ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երեխաներիս և բարեկամներիս

Երեխաներիս և բարեկամներիս
31.07.2009 | 00:00

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
ՍԵՐԳԵՅ ՖՈՒԴԵԼ
ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Սերգեյ Ֆուդելը ծնվել է Մոսկվայում 1900 թ. հունվարի 13-ին (հին տոմարով` 1899 թ. դեկտեմբերի 31-ին)։ Նրա հայրը` քահանա Իոսիֆ Ֆուդելը, ամբողջ կյանքում պահպանեց քրիստոնեական հոգու կրակը և կարողացավ այն փոխանցել երեխաներին։ Մանկությունից մինչև մահ Սերգեյ Ֆուդելը պատկանում էր եկեղեցուն։ Նրան վիճակվեց հաղորդակցվել հայտնի անապատականների, քահանաների, կրոնական փիլիսոփաների, գրողների հետ։ Լավ գիտեր Պավել Ֆլորենսկուն, Սերգի Բուլգակովին, Բերդյաևին, Ռոզանովին։ Հեղափոխության մրրիկն ընդհատեց եկեղեցական համաչափ կյանքը և յուրաքանչյուր քրիստոնյայի կանգնեցրեց մի խնդրի առաջ` իրո՞ք նա կլինի Քրիստոսի զինվոր վրա հասնող արյունալի պատերազմում։
1922 թ. Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական բաժանմունքի առաջին կուրսն ավարտելուց հետո Սերգեյ Ֆուդելը ձերբակալվեց։ Կյանքի հետագա 55 տարիները նա ապրել է բանտերում, ճամբարներում, աքսորավայրերում։ Հարյուր կիլոմետրանոց սահմանագիծն իր ուժը չկորցրեց մինչև Ֆուդելի վերջին օրը` 1977-ի մարտի 7-ը. նա այդպես էլ չկարողացավ վերադառնալ Մոսկվա։ Խորհրդային տարիներին, երբ Ավետարանն անհնար էր մինչև անգամ ճարել, Ֆուդելի գրքերը տարածվում էին «րՈՎՌջՊՈՑ»-ով (ինքնուրույն հրատարակություն)։ Ֆուդելը 1976 թ. աղջկան ուղղված մի նամակում ասում է շատ կարևոր մի բան, որն ուղղված է և մեզ. «Մենք ապրում, շնչում, հավատում և համբերում ենք միայն նրա համար, որ «չմեռնի մեծ գաղափարը», որ երկրի երեսից չջնջվեն արյան այն կաթիլները, որոնք մեզ համար թափեց Քրիստոսը։ Որովհետև առանց դրանց հեղձուցիչ է` մահ է և սարսափ։ Եթե մարդիկ դադարեն դա հասկանալ, ապա ես հանուն իրենց` մարդկանց, չեմ դադարի, քանզի կյանքը սիրուց դուրս խելագարություն է»։
Սերգեյ Ֆուդելի հոգևոր ժառանգությունը կօգնի մեզ վերագտնել մեր արմատները և վերադառնալ, վերջապես, հավատքի։
«Հավերժության համն այնքան էլ հեշտ չէ պատվաստել մարդուն»:
Ս. Ի. Ֆուդել
«Լավ է ուշ, քան երբեք» միտքը ստիպում է ինձ սկսել գրել այս տողերը։
Ես չափազանց շատ բան եմ տեսել, որպեսզի ոչինչ չիմանամ։ Երեխաներիս առաջ մեծ պարտք ունեմ, ու հարկավոր է վերջապես տալ այն. «պարտքը` տալով, մեղքը` լալով»։ Ինձ համար դժվար է գրել ոչ թե այն պատճառով, որ չգիտեմ` ինչի մասին գրեմ, այլ նրա համար, որ չգիտեմ` ինչպե՞ս գրել։ Ես կարող եմ գրել միայն ճապաղ, «մտավորական» լեզվով, որով ինչպե՞ս արտահայտեմ անմեկնելի, աստվածային բաները։ Իմ խոսքերը նման են մահվան ստվերի, մինչդեռ հարկավոր է գրել անապականության մասին։ «Յարևելից մինչ ի մուտս, ի հիւսիսոյ և ի հարաւոյ, ամենայն ազգ և ազինք, յօրհնութիւն նոր օրհնեցէք զարարիչն արարածոց, որ ծագեաց ըզլոյս արեգականն այսօր յաշխարհս»։ Ահա թե ինչ է ներխուժում հիշողությանս մեջ, և ինչով կուզեի փոխարինել իմ բոլոր չնչին, աղքատ խոսքերը։ Խոսքերը, որոնք գալիս են Բանից կամ Իր ծառայողներից, բուրում են նախնական պարզությամբ, նրանք կենդանի են ու կենարար. Ոգին է շնչում նրանց խորքի միջից։ Մեղքերից սևացած հոգուս մեջ չկան նրանք, որոնք նման են դրախտային պտուղների, իսկ ուրիշ, միայն «աստվածաբանող» բառերով ինչպե՞ս հաղորդել Տիրոջ խրատը։
Ապացուցել հավատը հնարավոր չէ, դա կարելի է միայն ցույց տալ իսկության կենդանի շնչով։ Համոզել հնարավոր է միայն անձնական երջանկությամբ, հավատի աստվածային խնդությամբ։ Միայն այդ ուղիով է փոխանցվում դա, ու այդ փոխանցման համար են ծնվում հոգեկիր խոսքերը։ Այդ պատճառով էլ այդքան դժվար է «Տիրոջ խրատը»։ Իշխանություն է պետք ունենալ խրատի համար, կենդանի և տաք հավատ և, նորից կրկնեմ, հավատքի մեջ անձնական երջանկության համոզվածություն։
Ամեն մի կյանք ծանր ու տանջալից է առնվազն այն պատճառով, որ յուրաքանչյուր կյանք վերջանում է մահով։
Կյանքի մահացության հաղթահարման որոնումները հավատքի ուղիներում ամենաոգևորող զգացողությունն են, որը կարող է զգալ Կյանքը սիրող մարդը։ Այդ որոնումները ոչ ինքնագոհ են, ոչ էլ անհոգ։ Առաքյալը խրատում է. «Ով կարծում է, թե ինչ-որ բան գիտե, դեռ չգիտե, թե ինչպես պետք է գիտենալ»։ Այստեղ ոչ թե գոռոզ մեկուսացումն է, այլ յուրաքանչյուրին ագահորեն լսելը, որպեսզի հայտնաբերի անսպասելի ուրախություն, գտնի բարեկամի։ Հավատացյալ սրտի համար անչափ մեծ է կյանքի ընդհանուր վիշտը` ընդհանուր գիշերը, որովհետև նա նկատում է, որ ուրիշները չեն տեսնում Հարության կրակները։ Քրիստոնեությունը զատկական գիշերն է մարդկության, որը կանգնած է Արքայության դռների առջև։ Այդ գիշերվա մեջ է հավատքի ամբողջ էությունը, քրիստոնեության ամբողջ ավարտը, որը եկել է Գողգոթայից հետո, դրա մեջ է Հավիտենության վճռական հաստատումը։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է ընդհատումը։ Արդյոք չե՞նք կորցրել Հավերժության զգացումը։ Հարկավո՞ր է մեզ զատկական գիշերը։ Թվում է` երբեմն, թե պետք չէ, հաճախ թվում է, թե մենք չենք ուզում լսել ոչինչ, բացի մեր քայքայման հոգնեցուցիչ ընթացքից։ Իսահակ Ասորին ունի մի աղոթք մշտական օգտագործման համար. «Տէր իմ, լցրո՛ւ իմ սիրտը կյանքով հավիտենական»։ Իսկ մենք հաճախ ուզում ենք լինել անհոգ թիթեռնիկների նման ու միաժամանակ մեր այդ թիթեռնիկային խելագարությունը դարձնում ենք մեր համոզմունքը, կրոնի պես մի բան։ «Այդպես հեշտ է ապրել»,- ասում ենք մենք։
Ահա, ըստ երևույթին, ինչու են մարդուն նախախնամորեն ուղարկվում տառապանքները։ Երբ նրանք վրա են հասնում, սկսվում է լրջությունը։
«Ոմանց փրկե՛ք սարսափով»։ Առանց դրանց մարդը հակված է վերջնականորեն կորցնելու հոգևոր տեսողությունը։ Պետրոս առաքյալը շատ պարզ է ասում. «Մարմնով տառապողը վերջ է տալիս մեղք գործելուն»։ Մենք ժառանգել ենք Հայրերից հավատի մեծագույն սրբությունը։ Մենք հավատում ենք մարդու հավերժական կյանքին` մարդու մեծագույն և չլսված հաստատմանը հավիտենական անապականության մեջ, մարդու` ոչ պլատոնական, այլ իրական` իր մարմնով ու հոգով։ Եվ այդ հավատքը մենք անընդհատ կորցնում ենք։ «Եվ Տէրն ասաց. Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ Բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի»։ Ես միշտ կարդում եմ այդ տեղը հուզմունքով, զգալով, որ դա բոլորիս մասին է։
Պետրոս առաքյալի մասին ավանդություն կա, որ արդեն Համբարձումից հետո նրա աչքերը միշտ կարմրած էին արցունքներից, քանի որ նա ամեն գիշեր լուսաբացին վեր էր կենում, որ աղոթի ու լացի` հիշելով իր ուրացումը։
Գիտակցո՞ւմ ենք, արդյոք, մեզ հավատացյալ համարելով, որ մեր հավատքը ցամաքում է։ Եկեղեցի ենք հաճախում և գիտենք Հավատո հանգանակը, բայց կա՞ մեր մեջ հավատ։ ՈՒ գիտե՞նք, արդյոք, ինչ է հավատքը։ Առաքյալն ասում է, որ «հավատն ապացույցն է այն բաների, որոնք չեն երևում», այսինքն` հոգևոր աշխարհի։ Հավատի ամբողջ առարկան գտնվում է մեզ դեռ անտեսանելի հոգևոր ասպարեզում` Աստծո Արքայությունում, այլ չափումների և այլ օրենքների տիրությունում։ Ահա թե ինչու եթե չկա հոգևորը, ըստ էության, չկա և հավատը։ Ինչ ծանր է դա։ Հիրավի, «երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։
ՈՒ մենք ոչ միայն վատ ենք հավատում հոգևոր աշխարհին և չենք էլ փնտրում այն, այլ մեզ վախեցնում է հենց այդ «հոգևոր» եզրը։
«Դե, դա վանականների համար է,- կասենք մենք,- իսկ մենք այսպես էլ կապրենք»։ «Աստծո շնորհը կանչում է բոլորին դեպի հոգևոր կյանք,- ասում է եպիսկոպոս Ֆեոֆան Ճգնավորը,- ու դա ոչ միայն հնարավոր է բոլորի համար, այլև պարտադիր, քանի որ դրանում է քրիստոնեության էությունը»։ Իսկ մենք չենք էլ կարող պատասխանել, թե ինչը, իսկապես, նկատի ունենք «հոգևոր» ասելով. այդ հասկացությունը մեզ կամ վախեցնում է, կամ շփոթեցնում։
Ես երկար ժամանակ չգիտեի, թե ինչ է նշանակում, իսկապես, այդ արտահայտությունը` «հոգևոր աշխարհ» կամ «հոգևոր կյանք»։ Ես այն զգում էի եկեղեցի գնալիս ինչպես անապական և անհասանելի մի շունչ, բայց չգիտեի` ինչպես դա սահմանել։ Մեր միտքն անընդհատ սահմանումներ է փնտրում, ինչպես կաղը` հենակներ։
Վերջապես կարդացի այդ տեղը առաքյալի մոտ. «Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ հոգու, եթե Աստծո Հոգին բնակված է ձեր մեջ» (Հռոմ 8։9)։
Պարզվում է` ինչ հասարակ է ամեն ինչ ու սոսկալի։ «Ապրել հոգու իշխանության տակ», այսինքն` հոգևոր, նշանակում է ապրել Աստծո Սուրբ Հոգու հետ, ապրել այնպես, որ Աստված լինի քո մեջ։ Հոգևոր աշխարհն Աստծո Հոգու աշխարհն է, և հոգևոր կյանքի որոնումը` կյանքի որոնումն Իր մեջ։ Ահա ինչ բարձր է հոգևոր հասկացության չափանիշը։
ՈՒրեմն հասկանալի է, որ իսկական հավատը համոզվածությունն է Աստծո Հոգու աներևույթ հոգևոր աշխարհի գոյության մեջ և արդեն կյանքի իրականացումը նրա մեջ։ Միայն այսպիսի հավատն է, ըստ էության, հավատ, որը «համոզված է աներևույթի գոյության մեջ», քանզի արդեն մասամբ «իրականացնում» է, յուրաքանչյուրի ուժի չափով, գալիք կյանքի լիակատարությունն Աստծո մեջ։ Ինչպե՞ս նա կարող է վստահ չլինել, եթե արդեն իրականացնում է հոգևորի գալիք լիակատարությունը։ Հենց «իրականացման» մեջ է «վստահության» պատճառն ու հենց դրանով` հավատքի երանության։ Մեծագույն մարդկային երջանկություն է համակում այն մարդուն, որն արժանացել է իսկական հավատի, որն արդեն երկրի վրա «իրականացնում» է կյանքն Աստծո Հոգու մեջ։
Ո՞Ւր է մեր մեջ այդ հավատքը։ Առանց հավատի ինչ անհասկանալի ու առեղծվածային են թվում Տիրոջ խոսքերը. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի։ Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, ովքեր հավատում են, թե իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի, հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն» (Մարկ. 16, 17-18)։ Պարզվում է, միայն մի բան է անհրաժեշտ հիվանդներին բժշկելու համար` լինել հավատացյալ և, ուրեմն, անողոք տրամաբանությամբ։ Եթե մենք չունենք այդ գործնական հատկանիշները և հիվանդներին չենք բուժում, չենք կարող կոչվել հավատացյալ, մենք միայն «իբր թե հավատացյալ ենք»։ Դա անվիճելի փաստ է, բայց դժվար թե գիտակցված մեր կողմից։
Սերնդեսերունդ մենք կորցրել ենք հավատը` հանդարտ բարեհոգությամբ կառչելով կրոնական կացության արտաքին հատկանիշներից։ Կամ, ինչը, թերևս, ավելի լավ է` հեռացել ենք և նրանցից։ «Ավելի լավ»` ըստ Աստծո խոսքի. «Դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք։ Երանի դու սառը լինեիր և կամ տաք» (Հայտն. 3-15)։
Կրոնականության արտաքին հատկանիշների ամեն մի պահպանում առանց ներքին բովանդակության ահավոր և նողկալի կացություն է։ Եպիսկոպոս Տիխոն Զադոնսկին XVIII դարի «արտաքուստ» քրիստոնյաների մասին այսպես է ասել. «Դրանք բոլորը ստել են, չեն պահում Աստծուն տված իրենց երդումը և գտնվում են սուրբ Եկեղեցուց դուրս, չնայած գնում են տաճարներն ու աղոթում, հաղորդվում են սուրբ Խորհուրդներին, տաճարներ կառուցում ու զարդարում դրանք և ցույց տալիս մնացած քրիստոնեական նշանները»։
Այդ արտաքին նշաններ ցույց տվողները «շատ են տանջվելու Քրիստոսի դատաստանի ժամանակ ու շատ ավելի են խոշտանգվելու, քան թուրքերը և կռապաշտները»։ Իսկ ինչո՞ւ են այդքան սարսափելի հնչում այդ խոսքերը մեզ համար, այլ ոչ թե ինչ-որ Պոտյոմկինի կամ Յուսուպովի, կամ սրբազան Տիխոնի, այլ ժամանակակիցների համար։ Դե, հենց այն պատճառով, որ մենք չենք ապրում Հոգու մեջ ու չենք փնտրում հոգևորը, որը բացվում և նորոգվում է «ներքին» մարդու մեջ, երբ «արտաքինը», առաքյալի խոսքով, «փտում է»։ Այնքան ահավոր է հնչում դա, որ սարսափելի է նույնիսկ գրել այդ մասին, ու ես նորից անվճռականության մեջ եմ։
Բայց այնքան անզսպելի ցանկություն կա կյանքի ավարտից առաջ հանրագումարի բերելու «մտքի սառը դիտարկումները և սրտի տխրալի հուշերը»։ Ինչ-որ մեկն ասել է, որ «կյանքն ուժերի ամբողջությունն է, որոնք դիմադրում են մահվանը»։ Ամեն մի մեղք գործողություն է, որը թուլացնում է այդ դիմադրությունը, այսինքն` ինչ-որ շատ թանկագին ու շատ սիրելի բանի դավաճանություն է։
Մենք հավատի որոնումների մեջ ենք, ինչպես հրեաներն անապատում, քառասնամյա թափառումների մեջ, և թվում է, թե մենք այդպես էլ չենք հասնի ավետյաց երկիր, այլ միայն Նաբավ սարից կտեսնենք այն, կտեսնենք ուրիշ սերնդի մարդկանց, որոնք «պահում են հավատի խորհուրդը մաքուր խղճով» (Ա Տիմոթ. 3,9)։
Հավատի խորհուրդը կատարվում է մաքուր խղճով։ Աստծո խոսքի այդ սահմանումը մեզնից հեռացնում է պատը։ Չէ՞ որ «դևերն էլ են հավատում և դողում», չէ՞ որ նրանք ևս ովքեր «ցույց են տալիս քրիստոնեական նշաններ», երևի, համարվում էին ու համարվում են հավատացյալ։ Բայց հավատքին հաղորդակից լինելու համար պահանջվում է մաքուր խիղճ։ «Հավատն առանց գործերի մեռած է»։ Մյուս առաքյալն աղաչում է ապրել «սրբագույն հավատքի մեջ»։ Մաքրությունն այն անոթն է, որի մեջ պահպանվում է հավատը, ու առանց դրա նա վաղ թե ուշ կործանվում է, չորանում հատակին թափված գինու պես։
Մենք փրկվում ենք հավատով։ Ամեն մեղք ջուր է լցնում հավատքի գինու մեջ, ու ինչքան շատ ջուր, այնքան քիչ գինի։ Ապաշխարությունը մեծագույն ուժ ունի` դեպ իրեն կանչելով Աստծո գթասրտությունը, բայց դա պիտի լինի ավազակի ապաշխարանքի պես` տանջվելով խաչի վրա, այլ ոչ թե մեր սառը հաշվարկի, թե «մյուս խոստովանության ժամանակ` գալիք տարում, կապաշխարեմ»։ ՈՒ հետո, մի՞թե մենք չգիտենք առաքյալի այս սարսափելի խոսքերը. «Մի անգամ լուսավորվածներին, որոնք ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծո գեղեցիկ խոսքի վայելքն ունեցան և գալիք աշխարհի զորությունները ճանաչեցին, եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչ են հանում Աստծո Որդուն» (Եբր. 6, 4-6)։
«Անհնար է». ահա այն խոսքը, որ չի հասնում մեր գիտակցությանն ու բնավ ոչ այն պատճառով, որ մենք «հաղթում ենք» նրան` ապավինելով Աստծո անասելի բարությանը, այլ միմիայն մեր անչափ թեթևամտության ու հենց մեղքի զգացումի կորստյան պատճառով։ Ամենաահավոր մարդկային մեղքը հպարտությունն է։ Եվ հենց հպարտությունը մատնանշեց Տերը, երբ պարզաբանեց, թե ինչու մարդիկ հավատ չունեն. «Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում և չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս» (Հովհ. 5-44)։ Ձեր թերահավատության կամ անհավատության համար չկան արդարացումներ։ Չէ՞ որ, ըստ սովորության, այսպես են ասում. «Ի՞նչ կարող եմ անել։ Իհարկե, «երանի նրան, ով հավատում է», բայց եթե ես դա չունեմ, ապա ինչպե՞ս կարող եմ լինել այն, որ չեմ»։ Այդպես են ասում բոլորը։ Պարզվում է, որ հավատը կարելի է ստանալ կամ ամրապնդել խիղճը մաքրելով և դարերից ի վեր մեր մեջ դրված բարոյական օրենքը կատարելով։ Առաքյալն ասում է հեթանոսների մասին. «Նրանք ցույց են տալիս, թե Աստծո օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում` իրենց խղճի վկայությամբ և իրենց խորհուրդների մեջ միմյանց մեղադրելով կամ արդարացնելով» (Հռոմ. 2,15)։ Խիղճը, ըստ Աստծո խոսքի, մշտնջենական է և բնածին, ու նրա օրենքի կատարումը հավատքի ուղին է։ Իսկ եթե մենք այն չենք կատարում, ապա «ինչպե՞ս կարող եք հավատալ»։
Սիրտը միշտ հավատք է ցանկանում, որովհետև նա օրգանապես ջերմություն է փնտրում։ Բայց միտքը հակառակվում է, քանի որ նրա համար ընդունել հավատը նշանակում է իջնել պատվանդանից, հնազանդվել և ազատվել հպարտության կապանքներից։ Ես չգիտեմ, թե ինչպես գրեմ այդ մասին, որովհետև ինքս կապված եմ կապանքներով, բայց երբ նրանք թուլանում էին, ես հասցնում էի հասկանալ երկու բան. առաջինը, որ հենց դրանց մեջ է հիմնական պատճառը քրիստոնեությունը չընդունելու, ու երկրորդը` որ երկրի վրա չկա ավելի մեծ երջանկություն, քան դրանցից ազատվելը։ Եվ հակառակը, մենք կորցնում ենք հավատը, երբ խիղճը ստվերապատում ենք ինչ-որ բանով, երբ մեղքերով փշրում ենք սրբության անոթը։ Իհարկե, ահավոր է գրելը այն, ինչ ես գրում եմ։ Կա Աստծո դատապարտման անողոք օրենքը, երբ խոսում ես ու չես կատարում, երբ գիտես և սովորեցնում ես ու ինքդ չես անում. «Վայ ձեզ` օրենսգետների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները, դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք» (Ղուկ. 11,52)։ Եթե միայն սովորեցնում ես բառերով, ոչ թե կյանքով, ապա իսկապես որ «մտնողներին արգելում ես»։ Կարծես թե կանգնած ես գիտության բանալիով Աստծո Տան շեմին, և այն բանով, որ ինքդ չես մտնում, սարսափելի անգործության օրինակ ես ծառայում ուրիշների համար։ Երկակի պատասխանատվության այդ գիտակցումը ճնշում է ինձ, և, անկեղծ ասած, ես չէի գրի, եթե ինձ չհետապնդեր հանգիստ չտվող միտքն ինչ-որ անհայտ բարեկամի մասին, որը, գուցե, բավականաչափ չգիտի եկեղեցու ուսմունքը նվիրական քրիստոնեական կյանքի մասին, բայց ինչ-որ բան կսկսի իմանալ իմ գրառումներից։ Եկեք ավարտենք Խոմյակովի խոսքերով. «Հույսը մեզ համար նույնքան պարտադիր է, որքան հավատը և սերը»։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ