Օրերս հրապարակվեցին Հայաստանում գործող «Գելափ ինթերնեյշնլ» սոցիոլոգիական կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքները‚ որոնք‚ ըստ հարցումների հեղինակների հավաստիացումների‚ իրականացվել էին այս տարվա հունիսին։ Այդ հետազոտության արդյունքները բավականին հետաքրքրական տվյալներ ցուցանեցին։ Եթե հիմք ընդունենք հրապարակված թվերը‚ ապա Հայաստանում գործերն առավել քան հիանալի են‚ իսկ իշխանությունների գործունեությունը հանրության կողմից‚ թերևս‚ իդեալական է համարվում։ Արձանագրված արդյունքները կարելի է գրանցել Գինեսի գրքում. վարչապետի կամ իշխանության աշխատանքը հավանության է արժանանում հարցվածների 70-ից մինչև նույնիսկ 85 տոկոսի մոտ։
Զարմանալի է‚ բայց ահա այսպիսի արդյունքներ են Հայաստանում մոլեգնող ու խորացող առնվազն երկու ճգնաժամի պայմաններում‚ որոնք ուղղակիորեն առնչվում են հարցվողների կյանքի հետ։ Առաջին ճգնաժամը կապված է համավարակի հետ‚ խնդիր‚ որտեղ թունելի վերջում այդպես էլ լույս չի նշմարվում։ Այս ճգնաժամն արդեն քրոնիկ բնույթ է կրում և տևում է մոտ 4-5 ամիս։ Երկրորդ ճգնաժամը‚ որ օր օրի է՛լ ավելի է խորանում‚ ու հարցվածներն ավելի ու ավելի են իրենց մաշկի վրա զգում‚ տնտեսական է‚ ինչը հանգեցնում է նաև սոցիալական ճգնաժամի։ Այսինքն՝ եթե մենք հավատանք սոցիոլոգիական հարցման արդյունքներին‚ ապա ստացվում է‚ որ առնվազն այն հարցվածները‚ որոնք մասնակցել են հեռախոսային այդ միջոցառմանը‚ զուրկ են բանականությունից։ Նրանց կյանքը վերջին 4-5 ամսվա ընթացքում աներևակայելի կերպով վատացել է‚ նրանց իրավունքները սահմանափակված են‚ պերմանենտ գտնվում են ինֆորմացիոն և իրավական ահաբեկչության ներքո‚ սակայն միաժամանակ գոհ ու շնորհակալ են իշխանություններից ու վարչապետից։ Այս հարցումների հիման վրա եթե որևէ միջազգային կազմակերպություն կամ այլ երկրների վերլուծական կենտրոններ փորձեն ուսումնասիրություններ կատարել‚ ապա կեզրահանգեն‚ որ հայերը տրամաբանությունից ու բանականությունից զուրկ ժողովուրդ են։
Իհարկե‚ այստեղ ոչ մի նորություն չկա։ Նախկինում էլ արված հարցումների համաձայն՝ հայ ժողովուրդը‚ անկախ նրանից՝ ինչպես են իր հետ վարվում‚ ինչ ապրուստ ունի‚ ըստ սոցհարցումների‚ դրական գնահատական է տվել գործող իշխանություններին։
Այնուամենայնիվ‚ ինչպես ցույց տվեցին թեկուզ 2018 թ. իրադարձությունները‚ մի բան են սոցհարցումների արդյունքները‚ այլ բան՝ իրականությունը։ ՈՒ ստացվում է‚ որ այն նույն ժողովուրդը‚ որն իբրև թե հավանություն է տալիս օրվա իշխանություններին‚ համախմբվում է ընդդեմ կարգախոսի ներքո‚ ողողում է փողոցները և սրբում-տանում է այն իշխանությանը‚ որին‚ ըստ սոցհարցումների‚ դեռևս մի քանի ամիս առաջ բարձր վարկանիշ էր տալիս։
Այժմ դիտարկենք‚ թե ինչով են զբաղված իշխանությունները համավարակի պայմաններում։ Իրականում այն բանից հետո‚ երբ համավարակի դեմ պայքարի կարանտինային մեթոդը ՀՀ իշխանությունները շռնդալից տապալեցին‚ մոտ երկու ամսով ամբողջովին կանգնեցրին տնտեսությունը‚ մինչ օրս ուշքի չեն գալիս և գտնվում են խոր դեպրեսիայի մեջ։ Իրականում այն‚ ինչ իրենք անընդհատ ասում են մայիսի կեսերից՝ թութակի պես կրկնելով՝ դիմակ կրել‚ պահպանել սոցիալական հեռավորությունը‚ հաճախ լվանալ ձեռքերը‚ իրականում համավարակի դեմ պայքարի իմիտացիա է‚ ինչն իշխանությունները լավ մտածված անում են՝ հասկանալով‚ որ դա խնդիրը լուծելու նվազագույն քայլն է‚ որը կախված է ժողովրդից։ Սակայն այն հարցերում‚ որոնք կախված են իշխանություններից‚ որևէ մարտավարություն‚ առավել ևս ռազմավարություն գոյություն չունի։ Ավելի շուտ՝ գոյություն ունի. ճիշտ է‚ իշխանությունները չեն խոստովանում‚ սակայն նրանք գործի են դրել‚ այսպես կոչված‚ շվեդական մոդելը‚ որը Շվեդիայում և Բելառուսում մասամբ կիրառվեց՝ հիմնվելով խոր ուսումնասիրությունների վրա‚ հաշվարկելով հնարավոր կորուստներն ու քաղաքական հնարավոր հետևանքները։ ՀՀ իշխանությունները սարքած իմիտացիաների հետևում մեկ նպատակ են հետապնդում՝ անընդհատ գործողություն ցույց տալով՝ սպասել‚ թե իրականում‚ կենսաբանական օրենքների համաձայն‚ Հայաստանում երբ համավարակը կհատի իմունային շեմը‚ որից հետո կորոնավիրուսի ագրեսիվությունը կնվազի‚ ու բնականոն կերպով իրավիճակը կմեղմվի։ Մոտ երկու ամիս է‚ ինչ մենք այդ գործընթացի մեջ ենք։ Եվ ինչպես այսօրվա առողջապահության կազմակերպիչներին ու մասնավորապես‚ վաղուց ծաղրի առարկա դարձած առողջապահության նախարարին ընդդիմախոս մասնագետներն են նշում‚ ամեն ինչ ընթանում է կենսաբանական կամ բժշկական օրենքների համաձայն‚ այլ ոչ թե այն կանոններով‚ որ իբրև թե սահմանել են ՀՀ առողջապահության կազմակերպիչն ու իր վարչապետը։ Այժմ գլխավոր խնդիրը խոցելի խմբերին վերահսկելն է‚ որպեսզի հսկողության տակ պահեն նաև ողբերգական դեպքերը։ Քանի որ կենսաբանական օրենքները չեն ենթարկվում քաղաքական օրինաչափություններին կամ Նիկոլ Փաշինյանի կանոններին‚ պարզ է‚ որ մոտ ժամանակներս որոշակի կայունություն արձանագրվելու է‚ ի դեպ‚ արդեն իսկ նկատելի է այդ կայունությունը‚ ինչը բնականաբար‚ իշխանությունները փորձելու են վերագրել իրենց հանճարեղ քաղաքականությանը։ Այսինքն՝ եթե անգամ Հայաստանում չլիներ իշխանություն‚ չիրականացվեր ոչ մի միջոցառում‚ ապա կենսաբանական այդ օրենքը գործելու էր։ Սակայն ղեկավարության անգործության պայմաններում առաջին հերթին տուժել և տուժելու է սոցիալապես խոցելի խավը‚ որը Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածում‚ ինչպես իրենք են շատ դիպուկ անվանել‚ պողոսների շարքերում գերակշիռ մաս է կազմում։
ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին. մարդիկ զբաղված են ինքնաբուժությամբ‚ յուրաքանչյուրն իր դեղերն է գնում։ ՈՒ շատ դեպքերում դրանք մարզերի բնակիչներն են‚ որոնց կենսամակարդակը‚ որպես կանոն‚ ավելի ցածր է լինում։ Խոսել այն բանի մասին‚ որ հանրության այս հատվածը‚ որ տուժում է իշխանությունների անճարությունից ու ապիկար քաղաքականությունից‚ հավանություն է տալիս իշխանությունների գործունեությանը‚ կնշանակի‚ որ մենք պողոսների գործողություններում իռացիոնալիզմ ենք տեսնում։
Ինչպես վերը նշեցինք‚ այս ճգնաժամը ժամանակի ընթացքում‚ կենսաբանության օրենքների համաձայն‚ այս կամ այն չափով լուծվելու է։ Շատ ավելի բարդ է իրավիճակը երկրորդ՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետ‚ որը բխում է առաջին ճգնաժամից։ Այստեղ խնդիրները շատ ավելի բարդ են‚ քանի որ անհրաժեշտ են իշխանությունների գործողությունները։ Մինչդեռ իշխանությունը‚ ինչպես տեսնում ենք‚ ամիսներ շարունակ բացարձակապես անարդյունավետ է գործում‚ ի վիճակի չէ ոչինչ անելու։ Տարբեր ծրագրերի ոչ իրականացման ոչ համակարգային‚ անհասկանալի մեթոդոլոգիա է կիրառում‚ որոնք իբրև թե հաշվարկված են‚ որպեսզի խիստ հասցեական լինեն‚ և հանկարծ մի լումա ոչ նպատակային չծախսվի։ Սակայն իրականում դժվար է գտնել որևէ մեկին‚ որը կկարողանա գլուխ հանել այդ բազմաթիվ խճճված ծրագրերից։ Այս առումով պարզ է‚ որ հսկայական միջոցները‚ որ դրվել են ծրագրերի իրականացման համար և իբրև թե ունեն սոցիալական հասցեագրված ու ճգնաժամի պայմաններում բիզնեսը զարգացնելու նպատակ‚ իրականում փոշիացվել են և որևէ արդյունք չեն տալիս։ Դա ակնհայտ է դառնում տնտեսական ցուցանիշները դիտարկելիս։
Վարչապետ Փաշինյանն այսօր որպես տնտեսությանը հնարավոր առավելագույն վնաս նշում է լոքդաունի պայմաններում Հայաստանում մոտ 72 հազար աշխատատեղի փակվելը‚ որից մոտ 50 հազարը‚ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ‚ մայիսի 4-ից հետո‚ երբ տնտեսությունը պաշտոնապես սկսեց աշխատել‚ վերականգնվեց։ Իրականում դա սովորական մի բլեֆ է և որևէ փաստարկով հիմնավորված չէ։ Այս պայմաններում հումորի ժանրից են հնչում ՀՀ իշխանությունների այն գնահատականները‚ թե 2020 թվականին Հայաստանի տնտեսության անկումը լինելու է 2-2,4 տոկոսի շրջանակներում։ Սա ֆանտաստիկայի ժանրից է և ցույց է տալիս‚ որ ՀՀ կառավարությունն ադեկվատ չէ օրվա մարտահրավերներին։ Եվ եթե գնահատականներում այսպիսի թվեր են արձանագրվում‚ եթե իշխանություններն իրոք նման կարծիք ունեն‚ ապա մենք տարեվերջին ավելի վատ ցուցանիշ կարող ենք ունենալ‚ քան 2008-ի ճգնաժամից հետո‚ երբ տնտեսության մեջ արձանագրեցինք 14 տոկոս անկում‚ այն դեպքում‚ որ նախատեսվում էր մոտ 9 տոկոս տնտեսական աճ։ Ամենայն հավանականությամբ իրավիճակը 2020-ին շատ ավելի բարդ է լինելու‚ իսկ թվային սխալը՝ շատ ավելի մեծ։ Այդ մասին խոսում են նաև տնտեսագետները։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մշտապես բարձրաձայնում է այս հարցը‚ նրա գնահատականներում իշխանությունները մշտապես քաղաքական բաղադրիչ են տեսնում‚ սակայն այս հարցը օրերս բարձրացրեց նաև մի մասնագետ՝ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը‚ որին ամեն դեպքում դժվար է քաղաքական որևէ շահարկման մեջ կասկածել։ Ըստ Վարդան Արամյանի՝ տնտեսության ցուցանիշի 2,4 տոկոս անկման մասին կանխատեսումները չափից ավելի լավատեսական սպասումներ են։ Արամյանի կարծիքով՝ ներկա զարգացումների և առողջապահական իրավիճակի պահպանման դեպքում շատ ավելի իրատեսական է‚ որ Հայաստանում այս տարի տնտեսական անկումն արտահայտվի երկնիշ թվերով։
Տնտեսական ճգնաժամի մեջ ամբողջ ոլորտներ են հայտնվել՝ զբոսաշրջություն‚ ռեստորանային բիզնես‚ սննդի‚ ալկոհոլային խմիչքների արտադրություն և այլն։ Այսինքն՝ Հայաստանին ոչ թե սպասում են այն պատրանքները‚ որ հանրությանը‚ այդ թվում պողոսներին‚ ներկայացնում է իշխանությունը‚ այլ շատ ավելի լուրջ ճգնաժամ։ Եվ եթե զարգացումները նույնիսկ չհանգեցնեն սովի‚ ինչպես կանխատեսել էր խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը‚ ապա իրավիճակը շատ ավելի լուրջ է լինելու‚ այն էլ անկարող‚ ոչ պրոֆեսիոնալ իշխանության պայմաններում։ Եվ դա արդեն իսկ զգացվում է։ Ֆորմալ գործազրկության կողքին մենք ունենք նաև ոչ ֆորմալ գործազրկության մեծ ցուցանիշ‚ որը վաղ թե ուշ փողոց է հանելու մարդկանց։ Հենց այն մարդկանց‚ որոնք ըստ «Գելափ ինթերնեյշնլի»՝ իբրև թե հավանություն են տալիս կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Սա վտանգավոր միտում է‚ քանի որ նման հարցումները շատ դեպքերում ընկնում են Հայաստանի‚ այսպես կոչված‚ գործընկերների ձեռքը‚ որոնք կարող են բավականին հետաքրքիր եզրակացությունների հանգել մեր ժողովրդի մտավոր կարողությունների‚ բանականության ու տրամաբանության վերաբերյալ։
Իհարկե‚ չենք ուզում հավատալ‚ որ 5 հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այս կերպ կդրսևորի իրեն։ Նման սոցհարցումները գուցե անհրաժեշտ են Նիկոլ Փաշինյանին‚ որպեսզի իր արտաքին գործընկերներին‚ մասնավորապես‚ Ռուսաստանի Դաշնությանը ցույց տա‚ որ ինքը‚ ի հեճուկս ընդդիմախոսների պնդումների կամ այն տպավորությունների‚ որոնք ստանում են աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ‚ շարունակում է վայելել ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունն ու սերը։ Գուցե արտաքին լսարանի համար նախատեսված այս հարցումները ի հայտ եկան հենց այն ժամանակ‚ երբ ՀՀ արտաքին հարաբերությունները գրեթե բոլոր ուղղություններով վատագույն սանդղակի վրա են‚ և ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը բոլոր վեկտորներից անլրջացել է‚ և ոչ ոք չի ցանկանում երկարատև ծրագրեր ունենալ ՀՀ գործող ղեկավարության հետ։ Այս պայմաններում նման սոցհարցումը‚ իշխանությունների կարծիքով‚ կարող է ամրացնել իրենց դիրքերը արտաքին քաղաքական ասպարեզում։ Սակայն այս վարքագիծը ևս մեկ անգամ ցույց է տալիս ՀՀ կառավարության միամտությունն ու այն‚ որ մերոնք պարզապես չեն հասկանում‚ թե իրականում ինչ կանոնների վրա է կառուցվում մեծ քաղաքականությունը։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ