Այս տողերը գրվել են երեկ, երբ ոչ ոք չգիտեր՝ հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանին ինչ վիճակ է լինելու հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Երեկ ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ մշակել են նոր ծրագիր՝ հարձակում Հայաստանի վրա, որին հաջողության դեպքում կհաջորդի հարձակումը Արցախի վրա, չի բացառվում, որ Թուրքիան էլ իր կողմից փորձի սահմանային միջադեպեր ստեղծել: Տեղեկատվական պատերազմում Թուրքիան ու Ադրբեջանը գործում են համատեղ: Էրդողանը հնարեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելով՝ իր հասարակության ուշադրությունը տնտեսական անկումից ու կորոնավարակից շեղելու կրոնական պատրվակ, Ալիևը միշտ ձեռքի տակ ունի պատերազմը: Ինչքան վատ է վիճակն Ադրբեջանում, ու ինչքան է թուլացել նրա իշխանությունը, որ դիմում է հերթական արկածախնդրությանը: Սա դեռ ուսումնասիրելու հարց է: Բայց հարց չէ, որ Ալիևը հերթական անգամ ստացավ արժանի պատասխան՝ զոհերով ու զինտեխնիկայի կորստով: ՊՆ-ն, ԱԳՆ-ն, ԱԺ-ն ու ՄԻՊ-ը գործեցին արագ ու համարժեք՝ ու դա գուցե անսպասելի էր Անկարայի ու Բաքվի համար՝ չի բացառվում, որ նրանց հետախուզական տվյալներով՝ Հայաստանում այնպիսի ներքաղաքական քաոս է, որ ամենահարմար պահն է ևս մեկ բլիցկրիգի: Բլիցկրիգը դարձյալ ձախողվեց: Հայկական բանակը փակեց Ալիևի երազանքների ճանապարհը:
Իսկ ի՞նչ է կատարվում միջազգային ասպարեզում:
Պնախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ` փոխանցում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,- գրել էր ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում:
«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները»,- գրել է ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքում: ԱԳ նախարարը հեռախոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որից հետո ՀԱՊԿ կայքում արտահերթ նիստի մասին տեղեկություն հայտնվեց ու հանվեց՝ հավելյալ խորհրդակցությունների անհրաժեշտությամբ պայմանավորելով: Իմա՝ ՀԱՊԿ-ում չեն կողմնորոշվել ՀԱՊԿ անդամ Հայաստանի՞ն պաշտպանել, թե՞ Ադրբեջան-Թուրքիա տանդեմին: Հայտարարություններ արեց ՌԴ ԱԳՆ-ն՝ հակամարտող կողմերին զսպվածության կոչ անելով ու հետագա էսկալացիայից խուսափելու համար իր աջակցությունն առաջարկելով։ Լավրովը նաև հայտարարեց, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման և լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելու համար: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է և նրա հետ՝ բացարձակ անընդունելի որակելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է ՀՀ տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:
Իլհամ Ալիևը ԱԽ նիստ է հրավիրել ու հայտարարել. «Դա հայկական կողմի հերթական սադրանքն է։ Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը և համարժեք պատասխան տվել` վրեժ լուծելով մեր զինվորների զոհվելու համար։ Այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվել է»: Նրա պնդմամբ՝ պատասխանատվությունը կրում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը: «Նման միջադեպեր տեղի են ունենում այդ թվում հայաստանյան իշխանությունների երկերեսանիության պատճառով: Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջությունը, երեկ և ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել թշնամուն։ Հայաստանյան իշխանությունների այդ գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում, և նրանք սպառնալիք են ներկայացնում հենց Հայաստանի համար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային բախումներում դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ «Հայաստանը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել տարիներ շարունակ Ադրբեջանի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ապօրինի օկուպացիայից և հակամարտությանը նոր մասշտաբ տալով, արգելակել հիմնախնդրի քաղաքական լուծումը»։ «Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանօրինակ վտանգավոր մարտավարությունից և ընտրի ողջամտության և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ի ցույց է դնում Հայաստանի՝ դատողություն անելու անկարողությունը և հանդիսանում է ամենամեծ խոչընդոտը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- ասված է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, թե միջազգային հանրությունը անընդունելի կհամարի «սեփական ագրեսիան կոծկելու Հայաստանի ջանքերը»: Հուսանք, որ արդեն այսօր միջազգային հանրությունը կարձագանքի եթե ոչ Արարատ Միրզոյանի ու Արման Թաթոյանի նամակներին, գոնե Լավրովի կոչին: Եվ վերջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն կանեն՝ ոչ թե կողմերին զսպվածության ու հրադադարի կոչելով, այլ ագրեսորին ագրեսոր անվանելով՝ ելնելով 2016-ի իրենց փորձից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանի կողմից որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում, և դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասել է նա կառավարության նիստում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ ծավալվող ռազմական գործողություններին։ Բայց կարող էր գոնե Աննա Հակոբյանին հորդորել, որ դադարեցնի ինքնագովազդը, երբ սահմանին հրանոթներն են կրակում: