Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Բայդենը շարժվում է դեպի Իրան

Բայդենը շարժվում է դեպի Իրան
01.02.2021 | 11:27

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ի հեճուկս փորձագետների կանխատեսումների, որ Սպիտակ տան նոր թիմին կպահանջվի մի քանի ամիս՝ ձևավորելու նոր արտաքին քաղաքականություն Մերձավոր Արևելքում, որ չարժի արագ լուծումներ սպասել, որ այդ տարածաշրջանը համենայն դեպս սկզբում Վաշինգտոնի գերակայություններից չի լինի, արել է առաջին լուրջ քայլը: The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցնում է զենքի վաճառքը ԱՄԷ-ին ու Սաուդյան Արաբիային: Խոսքը «բարձր ճշգրտության զինատեսակների և F-35 կործանիչների ռազմական մատակարարումների» ընդհատման մասին է:

Ինչ ուղղությամբ է Վաշինգտոնը փորձում շրջել իրավիճակը տարածաշրջանում, բրիֆինգում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը. «Մենք ուսումնասիրում ենք վերջին ժամանակներս նախկին վարչակազմի ձեռնարկած քայլերը: Մենք պետք է վստահ լինենք, թե ինչի վրա է հիմնված յուրաքանչյուր կոնկրետ որոշում: Դա վերաբերում է և Եմենի «Անսար ալլահ» (հուսիտների) շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն, որ արել է Դոնալդ Թրամփի վարչակազմը: Մենք տեսնում ենք միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի արշավը, որ շատերի գնահատականով հանգեցրել է ժամանակակից աշխարհում վատագույն մարդասիրական ճգնաժամին: Ինչպես ես եմ հասկանում՝ հուսիտները վերահսկում են տարածքը, որի վրա ապրում է եմենցիների 80%-ը: Մենք պետք է վստահ լինենք, որ ցանկացած որոշում, այդ թվում պատժամիջոցները հուսիտների դեմ, ավելի չեն բարդացնի մարդասիրական օգնության տրամադրման խնդիրը»: Պետքարտուղարի պնդումով՝ հուսիտները մասնակից են «Սաուդյան Արաբիայի դեմ ագրեսիային ու մարդու իրավունքների խախտումներին»: Բոլոր նշանները կան, որ ԱՄՆ-ը սկսել է վերբեռնել իր հարաբերությունները Պարսից ծոցի դաշնակիցների հետ:


Կատարի Al Jazeera-ն հաստատում է, որ «Բայդենը ձգտում է Եմենում պատերազմի հնարավոր ավարտին և կոնֆլիկտի կարգավորման ուղիներ գտնելուն»: Ավելին՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է վերանայել մի քանի քաղաքական համաձայնություններ, այդ թվում՝ «Աբրահամի համաձայնագիրը» և նրա հետ կապված պարտավորությունները: Իր նախագահության ավարտին Թրամփը դարձավ գլխավոր նախաձեռնողը Մի կողմից Իսրայելի, մյուս կողմից Բահրեյնի ու ԱՄԷ-ի միջև «Աբրահամի համաձայնագրի»: Ակնկալվում էր, որ հանրապետական նախագահի վերընտրության դեպքում ևս մի քանի արաբական երկրներ կմիանան «Աբրահամի համաձայնագրին», այդ թվում՝ Սաուդյան Արաբիան: Բայց հաղթեց դեմոկրատը:

Եվ հիմա, առանց ԱՄՆ նոր քաղաքականության Իրանի նկատմամբ արդեն հնարավոր չէ՝ Թրամփի նախագահության ողջ շրջանում Իրանը վերածվել էր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության առանցքի, որի շուրջ էր ամեն ինչ պտտվում՝ Իսրայելը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենի հուսիտները: Ձեռնարկվում էին հակաիրանական ալյանսի ձևավորման փորձեր, որի հիմքում հարաբերությունների ամրապնդումն էր Իսրայելի և Պարսից ծոցի արաբ միապետերի միջև: Հիմա Բայդենը վերադառնում է «Օբամայի բանաձևին»՝ ստեղծել օբյեկտիվ քաղաքական և աշխարհաքաղաքական նախադրյալներ Իրանի հետ երկխոսություն սկսելու համար միջուկային համաձայնագրի շուրջ և «շարժել» Պարսից ծոցի միապետություններին ու իսրայելցիներին իրանական ուղղությամբ: Իրանի Hamshahri-ն գրում է՝ Թեհրանում մտածում են, որ Թրամփի նախագահության շրջանում կարողացել են «ոչ միայն Վաշինգտոնից առաջ անցնել՝ պահպանելով ազդեցությունը Պարսից ծոցում, լուրջ երկխոսության մեջ լինել Ռուսաստանի ու Չինաստանի հետ, այլև ամբողջությամբ չփակել համագործակցության դռները ոչ Եվրոպայի, ոչ էլ ԱՄՆ-ի հետ»: Իրոք, ԱՄՆ մամուլում, հղում անելով Իսրայելի աղբյուրներին, տեղեկություն հայտնվեց, որ Բայդենի խորհրդականները, պաշտոնակալությունից մի քանի օր առաջ սկսել են անդրկուլիսյան բանակցություններ Իրանի հետ՝ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցով:

Այսինքն՝ Բայդենի սրբագրումները մերձավորարևելյան քաղաքականության մեջ սենսացիոն չեն Թեհրանի համար: Աշխարհաքաղաքական իմաստով շատ մեծ խաղ է գնում և Իրանը նույնպես պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Թեհրանի «Ռեսալյաթ» թերթը գրել է. «Թեպետ Իրանի գերագույն ղեկավար այաթոլա Սեյիդ Ալի Համենեիի պաշտոնական դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ՝ «ոչ պատերազմ, ոչ բանակցություններ», նախկինի պես ուժի մեջ է մնում», երկրում կան լիբերալներ և Արևմուտքի կողմնակիցներ, որ դեռ Թրամփի ժամանակ «պատրաստ էին տրվել ճնշման և բանակցությունների կոչ էին անում»:

Դիրքորոշումների ճշտման նպատակ ուներ Մոսկվա Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավիդ Զարիֆի այցը, նաև՝ երկխոսության ակտիվացումը Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև, որի մեջ Իրանի «Շարգի» կարծիքով «տեղ ունի Մոսկվայի հնարավոր միջնորդությունը Թեհրանի ու Էր Ռիադի միջև»: Եթե ԱՄՆ-ը վերադառնա միջուկային համաձայնագրին առանց նախապայմանների կամ Իրանի համար ընդունելի պայմաններ դնի, ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում էականորեն կփոխվի: Այս առումով հնարավոր է՝ ակտիվ խորհրդակցություններ սկսվեն Անկարայի ու Մոսկվայի միջև, քանի որ Բայդենն արդեն որոշ կոնկրետ մտադրություններ է հայտնել Թուրքիայի առնչությամբ: Մեկը՝ «նախագահ Ռեջեփ Էրդողանի ավտորիտարիզմի սահմանափակումն է ընդդիմադիր ուժերին աջակցության միջոցով»: Բայց ԱՄՆ-ը դեռ ընդամենը ակնարկել է, որ նախապատրաստվում է տարածաշրջանային մեծ ինտրիգ՝ Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի պես հզոր ու փորձառու խաղացողների մասնակցությամբ, որ Բայդենի հետ ինտրիգն առաջ են տանելու: Ամեն ինչ նոր միայն սկսվում է և մինչև շրջադարձը դեռ հեռու է: Իրադարձությունների հետագա զարգացման մասին հաստատուն կանխատեսումներ անելը վաղ է՝ Բայդենի վարչակազմը դեռ գործ է ունենալու և ռուսական ներկայության հետ Սիրիայում, Լիբիայում, արդեն նաև Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Տարածաշրջանը արդեն այս տարի մտնում է ընտրական նոր ցիկլի մեջ, որ պատմական նշանակություն կարող է ունենալ բոլոր երկրների համար: 2021-ի ամռանը Իրանում նախագահական ընտրություններ են, որ սկզբունքային նշանակություն են ունենալու՝ երկրի հետագա ճանապարհի ընտրության համար: ԱՄՆ-ի վերադարձը 2015-ին կնքված միջուկային համաձայնագրին ուժեղացնում է չափավորականների դիրքերը, և երաշխիք է, որ Իրանը կշարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն: Առանցքային ընտրությունը 2023-ին է՝ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են լինելու Թուրքիայում: Էրդողանի հնարավոր հաղթանակը խորացնելու է տարածաշրջանում ռևանշիստական քաղաքականությունը և անկայունությունը, պատերազմի շարունակական վտանգը Մեծ Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում: Էրդողանի հնարավոր պարտությունը փոխելու է ուժերի դասավորությունը: Որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն այլևս չեն հանդուրժելու Էրդողանին, գրեթե հարց չէ, բայց հարցականներ կան այս տարի Գերմանիայում Բունդեստագի ընտրությունների և Անգելա Մերկելի իրավահաջորդի ու Ֆրանսիայում 2022-ին նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Մակրոնի վերընտրությունը ևս 5 տարվա երաշխիք է, որ Ֆրանսիան շարունակելու է մեր տարածաշրջան վերադարձի քաղաքականությունը: Իսկ ընտրական ցիկլը փակելու են ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ 2024-ին նախագահական ընտրություններ են և Ռուսաստանում, և ՍՄՆ-ում: Մեր խնդիրն է առաջիկա 3 տարիներին դիմակայել ինքնիշխանության սպառնալիքներին և ուժեղացնել տնտեսությունը: Իսկ մնացած հարցերը պտտվում են անձնական ամբիցիաների ու իշխանատենչության շրջանակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ