Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պատառիկներ վերջին «Ծիրան»ազրույցներից

Պատառիկներ վերջին «Ծիրան»ազրույցներից
24.07.2009 | 00:00

«ՆՈՐ ԿԻՆՈՅԻ ԲԱՆԱՁԵՎԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ»
«Լաթար» հյուրանոցային համալիրում մրցանակաբաշխությունից հետո մտահղացված վիկինգյան վերջնահանդեսով (լուսազերծված գիշերային խավարը ցրվում է բոցավառվող խոտի դեզերով, «մատաղացու» ոչխարները մորթվում են բացօթյա ընդարձակ սրահում և քերթվում` հարակից ծառերից կախված, ազգագրական պարի (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան) խրոխտ ռիթմերի ներքո...), ըստ էության, «ամփոփվել» էր Երևանյան միջազգային վեցերորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Արդյունքների քննարկման ակնկալիքով երբեմնի «Երևան» (այժմ` «Golden Tulip») հյուրանոցի ճեմասրահում էքսկլյուզիվ զրույց եմ վարում միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Կոհեյ Օգուրիի հետ մինչ ավարտական լրագրահավաքը։
Ճապոնացի մեծահամբավ կինոգործչի բարեհաճությանն արժանանալով` արտամրցութային ծրագրում ընդգրկված իր հեղինակած ֆիլմերից վեցի ընդհանուր անկեղծ գնահատությամբ` մրցակցած 11 կինոժապավեններից նրա ստացած տպավորությունները համադրում եմ ունեցածիս։ Հուսալով, որ Շոն Բեյքերի (ԱՄՆ) «Բրոդվեյի արքայազնը» և Անդրեյ Խրժանովսկու (ՌԴ) «Մեկ ու կես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք» կինոնկարների գեղարվեստական արժանիքների երկուստեք բացահայտումը կամբողջանա ամփոփիչ ասուլիսում, տեղափոխվում ենք մամլո սրահ։ Ավա՜ղ։ Լաթարյան գիշերային զգայացունց խրախճանի տրամադրությամբ ողողված սակավամարդ սրահում հնչում են փառատոնի նախագահի և մրցութային հանձնախմբերի ներկայացուցիչների միաձայն գոհունակությունն ամրագրող հիացական արտահայտությունները` հետին պլան մղելով խոսքուզրույցի անհրաժեշտությունը։ ՀՀ սփյուռքի նախարարության սահմանած «Լավագույն սփյուռքահայ ֆիլմ» նորահնար մրցանակն է շնորհվում Վարուժ Քարիմ-Մասիհիի (Իրան) «Վարանում» խաղարկային ժապավենին` հեղինակի բացակայությամբ։ «Մեր փառատոնը փայլուն ավարտի հասավ,- ուրախությամբ հայտարարում է հրաժեշտից առաջ Հարություն Խաչատրյանը,- մեզ մնում է ճանապարհ հարթել նրա 150 ֆիլմերի համար դեպի այլ փառատոներ»։ ԿՈՀԵՅ ՕԳՈՒՐԻՆ այնուհետև վերջակետում է մեր անավարտ մնացած զրույցը. «Ինչո՞ւ ենք կինոփառատոն կազմակերպում։ Որպեսզի իմանանք և ճանաչենք, հասկանանք մեզ անծանոթ ուրիշներին։ Մշակույթը թափանցում է երկրների մեջ։ 100 տարի հետո մշակույթներն այնքան են խառնվում, որ չի կարելի ասել` որը որինն է։ 20-րդ դարի կինոն եղել է հեշտ հասկանալի, ինչպես այժմ ինտերնետն ու հեռուստացույցն են։ 21-րդ դարի ֆիլմը պետք է վերադառնա լոկալիզմին, և լոկալ հարցերին պետք է անդրադառնալ փառատոների միջոցով»։
Մրցանակակիր ֆիլմերը դիտելով` միանգամայն ընդունում եմ «Ոսկե ծիրան» շահածների արժանավորությունը (իհարկե, բացառելով զուգահեռների անցկացումը)։ Վրացի կինոբեմադրիչ Գեորգի Օվաշվիլու դեբյուտային լայնամետրաժ «Մյուս ափը» ֆիլմում վրաց-աբխազական պատերազմի իրական պատկերը խոհազգացական համարժեք ներգործություն է ունենում ողջ հանդիսասրահի վրա։ Կցկտուր պատկերացումները գեղարվեստորեն ճշգրտվում են գլխավոր հերոսի` 12-ամյա Թեդոյի (Թեդո Բեխաուրի) դժվարին ուղևորության ընթացքում հայրենիքի մի ափից մյուսը` Թբիլիսիի մերձակա գյուղերից մեկում անբարո գոյատևող մորից դեպի ավերակված Տկվարչելիում երկրորդ ընտանիքը կազմած հայրը։ Պատերազմական խառնիճաղանջում ժամանակից շուտ հասունացած, փոխաբերական և ուղիղ իմաստով համակողմանի ընչազրկված պատանյակը, ակամա, դուրս է մնում կյանքի բնականոն հունից` չդադարելով երազել Աֆրիկայում ապրող փղերի ու ընձուղտների մասին։ Խորունկ մարդասիրությամբ ներթափանցված «Մյուս ափը» ամենացավոտ, բյուրավոր անմեղների արյամբ ցողված հակամարտությունների պարզ մեկնաբանությամբ էլ հենց նվաճում է էկումենիկ ժյուրիի համակրանքը` Գվիդո Կովենտսի (Բելգիա) և Դենիս Մյուլլերի (Ֆրանսիա) մեջընդմիջվող հավաստմամբ։
Դանիացի կինովավերագրող Անդերս Օսթերգորդի «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» «Ոսկե ծիրան»ակիր ֆիլմը մեկուկես ժամ կենտրոնացած է պահում հանդիսատեսի ուշադրությունը Բիրմայում հաստատված 19-ամյա ռազմական բռնապետության դեմ ընդվզած բուդդայական վանականների բողոքի ցույցի 6-օրյա պատումի ողջ ընթացքի վրա։ Քաղաքական հախուռն իրադարձության զարգացումը, վտանգելով կյանքը, տեսագրել են մոտ 20 անանուն մնացած անմիջական մասնակից ռեժիսորներ։ Օսթերգորդին հաջողվել է դրամատիկ հրապարակախոսական շեշտադրությամբ մոնտաժել իր գործընկերների անջատ տեսանյութերը։ Եվ, աննկատ, արյունալի հակամարտության ոլորտում ներառելով հանդիսատեսին, վարակել վառոդի ու արցունքաբեր գազի ծխի մեջ կորած աղավնիների կորստյան տագնապով։ Բացառիկ այս ֆիլմի և տարաստիճան ներդաշնակմամբ արված մյուս երկու ընտրյալների մասին այսպես է արտահայտվում միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԴՆՅԱՆՍԿԻՆ. «Նոր հայացք ենք փնտրում հայտնի իրողությունների բացահայտման։ Առաջնահերթություն չենք տվել ֆիլմերի քաղաքական հրատապությանը, չենք սահմանափակվել ռեժիսորական մասնագիտական առավելություններով։ Պատվոգրի արժանացած «Մալեգաոնի գերմարդիկ» (Հնդկաստան, ռեժիսոր` Ֆայզա Ահմադ Խան) սրամիտ, ժամանակի մասին մոռացնող ֆիլմը հեռու է գեղարվեստական չափանիշներից... «Արծաթե ծիրան»ակիր «Ողջերը» (ՈՒկրաինա, ռեժիսոր` Սերգեյ Բուկովսկի) գուցե անհամաձայնություն առաջացնի, բայց գերազանց մասնագիտական «փայլ» ունի»։
Իրենց ճանաչողական նշանակությամբ ուշագրավ էին «Ծիրան»ացանկում եղած 24 վավերագրական ֆիլմերից շատերը։ «Թեհրանը լուսանկարներում» (Իրան, Ռոբերտ Սաֆարյան), «Անապատի հարսնացուները» (Իսրայել, Ադա Աշպիզ), «Ամպերում դեմքեր փնտրելու մասին» (Նիդեռլանդներ, Սանդեր Բլոմ), «Երբ սատկում ես կատվի պես» (Կանադա, Զորան Մասլիչ), «Ավետիս» (ՀՀ, Աշոտ Մկրտչյան), «Գյումրի» (Չեխիա, Յանա Շևչիկովա)... Բայց դրանց մեծամասնությունը պարզապես վատ էր խմբագրված։ Եվ շուտով ձանձրույթ էր պատճառում, ինչպես և խաղարկային որոշ ֆիլմեր. ի դեպ, նաև` արտամրցութային։ Էդվինի «Կույր խոզը, որն ուզում էր թռչել» (Ինդոնեզիա) ֆիլմի հակագեղագիտական տաղտուկում դժվարանում ես գտնել չինացի գաղթականի հոգևոր երկվության ու անկման բացահայտման բանալին` առանց ռեժիսորի մանրակրկիտ պարզաբանումների։ Ճաշակի և բարձր պրոֆեսիոնալիզմի հեղհեղուկության արդյունքում նյարդայնանում ես խճանկարային անհամ անցումները, իբր, միաձուլող լեյտմոտիվային կրկնություններից` Սթիվի ՈՒանդերի «I Just Called to say i love you» հանրածանոթ սիրելի երգով։ Սեռական մտահոգվածության ինքնանպատակ կնիքով անհրապույր են դառնում ու պարզունակ «Ֆերդիդուրկե», «Կանանց սպասելիս», «Աբսուրդստան», «Կանոնները փոխվել են» և մի շարք այլ խաղարկային ու վավերագրական ժապավեններ։ Դիահերձարանի միայնակ ու աննկատ աշխատողի ծածուկ, բավարարություն չգտնող տռփանքի պատմության անհեթեթ միագիծ տրամաբանությամբ «4 գիշեր Աննայի հետ» կինոժապավենը հընթացս «ձերբազատվում» է թվացյալ հոգեբանական դրամատիզմից։ Մարդկային փոխհարաբերությունների խորքերը ներթափանցելու իմաստնությամբ տպավորվում են Քրիստիան Փեցոլդի (Գերմանիա) «Երիքովը» և Ֆրեդերիկ Բալեգջյանի (Ֆրանսիա) «Մեր սեփական աշխարհը», Անջեյ Վայդայի «Խնկեղեգն» ու Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրոն»` Ռոբ Նիլսոնի, Սերգեյ Սոլովյովի և Կոհեյ Օգուրիի ֆիլմաշարերին չզիջելով գեղարվեստական ընդհանրացման կառուցիկությամբ, ինտրիգող անցումներով, ներքին ու արտաքին զարգացումների ներդաշնակությամբ։ Հայ կինոսիրողի համար վեցերորդ «Ոսկե ծիրանի» հայտնությունը դարձավ համշենահայերից սերող թուրք ռեժիսոր Օզջան Ալփերի «Աշունը» առաջին լիամետրաժ աշխատանքը, որի մտահղացումն ամբողջացել էր երկու տարի առաջ, փառատոնի ՌԱՍ ամենամյա համաժողովում։ Համշենահայերենով, թուրքերենով ու վրացերենով Ալփերը հիասքանչ բնապատկերների հակադրամիասնությամբ զուսպ ու հանդարտ պատմում է ազատագրական պայքարում կրած ֆիասկոյից վաղաժամ մահկանացուն կնքող Յուսուֆի վերջին կենսազուրկ օրերի մասին` ավարտական տեսարանի զգայական ներգործությունը կիզակետի հասցնելով հինավուրց հայկական ողբի ներքո փոփոխվող մունջ պատկերներով։ Թևավորված Կոհեյ Օգուրիի և FIPRESCI-ի մրցանակներով` երիտասարդ կինոգործիչը, ով ազգայնամոլության ֆաշիստական դրսևորումներին կյանքում էլ ընդդիմանում է իր գլխավոր հերոսի` Յուսուֆի արիակամությամբ, խոստանում է շուտով հայ կինոսիրողին ներկայանալ Տիգրանակերտում մնացած վերջին հայի մասին պատմող նոր աշխատանքով։ «Ծիրան»աշփումները խթանել են Ալփերի երևակայությունը ոչ միայն նոր կինոգույներով, այլև գենետիկ տարեգրության հարստացմամբ։ Այս առումով առանձնանում է «Հայկական համայնապատկերի» գլխավոր մրցանակակիրը` Արկա Մանուկյանի «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմը, որի արտիստիկ որակը զարմացրել է ժյուրիի նախագահ ՀԱՅԿ ԲԱԼՅԱՆԻՆ (Նիդեռլանդներ). «Շնորհառատ ռեժիսորի այս ֆիլմն ունի բազմաթիվ շերտեր, փիլիսոփայություն, տակառագործությամբ զբաղվող Ցականյանների տոհմի մասին հումորով պատմելով` բարձրացնում է ժառանգականության կարևոր հարցեր, լավ խմբագրված է, պատկերներն էլ հրաշալի են»։ Ի տարբերություն Հայկ Բալյանի, ես զարմանում եմ, որ խաղարկային ժյուրիի ուշադրությունից վրիպել է Անջեյ Կրակովսկու տարբեր անվանակարգերով քառակի մրցանակված «Պալադինին որոնելիս» ֆիլմը։ Արդյոք այդպիսով չի՞ ստվերվում անվանի կինոբեմադրիչի մոտ կեսդարյա ստեղծագործությունը, որն ընկած է կինոկրթության ծրագրերի հիմքում։ «Շատ ջերմ ֆիլմ է ստացվել,- իր «Պալադինի» մասին ասում է Կրակովսկին։- Հազվագյուտ է, որ չկա սեքս ու բռնություն, իրական ճգնաժամային կյանքի երևույթ է, Նապոլեոնի պես բազմաշերտ։ ԱՄՆ-ում այս կարգի ֆիլմերը ձախողված են համարվում ի սկզբանե, քանզի չեն կարող համընդհանուր ժամանցին ծառայելով առնվազն հարյուր միլիոնի եկամուտ ապահովել։ Եթե Հոլիվուդից դուրս ճամփորդած չլինեի, կասկածում եմ, թե երբևէ լավ ֆիլմեր տեսնելու հնարավորություն ունենայի»։
«Ոսկե ծիրանում» ներկայացված հայկական նոր կինոֆիլմերի մասին հստակ պատկերացում կարելի է կազմել հետագա շրջիկ ցուցադրություններով, որոնք փառատոնի կազմակերպիչները մտադիր են անցկացնել տարվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ տխուր տպավորություններս համակարգելու միտումով դիմում եմ Ռոման Բալայանին։ ««Ոսկե ծիրանը» դիտարկվում է որպես ջերմ ընտանեկան փառատոն, ես էլ փորձում եմ այդ կարծիքն ամրապնդել հյուրերի հետ ամենայն պատասխանատվությամբ ժամանակ անցկացնելով։ Կինոփառատոները ոչ այնքան կինոյի, որքան այն կազմակերպող պետության հանրաճանաչման առումով են նշանակալից։ Կարծում եմ, հիմա Հայաստանը ժամանակների արանքում է գտնվում։ Դեռ չեն հաղթահարվել պատերազմի, երկրաշարժի հետևանքները, շրջափակման մեջ ենք, և նոր կինոյի բանաձևը դեռ չի գտնվել։ Կինոն կհայտնվի այն ժամանակ, երբ Հայաստանն իրեն գտնի»։ Փառք Աստծո, լավատեսության ծլարձակման փոքրիկ օազիս է նկատվում։ Ինչպես Ռոբ Նիլսոնն է նկատում. «Մի երկրում, որտեղ թղթադրամների վրա նույնիսկ արվեստագետների պատկերներն են դաջված, չի կարող մշակույթը չծաղկել»։ Կինոարտադրության տևական լճացումից թոթափվելու կամք են դրսևորում «նոր ալիքի» հետնորդ հայ երիտասարդ կինոգործիչները։ «Ոսկե ծիրանը», իր շրջանակներում, փորձում է նպաստել նրանց ճանաչմանը, ունակությունների հղկմանը, սուղ միջոցներով մնայուն գործեր ստեղծելու հնարավորությանը։ Տիրան Կարապետյանին, Վահե Ղազարյանին, Արեգ Ազատյանին, Բագրատ Սիմոնյանին, Վարդան Հակոբյանին... Շատերին։
Գուցե թե հայկական կինոն վերընձյուղելու «Ծիրան»աջանադրության առաջին հաջողությունների նկատառմամբ էր նաև, որ «Ոսկե ծիրանին» շնորհվեց անցյալ դարի 50-ականներից գործող Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիայի (Holywood Foreign Press Association) հատուկ մրցանակը։
Իր արտաքին փայլով մեր կինոփառատոնը հաստատվում է միջազգային կինոքարտեզում։ Մնում է, որ ներքին պարունակությամբ, պատշաճ գրագիտությամբ ու կազմակերպչական բարեկրթությամբ նաև շողշողացնի Հայաստան երկրի անունը` ի լուր համաշխարհային կինոհանրության։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ