Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայոց հնագույն պատմության հերթական ավերումները

Հայոց հնագույն պատմության հերթական ավերումները
07.08.2009 | 00:00

ԳԵՐԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(սկիզբը` նախորդ համարում)
Արամ Քոսյան, «Տուն Թորգոմա», Ե., 1998 թ.:
«Առկա ուսումնասիրություններում առաջին Հայկյանների ժամանակաշրջանը գերազանցապես թվագրվել է մ.թ.ա. XII դարով կամ քիչ ավելի ուշ շրջանով. Հայկի պայքարը Բելի դեմ դիտվել է Թիգլաթպալասար I-ի արշավանքների շրջանում Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում վկայված էթնիկական տեղաշարժերի ենթատեքստում: Սակայն այդ դեպքում իսկապես «Տուն Թորգոմայի» փուլն անհրաժեշտորեն պիտի տեղադրվի ավելի վաղ ժամանակաշրջանում, մի բան, որ այնքան էլ նպատակահարմար չէ» (տե՛ս սույն աշխատության ներածությունը, էջ 53-54):
Ահա և ներածության համապատասխան հատվածը: «Ըստ Դիակոնովի՝ Մելիդ-Թեգարամայի տարածքում հայկական տարրը կարող էր իշխանության գալ մ.թ.ա. VIII դարի վերջերին-VII դարի սկզբներին, այնտեղ մինչ այդ գոյություն ունեցած լուվիական պետության արքայատոհմի վերացումից հետո»: Նա ենթադրում է, որ Ասորեստանի և Ուրարտուի անկումից հետո այս արդեն հայկական թագավորությունը («Թորգոմյան դինաստիա»), հավանաբար, պիտի ընդարձակվեր՝ ներառելով Արմե-Շուբրիան և Ուրարտուի կենտրոնական շրջանները:
Անկախ այն հանգամանքից, թե ինչպես և երբ կարող էր ընթանալ հայալեզու տարրի աստիճանական ներթափանցումը Հայկական լեռնաշխարհի տարբեր շրջաններ, ակնհայտ է, որ «Եփրատից արևմուտք ընկած տարածքը՝ Մելիդ-Թեգարամա (հետագայում` Փոքր Հայք), կարևորագույն դեր պիտի խաղար հայկական էթնոսի և պետականության կոնսոլիդացիայի գործում, որպեսզի հետագայում հայոց ինքնագիտակցության մեջ արմատավորվեր նախահայր Թորգոմի և նրա հետնորդների մասին վերոհիշյալի տեսքով» (էջ 9):
Եվ արդեն նպատակահարմարեցված է հայկական էթնոսի կոնսոլիդացման խնդիրը:
«Մեր կարծիքով պարտադիր չէ «Տուն Թորգոմայի» փուլը տեղադրել Հայկին նախորդող ժամանակահատվածում: Եթե «Տուն Թորգոման» նախորդած լիներ Հայկի տեղաշարժերին, ապա պետք է ենթադրել, որ՝ 1. Հայկի տոհմի տեղաշարժերից հետո «թորգոմյան արեալը» պիտի զգալիորեն զրկվեր իր հայկական դիմագծից, 2. մ.թ.ա. VIII-VII դդ. Մելիդ-Թեգարամայի տարածքում ստեղծված պետությունը որևէ կերպ չի առնչվել հայկական էթնոսի հետ, կամ էլ հայալեզու տարրի դերը չնչին պիտի լիներ, ինչը և հաստատվում է Խորենացու ներկայացրած հայկյանների գործունեության աշխարհագրությամբ:
Սակայն ինչո՞ւ հնարավոր չէ պատկերացնել, որ Խորենացու ներկայացրած հայկյաններն ամենևին ժամանակագրական կարգով միմյանց հաջորդած նահապետներ չեն: «Տուն Թորգոման» կարող էր ոչ թե նախորդել Հայկյան փուլին, այլ գոյություն ունենալ միաժամանակ: Թվում է, որ նման մեկնաբանության համար հնարավոր է ներկայացնել մի շարք փաստարկներ: Վերջիններս առանձին-առանձին չեն կարող եղանակ ստեղծել, սակայն միասնական դաշտում դիտարկվելիս ի վիճակի են առնվազն համապատասխան վարկած ձևավորել» (էջ 55):
Եվ «միասնական դաշտում» ձևավորվում է «նպատակահարմար վարկածը»` Փոքր Ասիայի լուվիական պետության Թեգարամա վայրում «ստեղծվում է» Թորգոմյան թագավորական դինաստիան` որդու ապրած դարաշրջանից 400 տարի հետո:
Այնուամենայնիվ, ամեն ինչ գլխիվայր շրջած այս շարադրանքից առանձնացնենք մի մասնավոր հարց, թե ի՛նչը կարող էր մղում տալ նման աննախադեպ անմտության: Հանրահայտ է, որ քաղաքակրթության զարգացման մանկական շրջանում ժողովուրդների ու լեզուների առաջացումը պայմանավորվեց Բաբելոնի աշտարակաշինության ձախողմամբ: Ժամանակին իշխող այդ մտայնության թելադրանքով Խորենացին Հայկ նահապետին էլ է մասնակից դարձնում աշտարակաշինությանը, որի ձախողումից հետո Հայկը «գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում, և այդ լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն թե` այստեղ բնակվողները հայրեր են Թորգոմի տան սերնդի»: Խորենացու այս ձևակերպումն էլ՝ «Տուն Թորգոմա», շրջանառության մեջ է մտնում որպես Հայք-Հայաստանի համանիշ հասկացություն: Եվ ահա, հայերին Եվրոպայից բերող պատմաբաններին հայտնի է դառնում, որ Փոքր Ասիայի լուվիական պետության տարածքում եղել է Մելիդ-Թեգարամա տեղանուն, որը Թորգոմ անձնանվան հետ ունի երեք զորավոր համընկնում՝ Թ, Գ, Ր: Այսքանից հետո էլ ինչպե՞ս կարելի է նման զորավոր համընկնումն անուշադրության մատնել և Թորգոմին թողնել «անտուն ու անտեղ»: Նման դեպքերում է ժողովրդական իմաստությունը բանաձևում. «Տերդ խնդա՛, Բաղդասա՛ր»:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5202

Մեկնաբանություններ