ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Երբ կեղծում էին ընտրությունները, ո՞ւր էին էդ հայրենասերները»

«Երբ կեղծում էին ընտրությունները, ո՞ւր էին էդ հայրենասերները»
30.06.2009 | 00:00

«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ»
Ընդդիմության մարտավարության փոփոխման մասին սկսել են խոսել անգամ ՀԱԿ-ի շուրջը համախմբված որոշ քաղաքական գործիչներ։ «Բնականաբար, տարբեր առաջարկներ տարբեր քաղաքական ուժերի կողմից եղել են ու կլինեն, բայց ռազմավարական հարցերում տարաձայնություններ չկան ու, կարծում եմ, չեն էլ լինի»,- մեզ հետ զրույցում նշեց ՀԺԿ անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-Քաղաքական պլատֆորմի շուրջը համա-խմբվելու Տեր-Պետրոսյանի առաջարկին ո՞ր ուժերը կարձագանքեն, ըստ Ձեզ։
-Արձագանքեց «Ժառանգությունը»` փաստելով, որ իրենց համար հիմնականում ընդունելի են շարադրված կետերը։ Մնացած ուժերից դեռևս արձագանք-պատասխան չկա։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա իմ պատկերացրած ընդդիմության շրջանակում դաշնակցությունը դեռևս չի տեղավորվում։ Երկրի համար ամենակարևոր ոլորտներից մեկն արտաքին քաղաքականությունն է, որի երաշխավորն ու պատասխանատուն երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն է, բայց ՀՅԴ-ն ասում է, որ արտաքին քաղաքական կուրսը սխալ է առաջ գնում, սակայն հարց չի դնում, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը հրաժարական տա, հակառակը, պնդում է, թե հրաժարականի պահանջն իրենց համար անընդունելի է։
-Մինչ համաներում հայտարարելն ընդդիմությունը հաճախ էր պնդում, թե իշխանությունները վախենում են քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Այսօր, երբ մեծ մասն ազատության մեջ է, իշխանությունների «վախը բռնվե՞լ է», ընդդիմության կողմից վտանգավոր քայլեր չե՞ն սպասվում։
-Իշխանությունները եվրոպական կառույցների պարտադրանքով ու նաև երկրում առկա մեծ դժգոհությունների ճնշման պատճառով են համաներում հայտարարել։ ԵԽԽՎ-ի յուրաքանչյուր նստաշրջանից առաջ եղել են այսպիսի քայլեր, այսինքն` բաց են թողել մի քանի քաղբանտարկյալների։ Այսօր էլ պետք է փաստել, որ քաղբանտարկյալների մի մասը կրկին անազատության մեջ է, ու համաներումը բացարձակապես նրանց վրա չի ազդելու։ Այնպես որ չենք կարող ասել, թե համաներում արեցին, և արդեն բոլոր քաղբանտարկյալներն ազատության մեջ են։ Այս համաներումը հայտարարվել է, նախ և առաջ, քրեական տարրերին դուրս հանելու համար, ովքեր իրենց թելադրանքով ընտրակեղծիքների են դիմել։ Երկրորդեմ` համաներում հայտարարեցին Եվրախորհրդի աչքին թոզ փչելու համար, քանի որ ազատության մեջ է քաղբանտարկյալների միայն մի մասը։
-Այսուհանդերձ, ԵԽԽՎ-ում հերթական` 1677 բանաձևն ընդունվեց, իսկ Հայաստանը կրկին մոնիտորինգի «տակ» է։ Ձեր գնահատականն այս բանաձևի առնչությամբ։
-Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանում բոլոր ընտրություններն ահավոր վատ են անցկացվում։ Եվրակառույցների գործունեությունը կարելի է միանշանակ անբավարար գնահատել, բայց կոնկրետ քաղբանտարկյալների ազատ արձակումը եղել է նրանց ճնշումների արդյունքում։ Գաղտնիք չէ, որ ֆինանսատնտեսական ծանր պայմաններում գտնվող երկրին փող է անհրաժեշտ, և փող հատկացնող այդ կառույցները կողմնորոշվում են եվրակառույցների դիրքորոշումներով։ Վախեցան, որ փող չեն տա, իսկ իրենց նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառեն, ուստի գնացին այսպիսի քայլի` համաներման։ Սա, իհարկե, եվրոպացիներն էլ են լավ հասկանում ու որպես մահակ օգտագործում են` շարունակելով մոնիտորինգի տակ պահել Հայաստանը։
-Փաստորեն, համաներում հայտարարելով, իշխանությունները հեռահար նպատակ ունեին` Հայաստանը դուրս բերել մոնիտորինգի դաշտից, այնինչ զարգացումներն այլ ուղղությամբ ընթացան։ Համաներումը բոլորովին «չօգնե՞ց»։
-Նախ` ԵԽԽՎ-ի նստաշրջանի շեմին համաներում հայտարարելը շատ վատ է հենց իշխանությունների համար, պետք էր ավելի շուտ անել։ Հիմա իրենք հայտարարում են, թե դա ճնշման տակ չի եղել, մարդասիրական քայլ են կատարել և այլն, և այլն։ Սակայն իշխանությունների հաշվարկն իրեն չարդարացրեց։
-Անդրադառնանք ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան առաջարկներին, որոնք, մեղմ ասած, սվիններով ընդունվեցին իշխանական դաշտում։ Ինչո՞ւ Փոստանջյանի առաջարկները նման գնահատականի արժանացան։
-Երևի թե պետք չէր, որ այդ առաջարկությունների տակ ստորագրեին թուրք և ադրբեջանցի պատվիրակները։ Սակայն դատապարտող ելույթ ունեցողները, որ երկիրը հասցրել են այս վիճակին, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները, գնդակահարվում է տասը անմեղ մարդ, և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, ահա այդպես խոսողները բարոյական, իրավական պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ ոչ։ Չէ՞ որ այդպես խոսողները խորհրդարանի պատգամավորներ են, և պատասխանատու են այդ զոհված քաղաքացիների համար։ Իսկ նրանք որևէ կերպ բացատրո՞ւմ են իրենց գործողությունները։ Հիմա էլ գտել են մի բան ու կառչել են դրանից, թե` տեսեք, տեսեք, ԵԽ-ում այսպիսի հարց են բարձրացնում։ Երբ կեղծում էին ընտրությունները, ո՞ւր էին էդ հայրենասերները, ինչո՞ւ հայրենասիարական ճոռոմ-ճոռոմ խոսքեր չէին ասում։ Ի վերջո, էականն այն է, որ Զարուհի Փոստանջյանը ցանկացել է, որ մեր երկրի, այսպես կոչված, իշխանությունները պարտադրված լինեն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել, անմեղ մարդկանց սպանողներին պատասխանատվության կանչել։ Պետք է այսպես դիտարկել հարցը։ Դերասանություն անել ու իշխանությունների սազը նվագել պետք չէ։
-Վերջին շրջանում ընդդիմության հանրահավաքներն արտոնվում են, հուլիսի 2-ի հանրահավաքը` ևս։ Կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունները հանրահավաքների արգելման վատ ավանդույթը «թարգել» են։
-Բայց երթը չի արտոնվել։ Կիսատ-պռատ բաներ չեն լինում։ Ես քաղաքացի եմ, ու սահմանադրությամբ ինձ իրավունք է տրված անարգել ցույցեր ու երթեր անցկացնել, ո՞վ է իրենց իրավունք տվել երթն արգելելու։ Եվ այսօր ասել, թե իշխանությունները փոխել են իրենց վերաբերմունքը, ձեռագիրը, սխալ է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ