Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նշաձողն իջեցրել են հօգուտ դիմորդի

Նշաձողն իջեցրել են հօգուտ դիմորդի
28.07.2009 | 00:00

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուլիսի 26-ին ավարտվեցին բուհական ընդունելության քննությունները։ «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) քննության համար հայտագրվել է 625 դիմորդ, շատ ավելի, քան նախորդ տարիներին։ Առարկայական հանձնաժողովի նախագահ ՌԻՏԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում այս առարկայի նկատմամբ հետաքրքրությունը երկու գործոնով բացատրեց. նախ՝ կան դիմորդներ, ովքեր դիմել են հարակից ֆակուլտետներ, սակայն որոշել են բախտը փորձել նաև այս առարկայից։ Մյուս կողմից, դիմորդների թվի ավելացումը հանրակրթական դպրոցներում իրավիճակի շտկման արդյունք է։
Առարկայական հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս տարի առաջին անգամ մշակվել են հատուկ չափորոշիչներ, որոնք ապահովել են համասեռ գնահատականներ և առավելագույն չափով բացառել սուբյեկտիվ դրսևորումները։
Դիմորդների ընդհանուր մակարդակը, ըստ Ռ. Սաղաթելյանի, մխիթարիչ չէր. «Թեստային համակարգը նպաստում է, որպեսզի դիմորդները ծանոթանան դպրոցական ամբողջ ծրագրին, ինչի արդյունքով բացարձակ անտեղյակ դիմորդների թիվը նվազել է։ Սակայն թեստային համակարգն ինչ-որ առումով խանգարել է. դիմորդները հատկապես կաղում են նախադասության վերլուծությունից, ինչը թեստային առաջադրանքներում ներգրավված չէ»։
Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև հայոց լեզվի և գրականության միասնական քննություններին. «Թեման բավականին վիճահարույց էր, սակայն, ըստ իս, թեստերը կազմված էին բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, և, ըստ երևույթին, նաև դա էր պատճառը, որ դիմորդները չկարողացան հաղթահարել բարձր գնահատականների շեմը։ Թեստերը դպրոցական ծրագրերի շրջանակներում էին։ Թեստաբանության առանցքային խնդիրներից մեկն էլ այն է, որ բոլոր պատասխանները պետք է ճշմարտանման լինեն, և թեստ կազմողները կարողացել էին հավատարիմ մնալ այդ սկզբունքին։ Պարզապես դիմորդների մակարդակն է ցածր։ Ես չեմ ցանկանում դա կապել միայն հանրակրթության հետ, որովհետև երեխան դաստիարակվում, կրթվում է ոչ միայն դպրոցում, այլև ընտանիքում, հասարակության մեջ։ Այդ հիմքը խախտվել է, և մեկ տարվա ընթացքում ամբողջ «օվկիանոսը խմելն ու մարսելը բարդ է»։
Անբավարար ստացած դիմորդների թիվն այս առարկայից բավականին մեծ է. հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ` դրանք այն դիմորդներն են, ովքեր չունեն տարրական գիտելիքներ հայոց լեզվից և հայ գրականությունից։ Նման դիմորդները քիչ չեն, կան նաև այնպիսիք, ովքեր ենթական ստորոգյալից չեն տարբերում. «Տեսական հարցերից բացառել ենք բայահիմքերը, քանի որ դա բարդ հարց է, ուստի միջին գնահատականի հավակնող դիմորդը բայահիմքը կարող է նաև չիմանալ, բայց եթե բարձր միավորի է հավակնում, պարտավոր է դա իմանալ, ինչպես նաև երկրորդական նախադասության բնույթը»: Հայ գրականությունից վերլուծություններ առանձնապես չեն պահանջվում, պարզապես դիմորդները պետք է պատկերացում ունենան գրողի ապրած ժամանակաշրջանի, գրական ուղղության մասին, տեղյակ լինեն տվյալ ստեղծագործության գաղափարական բովանդակությանն ու սյուժեին։
Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ ստիպված են դրական միավորի նշաձողը բավականին իջեցնել և ընդառաջում են երեխաներին` անբավարար-բավարար միավորների շեմը մոտ լինելու դեպքում։ Նա նաև հավաստիացրեց, որ իրենց միակ նպատակը լավ ուսանող ընտրելն է: ՈՒրախանում են, երբ մի լավ պատասխան են լսում. հանձնաժողովի բոլոր անդամները հավաքվում, ունկնդրում են այդ եզակի դիմորդներին։
Ինչ վերաբերում է բողոքարկողներին, դրանք հիմնականում դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներն էին, ու թեև հանձնաժողովի նախագահն իրավունք ուներ բողոքարկման դեպքում նաև միավոր(ներ) իջեցնելու, սակայն այդ քայլին չի դիմել։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2938

Մեկնաբանություններ