ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պերմանենտ սթրեսը, «թքած ունենալու» նուրբ արվեստն ու համբերության պայքարը

Պերմանենտ սթրեսը, «թքած ունենալու» նուրբ արվեստն ու համբերության պայքարը
17.12.2022 | 11:42

Օրվա քրոնիկոնը:
4-րդ օրն է՝ կյանքուղի-փրկուղի «Լաչինը» փակ է:
Հումանիտար աղետ է:
Ֆուտբոլի տենդով վարակված աշխարհը, մեծ հաշվով, թքած ունի իրեն անծանոթ, «ինչ-որ» Արցախի, առավել ևս, այնտեղ տանող ճանապարհի բացման-փակման վրա:


Քաղաքական գործիչները, քաղաքական վանգաները, կոնսպիրոլոգները, վերլուծաբաններն ու վերլուծագանգերը, բազմոցային դիվանագետները յուրովի են մեկնաբանում ճգնաժամը՝ տալով թե՛ խելամիտ, և թե՛ աբսուրդի ժանրից տեսակետներ, գնահատականներ, Արցախն ու արցախցուն փրկելու ելքեր:


Մտքերի ու կարծիքների տեղատարափի մեջ փաստը մնում է փաստ, որ՝
1. Ադրբեջանն ուզում է Լաչինին համարժեք ՀՀ տարածքով անցնող արտատարածքային միջանցք,
2. նույն բանն ուզում է կամ, մեղմ ասած, դեմ չէ Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Թուրքիան այդ գաղափարի «կնքահայրն» է.
3. Թուրքիան հայտարարում է, որ Ադրբեջան զորավարժության մեկնած իր զորակազմը չի վերադառնա Թուրքիա այնքան ժամանակ, մինչև չտրվի «Զանգեզուրի միջանցքը» (այսինքն, ուղիղ սպառնում է պատերազմով).
4. վերջիններս «թքած ունեն» նոյեմբերի 9-ի պայմանագրի և դրանից բխող պարտավորությունների վրա.
5. Նրանք հորդորում են Հայաստանին շատ արագ ստորագրել «խաղաղության պայմանագիրը».
6. Հայաստանի առաջ դրված է Միութենական պետություն մտնելու հարցը.
7. Ադրբեջանը պատրաստվում է Լաչինի միջանցքում տեղակայել անցակետեր ու մաքսակետեր:


Արդյունքում՝
1. Արցախը բլոկադայի է ենթարկված.
2. Արցախի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից.
3. արցախահայությունը էքզիստենցիալ (գոյաբանական) վտանգի առաջ է կանգնած.
4. Հայաթափման (էթնիկ զտման) կամ ստիպողաբար Ադրբեջանի քաղաքացի դառնալու երկընտրանք է դրված.
5. հումանիտար աղետ է,
6. Արցախի մնացյալ տարածքի՝ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով ամբողջական վերահսկողության հաստատման ռիսկ կա.
7. միջազգային հանցագործություն (տեռորիզմ) է տեղի ունենում:
Եվ այս ամենը՝ աշխարհի աչքի առաջ ու աշխարհի լուռ համաձայնությամբ:
Աբսուրդը ոչ թե աշխարհի ապատիան է այս ամենի հանդեպ, այլ մեր՝ հազարավոր հայերիս անտարբերությունը:


Այս քաոսի ու ողբերգության մեջ կան մարդիկ, որոնք թքած ունեն, թե ինչ է տեղի ունենում Արցախում ապրող իրենց հայրենակիցների հետ, ավելին, նույնիսկ վատ չեն զգում, ընդհակառակը, այս ծայրահեղ պահին նրանց են մեղադրում ստեղծված իրավիճակի համար:
Դե, իրենք էլ ժամանակին ասել, զգուշացրել էին այս արհավիրքների մասին, վերջիններս էլ իրենց ականջալուր չեն եղել;
Սակայն չարյաց փոքրագույնն է դա, քանի որ, այսպիսի անջրպետից, բուտաֆորիայից ու արհեստական հիշաչարությունից բացի, կան ավելի ահավոր դրսևորումներ, որի համար կարելի է ոմանց անարգանքի սյունին գամել կամ «գետինը մտցնել»:
Նախ՝ նրանց, ովքեր ողջ արցախահայությանը, այս իրադարձությունների համատեքստում, մեղադրում են «հներին» ընտրելու մեջ, ավելին, նրանց գլխին եկածը համարում «արդարացված», իսկ այսօրվա ողբերգությունն ու բախտի քմահաճույքին թողնելը պայմանավորեցնում բացառապես վերոնշյալ հանգամանքով:


Ու սա՝ առանց հաշվի առնելու, որ ժողովրդի ուզելով, կամարտահայտության կամ, առավել ևս, ժողովրդավարության դրսևորման արդյունք չէ «հներ» կոչվածների «թագավոր կարգվելը»:
Էլ չեմ ասում՝ վերջիններիս հաջորդած «ժողովրդավարության բաստիոնի» արգասիքի պտուղները, որոնք հիմա «վայելում» ենք ազգովի, հատկապես՝ արցախահայությունը:
Որ այս աղետի ֆոնին, գոնե ձևական կողմը պահելու փոխարեն, «առաջին» տիկինը, անհոգ-անդարդ, ճղած ջինսը հագած, կատուն գրկած՝ «Սարերից իջան մի խումբ ձիավոր» է կարդում՝ հոգոց հանելով, որ «Օսկարի հետ գիրք կարդալու համար ամուր նյարդեր ու հաստատակամություն է պետք»:
Առանց նկատի ունենալու, որ ադեկվատ հայությանն էլ ամուր նյարդեր են պետք, որ նմանին, Օսկար կատվի հետ, գրողի ծոցը չուղարկի:
Ամուր նյարդեր 120.000 արցախահայությանն են պետք, որ առանց գազի, շրջափակման մեջ դիմանա, ապրի, գոյությունը պահպանի, վաղվա օրը տեսնի:
Այնպես որ, տիկինը թող նյարդերը խնայի, իզուր չլարվի, որ դեմքին էլ կնճիռ չլինի:
Մանավանդ, իր գիտեցած Հայաստանը պաշտպանված է ու անվտանգ:
Թե չէ, ի՞նչ Արցախ, ի՞նչ բլոկադա, ի՞նչ սոված ու սառած երեխա, սարի գլխին, վրաններում գետնին քնող զինվոր:


Կյանքը հրաշալի է, «առաջի՛ն» տիկին:
Դուք «վաստակել» եք հաճույքներով, ճոխ ապրելու իրավունք,
այնպես որ, դուք՝ ձեր կոմֆորտ զոնայով...
Նախկին հարևանուհիներիդ աչքն էլ հանեք, թող որ «պայթեն» նախանձից:
Համ էլ՝ «ճիշտ» դաստիարակված խիղճը երբեք չի տանջում տիրոջը:
Պարզապես, այլ գրականություն կարդալու փոխարեն (իհարկե լավ է, որ գոնե կարդալ գիտեք), ամուսնուդ գիրքը ընթերցեք՝ մտքի թռիչքների, սեռաշեղ վարքագծի ու անբավարարվածության մակարդակը զգացեք:
Այո՛, հանդուրժողականության բացառիկ տաղանդ է պետք, որպեսզի զուսպ նայես, թե ինչպես է «առաջին» տիկինը «ասաբնյակում», հեքիաթային տաքուկ ու ռոմանտիկ միջավայրում ֆուտբոլ «ըմբոշխնում»:
Ի դեպ, ֆուտբոլ, Լաչինի ճամփին, հայի ցավի ֆոնին վայելում էին նաև «բնապահպան» ազերիները:


Գիտեմ, պետք չէ զարմանալ՝ նա կարդացել է «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը ու դեմոնստրատիվ ցուցադրում է դրա նարատիվը:
Դե իսկ մնացածն էլ՝ իրենից անկախ, չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ, չտես-գյոռմամիշ, թիթիզ-ճղճիմ-լամիշ, սա է անմեղսունակ-ողորմելիի վառ ցուցանիշը:
Ամուսինն էլ՝ ոչ պակաս, «բոշեն փաշա» դարձած, ցինիկ-անմեղսունակի կերպարն ընդունած, էքստրավագանտ մտքերն էլ՝ ազգին հրամցրած:
Այն աստիճան անինքնասեր ու բարոյազուրկ, որ անգամ չազդվի, երբ իրեն «թուրք» են անվանում:
Գուցե վատ չի զգում, որովհետև վիրավորելու համար չեն ասում, այլ՝ զուտ բնորոշելու:
Միգուցե «թուրքը» կոմպլիմենտ է...
Իսկ առհասարակ՝ ճշմարտությունից ու իրերն իրենց անունով կոչելուց չեն վիրավորվում:
Դուք չեք վիրավորվում, իսկ միգուցե թուրքե՞րն են վիրավորվում, որ ձեզ թուրք են անվանում, կամ որ դուք դրանից չեք նեղվում:


Գուցե «փայլուն» դիվանագետ լինելու համա՞ր են ձեզ այդպես կոչում:
Կարևորը՝ եթե (երբ) հանկարծ հայ ասեն, չսրտնեղեք:
Ինձ էլ որ հայ են ասում, ես էլ բացարձակ չեմ վիրավորվում։
Հայ եմ՝ հայ են ասում:
Թուրք ասեն՝ կսատկացնեմ:
Ականջդ կանչի, Հեմինգուե՛յ. «Եթե ցանկանում եք ինձ սպանել, ապա ինձ թուրք անվանեք, և ես կմեռնեմ ամոթից»:
Դե արի ու մի հիշիր Լեռ Կամսարին, ով ասում էր. «Ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում։ Նա թուրքից ավելի է պաշտպանում Թուրքիայի շահերը»:
Կամ՝ Նժդեհին. «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր: Մի վախեցիր թուրքից, վախեցիր թուրքանման հայից»:
Գիտեմ՝ «կապիտուլյանտից» բացի, ձեզ աշխարհի ամենավերջին բառերն էլ ասեն, «ազգակործան պատուհաս» էլ անվանեն՝ դուք չեք վիրավորվում:
Թասիբ ու նամուս, ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցողն է նման արտահայտություններից վիրավորվում:


Ունիկալ տաղանդի կրողն եք դուք:
Ձեզ հեշտ է ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո Արցախի փոխարեն ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, «փրկել» 20-30 հազարի, հետո թողնել 120 հազարին շրջափակման մեջ, հետո ասել, որ ցեղասպանվելու վտանգ կա, բայց դա իմ խնդիրը չէ, հետո ասել, որ 120 հազար «պատանդներին» «փրկելու» համար տվեցի միջանցք...
Ձեզանից ամեն ինչ սպասելի է:
Ինչևէ, բարոյականության ու անթույլատրելիության գիծը վաղուց է հատված, հայ ժողովրդի ու հայոց պատմության ամենանվաստացուցիչ ու ամենախայտառակ էջն էլ՝ «ամրագրված»:
Ափսոս, որ այս սուրբ հողը հանդուրժում է նմաններին:
Այս գաղջ մթնոլորտում միակ դրական դեպքը առանց որևէ պայմանի (եթե դա, իհարկե, իրոք այդպես է) Արցախում գազի մատակարարման վերականգնումն է:
Իսկ թե արդյո՞ք Եվրոպական դատարանն ըստ արժանավույն հետևողական կլինի երեկ Հայաստանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջով Ադրբեջանի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյա՝ կտեսնենք շուտով:


Իսկ մինչ այդ դեռ, կլսենք Զախարովայի՝ տրանսպորտային հաղորդակցությունը լիարժեք վերականգնվելու մասին Ռուսաստանի մտահոգություններն ու այն մոտ ժամանակներս բացելու մասին ակնկալիքները և դեռ կզարմանանք, որ նման մտահոգություններ ու ակնկալիքներ է արտահայտում մի պաշտոնատար ներկայացուցիչ, ում երկրին է վերապահված վերոնշյալ գոտում անխափան երթևեկությունը, հրադադարի ռեժիմի պահպանումն ու հայ ազգաբնակչության անվտանգությունը:
Ինչևէ, սպասենք միջանցքի բացմանը:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 10277

Մեկնաբանություններ