդանի օրգանիզմների։ Այս մեծաքանակ կենդանական աշխարհից միայն 35000-ն են ցամաքային և զբաղեցնում էին տապանի ընդամենը քառորդ մասը` բավական մեծ տեղ թողնելով կերի պաշարների և ութ հոգանոց անձնակազմի համար։ Այս գիտական ուսումնասիրությունները լավագույնս ապացուցում են, որ տապանի չափսերը և ծավալը մտացածին չեն, այլ ընդունված են ըստ գիտության կանոններին համապատասխանող հաշվարկի։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ