«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մոտ ժամանակներս անհնար է ԱՄՆ-ի ռազմաբազաներ տեղակայել Ադրբեջանի տարածքում

Մոտ ժամանակներս անհնար է  ԱՄՆ-ի ռազմաբազաներ տեղակայել  Ադրբեջանի տարածքում
16.07.2013 | 00:24

Ադրբեջանը դարձել է ԱՄՆ-ի ռազմական բազավորման կարևոր վայր, ինչն ունի երկու նշանակություն` անվտանգության ապահովում Կասպից ծովի ավազանում և ռազմական տարանցման ապահովում Աֆղանստանում ռազմական գործողություն իրականացնող ՆԱՏՕ-ի զորամիավորումների համար։
Երկրում ԱՄՆ-ի այդքան լայն ներկայությունը պետք է Ադրբեջանին ավելի կարևոր նշանակություն հաղորդեր տարածաշրջանում, սակայն դա առայժմ տեղի չի ունենում` կապված քաղաքական զանազան խնդիրների հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ը Ադրբեջանին օգնություն է տրամադրում Պենտագոնի գծով։ Դրանք աննշան գումարներ են, սակայն սկզբունքային նշանակություն ունեն ռազմական համագործակցության զարգացման համար։ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Ադրբեջանն իր համար ռազմավարական գործընկեր է, բայց ի՞նչ կարող է նշանակել այս բնորոշումը։
2003 թ. մարտի 27-ին պետդեպարտամենտում, արտաքին գերատեսչության միջազգային հարաբերությունների կոմիտեի ենթահանձնաժողովում անցկացված ունկնդրումների շրջանակներում, որին ներկա էին Պենտագոնի ավագ սպաները, ելույթով հանդես եկավ Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի օգնության ծրագրի համակարգող Թոմաս Կ. Ադամսը, և այդ ելույթը կարևոր իրադարձություն եղավ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում։ Բացի 41,5 մլն դոլարից, Ադրբեջանին խոստացան ֆինանսավորում «Օտարերկրյա բանակների ֆինանսավորում» ծրագրով։ Ծրագրի համակարգող Թ. Ադամսը հատկապես անդրադարձավ Արևելյան Եվրոպայի այն երկրներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ամերիկյան ծրագրի կատարմանը, որոնք ընտրել էին զարգացման ժողովրդավարական ուղին։ Համակարգողի ներկայացրած զեկույցը մանրամասնորեն առնչվում էր գրեթե 20 երկրի։ Փաստաթուղթը վկայում էր, թե ԱՄՆ-ի բյուջեն ինչ ֆինանսներ է առանձնացրել երկրներից յուրաքանչյուրին 2003 թ. և որքան միջոցներ էր ծրագրում փոխանցել նրանց 2004-ին։ Թ. Ադամսը նշել էր. «Մեր օգնությունը Ադրբեջանին կազմում է 41,5 մլն դոլար։ Այն բանից հետո, երբ նախագահ Բուշը 2002 թ. հունվարին կասեցրեց 907-րդ ուղղման գործողությունը, Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հնարավորությունը զգալիորեն մեծացավ։ Որպես նավթի մեծ պաշարներ ունեցող իսլամական երկիր, որը սահմանակից է Իրանին և հաստատապես հետամուտ է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը, Ադրբեջանը մեզ համար ռազմավարական նշանակություն է ձեռք բերում։ 2004 թ. ծրագրելով համագործակցություն ադրբեջանական մասնավոր հատվածի և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, մենք կշարունակենք տեխնիկական օգնությունը իրավական կառույցներին, աջակցությունը էներգետիկ բարեփոխումներին, տնտեսական, հատկապես գյուղատնտեսական հատվածի զարգացման նախագծերին, նպատակ ունենալով օգնել նավթի ճյուղերի զարգացմանը»։
Զեկույցի «Տարածաշրջանային անվտանգություն» բաժնում ասվում էր, որ ԱՄՆ-ը շարունակում է անվտանգության ասպարեզում համագործակցել Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի և ՈՒզբեկստանի հետ` ահաբեկչության դեմ համընդհանուր պատերազմի շրջանակներում։ Այստեղ կսկսի գործել «Օտարերկրյա բանակների ֆինանսավորում» ծրագիրը։ Ադրբեջանից ավելի մեծ օգնություն դրամական արտահայտությամբ ստացավ Հայաստանը` 49,5 մլն դոլար, և այս փաստը չի կարելի չշաղկապել ԱՄՆ-ի կոնգրեսում գործող հայամետ լոբբիի հաջող ջանքերի հետ։ 2003 թ. առանցքային դարձավ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացման գործում, որի համար ջանքեր գործադրեցին ստորին պալատի և Սենատի մի շարք կոմիտեների ղեկավարները, քանի որ անհրաժեշտ էր օրենսդիր իշխանությանը համոզել, որ ժողովրդավարացման վիճակն Ադրբեջանում այնքան էլ անհուսալի չէ։ Սկսած 2003-ից, ԱՄՆ-ը հետևողականորեն Ադրբեջանի հետ ռազմական լայն համագործակցության ծրագրեր է իրականացնում։ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկությունները ռազմական տարանցման գործում համագործակցելու վերաբերյալ, և այս հանգամանքը վճռորոշ եղավ Կոնգրեսում 907-րդ ուղղման գործողությունը կասեցնելու հարցը քննարկելիս։
Հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի ու Եվրոպայի զինվորական և քաղաքական գործիչների արտահայտած մտքերը Հարավային Կովկասի պետությունների հետ պաշտպանական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ։
Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Չակ ՈՒոլդը նշել է այն երկրները, որտեղ կարող են ՆԱՏՕ-ի բազաներ ստեղծվել։ Դրանք են Ադրբեջանը, ՈՒգանդան, Սան Թոմե և Պրինսիպի կղզպետությունը։ Ինչպես ամերիկյան «Defence news» թերթին տված հարցազրույցում ասել է Չ. ՈՒոլդը, ամերիկյան զինվորականների ապագա խնդիրներից մեկը պարեկումն ու Ադրբեջանի նոր խողովակաշարի անվտանգության ապահովումն է։ Ամերիկյան զինվորականները կցանկանային Հարավային Կովկասում ամերիկյան զինված ուժերի օբյեկտների ստեղծման պլաններն առանձնազատել առկա ռազմաքաղաքական հակամարտություններից։ Սա է տարածաշրջանում Պենտագոնի խնդիրներից մեկը։ ԱՄՆ-ը ձգտում է Հարավային Կովկասում իր զինվորական ներկայությունը հիմնավորել Կասպից ծովի ավազանում անվտանգության ապահովման խնդիրներով։ Ադրբեջանի տարածքում խորհրդային բանակի թողած ամբողջ ենթակառուցվածքը լիովին ավերված է, բայց նորոգումից ու կահավորումից հետո ԱՄՆ-ը կարող է տնօրինել այն։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ գեներալ Ռիչարդ Մայերսի պատկերավոր արտահայտությամբ` «Հարավային Կովկասը դիտվում է ավելի համեստ դերով, քան սակավիրազեկ թերթերի մեկնաբանություններում է տրվում։ Տարածաշրջանին վերապահվում է «գետն անցնելու համար շարված քարերի» գործառույթ։ Բայց դրանից օգտվելու համար էլ որոշակի ջանքեր ու ծախսեր են պետք»։ Այսինքն, նկատի է առնվում, որ Հարավային Կովկասին վերապահվում է ռազմական տարանցմանը մասնակցության գործառույթ, հնարավոր է նաև պահակային, ուշադրության առնելով էներգուղիների անվտանգության խնդիրները։ Փաստորեն նույն կերպ է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական հեռանկարը մեկնաբանում այդ պոստում Մայերսի նախորդը` գեներալ Հենրի Շելտոնը։ Նա համարում է, որ, ընդհանուր առմամբ, կովկասյան հակամարտություններն ու քաղաքական խնդիրները իրականում հեշտ կառավարելի են և մեծ ծախսեր չեն պահանջում, և գլխավորը` խոչընդոտներ չեն հարուցում ռազմական տարանցման ճանապարհին։
Մոնրեալի «McGill» համալսարանի քաղաքագետ Սթիվեն Սեյդմենը գրում է. «Ճիշտ նույն կերպ հնարավոր է ամերիկյան ներկայության նվազումը Գերմանիայում. այն կառույցը, որը զարգացել է «սառը պատերազմի» ընթացքում, հիմա ոչ միայն չի պաշտպանում ամերիկյան շահերը, այլև կարող է վնասել դրանց։ Գերմանիայում ամերիկյան 70000 զինվորականների առկայությունն արդարացված չէ նոր աշխարհակարգի պայմաններում, որն ավելի շուտ ահաբեկիչների սպառնալիքների դեմ է ուղղված, քան ինքնիշխան պետությունների։ Միացյալ Նահանգներն այլևս Գերմանիայում Խորհրդային Միությանը զսպող զորքերի կարիք չունի, և դա, կարծես, նաև Բալկաններին է վերաբերում»։
Նախկին ամերիկյան գնդապետ, ներկայումս Բոստոնի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էնդրյու Բասևիչը հետևյալն է գրում. «Ի՞նչ է կատարվում։ Ջանքեր են գործադրվում ամերիկյան ուժեր տեղաբաշխելու այն վայրերում, որտեղ շատ ավելի մեծ հնարավորություններ կան միջամտության համար։ Նոր բազաները կլինեն դյուրաշարժ, և դրանց անձնակազմերը հնարավորություն կունենան արագորեն հասնելու անհրաժեշտ վայրերը և արագորեն վերադառնալու։ Բայց գլխավորն այն է, որ նրանք տեղակայված կլինեն հնարավոր հակամարտությունների կետերին մոտ։ Բազավորման այդ ստրատեգիան Բուշի վարչակազմի արտքաղաքական նոր ռազմավարության տրամաբանական տարածումն է, որն անհրաժեշտ է համարում կանխիչ հարվածներ հասցնել այն դեպքերում, երբ Միացյալ Նահանգները գտնվում է կամ կարող է ենթարկվել ահաբեկիչների կամ զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների»։
Միաժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի լավատեղյակ աղբյուր ադրբեջանցի լրագրողների հետ զրուցելիս նշել է, որ «մոտ ժամանակներս անհնար է ԱՄՆ-ի ռազմաբազաներ տեղակայել Ադրբեջանի տարածքում, քանի որ ամերիկացիները դրա համար նախ պետք է ուսումնասիրեն տեղանքը, մաքրեն ականապատ գոտիները, որ մնացել են 90-ականների ինտենսիվ պատերազմական գործողություններից հետո»։ Այդպիսի բան առայժմ չի նկատվում։ Բացի այդ, ամերիկացիները հիանալի են հասկանում, որ Ադրբեջանը սահմանակից է այնպիսի երկրների, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը, որոնց հետ ԱՄՆ-ը լարված դիվանագիտական հարաբերություններ ունի։ Պաշտոնական Բաքուն կողմ է ամերիկյան բազաների տեղակայմանը, սակայն զգուշանում է, քանի որ դա կարող է սրել առճակատումը Իրանի ու Ռուսաստանի հետ։ «Ռազմաբազաների տեղակայման մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- եզրափակել է ադրբեջանցի փորձագետը։
Այս խնդրի տևական ու բազմակողմանի ուսումնասիրությունից հետո կարելի է այն հետևությանը հանգել, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ և չէր կարող լիովին հիմնավորել Ադրբեջանում իր ռազմաօդային բազայի տեղակայումը։ Սակայն նա արդեն ավելի քան վեց տարի է, ինչ էական աշխատանքներ է իրականացնում Ադրբեջանի տարածքում գտնվող մի շարք օդանավակայանների վերականգնման ու արդիականացման ուղղությամբ։ ԱՄՆ-ի գլխավոր հիմնավորումը ոչ թե ղարաբաղյան հակամարտությունն է, այլ Կասպից ծովի իրավիճակն ու ադրբեջանա-իրանական հարաբերությունները։ Ամերիկացիների համար դժվար է Կասպից ծովում իրենց ռազմական ներկայությունը հիմնավորել կասպյան ավազանում ռուսական զինված ուժերի մեծացմամբ։ Սակայն իրանական թեման գլխավորն է ԱՄՆ-ի կովկասյան քաղաքականության մեջ, և այդ կապակցությամբ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով առաջադրել է հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի տեղաբաշխման նախաձեռնություն։ Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ին առաջին հերթին հետաքրքրում է Արաքս գետի երկայնքով ձգվող իրանական սահմանային գոտին։ Միաժամանակ ԱՄՆ-ը ջանում է լուծել այն ուղիների ապաշրջափակման հարցը, որոնք Նախիջևանի ու Մեղրիի միջանցքի միջոցով միացնում են Թուրքիան ու Ադրբեջանը։
2003 թ. Բաքու այցելեց ԱՄՆ-ի հետախուզության ազգային խորհրդի ¥ՀԱԽ¤ աշխատակից Ջորջ Քոլթը։ Ռուսաստանի և Եվրասիայի գծով պատասխանատու սպայի այցի նպատակն էր ուսումնասիրել նախընտրական իրավիճակը և հետընտրական իրադարձությունների զարգացման հեռանկարները։ ՀԱԽ-ը ԱՄՆ-ի հետախուզական կառույցներից մեկն է, որի պարտականությունների մեջ մտնում է առաջարկությունների մշակումը ԿՀՎ տնօրեն Ջորջ Թենեթի ու հետախուզության աշխատակիցների համար։ Գնդապետ Ջ. Քոլթը Բաքվում հանդիպումներ ունեցավ նախագահի թեկնածուներ Իսա Ղամբարովի, Էհթիբար Մամեդովի և «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի ղեկավար Էլդար Նամազովի հետ։ ՀԱԽ-ի սպային հետաքրքրում էին նախագահի թեկնածուների ծրագրերը, հատկապես արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, ուժերի հարաբերակցությունը հանրության շրջանում, հետընտրական իրադարձությունների զարգացման հեռանկարները։
2003 թ. օգոստոսին Վրաստանում և Ադրբեջանում եղավ ամերիկյան խորհրդարանական Ջիմ Գիբոնսը, որտեղ նա անցկացրեց մոտ երկու շաբաթ։ Վերադառնալով ԱՄՆ, նա իր լրագրային հարցազրույցում պատմեց տեսածը։ Ըստ այդմ, այդ երկրներում լուրջ խնդիրներ կան ահաբեկչական սպառնալիքի կանխման առումով։ «Նրանք ունեն բաց սահմաններ, որոնք շատ դժվար է պաշտպանել, ուստի և խիստ շահագրգռված են ամերիկյան օգնությամբ»,- հայտարարեց Գիբոնսը։ Նրա խոսքերով, տարածաշրջանում կա ահաբեկիչների միջանցք, այդ թվում` «Ալ Քաիդայի» կողմից օգտագործվող (նա չմանրամասնեց տեղեկությունը` վկայակոչելով գաղտնիության հանգամանքը)։ Սակայն, «մենք պետք է զբաղվենք այդ երկրներում մեր անվտանգության ապահովմամբ և այնպես անենք, որ դրանք չդառնան ահաբեկչության ու հանցագործության օջախներ»,- նշեց նա։
2003 թ. սեպտեմբերի 1-ին հաղորդվեց, որ Ադրբեջանի խորհրդարանի և ԱՄՆ-ի կոնգրեսի համագործակցության մասին ավելի վաղ ստորագրված հուշագիրը սահմանում է համագործակցության վեց հիմնական ուղղություն։ Համաձայն հուշագրի, Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչները տարեկան մեկ անգամ հնարավորություն կստանան ելույթ ունենալու ԱՄՆ-ի կոնգրեսում, իսկ ամերիկյան մի խումբ կոնգրեսականներ վերջերս այցելեցին Բաքու` երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ամրապնդման շրջանակներում։ Մեծ ուշադրություն նվիրվեց նաև սահմանի պաշտպանությանը, տեխնիկական հանդերձավորմանը, լեռնային շրջաններում` Ռուսաստանի սահմանի մերձակայքում, ինչպես նաև Իրանի հետ սահմանի որոշ հատվածներում ենթակառուցվածքի արդիականացմանը։
Այս ամենը հանգեցնում է գլխավոր խնդրի առաջացմանը, որը վերաբերում է ամերիկյան ռազմական ներկայության ձևաչափին, նպատակներին ու գործառույթներին։ Կարելի է պնդել, որ ԱՄՆ-ի գործողություններն այնքան էլ հետևողական ու օպերատիվ բնույթ չէին կրում։ Այդ են վկայում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դ. Ռամսֆելդի հետևյալ արտահայտությունները 2003 թ. դեկտեմբերին Ադրբեջան կատարած այցի ժամանակ. «Այսօր վաղ է խոսել շարժուն ուժերի տեղաբաշխման մասին... քանի որ կոալիցիայի գծով ԱՄՆ-ի գործընկերների հետ այդ հարցի շուրջ քննարկումները դեռևս ավարտված չեն, և հայեցակարգն առայժմ վերջնական տեսքի չի բերվել», «2004 թ. համար «Արտասահմանյան ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը Ադրբեջանին նախատեսել է հատկացնել 2,5 մլն դոլար», և այդ օգնությունը մինչ օրս շարունակվում է։
Չնայած պաշտպանության և անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ կապված լայն ծրագրերին, ԱՄՆ-ն աշխատում է քաղաքական մեծ նշանակություն չտալ Ադրբեջանին, այլ նրան վերապահել սոսկ որոշակի գործառույթներ, և ադրբեջանական վերնախավին հասկացնել դա։ ԱՄՆ-ի քարոզչական խնդիրն է Ադրբեջանին համոզել, որ ոչ թե ԱՄՆ-ն է պարտական Ադրբեջանին, այլ լրիվ հակառակը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 24810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ