Կարելի՞ է ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդների որոշումները դիտարկել որպես քաղաքական ասպարեզից առաջին և երկրորդ նախագահների սահուն «դուրսգրում»:
Ո՛չ: Շատ բարդ մեխանիզմ գործելու պատճառով: Ո՛չ քաղաքական: Եվ ոչ էլ նյութա-տեսանելի: Քսանմեկերորդ դարը վիրտուալի ու անտեսանելիի միքս է: Այս առումով կատարվում է անչափ հետաքրքիր պասաժ հայոց քաղաքական դաշտում, որի գիտակցումը, կարող ենք ասել, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛, նույնիսկ, Լևոն Տեր-Պետրոսյանը` յուր միստիկ-խորագետ «տեսանումով», հնարավոր է և չունեն:
Բանն այն է, որ տեղի է ունենում օրինաչափ երևույթ. մենթալ պլանները, որպես յուրօրինակ աուրայի դրսևորում, երկու նախագահների դեպքում էլ արձանագրում են իրենց մայրամուտը, ինչպես կասեր Շպինգելն իր «Եվրոպայի մայրամուտի» դեպքում:
Հայոց անկախության հաստատման «իկոնա» Տեր-Պետրոսյանը, երբ հեռանում էր 96-ին, արդեն իսկ ավարտել էր իր միսիան հայոց ճակատագրում: Ասել ենք` Լևոնի հատակում նիրհում են երկու Լևոն. մեկը գենետիկորեն ամուր, նախնիների հաղթանակների փաղանգը ձեռքին, իմաստնության դռներին ման եկած, և մյուսը` ամբիցիաների թնջուկ, լյուցիֆերյան հպարտությամբ օժտված, միստիկ մենամարտում շատը քչին տանուլ տված, շնորհի ստացականը սեփական անձի համար անցագիր դարձրած Լևոն:
Ընդ որում, 2008-ին քաղաքական ասպարեզ վերադարձավ հենց այս` երկրորդ Լևոնը, ավելի ստույգ` հոգեդարձ ունեցավ ինքն իրեն չհաղթած Լևոնը, ով տասը տարի իր «սև շենքում» ոչ թե չափաբանել էր կատարվածի իրական կշիռը, այլ ունեցած բոլոր կշեռքներին դրել իր վիրավորված ինքնակալությունը: Եվ ուրիշ ոչինչ: ՈՒ նա դուրս եկավ իր քարանձավից` այդպես էլ չհաղթած իրեն, եկավ ու իր ներքին պարտությունը տարածեց այս հողի վրա, ինչպես իր հաղթությունն էր տարածել անկախություն ձեռք բերելու, ղարաբաղյան պատերազմը շահելու օրերին:
Զուտ մարդկայնորեն կարելի է ցավ ապրել այս ամենի համար: Սակայն սա նույնպես օրինաչափ է: Ընդ որում, որքան էլ տարօրինակ, հոգեդարձերի բոլոր շրջապտույտներում Տեր-Պետրոսյանին օգնության է հասել Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս «միստիկ» հատակն ու տեսակային փոխկանչը: Այո, բոլոր ժամանակներում Տեր-Պետրոսյանն ակամա ներքուստ «կանչել» է Քոչարյանին (Դավիթը` Շահնազարյան, գնացել էր Ղարաբաղ` Արթուր Մկրտչյանի մահից հետո, հասկանալու, թե ում են «տալիս» իրենք ղարաբաղյան «տրոնը», վերցրել ու համբուրել էր հատկապես Քոչարյանի ճակատը. սա էլ մի ուրիշ միստիկ պատմություն է` մնացած ողջ գիտակցական կյանքը Քոչարյանի դեմ պայքարած Շահնազարյան Դավիթի հատուցման տասնաբանյայում):
Իսկ կանչել է Տեր-Պետրոսյանը Քոչարյանին, որովհետև ինքը չի զորել առերևույթ այդքան պրագմատիկ լինելու. նախնիներն ու ինտելեկտը, բոլոր դեպքերում, խանգարել են, սակայն ցանկությունների ու շարժառիթների մակարդակում նա նույնական է եղել «Հայր մերը» չիմացող Քոչարյանի հետ։ Քոչարյանի հետ նա` թե՛ Արթուր Մկրտչյանի, թե՛ 1998-ի (Լևոնը գնացել էր Քոչարյանի ինաուգուրացիային), թե՛ 1999-ին (հոկտեմբերի 27-ից հետո Լևոնը կոչ էր արել բոլորիս` համախմբվել Քոչարյանի շուրջը. եթե ուզում եք` քար նետեք վրաս, իր մտերիմները միշտ ասում են, որ նա այդպես էլ չներեց ոչ թե Քոչարյանին, այլ Վազգենին` 98-ի փետրվարյան հեղաշրջման համար), թե՛ 2008-ի մարտի մեկին, երբ գլխավոր «ախրաննիկ» Գրիշա Սարգսյանը, Տեր-Պետրոսյանի ապահովությունը պահպանելու համար, ձերբակալեց նրան` տնից դուրս գալ չթողնելով։ Հետո էլ այս օրերի ԲՀԿ-ի մասին Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն էր…
Հիմա, կամա-ակամա, երկու նախագահներն էլ առերևույթ հետ են քաշվում: ՈՒ դրանում մեկ շատ կարևոր խնդիր կա` արդյո՞ք ամեն բան եռաց ու թափվեց վերադարձած Լևոնի հատակից, ու երբ երկրորդ անգամ էներգաթափ եղած հայոց ջրերի միջով անցնելով «սև շենք», նա հաշտված կլինի՞ աշխարհի ու ինքն իր հետ, այլևս անիմաստ համարելով «կանչել», պտույտի մեջ դնել իր երկրորդ «եսին», հավերժ փոխկանչվող երկրորդ նախագահին, որի իրական գեներացիան հենց ինքն է, որ կա։ Եվ Քոչարյանն էլ այսօրվա խաղում առաջ չեկավ ոչ թե ԲՀԿ-ի չմասնակցության, այլ Տեր-Պետրոսյանի էներգաթափման պատճառով. Լևոնին էներգիան չի հերիքում` նույնիսկ Քոչարյանի շոգեքարշության դեպքում:
Նրանց այս խաղում կարող էր լոկ օգնել իրենց երբեմնի «գորշ կարդինալը»` Սերժ Սարգսյանը, սակայն վերջինս այլևս այլ «չափումներում» է, հետո էլ, ոնց պարզվեց, նույնական է նրանց հետ` լոկ «в смерти», սակայն, ինչպես երևում է, նա հաջողում է նաև «в любви»:
Էս մեկն ավելի բարդ թեմա է: Չնայած ժամանակ կունենանք արծարծելու:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ