Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կյանքի հյութը (Ջուր։ Միայն ծարավ մարդը կհասկանա այս երեք տառանոց բառի իրական մեծ արժեքը)

Կյանքի հյութը (Ջուր։ Միայն ծարավ մարդը կհասկանա այս երեք տառանոց բառի իրական մեծ արժեքը)
04.08.2009 | 00:00

ՋՈՒՐԸ ՈՐՊԵՍ ԱՅՍ ԵՎ ԱՅՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
(սկիզբը` նախորդ համարում)
ՋՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔԸ

Լեոնարդո դա Վինչին ջուրն անվանել է «կյանքի հյութ», որը համապատասխանում է Աստծո խոսքին. «Ի սկզբանե եղել է երկինքը և երկիրը, և երկիրը ջրերից, և ջրերը մնում են հաստատ Աստծո խոսքով։ Դրա համար այն ժամանակվա ապականված աշխարհը կործանվեց ջրհեղեղով։ Իսկ այժմ երկինքն ու երկիրը պահված են այդ նույն խոսքով կրակի դատաստանի օրվա համար և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար» (Բ Պետրոս 3.5)։
Ջուրը, բացի նյութական անհրաժեշտությունից, ունի նաև հոգևոր արժեք, առանց որի կդադարի կրոնական ամենանշանակալից արարողությունը՝ մկրտությունը, որի կարևորությունը շեշտեց անձամբ Հիսուս Քրիստոսը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի» (Հովհ. 3.5)։
Մարդու կշռի մոտ 70 տոկոսը, երկրագնդի նման, բաղկացած է ջրից (ծերերինն ավելի քիչ, քանզի նրանք տարեցտարի «ցամաքում են»), իսկ դրա 50 տոկոսը գտնվում է մարդու բջիջների ներսում։ Մարմնի ամենաշատ ջուրը գտնվում է ուղեղի բջիջներում։
Դա` մարդկանց մոտ, բայց ջրային կենդանիների, օրինակ` շնաձկան, մոտ, ջուրը կազմում է նրա քաշի 81 տոկոսը, գորտինը՝ 80, մեդուզայինը՝ 99,2։
Ինչքա՞ն ժամանակ կարող է մարդն առանց ջրի մնալ։ Գիտնականներն ուսումնասիրել են այս կենսական հարցն ու եկել եզրակացության` նայած շրջապատի ջերմաստիճանի և մարդու շարժունակության։ Օրինակ,16-23 աստիճան ջերմության ժամանակ մարդը կարող է առանց ջրի ապրել 10 օր, իսկ օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ, օրինակ` 39 աստիճանում, ընդամենը երկու օր։ Մի գիտափորձի ժամանակ կլիմայական բարենպաստ վիճակում մարդուն հաջողվել է ապրել 14 օր. սա այժմ վերջին ռեկորդն է համարվում` գինեսյան գրքին ի պահ տրված։
Նաև հայտնի է, որ քաղցրահամ ջրի բացակայության ժամանակ մարդը քիչ քանակությամբ ծովի ջուր կարող է օգտագործել, այնքան, ինչքան կարող են երիկամները ֆիլտրել։ Այդ գիտափորձն իր վրա կատարել է ֆրանսիացի բժիշկ Ալեն Բոմբարը, որը փչովի ռետինե նավակով միայնակ կտրեց անցավ Ատլանտյան օվկիանոսը` իր հետ չվերցնելով ոչ մի լիտր խմելու ջուր։ Նա իր փորձով համոզվեց, որ ոչ ավելի, քան մեկ լիտր ծովի աղի ջուր խմելով, մարդը 7-8 օր կարող է ապրել։ Իսկ ավելին արդեն կվնասի երիկամները, ու կսկսվի ջրազրկումը, որի ժամանակ առաջինն ահազանգում է ուղեղը, քանի որ, ասացինք, նրա բջիջներում ամենաշատ հեղուկ է պարունակվում, և հալուցինացիաներ են սկսվում մարդու մոտ, և ցամաք անապատում ջրով լի օազիսներ են «հայտնվում»։
Պատմությունից հայտնի է, որ 525 թ. պարսկական զորքը, Լիբիայի անապատով անցնելիս, ջրի սակավության պատճառով կորցրել է իր հիսուն հազարանոց բանակը։
Ինչքան ջուր է հարկավոր մարդուն։ Սովորական պայմաններում օրական մարդը պետք է ամենապակասը 2,5 լիտր ջուր օգտագործի ձմռանը, իսկ ամռանը՝ չորս լիտր (բնական է, որ խոսքը լոկ խմած ջրի քանակի մասին չէ, այլ զանազան կերակուրների միջոցով ստացած հեղուկի մասին), իսկ անապատում` 7,5 լիտր։ Դա կարող է լինել նաև սննդի միջոցով (ջրալի ճաշ և այլն)։
Ջրերից լավագույնը համարվում է հալոցքից առաջացածը, որն ավելի շատ անհրաժեշտ է մեծահասակներին։ Այն, ըստ գիտնականների, կասեցնում է աթերոսկլերոզ կոչվող ամենատարածված հիվանդությունը։ Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս սովորական ջուրը սառնարանում վերածել սառցի և քիչ հալեցնելով խմել, քանի որ, ըստ գիտնականների, սառեցրած ջրում «մոռացվում են», այսինքն` ջնջվում են բոլոր տեսակի բացասական և դրական ինֆորմացիաները, անցնելով կարծես «կուսական» վիճակի։ Դրա տարատեսակը հանքային ջրերն են, որոնք չեն ենթարկվել տեխնիկական «բռնությունների», այլ ակնաղբյուրներից ինքնահոս դուրս են եկել երկրի մակերես։
Իսկ հոգևոր տեսանկյունից ամենաօգտակարը սուրբ ջուրն է, որը հոգևորականի աղոթքով և խաչով օրհնվել ու սրբացել է։ Այդ է պատճառը, որ Հիսուսի մկրտության արարողության ժամանակ, որը ժողովուրդն անվանում է Խաչը ջուրն իջեցնել, աղոթքով ու սուրբ Մյուռոնով օրհնված ջուրն ամիսներով ու նույնիսկ տարիներով չի հոտում ու պղտորվում, ինչպես լինում է սովորական և չօրհնված ջրերի հետ։ Այդ պատճառով սուրբ ջուրն օգտագործում են զանազան հիվանդություններ բժշկելու համար, նույնիսկ հոգեկան, քանի որ այն իր մեջ հոգևոր մեծ զորություն է պարունակում։ Մի հոգեբան փորձ է արել. իր մոտ եկած հիվանդներին առաջարկել է խմել օրհնված ջուր. եթե խմել է, ապա այդ մարդն ընդամենը ֆիզիկական` մտագար հիվանդ է, իսկ եթե ամեն գնով հրաժարվել է օրհնված ջուր խմելուց, ապա դա դիվահարության առաջին նշանն է, իսկ երբ այդ նույն հիվանդին տվել են սովորական ջուր, ապա անարգել խմել է։
Գիտնականները հայտնաբերել են ջրի մի զարմանալի հատկություն ևս՝ հիշողություն։ Այո՛, մի՛ զարմացեք, ջուրը մեզ անհասկանալի ձևով «հիշելու» ընդունակություն ունի, այսինքն` այն հզոր հիշողությունով յուրատեսակ մի «ուղեղ» է, որի ապացույցը գտել է ճապոնացի մի գիտնական հետևյալ կերպ։ Նա միկրոսկոպի տակ նկարահանել է սառցե փաթիլի նկարը, որը միշտ կանոնավոր վեցանկյան ձև է ունենում ու երբեք նույնանման չի լինում (սա Աստծո արարչական հրաշագործություններից մեկն է համարվում)։ Երբ գիտնականը սրվակի մեջ լցրել է մաքուր ջուր, վրան հայհոյել կամ չար խոսք են ասել։ Դրանից հետո սառեցրել են ու միկրոսկոպի տակ դիտել, հայտնաբերել են, որ դրա պատճառով խախտվել է արարչական կանոնավոր վեցանկյունը և աղավաղվել` վերածվելով անճոռնի ու տձև պատկերի։ Իսկ երբ ջրի վրա աղոթել են կամ բարի խոսքեր ասել, օրինակ, շնորհակալություն, կամ` ներիր, ապա նրա պատկերը գեղեցիկ վեցանկյուն ձև է ունեցել, արարչականի նման։
Աստված Սեր է, Նրա արարչությունը` կատարյալ, իսկ մեղքն ու չարությունն աղավաղում են այն, ինչը հստակ ապացուցվում է նաև այս դեպքում։ Նույնը վերաբերում է նաև մարդու ընդունած կերակրին։ Ինչպես Աստվածաշնչից է հայտնի, Ադամի մեղքի պատճառով Աստված երկիրն անեծքի տակ դրեց, ասելով. «Երկիրը քո պատճառով անիծյալ լինի» (Ծննդոց 3.17)։ Իսկ այդ անեծքից կարող է ազատել, մաքրել միայն աղոթքը։ Այդ պատճառով Պողոս առաքյալը գրում է. «Աստծո խոսքով և աղոթքով ամեն բան մաքրվում է» (Ա Տիմոթ. 4.4)։ ՈՒրեմն` իրեն քրիստոնյա համարող ամեն մարդ կերակուր ուտելիս կամ ջուր խմելիս պետք է, նախ, գոհանա Աստծո տվածի համար, ապա աղոթի, որ Տերն օրհնի այն։ Մեր առաքելական եկեղեցին ունի կարճ աղոթք կերակուր ուտելուց առաջ և հետո, ինչպես, ասենք. «Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրները, որոնք մեզ համար պատրաստված են Տիրոջ կողմից։ Օրհնյալ է Տերն Իր պարգևներով. ամեն»։
Որպեսզի մարդը կարողանա հասկանալ հոգևոր խոսքը, Հիսուսը երբեմն օգտագործել է նյութական տարրը, մանավանդ մարդու համար ամենակենսականը` ջուրն ու հացը։ Օրինակ. «Երանի նրանց, որոնք քաղց ու ծարավ ունեն արդարության» (Մատթ.5.6)։
«Ով խմի այն ջրից, որ Ես կտամ, հավիտյան չի ծարավի» (Հովհ. 4.13)։
«Ես եմ կենաց Հացը, ով Ինձ մոտ գա, երբեք չի քաղցի, ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի»։
«Ով ծարավ է, թող Ինձ մոտ գա» (Հովհ. 6.35.37)։
Այսինքն, մեր հոգիները, որպես կենդանի իրողություն, կարիք ունեն «հաց ու ջրի»։ Հոգու Հացը սուրբ Հաղորդությունն է, որ ստանում ենք կիրակնօրյա և տոնական Պատարագի ժամանակ հոգևորականի ձեռքից, իսկ հոգու ծարավը հագեցնում ենք Աստծո խոսքով և հավատքով առ Աստված։
Այդ պատճառով մարդուն անհրաժեշտ է, որ ինքը հոգա իր սեփական հոգու կենդանությունը պահպանելու համար, քանզի դրանից է կախված նրա հավիտենականությունը. այսինքն` կամ հավիտենական մահ դժոխքում, որտեղ մի կաթիլ ջուր անգամ չկա, ու տաժանքի հուրն է բորբոքված, կամ հավիտենական կյանք դրախտում, որտեղ Աստծո Գահից Կյանքի զուլալ գետն է բխում։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9495

Մեկնաբանություններ