Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մերկելը չի բացառում հետևանքները

Մերկելը չի բացառում հետևանքները
09.09.2020 | 11:03

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը կարող է ազդել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացման վրա՝ սեպտեմբերի 7-ին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նա ճշտել է, որ «հետևանքներ կարող են լինել, եթե Մոսկվան հստակ պատասխաններ չտա հարցերին, որ վերաբերում են Նավալնիի թունավորման հետաքննության հանգամանքներին»: Անգելա Մերկելը «գտնում է, որ սխալ կլիներ բացառել հետևանքները նախագծի վրա ամենասկզբից»՝ բացատրել է Զայբերտը: «Կանցլերը կիսում է ԱԳ նախարարի տեսակետը»՝ հավելել է նա՝ պատասխանելով հարցին Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի ՌԴ իշխանություններին ներկայացրած ուլտիմատումի վերաբերյալ: Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարարը պահանջեց Ռուսաստանից օգնել լույս սփռելու այդ թունավորման հանգամանքների ու մեղավորների վրա: Հակառակ դեպքում Գերմանիան կարող է «հետ կանչել աջակցությունը», որ ցուցաբերում է «Հյուսիսային հոսք-2» նախագծի շինարարությանը՝ ընդգծեց ԱԳ նախարարը և մի քանի օր տվեց ՌԴ իշխանությոններին, որ ցույց տա հետաքննության իր գործողությունները:


«Ուլտիմատում ներկայացնելը ոչ մեկին չի օգնում, բայց եթե առաջիկա օրերին ռուսական կողմը չնպաստի պարզաբանմանը, թե ինչ է տեղի ունեցել, մենք մեր գործընկերների հետ ստիպված կլինենք մեր պատասխանը քննարկել»՝ հայտարարել է Հեյկո Մաասը: Նա նշել է, որ հնարավոր պատժամիջոցները պետք է լինեն «կետային» և հազիվ թե վերաբերվեն կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարին: «Բոլոր դեպքերում՝ ես հույս ունեմ, որ ռուսները մեզ չեն ստիպի վերնայել մեր դիրքորոշումը «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ»՝ հավելել է նախարարը: Անդրադառնալով ենթադրություններին, որ Նավալնին կարող էր թունավորվել ոչ Ռուսաստանի տարածքում՝ Մաասն ասել է. «Դա այնքան անհեթեթ է, որ ես նույնիսկ չեմ մեկնաբանի»: Ի պատասխան Հեյկո Մաասի հարցազրույցի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքում գրել է.«Եթե ԳԴՀ կառավարությունն անկեղծ է իր հայտարարություններում, ինքը պետք է շահագրգռված լինի առավելագույնս կարճ ժամկետներում պատասխան տալ Ռուսաստանի Գլխավոր դատախազության հարցումին, որ ուղարկվել է դեռ օգոստոսի 27-ին: Առայժմ չկա վստահութուն, որ Գերմանիայում երկակի խաղ չեն խաղում»:


Սեպտեմբերի 7-ին Բունդեսվերում, որի լաբորատորիան հայտնաբերել է «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր Ալեքսեյ Նավալնու բիոնյութում, հայտարարել են, որ չեն կարող ուսումնասիրության մասին տեղեկություններ փոխանցել երրորդ կողմին՝ գաղտնիության նկատառումներով՝ «Новой газете» փոխանցել է Բունդեսվերի բժշկասանիտարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:


Սեպտեմբերի 1-ին РБК-ն հրապարակել է ՌԴ Գլխավոր դատախազության հարցումը Գերմանիայի իշխանություններին, որտեղ կա նաև Նավալնիի անալիզների արդյունքները ներկայացնելու պահանջ:
RFI


Հ.Գ. Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից՝ երեկ հայտնել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ օգոստոսի 22-ից նա բուժում է ստանում: «Վիճակը բարելավվում է, սկսել է արձագանքել բանավոր ազդակներին։ Առայժմ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները», - ասվում է «Շարիտե» հիվանդանոցի հայտարարությունում:


44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից տեղափոխել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցները կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, Ռուսաստանը որևէ առնչություն չունի։ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են նախագիծն ավարտելու վճռականության մասին։ Գերմանացի քաղաքական և հանրային մի քանի գործիչներ իշխանություններին հորդորել են հրաժարվել նախագծից, եթե ռուս իրավապահները չհետաքննեն Նավալնիի թունավորումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ