Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (ըստ աստվածաբանության և գիտության ռահվիրաների ու նշանավոր անձանց)

«Միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (ըստ աստվածաբանության և գիտության ռահվիրաների ու նշանավոր անձանց)
22.05.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Որքան մեծ են Քո գործերը, Տեր,
և չափազանց խոր են խորհուրդները Քո։
Անզգամ մարդը չի ըմբռնի,
և անմիտը չի հասկանա այս (Սաղմ. 91.7):

Աստվածաշնչագիտությունը, որ միջնադարյան ձեռագրերում հանդիպում է «Սուրբ Գրոց ուսումն» անվամբ, այսօր աստվածաբանության մեջ ներկայացված է իր չորս անքակտելի մասերով` Ներածություն Աստվածաշնչի, Մեկնություն Աստվածաշնչի, Ինչպես կարդալ Աստվածաշունչը և Սուրբգրային հնագիտություն։ Այս գիտաճյուղերը լուսաբանում են Աստծո խոսքի հավիտենական արժեքը, նշանակությունը, դաստիարակչական դերը, հոգին, միտքը և սիրտը լուսավորող նրա զորությունն ու փրկչական խորհուրդը, ի հայտ բերում նրա իսկությունը, պատումների արժանահավատությունն ու բնագրերի հարազատությունը, մեկնում սուրբգրային ամեն տող ու միտք և ցույց տալիս, թե ինչ կերպ է անհրաժեշտ ընթերցել ու սերտել Աստծո խոսքը, որն էապես տարբերվում է աշխարհիկ գրքերի ընթերցանությունից։ Եվ վերջապես, ժամանակակից հնագիտությանն է վերապահված իրեղեն ապացույցներով` պեղածո վիմագիր արձանագրություններով հաստատել նրա բարձր պատմական արժեքը` իբրև միանգամայն անսուտ ու ճշմարտացի պատմական հուշարձանի, քանզի հնագիտությունը բարձրագոչ հայտարարում է, որ չկա մի հնագիտական փաստ, որը հակասեր Սուրբ գրքին։
Նվազ արժեքավոր ու հետաքրքիր չեն նաև մեծ գիտնականների և ականավոր այրերի վկայությունները Սուրբ Գրքի մասին, որոնք նույնպես հոգեշահ են, թեև ոչ օժտված հայրերի ու վարդապետների խոսքերի իշխանությամբ, քանզի ի սկզբանե ղևտացիներին, ապա և հրեական սինագոգին ու Քրիստոսի եկեղեցուն էր վերապահված Գիրք գրոցը անաղարտության մեջ պահպանելը, սերնդեսերունդ փոխանցելը, մեկնությունն ու քարոզչությունը։
XVII դարի պատմագիր և եկեղեցական գործիչ Առաքել Դավրիժեցին, խոսելով իր ժամանակի հոգևոր ոլորտում տեղ գտած հոռի բարքերի մասին, եզրակացնում է. «Եվ սրանց պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հեռացումը Աստվածաշնչից և Աստծո երկյուղից, բնավ Գրքեր չէին կարդում, աստվածային Մատյանները փակվել ու լռել էին, որովհետև խափանվել էր Աստվածաշնչի ընթերցումը, որ արհամարհված էր նրանց աչքում, հողով ու մոխրով պատված` ընկած էին որևէ անկյուն, որովհետև, ըստ Տիրոջ խոսքի, ո՛չ Գիրքն էին ճանաչում, ո՛չ Գրքերի զորությունը»։
Երկու դար ավելի ուշ ապրած հռչակավոր գրող Վիկտոր Հյուգոն գրում է. «Անգլիան ունի երկու գիրք` Աստվածաշունչ և Շեքսպիր։ Անգլիան ստեղծել է Շեքսպիր, իսկ Աստվածաշունչը` Անգլիա»։ Ինքն Աստվածաշունչն է բացահայտում իր այս աշխարհաշեն խորհուրդը` իր շուրջ երկու տասնյակ երանություններից մեկը խոստանալով նրան, ով
«ամբարիշտների խորհրդով չի շարժվում,
մեղավորների ճանապարհին ոտք չի դնում
և ժանտերի աթոռին չի նստում,
այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է
և գիշեր-ցերեկ խորհում է նրա պատվիրանների մասին։
Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա,
իսկ նրա տերևը չի թափվի,
ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան»
(Սաղմ. 1)։
Եվ թվում է, թե անկախության առաջին իսկ օրից Սուրբ Գիրքը պետք է դառնար հոգևոր ավանդույթներով հարուստ մեր երկրում յուրաքանչյուր անհատի լուսաշավիղ առաջնորդը և, առհասարակ, հասարակական-ազգային զարգացման անկյունաքարը, իսկ նրա արդարության, սրբության, բարության ու աղքատասիրության պատգամները` մեր գաղափարախոսությունը։
Հուսով ենք, որ «Աստվածաշունչ մատյանը» խորագիրը կրող հոդվածաշարը շահեկան և օգտակար կլինի մեր թերթի ընթերցողների համար։
Աստվածաշունչը` քրիստոնեության նվիրական ու սրբազան Մատյանը, եզակի արժեք ու հեղինակություն ունեցող գիրք է և իրավամբ մարդկության մշակութային ժառանգության և համամարդկային գրականության գլուխգործոցը։ Ըստ Հայաստանյայց առաքելական և մյուս քույր եկեղեցիների` Աստվածաշունչն Աստծո հայտնությունն է մարդկությանը` Նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, խորախորհուրդ իմաստության, մարգարեությունների, երախտիքների ու գործերի և տնօրինության` փրկչական ծրագրի ամբողջությունը։
Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանն աստիճանաբար` շուրջ 1500 տարվա ընթացքում` հայտնություն առ հայտնություն` Սուրբ Հոգու թելադրանքով և Նրա իսկ ընտրած շուրջ 40 մատենագիրների ձեռամբ։
Սուրբ Գիրքը Աստծո և մարդկության փոխհարաբերության իսկական վկայարան է, քանզի այստեղ Աստված բացահայտում է Իրեն` Աստվածությունը, մշտնջենավորությունը, զորությունը, սրբությունը, հավատարմությունը, սերը, հայտնում Իր ամենասուրբ կամքը, միջամտում մարդկանց կյանքին և ուխտ կնքում նրանց հետ։ Մյուս կողմից` սրբազան պատմություններում արձանագրվում է մարդու և ժողովուրդների պատասխանը «կյանքն ու մահը, բարին ու չարը» (Բ Օր. 30. 15) ազատ կամքով ընտրելու փրկչական խորհրդի ներքո։ Աստվածաշունչը բոլոր ժամանակների համար է, և այդ իսկ պատճառով մատենագրվել է Տիրոջ հրամանով` ստուգիվ և անսխալաբար սերնդեսերունդ փոխանցվելու նպատակով, որպեսզի բոլոր մարդիկ «հասնեն ճշմարտության գիտությանը» և «փրկվեն» (Ա Տիմ. Բ 4), և որ «կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 17)։
Այսօր` գիտատեխնիկական դարում էլ, այն նույնքան զորավոր, արդիական ու առինքնող է, ինչպես խոր անցյալում և շարունակում է մնալ բյուրավոր մարդկանց ու ժողովուրդների ամենօրյա ընթերցանության, սերտողության, խոկման ու խորհրդածության առարկան։ Նրա աստվածային ծագումն անժխտելի է, իբրև աշխարհի հնագույն գրական կոթող և հիշատակարան` պատմաբանների, հնագետների, ազգագրագետների կարևորագույն արժանահավատ աղբյուրն է։ Սուրբ Գրքի իմաստությամբ առաջնորդվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, գրական անզուգական արժանիքներն ընդունում բանասերները, աշխարհի արարման պատումների հետ իրենց գիտական նվաճումներն են համաձայնեցնում բնագետները, իսկ վսեմ բարոյականության առաջ խոնարհվում նույնիսկ ծայրահեղ անհավատները։ Գործածության առումով Ս. Գրքի քաղցրալուր խոսքերը ոչ միայն ամեն օր հնչում են աշխարհի բոլոր եկեղեցիներում ժամերգությունների և պատարագի ընթացքում, այլև, ըստ հավաստի վիճակագրության, Աստծո այս օրհնյալ Գիրքը ցայսօր աշխարհի ամենաընթերցվող, ամենահրատարակվող ու ամենահանրաճանաչ Գիրքն է գրքերի գերհարուստ շուկայում։
Այս նվիրական Գրքի թարգմանությամբ են պայմանավորվել բազում ազգերի գրերի գյուտն ու գրական լեզուների ձևավորումը, դպրության, գիտության, կրթության սկզբնավորումն ու զարգացումը, ինչպես և վկայում է Աստվածաշնչից թարգմանված առաջին հայատառ ասույթը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Իբրև աշխարհի առաջին սահմանադրություն` սուրբգրային պատվիրանները ժամանակակից օրենսգրքերի աղբյուրն են, մարդու հիմնական ազատությունների և իրավունքների ակունքը։ Նրանով են կյանքի կոչվել և ներշնչվել քրիստոնեական եկեղեցաշինությունը, կերպարվեստը` նկարչությունը, մանրանկարչությունը, որմնանկարչությունը, քանդակագործությունը, հոգևոր երաժշտությունն ու գրականությունը։
Ոչ մի գիրք այնքան զորեղ ու ներգործուն ազդեցություն չի ունեցել ոչ միայն քրիստոնեական ու հրեական աշխարհի, այլև բովանդակ համաշխարհային քաղաքակրթության վրա և ուղենշել նրա ընթացքը, ինչպես այս սրբազան Մատյանը։ Աշխարհն իր ներկայիս մարդասիրական, բարոյական, իրավական և գիտակրթական նվաճումներով նախ և առաջ պարտական է Աստվածաշնչին, որը տիեզերական հեղաշրջում կատարեց հեթանոսական բիրտ, այլասերված և չափազանց դաժան աշխարհում խարխափող մարդկանց սրտերում։
Սուրբ Գրքի ընթերցանությունը յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտականությունն է, իսկ նրա իմացությունն ու մանավանդ նրա կանոնների համաձայն ապրելը ոչ միայն մեր բարոյական նկարագրի, բարեկեցության ու բարօրության, այլև հոգու փրկության առհավատչյան։ Գիրք գրոցում ոչ միայն կհանդիպենք կյանքի և մահվան, բարու և չարի, մեղքի ու տառապանքի, մարդու սրտի առեղծվածային խորքերի և վերջապես կյանքի իմաստի լուսաբանմանը, այլև սպառիչ պատասխան կստանանք, թե որտեղից ենք և ուր ենք գնում։
Աստվածաշունչը Քրիստոսի Եկեղեցու դավանանքի, աստվածաբանության, ընդհանրական և հավատացյալների առանձնական աստվածապաշտության և առհասարակ բովանդակ հոգևոր կյանքի աղբյուրն է։ Ըստ Հայ եկեղեցու մեծ վարդապետ Խոսրով Անձևացու. «Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ։ Աղոթքների և արտասուքների, պահքի և ողորմության, խոնարհության և սիրո հանդեպ սերը Գրքից է ծագում մարդկանց մտքում։ Արիության և համբերության, հուսո և երկյուղի և բոլոր բարեգործությունների պատճառը մեզանում Սուրբ Գիրքն է լինում` մաքուր մտքով կարդալիս։
Նաև օրենքների և կանոնների բոլոր բարեկարգությունների պատճառն ու հաստատությունն աշխարհում Սուրբ Գիրքն է։ Այլև մեռոնի, խաչի և եկեղեցու օրհնությունը, քահանայական ձեռնադրությունը, թագավորական օծումը և քրիստոնեական Պատարագի բաշխումն ըստ Սուրբ Գրքի ենք կատարում։ Նաև քրիստոնեական հավատքն ու մկրտությունը, օրինավոր ամուսնությունը, մահն ու կյանքը, հանդերձյալ կյանքին ծանոթությունը, երկնքի արքայության [մասին] տեղեկությունն ու աստվածաճանաչությունը և [ամեն ինչի] սկիզբն ու վախճանը մենք Սուրբ Գրքից ենք իմանում»։
Այդուհանդերձ, Աստվածաշունչը սոսկ գիտելիքների, տեղեկությունների և իմաստության ժողովածու չէ, այլ, մղված լինելով Սուրբ Հոգուց և օժտված լինելով հոգին, սիրտը և միտքը վերափոխելու, կենդանացնելու և մխիթարելու անսպառ զորությամբ, հոգու ճշմարիտ սնունդ է, ինչպես ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4)։ Այն նման է սեփական սրտում Աստծո խոսքի հանապազ սերմնացանության (ծլելու, աճելու, պտղաբերելու ակնկալությամբ)։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3849

Մեկնաբանություններ