Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մենք եղածը քանդում ենք, իսկ հարևանները` կառուցում

Մենք եղածը քանդում ենք, իսկ հարևանները` կառուցում
24.07.2009 | 00:00

ԱՆՍԱՌՈՒՅՑ ՍԱՀԱԴԱՇՏ
Նախատեսվում է 2010-ի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության խմբային երրորդ մրցաշարն անցկացնել Երևանում։ Այս մասին խոսվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված մամուլի ասուլիսում։ Ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ամերիկացի Դուգլաս դի Չեզարեն։ Նա ասաց, որ թիմը համալրված է հայազգի մարզիկներով, որոնց մի մասը ներկայացնում է ԱՄՆ-ը։ Օվկիանոսից այն կողմ նրանք լիարժեք պարապում են, քանզի ունեն մարզումային հիանալի պայմաններ։ Նույնը չի կարելի ասել Հայաստանում ապրող մեր սաների մասին, բայց պետք է խոստովանել, որ նրանց մեջ ևս շնորհալիները քիչ չեն։ Հայաստանցի հոկեյիստներն առայժմ հարկադիր պարապուրդի են մատնված, որովհետև սահադաշտ չունեն։
Մտորելու տեղիք տվեց ամերիկացու խոսքը` սառույց չկա։
Տարածաշրջանում «սառույց» երբեք չի ունեցել Ադրբեջանը։ Բայց այդ երկիրը հսկայական գումարներ է տրամադրում Մոսկվային, որ իրենց օլիմպիականներ «նվիրի»։ Մյուս հարևանը` Վրաստանը, ձմեռային խաղերում մշտապես մասնակից է ունեցել, թեև միայն անցած տարի է Բաթումում գեղասահքի մարզադպրոց բացվել։ Մենք երկուսն ենք ունեցել, բայց... Երևանի Շենգավիթ համայնքի գեղասահքի մարզադպրոցը երբեք այսքան խեղճացած տեսք չի ունեցել։ Նույնիսկ մութ ու ցուրտ 90-ականներին տնօրենությունը կարողացել է սառույցը պահպանել, աշխույժով լցնել սահադաշտը։ Պարբերաբար կազմակերպվել են տարբեր կարգի մրցաշարեր, էլ չենք խոսում հայ գեղասահորդների հաջողությունների մասին։ 32x30 մ չափսերի փոքր սահադաշտում են վարպետացել և ԽՍՀՄ գավաթը նվաճել քույր ու եղբայր Հասմիկ և Գուրգեն Վարդանյանները, տարիքային տարբեր խմբերում համամիութենական մրցանակների արժանացած Սահակ Մխիթարյանը, Արմեն Ասոյանը, Արամ Վլաասյանը, Արամայիս Գրիգորյանը, Սուրեն Աշխատոյանը, Արարատ Զաքարյանը, Սամվել Հայրապետյանը։ Բոլորը եղել են ԽՍՀՄ հավաքականների անդամներ և թեկնածուներ։
Անցած մրցաշրջանում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը և Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն այցելեցին երկրի միակ գեղասահքի մարզադպրոց։ Մարզօջախի այն ժամանակվա տնօրեն Սամվել Խաչատրյանին պարգև հանձնվեց, սակայն հունիսին դաշտի սառույցը հալեցրին, և մինչև օրս մարզադպրոցում անդորր է։ Լավ է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մրցասպարեզը շահագործման հանձնվեց, և գերժամանակակից սարքավորումները տարվա բոլոր եղանակներին սահադաշտը «աշխատանքային» վիճակում են պահում։ Բայց սա շատ քիչ է. սահել ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ նույնիսկ մի քանի սահադաշտ ունենալու պարագայում պահանջը չի բավարարվի։
Երևանի օպերային թատրոնին հարակից «Կարապի լիճը» ձմռան ամիսներին վերածվում է սահադաշտի։ Քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող բացօթյա այս սահադաշտում օրնիբուն չմշկորդներ են «հերթապահում»։ Գալիս են մեծ ու փոքր երևանցիները. նույնիսկ ընտանիքով սահողներ կան։ Այնպիսի տպավորություն է, որ «Կարապի լճի» այցելուների օրական թիվն անհամեմատ ավելին է, քան որևէ այլ մարզօջախինը։ Հետևությունը մեկն է` մեզանում սիրում ու գնահատում են չմշկասահքը և որպես դրա անմիջական արտահայտություն` գեղասահքն ու տափօղակով հոկեյը։
Այնուամենայնիվ, հետաքրքիր է` ինչո՞վ են զբաղված Շենգավիթի մարզադպրոցի տասը մարզիչներն ու նրանց ղեկավարած 21 խմբերում պարապող շուրջ 280 երեխաները։ Չգիտենք։ Թերևս մի մասն օրն անցկացնում է «Կարապի լճում» (ձմռանը), մի մասն էլ` ՄՀՀ-ում։ Հիշո՞ւմ եք Քանաքեռի ալյումինի գործարանի հրաշալի սահադաշտը։ Երկրի անկախացումից հետո այն ընդամենը յոթ ամիս իր նպատակին ծառայեց, ապա թալանվեց և արդեն քանի տարի անտերության է մատնված։
Գեղասահքի այս երկու դպրոցները ստեղծվել են խորհրդային տարիներին, սակայն անկախության շրջանում դադարել են գործել։ Անկախությունը մարզաշխարհի մարդկանց երազանքն էր։ Հիշենք թեկուզ Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային օլիմպիադան, գեղասահքի մրցաշարը։ Մարզապալատի բարձրաշխարհիկ հանդիսատեսները տարբեր երկրներից էին, սակայն նույն ոգևորությամբ էին ցավում սպորտն ու արվեստը համադրող գեղասահորդների և հոկեյիստների համար։ Աշխարհի հարյուրավոր երկրներից ընդամենը տասն էին ներկայացնում օլիմպիական գեղասահքը, և այդ տասից մեկը մեր հայրենիքն էր։ Մրցաշարից հետո հիասթափվեցինք. ծանոթ, թե անծանոթ հեգնում էին` ո՞ւմ էին պետք Հայաստանը ներկայացրած գեղասահորդները, որ մեդալակիր չդարձան։ Մարդիկ չէին կարևորում, որ համաշխարհային հեռուստադիտողը, մարզասերը կարդացին ու լսեցին «Հայաստան» անունը, որը, թեև տարածքով փոքր է և բնակչությամբ` սակավաթիվ, բայց գեղասահքի հզոր ավանդույթներ ունեցող գերտերությունները հաշվի են նստում նրա պատվիրակների հետ։ Նման մտածողությունն է նաև պատճառը, որ մեր հայրենակիցներին ցավ ու ափսոսանք չեն պատճառում թալանված ու փակված սահադաշտերը։ ՈՒզում ենք Շենգավիթի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին հիշեցնել, որ մեր հարևան երկրներում նոր են սկսում կառուցել ձմեռային մարզաձևերի կենտրոններ, իսկ մենք ոչնչացնում ենք եղածը։ Գոնե չենք գնահատում, որ, օրինակ, Շենգավիթի հիշյալ մարզօջախը փոքր կառույց է և համեստ գումարներով էլ կարելի է աշխատեցնել այն։
Հետաքրքիր է` մեր ձայնը տեղ կհասնի՞, վերևներում լսողներ կլինե՞ն։ Հիշենք, որ տափօղակով հոկեյի աշխարհի 2010 թվի առաջնության խմբային մրցաշարը պետք է անցկացվի Երևանում։ Սա ամրագրված է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի օրացույցում։ Հայ մարզասերը հաջողություն է ակնկալում իր երկրի հավաքականից, իսկ մեր թիմի մշտական մարզավայրը եղել է վերոհիշյալ մարզադպրոցը, որը պետք է վերստին շահագործման հանձնել։ Հետևողական աշխատանքի պարագայում կարող ենք նաև օլիմպիական խաղերի մասնակցել։ Խաղային մյուս մարզաձևերից (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ) հոկեյն առանձնանում է նրանով, որ այստեղ բարձրահասակ լինելը պարտադիր պայման չէ, ցածրահասակ խաղացողներով նույնպես կարելի է մարզական բարձունքներ նվաճել, մանավանդ որ Հայաստանի մարզական դրոշի պատիվը սիրով ու հոժարակամ են պաշտպանում հավաքականի բոլոր խաղացողները։ Սփյուռքահայ հոկեյիստներն իրենց հայաստանցի թիմակիցներին օգնում են գույքով ու հանդերձանքով։ Բոլորն օժտված են ազգային արժանապատվությամբ ու շահադիտական նպատակ չեն հետապնդում, բայց զարմացած են, որ երկրի միակ սահադաշտը չի գործում։ Ակամա հարց է ծագում` Հայաստանի հոկեյի ապագայի մասին խաղացողնե՞րն են ավելի շատ հոգում, թե՞ համապատասխան պաշտոնյաները, ովքեր ընտրարշավների ժամանակ կոկորդ պատռելով գլխից մեծ խոստումներ են տալիս։
Չե՞ք կարծում, որ խոստումն իրականություն դարձնելու ժամանակը վաղուց է եկել, պարոնայք «երդվյալ» պաշտոնյաներ։
Ալբերտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ