ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՟ Է «ՆՈՐ ԽԱՎԱՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ»
Հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ նախաձեռնությամբ հայերեն է թարգմանվել Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից դոկտոր ՋՈՆ ՔՈԼԵՄԱՆԻ «300-Ի ԿՈՄԻՏԵՆ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ» գիրքը, ուր փաստական նյութերով բացահայտվում են իրական կառավարման բազում ծածուկ կառույցներ ու միջոցներ: Ընթերցողին ենք ներկայացնում գրքից մի հատված` «300-ի կոմիտեի» մասին դույզն-ինչ պատկերացում կազմելու համար, և նույն թեմայով հարցազրույց պարոն Ստամբոլցյանի հետ:
«300-Ի ԿՈՄԻՏԵԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԽՈՐՏԱԿԵԼԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ՃԱՆԿԵԼՆ Է»
«Պետությունների ղեկավարներին դնողն ու վերցնողը մի գերգաղտնի ու գերհզոր կազմակերպություն է, որի անունն է «300-ի կոմիտե»: Սրա նպատակն աշխարհի մեկ միասնական կառավարություն ստեղծելը և այն գլխավորելն է: Այս բանը նա իրականացնում է պետությունները թուլացնելով, ինչն անում է նախ և առաջ երկրի արդյունաբերությունը քանդել տալով և թմրամոլություն ու անբարոյություն սերմանելով: Կոմիտեի ծրագիրն ամբողջովին ազգավնաս, մարդավնաս ու հոգեկործան է: Արդեն 150 տարի Մարդու և մարդկայնության թշնամի համաշխարհային այս Սարդը հյուսում է իր ոստայնը, որով պատել է ողջ հողագունդը: Թելերը ձգվում են ամեն տեղ` պետական կառավարման մարմիններ, զանգվածային լրատվամիջոցներ, կրթություն, գիտություն, քաղաքականություն, արդյունաբերություն, երգուպար, թմրառևտուր և, ի վերջո, եկեղեցի, մարդու գիտակցություն ու հոգի: Նրա վերջնական նպատակը Քրիստոսի եկեղեցին խորտակելը և մարդու հոգին ճանկելն է: «300-ի կոմիտեն» 666-ի` Նեռի ուղին հարթողն է, նրա նախակարապետը:
Ամերիկայում կյանքի մի ոլորտ անգամ չկա, որ «300-ի կոմիտեի» աներևույթ կառավարման հսկողության տակ չլինի և նրա կողմից չնպատակամղվի «հարկավոր» ուղղությամբ: Չկա ընտրված որևէ պաշտոնյա կամ քաղաքական առաջնորդ, որը չենթարկվի նրա իշխանությանը: Ցայժմ ոչ մեկը չի խուսափել գաղտնի կառավարիչներին չենթարկվելու համար դաժան պատժից:
Կոմիտեի անդամների թվում են Եվրոպայի «Սև արիստոկրատիայի», Ամերիկայի «Արևելյան ազատական տիրախավի» հին ընտանիքները (մտնում են մասոնների և «Գանգի ու ոսկորների ուխտի» կազմի մեջ), «Եկեղեցիների ազգային խորհուրդը», «Միավորված ազգերի կազմակերպությունը», «Ցենտրալը», ՆԱՏՕ-ն, «Հռոմեական ակումբը» և հարյուրավոր այլ կազմակերպություններ:
«300-ի կոմիտեն» արդեն վաղուց որոշել է, որ ապագայում աշխարհը պետք է լինի ավելի լավը և անհամեմատ սակավամարդ, քան հիմա է: Ահա որն է լավագույն աշխարհի նրանց գաղափարը: Միլիարդավոր անօգուտ հացակերներ ` բնության սահմանափակ պաշարները սպառողներ, պետք է խոտանվեն և ոչնչացվեն: Եվ քանի որ արդյունաբերական առաջընթացը նպաստում է բնակչության աճին, ուստի Աստվածաշնչի Ծննդոց գրքի` բազմանալու և երկիրը մշակելու պատգամը պետք է այլափոխվի:
Եթե ամփոփենք, «300-ի կոմիտեի» նպատակներն ու մտադրությունները կարելի է հանգեցնել հետևյալին: Համաշխարհային միասնական կառավարություն (ՀամՄիԿառ) և փողի միատեսակ համակարգ: Այդ միասնական աշխարհում մարդկանց թիվը կսահմանափակվի երեխաների թվի կրճատմամբ, ինչը կկատարվի պատերազմների, սովի, հիվանդությունների սփռման միջոցով: Չի´ լինի միջին դաս. միա´յն տերեր ու ծառաներ: Սատանայապաշտությունը, լյուցիֆերականությունն ու սև մոգությունը կճանաչվեն ուսուցման օրինական առարկաներ, կարգելվեն մասնավոր ու եկեղեցական դպրոցները: Քրիստոնեական բոլոր եկեղեցիները կքանդվեն: Արմատախիլ կարվեն ազգային հպարտությունը և ցեղային (ռասայական) պատկանելությունը: Ամուսնությունները կդրվեն օրենքից դուրս, և մեր իմացածի պես ընտանեկան կյանք չի լինի: Երեխաները ծնողներից կխլվեն վաղ հասակում, և նրանց, որպես պետական ունեցվածք, դաստիարակելու կհանձնեն վերակացուներին: Ազատ սեռական հարաբերությունը կլինի ստիպողական: Լայնորեն կտարածվի պոռնկությունը, պարտադիր կլինի «ուժավերականգնիչ» թմրանյութերի գործածությունը: Յուրաքանչյուր մարդու կներշնչվի, թե իր գոյատևումը լիովին կախված է պետությունից: Բոլոր մարդկանց վրա կդրոշմվեն յուրաքանչուրի ով լինելը որոշող համարներ, որոնց առկայությունը կարելի կլինի հեշտությամբ ստուգել:
Համաշխարհային նոր կարգի հաստատման դեպքում լայնածավալ գիտափորձեր կարվեն Աստծո տված ազատության ձգտումը մարդու մտքից, մարմնից ու հոգուց արմատախիլ անելու համար: Այն, ինչը մենք արդեն ճաշակում ենք, դատարկ բան է նրա համեմատությամբ, ինչը դեռ լինելու է: Հոգու վրա կատարված հարձակումները նախապատրաստվող գիտափորձերի հիմքն են:
Իրականում այդպիսի հասարակարգ հիմնելու գաղափարները նոր չեն. «300-ի կոմիտեն» այդ ամենը քաղում է սատանայական պաշտամունքներից:
Աստծո և մարդու դեմ այս ակնհայտ դավադրությունը, որի նպատակներից մեկը պատերազմներից, աղետներից ու զանգվածային սպանություններից հետո հողագնդի վրա մնացած մարդկանց մեծ մասի ստրկացումն է, գործում է անթաքույց: Հետախույզները մի կանոն ունեն. որևէ բան թաքցնելու լավագույն եղանակն այն դնելն է երևացող տեղում` աչքի առաջ:
Սպասելու փոխարեն մինչ մեզ «երկինք կհամբարձեն», մենք պետք է կանգնեցնենք «300-ի կոմիտեն», նախքան նա կհասնի մարդկությանը «Նոր խավարի դարի» կալանավորներ դարձնելու նպատակին: Ապավինենք մեր ուժերին: Մենք պետք է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկենք»:
«ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՈՐՊԵՍ ՉԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՑ»
-Պարոն Ստամբոլցյան, փաստորեն աշխարհը գնում է ոչ թե առաջ, այլ դեպի անխուսափելի վերջ: Աշխարհի վերջի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում, ուրեմն, ի՟նչ, իզո՟ւր է պայքարելը, բնականո՟ն է այս ամենը:
-Աստված ասում է` մարդիկ գնում են դեպի կործանում իրենց ցանկասիրության, աստվածամերժության պատճառով: Աստվածաշնչում չի նշվում կոնկրետ ժամանակ, տարեթիվ, քանի որ այդ ընթացքը պայմանավորված է մարդկանց արարքներով:
-Չե՟ք կարծում, որ նման գրքի ընթերցումը միայն խուճապ կարող է առաջացնել: Մանավանդ, երբ մտածում ես, որ ոչինչ անել չես կարող: Հարց է առաջանում` ինչո՟ւ ենք ապրում, ինչո՟ւ ենք երեխաներ ունենում, ի՟նչ է լինելու վաղը:
-Երբ տեսնում ես, որ համաշխարհային ֆինանսը, պետական խոշոր կառույցներն իրենց ձեռքին են, իհարկե, մտածում ես` ի՟նչ կարող ենք անել համաշխարհային այդ հզոր մեքենայի դեմ, որն ընթացք է առել ու ճզմելով գալիս է: Թվում է` պիտի ենթարկվես ընդհանուր ոչնչացմանը: Բայց մենք գիտենք, որ աշխարհում կա երկու ուժ` չար և բարի: Բարին Աստծո, Քրիստոսի խորհուրդն է: Աստված բոլորի Արարիչն է, Ամենազորեղն է, և եթե ես միանում եմ Նրա էությանը, ինքս էլ ամենազոր եմ: Խնդիրն այն է, որ չսարսափենք այդ «հզորից», հզորն ածանցյալ է, կարևորը Աստվածն է, որին միանալու դեպքում կունենանք փրկություն:
-Հոգևո՟ր:
- Նաև մարմնական: Ֆիզիկական իմաստով աշխարհի տերը սատանան է, բայց եթե ես քրիստոնյա եմ, ես չեմ համարվում երկրի քաղաքացի, այլ ունեմ երկնքի քաղաքացիություն և ժամանակավոր եմ երկրի վրա: Բնականաբար, Աստված է իմ և իմ «պետության» տերը:
-«300-ի կոմիտեն» առաջ է գնում հստակ ու վճռական, իսկ ի՟նչ են անում քրիստոնյաները, ունե՟ն որոշակի ծրագիր:
-Ամբողջ աշխարհում բոլոր չար ուժերը խմբավորումներ ունեն` տեռորիստները, գողերը, մասոնները, իսկ մեր մտավորականները բաժան-բաժան են գործում, իրար չեն էլ ճանաչում: Այսօր իսկական քրիստոնյաների քանակն է պակաս: Սոդոմ-Գոմորի «տասը մարդուց» պակաս է: Որոշակի դեպքում Աստված կարող է փրկել մարդուն: Մեկը մեղք է գործում, պղծում է իր անձը, մեկը մեղք գործելով պղծում է իր ընտանիքը, մեկն էլ քաղաքի, երկրի, ողջ աշխարհի դեմ է գործում: Այդպես էլ` մարդ կա, որ մտածում է սեփական անձի փրկության մասին, մարդ կա` ընտանիքի, քաղաքի, ամբողջ աշխարհի: Դժվար ճակատագիր են ունենում նրանք, բայց Տերը զորացնում է:
-Բայց եթե «300-ի կոմիտեի» ծրագիրն իրականանա, չե՟ք կարծում, որ անհնար կլինի թե´ հոգևոր, թե´ ֆիզիկական փրկությունը:
-Այսօր էլ աշխարհը շատ բարեկեցիկ վիճակի մեջ չէ: Սա աքսորավայր է: Իսկ աքսորավայրում գտնվողը չի կորցնում հայրենիք, տուն վերադառնալու հույսը: Կան և այնպիսիները, որ մոռանում են հայրենիքի գոյությունը, չեն էլ մտածում վերադարձի մասին: Բայց պայման է դրված. կունենաս այս վարքագիծը` կվերադառնաս: Հայտնության գրքում ասվում է` նրանք, ովքեր չվերցրին 666 դրոշմը, պիտի կանգնեն Տիրոջ առաջ մի հրե ծովի վրա և փառաբանեն: Սա փրկության խնդիր է:
-Ցավոք, քրիստոնեական եկեղեցիները դարձել են սոցիալական հասարակ ակումբներ, որոնց կառավարում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ): Ի՟նչ կասեք այս մասին:
- ԵՀԽ-ին չի անդամակցում ուղղափառ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին միայն դիտորդ է: Անդամակցում են բողոքական եկեղեցիները և Հայ առաքելական եկեղեցին, որը ԵՀԽ-ի անդամ է դարձել բոլշևիկների հարկադրանքով:
-Ի՟նչ գիտեք Ջոն Քոլեմանի մասին:
-Ջոն Քոլեմանը ներկայումս փախուստի մեջ է: Գիրքը գրելուց հետո մասոնական կազմակերպությունները նրան դատապարտել են մահվան: Ինձ հաջողվել է համացանցի միջոցով կապ հաստատել Կալիֆոռնիայում գտնվող նրա գրասենյակի աշխատակիցների հետ, որոնք հակագլոբալիստական ամսագրեր են տպագրում: Ինձ ուղարկել են Քոլեմանի գրքերից, բայց, չգիտես ինչու, դրանք տեղ չեն հասել:
-Նույն թեմայով էլի գրքեր կան. չե՟ն հակասում մեկնաբանությունները:
-Ո´չ, մեկնաբանվում են նույն կերպ, հեղինակները հիմնականում նախկին մասոնականներ են, որ ճշմարտությունը բացահայտում են իրենց կյանքի գնով, և բոլորն էլ փրկությունը կապում են Աստծո հետ: Ի վերջո, այս ամենը քրիստոնեության դեմ է: Խորհրդային տարիներին «գիտական աթեիզմ» առարկա կար, որն ուղղված էր միայն քրիստոնեության դեմ և ոչ մեկ ուրիշ կրոնի, այսինքն, իրականում աթեիզմ էլ չէր:
-Միահավասարեցում կոչվածն արհեստածին է, դեմ է բնության օրենքներին, ըստ այդմ արդեն իսկ ենթակա չէ՟ ձախողման:
-Իհարկե, դեմ է բնությանը, Աստծո օրենքներին: Փորձում են վերացնել ազգային գաղափարախոսությունը, ծնող-երեխա, կին-տղամարդ հասկացությունները, առաջ են քաշում նոր գաղափարախոսություն: Առերես թվում է` գլոբալիզացիան լավ գաղափար է` մեկ ազգ, մեկ կրոն, մեկ Աստված, մեկ լեզու: Բայց թույնը երբեք էլ մերկ չեն մատուցում, այլ գինու մեջ կամ հացի: Եթե Աստված ստեղծել է ազգեր, ո՟վ եմ ես, որ դեմ դուրս գամ… Կամ միասեռամոլության տարածումն ու օրինականացումը, որոնց համար Աստված ասում է, որ ուղիղ ծծմբի լիճն է գցելու, անգամ դատաստանի չի արժանացնելու: ՄԱԿ-ի մեր ներկայացուցիչը ստորագրել է, որպեսզի Հայաստանում օրինականացվի միասեռամոլությունը, բայց ես ամեն ինչ անելու եմ, որ դա չեղյալ հայտարարվի:
-Այդ ամենը մատուցվում է ազատության, մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ:
-Պողոս առաքյալն ասում էր` ձեր ազատությունը մի օգտագործեք որպես չարության ծածկոց:
-Ի՟նչ կասեք վերջում:
-Չերկյուղել ու դեմ կանգնել չարին:
Պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ