Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հույսը միայն ժողովրդական ճնշման վրա է»

«Հույսը միայն ժողովրդական ճնշման վրա է»
23.06.2009 | 00:00

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԵԼ»
«Նախ և առաջ ընտրություն չի եղել». վերջին հանրահավաքում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո, թվում էր` ընդդիմությունը կհամախմբի ընտրությունների արդյունքից դժգոհողներին ու ակտիվ գործողությունների կանցնի։ Սակայն կոնգրեսի առաջնորդը որոշեց շուրջ երկու ամիս «թայմաուտ» վերցնել։ Որքա՞ն էր նպատակահարմար նման մարտավարություն ընտրելը, հարցրինք «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ։
-Մենք այս մի տարվա ընթացքում տարբեր առիթներով տարակարծիք ենք եղել ընդդիմության ղեկավարության հետ,- ասաց Սէֆիլյանը։- Այս դեպքում ևս համարում ենք, որ սխալ էր նման դադար վերցնելը։ Պետք է նկատել նաև, որ կոնգրեսը միաձույլ մարմին չէ, նրանում կան տարբեր քաղաքական ուժեր ու, բնականաբար, կլինեն տարակարծություններ։ Սակայն գնալով համոզվում ենք, որ այս մարտավարությունն այլևս հնարավոր չէ շարունակել, եթե ուզում ենք արդյունքի հասնել։ Այս իմաստով մենք ունենք լուրջ տարաձայնություններ, բայց և ներկայացնելու ենք առաջարկություններ, որոնց շուրջ, կարծում ենք, ընդդիմության ներսում խմորումներ կլինեն։ Հուսով եմ` կգա պահը, և մեր տեսակետը գերիշխող կլինի։
-Նշեցիք, որ մարտավարությունը վերանայելու անհրաժեշտություն կա։ Հետևաբար, ըստ Ձեզ, ինչպիսի՞ քայլերով պետք է ընդդիմությունը շարունակի իր պայքարը։
-Միշտ ասել ենք, որ ընտրություններով հնարավոր չէ բռնատիրական ռեժիմի տապալումը։ Արտաքին աշխարհի հետ հույսեր կապելն էլ սխալ է։ Հույսը պետք է դնել միմիայն ժողովրդական ճնշման վրա։ Սա է մեր պատկերացրած մարտավարության էությունը, իսկ փակագծերն առայժմ չեմ ցանկանում բացել։
-Տեր-Պետրոսյանի այս որոշումը ոչ միայն Դուք, այլև կոնգրեսում ներկայացված այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս միանշանակ չընդունեցին։ Հնարավո՞ր եք համարում, որ ինչ-որ մի պահի կոնգրեսից մի թև առանձնանա և ընդդիմադիր այլ շարժում նախաձեռնի։
-Շուրջ մեկ տարի առաջ հանրահավաքի հարթակից հայտարարեցի, որ այս հարթակում կանգնած է վաղվա Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ, այսինքն` և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Մեր համոզմամբ` այսօր ՀԱԿ-ի տեսքով ընդդիմությունում առկա է միակամությունը, իհարկե, այստեղ չպետք է մոռանալ նաև «Ժառանգությանը»։ Այս միակամության պահպանումը շատ կարևոր է, իսկ ընթացքում ինչպիսի տարաձայնություններ էլ լինեն, պետք է դրանց լուծումը գտնել` առանց միակամությունը խաթարելու։ Մեզ համար գերխնդիրը սա է, որովհետև համոզված ենք, որ որևէ մի ուժ առանձին չի կարող ռեժիմ տապալել։ Այս օրերին և, ընդհանրապես, աշխատելու ենք ընդդիմության շարքերը մեծացնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ժողովրդի զգալի մի հատվածը, չընդունելով այս ռեժիմը, որպես այլընտրանք չի տեսնում նաև ընդդիմության այսպիսի պատկերը։ Պետք է փորձել մարդկանց բերել այս դաշտ։
-Ձեր խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ Դուք ավելի կտրուկ գործողությունների կողմնակից եք։
-Ավելի շուտ` վճռական գործողությունների։ Սա պետք չէ հասկանալ որպես «Բաստիլի գրավում»։ Վճռական գործողություններ ասելով պետք է հասկանալ ժողովրդի կամքի թելադրումը, ինչը կարելի է կյանքի կոչել այնպիսի ձևերով ու մեխանիզմներով, որոնք լիովին կհամապատասխանեն ժողովրդավարական գործելաոճին։
-Վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդը քաղաքական համագործակցության կոչ արեց այն պլատֆորմի շուրջ, որի հիմքում 12 կետ կա։ Լայն ձևաչափով նման համագործակցությունն իրատեսակա՞ն է։
-Այս տարիների ընթացքում մեր երկրում առկա դասական համագործակցության ձևերը, կարծում եմ, այլևս աշխատող չեն։ Պլատֆորմը, որպես դասական քայլ, նորմալ ենք գնահատում, բայց քանի որ մեզանում գոյություն չունեն քաղաքական պրոցես ու քաղաքական դաշտ, ուստի այսպիսի առաջարկներն ապագայում արդյունքի չեն հանգեցնելու։ Բնական է, որ Տեր-Պետրոսյանի պես գործիչը նման առաջարկությամբ պետք է հանդես գար, սակայն բռնատիրական ռեժիմի դեմ այդպիսի ձևաչափերով պայքարելն այնքան էլ լուրջ չէ։ Ձևաչափի փոփոխման խնդիր կա, միգուցե մեր ժողովրդին ավելի հարազատ կլինի ներկուսակցական ձևաչափ ներկայացնելը։ Դասական ձևաչափով ընդդիմադիր դաշտում միավորներ ստեղծելն իրեն սպառել է, հարկավոր է նոր մարտավարություն որդեգրել։
-Պլատֆորմի շուրջ համագործակցելու կոչերն ուղղված էին ամենից առաջ «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին։ Այս առնչությամբ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
-Վստահ եմ, որ «Ժառանգությունը» ինչպես նախկինում, այնպես էլ այժմ համագործակցության ծիրում է։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, հույս չունեմ, թե այս կուսակցությունը կընդունի համագործակցության առաջարկը, որովհետև, ճիշտ է, դուրս է եկել կոալիցիայից, բայց ընդդիմադիր դառնալու նկրտումներն անկեղծ չեն։ Հնարավոր չէ ինչ-որ ազգային հարցերում քննադատել իշխանությանը, սակայն մոռանալ երկրի ներսում առկա անարդարությունը, թալանը, սպանությունները։ Այսինքն, այս պահին չեմ կարող ասել, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է։ Ընդդիմություն ասելով հասկանում եմ միմիայն «Ժառանգությանը» և ՀԱԿ-ին։
-Հանրահավաքային դադարին զուգահեռ իշխանությունները համաներում հայտարարեցին` հասարակական լարվածությունը թուլացնելու միտումով։ Սա դրական քայլ չէ՞ր։
-Ո՛չ, դա արվել է եվրոպաներին դուր գալու համար կամ նրանց պարտադրանքով։ Սա երբեք չի կարող հասարակության ներսում առկա լարվածությունը լիցքաթափել։ Դա տեղի կունենար, եթե քաղբանտարկյալների գործերը կարճվեին, իսկ նրանք, ովքեր ապօրինաբար անազատության մեջ էին պահել քաղբանտարկյալներին, կանգնեին օրենքի առաջ։ Ձևական այսպիսի քայլերով ոչ մի լարվածություն էլ չի թուլանա։ Միակ դրականն այն է, որ բանտերում գտնվող մեր բազմաթիվ ընկերները շուտով կմիանան իրենց ընտանիքներին։ Սակայն, քաղաքական իմաստով, ոչ մի դրական բան չեմ տեսնում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ