Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ոչ-ոքի` հաղթած դիրքում

Ոչ-ոքի` հաղթած դիրքում
18.08.2009 | 00:00

ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Ջերմուկում հասարակածն է հատել ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ մրցաշարը: Քսան շախմատիստները պարտավոր են մասնակցել մրցաշարերից չորսին. յուրաքանչյուրին մասնակցում է 14 գրոսմայստեր: Ամեն մրցաշարից հետո խաղացողները ստանում են հաշվարկային միավորներ: Ընդհանուր արդյունքում երկու լավագույններն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մինչև Ջերմուկի մրցաշարը մասնակիցների վաստակած հաշվարկային միավորները.
Շաբաթ օրը կայացած վեցերորդ խաղափուլում սպիտակներով իր հերթական հաղթանակը տոնեց Լևոն Արոնյանը: Երկարատև պայքարից հետո նա ստիպեց անձնատուր լինել իսրայելցի Բորիս Գելֆանդին: Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Կասիմջանովը սևերով հաղթեց Ինարկիևին, իսկ Ալեքսեևը սպիտակներով` Չեպարինովին: ՈՒշագրավ է, որ 73-րդ քայլից հետո խաղատախտակի վրա, արքաներից բացի, մնացել էին սպիտակների մեկական ձի և փիղ. սա տեսականորեն հաղթած դիրք է, սակայն, ի զարմանս բոլորի, բուլղարացին դեռ 16 քայլ էլ խաղաց` ստուգելով մրցակցի փղով ու ձիով մատ հայտարարելու կարողությունը: Այս խաղափուլում ոչ-ոքի ավարտվեցին Յակովենկո-Կարյակին, Լեկո-Բաքրո պարտիաները: Զավեշտալի ավարտ ունեցավ Իվանչուկ-Կամսկի հանդիպումը: Կամսկին ուներ բացահայտ հաղթած դիրք, բայց Իվանչուկի պահանջով արձանագրվեց ոչ-ոքի: Բանն այն է, որ շախմատում կա «50 քայլի կանոն». եթե 50 քայլի ընթացքում դիրքը չի փոխվում, այսինքն` չի փոխանակվում ոչ մի ֆիգուր, և զինվորները չեն տեղաշարժվում, ապա արձանագրվում է ոչ-ոքի: ՈՒ թեև Կամսկին փորձեց բողոքել, սակայն մրցավարներն անողոք էին. կանոնները խախտել չի կարելի:
Հաջորդ տուրը չափազանց անհաջող դասավորվեց մեր շախմատիստների համար: Նրանք խաղում էին սևերով և երկուսն էլ տանուլ տվեցին. Արոնյանը զիջեց Էլյանովին, Հակոբյանը` Կարյակինին: Առհասարակ, կիրակի օրվա տուրն ամենաարդյունավետն էր մինչ այդ կայացածների մեջ: Գրանցվեց ընդամենը մեկ ոչ-ոքի` Կասիմջանով-Իվանչուկ պարտիայում: Մյուս պարտիաներում Բաքրոն հաղթեց Յակովենկոյին, Գելֆանդը` Ինարկիևին, Ալեքսեևը` Կամսկուն, Լեկոն` Չեպարինովին:
Երեկ կայացած 8-րդ փուլում մեր երկու գրոսմայստերներն էլ սպիտակ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեցին: Արոնյանի ոչ ճիշտ 26-րդ քայլից հետո նրա մրցակից Կարյակինը ստացավ առավելություն, սակայն իր հերթին սխալ թույլ տվեց 27-րդ քայլում, և մի շարք փոխանակումներից հետո մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի: Սա սպիտակ խաղաքարերով Լևոնի առաջին ոչ-ոքին էր. մինչ այդ նա հաղթել էր իր բոլոր «սպիտակ» պարտիաներում: Հակոբյանն ու Բաքրոն էլ մոտավորապես հավասար դիրքում պարտիան ոչ-ոքի ավարտեցին քայլերի կրկնությամբ: Այս տուրում, առհասարակ, մրցակիցները տրամադրված էին խաղաղասիրաբար. միավորը կիսեցին նաև Ինարկիևն ու Էլյանովը, Ալեքսեևն ու Կասիմջանովը, Չեպարինովն ու Կամսկին, Լեկոն ու Յակովենկոն: Եվ միայն Իվանչուկն առավելության հասավ Գելֆանդի նկատմամբ:
Ութ տուրից հետո առաջատարներն են Լեկոն ու Իվանչուկը` 5,5-ական միավոր: Կասիմջանովն ունի 5 միավոր: Լևոն Արոնյանը ևս երեք շախմատիստի հետ 4,5-ական միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Հակոբյանը 3 միավորով բաժանում է 11-13-րդ տեղերը:
Այսօր մեր գրոսմայստերները կխաղան սև խաղաքարերով: Արոնյանը կմրցի ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի, իսկ Հակոբյանը` ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ