Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Սառը, անտարբեր, հավասարակշռված մարդիկ սովորաբար նևրոզով չեն տառապում»

«Սառը, անտարբեր, հավասարակշռված մարդիկ սովորաբար նևրոզով չեն տառապում»
08.09.2009 | 00:00

ՉՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ՎԱԽԵՐ ԿԱՄ ՖՈԲԻԱՆԵՐ
Հաճախ է խոսվում ֆոբիաների մասին: Ֆոբիան նևրոզի տարատեսակ է, որ խանգարում է մարդուն լիարժեք ապրել: Ինչի՞ հետևանք են ֆոբիաները, ինչպե՞ս են արտահայտվում, հնարավո՞ր է ազատվել դրանցից: Թեմայի շուրջ ներկայացնում ենք «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի (նախկին թիվ 11 պոլիկլինիկա) հոգեբույժ-հոգեթերապևտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ պարզաբանումները:
Վախը բնազդային ծագման հուզական երևույթ է, հատուկ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, որի հիմքում ընկած է ինքնապաշտպանական բնազդը: Վախը նորմալ երևույթ է, իսկ դրա բացակայությունը` պաթոլոգիա։ Եթե, ասենք, եղնիկը վախ չունենար վագրի հանդեպ, եղնիկի տեսակը կոչնչանար։ Նորածին երեխան, որը դեռևս պահպանում է կենդանական բնազդները, նույնպես ունի վախի զգացում և կարող է վախենալ աղմուկից, օտար մարդու տեսքից, ձայնից, հոտից և լաց լինել կամ թաքնվել:
Մինչդեռ ֆոբիան հիվանդագին, ոչնչով չպատճառաբանված կպչուն վախն է, հաճախ նաև գիտակցված, այսինքն, մարդը հասկանում է, որ անտեղի է վախենում, բայց չի կարողանում հաղթահարել վախը և ազատվել իրեն տանջող մտքերից: Հիվանդը բժշկին ասում է` գիտեմ, որ 13 թիվն ինձ ոչ մի վնաս չի տա, բայց վախենում եմ այդ թվից, 13 համարի երթուղային տաքսի չեմ նստում և այլն:
Ֆոբիան կպչուն վիճակների նևրոզի տարատեսակներից է: Տարբերում են կպչուն վիճակների մի մեծ խումբ նևրոզներ` կպչուն մտքեր, կպչուն հիշողություններ, կպչուն կասկածներ, կպչուն հաշիվ, կպչուն շարժումներ, կպչուն վախեր և այլն: Կպչուն վախերը կոչվում են ֆոբիաներ: Դրանք պետք է տարբերել զառանցական մտքերից, որոնք լինում են շիզոֆրենիայի և մյուս փսիխոզների ժամանակ: Զառանցական մտքերը չգիտակցված են, ասվում են որպես ճշմարտություն, իսկ նևրոզով հիվանդները հասկանում են իրենց տառապալից վիճակը և հաճախ ինքնակամ դիմում բժշկի:
Կպչուն վախերը հանդիպում են որոշակի տիպի մարդկանց մոտ: Ամեն մարդ չէ, որ հիվանդանում է կպչուն վիճակի նևրոզով, դրա համար պետք է որոշակի ժառանգական նախատրամադրվածություն, այդպիսի մարդիկ զգայուն են, ներշնչվող, բծախնդիր իրենց գործերի մեջ, հիմնականում նրանք պարտաճանաչ աշխատողներ են, ընտանիքի լավ մայր կամ հայր: Սրանք (որքան էլ դրական հատկանիշներ են համարվում) պարարտ հող են նևրոզով հիվանդանալու համար: Զգայուն մարդը թույլ նյարդային համակարգ ունեցող մարդն է, որ հասարակ բանից կարող է նեղվել, հուզվել, տրամադրությունը գցել: Սառը, հավասարակշռված մարդիկ սովորաբար նևրոզով չեն տառապում:
Հոգեբանները ֆոբիաների առաջացումը կապում են մանկական տարիքում կրած ծանր հոգեբանական ապրումների, սխալ դաստիարակության, ընտանեկան անախորժությունների, հոգեկերտվածքի և հոգեբանական այլ երևույթների հետ: Սրանք, ինչ խոսք, նշանակություն ունեն, բայց այս բոլորի հիմքում առաջին հերթին ընկած է ժառանգական նախատրամադրվածությունը` գենետիկան: Չէ՞ որ նույն իրավիճակը տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել: Արտաքին վնասակար գործոնները (ծանր կենցաղային պայմաններ, կոնֆլիկտային իրավիճակ ընտանիքում, աշխատանքի վայրում և այլն) ազդելով ի բնե թույլ նյարդային համակարգ ունեցող մարդկանց վրա, կարող են հանգեցնել կպչուն վիճակների` նևրոզի: Արտաքին գործոնները, կամ այլ կերպ ասած` սթրեսային գործոնները, լինում են երկու տեսակի. թույլ, դանդաղ` տևականորեն ազդող և ուժեղ, կարճատև` միանվագ ազդող:
Հոգեբուժական գրականության մեջ նկարագրված են ավելի քան 500 տեսակի ֆոբիաներ: Օրինակ, վախ այս կամ այն հիվանդության նկատմամբ (նոզոֆոբիա), որն իր հերթին ունի տարատեսակներ` վախ քաղցկեղով հիվանդանալուց (կանցերոֆոբիա), վախ սրտային հիվանդությամբ հիվանդանալուց (կարդիոֆոբիա), վախ վարակիչ հիվանդությամբ հիվանդանալուց (միզոֆոբիա) և այլն: Օրինակ, միզոֆոբիայով հիվանդներն օրը հարյուր անգամ օճառով լվացվում են, տանը պատրաստի ունենում են սոդայի ու մանգանի լուծույթներով լցված թասեր` դարձյալ ձեռքերը ախտահանելու համար: Հաճախակի լվացվելու հետևանքով նրանց ձեռքերին առաջանում են վերքեր ու խոցեր: Ես հիվանդ ունեի, որ նույնիսկ ամռանը ձեռնոցով էր ման գալիս` վարակվելուց խուսափելու համար: Կարող է լինել վախ փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա), վախ բարձրությունից (բարոֆոբիա), ամբոխից (հոմոֆոբիա), կենդանիներից (զոոֆոբիա), երկրաշարժից (սեյսմոֆոբիա), որը շատ տարածված էր 1988-ի եկրաշարժից հետո: Ես մի հիվանդ ունեի, որ միշտ գրպանում պահում էր մոմ, լուցկի, դանակ և մի տուփ պահածո` հնարավոր երկրաշարժի պատճառով փլատակների տակ հայտնվելու դեպքում որոշ ժամանակ ապրելու համար: Նոր ֆոբիաներից ի հայտ է եկել սպիդոֆոբիան, հնարավոր է, որ շուտով ի հայտ գա նաև «խոզի գրիպոֆոբիա» … Օրերս թերթերից մեկում Սյունիքի ուրանի հանքերի օգտագործման հետ կապված հարցազրույց կարդացի, ուր ասվում էր, թե մարդկանց մեջ առաջացել է «ուրանոֆոբիա»: Մինչդեռ իրականում ուրանոֆոբիան կպչուն նևրոզի տարատեսակ է (Երկնքի ՈՒրանոս աստծո անունից) և արտահայտվում է երկնքին նայելու հանդեպ ունեցած վախով:
Նևրոզը երբեմն փոխում է իր տարատեսակները: Հիվանդներիցս մեկն անընդհատ վախենում էր, որ լվացք անելիս հագուստեղենի մեջ կարող են լինել սրիչ, ապակու կտորներ, ինչի պատճառով ժամերով թափահարում էր լվանալիք հագուստները և վերջում հրաժարվում դրանք լվանալուց: Լվացքի մեքենա գնելով` նրան ազատեցին այդ տանջալի պարտականությունից, բայց դրանից հետո էլ նրան թվում էր, որ սուր առարկաները կարող է հայտնաբերել հացի մեջ: Այդ պատճառով հացը մանրացնում էր, փշուր-փշուր անելուց հետո ուտում:
Թվում է, եթե տարբեր են կպչուն վախերի տեսակները, ուրեմն տարբեր են նաև դրանց առաջացման պատճառները: Օրինակ, պատահում է, որ կարդիոֆոբիայով հիվանդն ասում է` պապիկս իմ ձեռքերի մեջ ինֆարկտից մահացավ, արդյունքում առաջացան այս գանգատները: Կարդիոֆոբիան (և ոչ միայն) կարող է մի քանի օրից արտահայտվել կամ աստիճանաբար: Եվ իսկապես, հիվանդը գանգատներ է ունենում, որովհետև սրտի աշխատանքի հանդեպ ուշադրությունը սրվում է: Նման հիվանդներին երկար հետազոտելուց և որևէ սրտային հիվանդություն չհայտնաբերելուց հետո, բժիշկները, երբեմն էլ պարզապես շրջապատի մարդիկ, խորհուրդ են տալիս դիմել հոգեբույժի:
Ֆոբիաները երբեք չեն վերածվում այլ հոգեկան հիվանդությունների, ասենք, շիզոֆրենիայի, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզի: Սակայն կան կպչուն վախերի տեսակներ, որոնք ծանրանալով, կարող են մարդուն դարձնել անաշխատունակ, հաշմանդամ: Ես մի կին հիվանդ ունեմ, որ այնպես է զզվում ամեն ինչից, նույնիսկ ինքն իր մարմնից, որ ոչնչի ձեռք չի տալիս, չի լողանում, չի սանրվում, ոչինչ չի անում: Նա հասկանում է, որ տան իրերը կեղտոտ չեն, բայց չի կարողանում հաղթահարել այդ վիճակը: Բուժումից հետո աստիճանաբար սկսել է լվացվել, սանրվել, լվացք անել: Սովորաբար բուժումն արագ ու արդյունավետ է լինում, բայց պատահում են նաև դժվար բուժվող դեպքեր: Կամ անցնում է հիվանդագին վիճակը, առաջանում է լուսավոր շրջան, բայց քանի որ նա շարունակում է մնալ նույն մարդը, նույն զգայուն անձնավորությունը, չի բացառվում, որ մի այլ սթրեսից հետո կրկնվի հիվանդությունը, կամ առաջանա մի այլ տեսակի ֆոբիա:
Ֆոբիայից ազատվելու ամենավստահելի միջոցը մասնագետի մոտ բուժվելն է` դեղորայքի միջոցով: Հոգեբանները կասեն, որ ֆոբիաները պետք է բուժել խոսքով, ներշնչանքով, բայց գիտությունը զարգանում է, հիպնոսը, ներշնչանքն աստիճանաբար անցնում են պատմության գիրկը: Ցավոք, դեռևս կան խավարամիտ մարդիկ, ովքեր դիմում են վախ չափողներին, թուղթուգիր անողներին, մոմ թափողներին, սրբի դուռ գնալուն և այլ հետամնաց ու սնոտիապաշտական միջոցների, որոնց անգամ եկեղեցին է դեմ: Այդ հիվանդները, ի վերջո, գալիս են հոգեբույժի մոտ, սակայն հիվանդությունը ծանրացած, դժվար բուժելի դարձած, քրոնիկական վիճակում արդեն և հուսահատված անարդյունք «բուժումներից»:
Նևրոզով հիվանդ մարդու ուղեղում կատարվում են ժառանգականությամբ պայմանավորված բարդ կենսաքիմիական փոփոխություններ, առեղծվածային խաթարումներ, որոնք գիտությունը դեռևս չի բացահայտել: Հոգեմետ դեղերը (տրանկվիլիզատորները, հակադեպրեսանտները, նեյրոլեպտիկները, նոոտրոպները և այլն) կարգավորում են մարդու նյարդային համակարգը, վերացնում հոգեկան լարվածությունը, հանգստացնում հուզական գրգռվածությունը, փոխում մտածողությունը և այլն:
Հոգեբույժի առաջին խնդիրն է լսել հիվանդի գանգատները և տարբերակիչ ախտորոշում կատարել, այսինքն, պարզել, թե տվյալ մարդն ինչ հիվանդությամբ է տառապում` նևրոզո՞վ, շիզոֆրենիայո՞վ, թե՞ այլ հիվանդությամբ: Հիվանդության տեսակը ճշտելուց հետո է միայն նշանակվում բուժում: Հոգեբանը, որը չունի բժշկի մասնագիտություն, հեշտությամբ կարող է շփոթել կպչուն միտքը գերարժեք մտքի կամ զառանցանքի հետ: Խոշոր հոգեբուժական կենտրոններում անպայման աշխատում են հատուկ մասնագիտական պատրաստություն ստացած կլինիկական հոգեբաններ, բայց հիվանդը, նախ, դիմում է հոգեբույժին, և կախված այն բանից` հիվանդի մոտ հայտնաբերվել է հոգեկա՞ն ոլորտի հիվանդություն, թե՞ հոգեբանական որևէ խնդիր, ըստ այդմ էլ որոշվում է ուղարկել նրան հոգեբույժի, կամ հոգեբանի մոտ:
Հիմնականում ֆոբիաներն առաջ են գալիս երիտասարդ տարիքում` 20-30 տարեկանում, երբ ձևավորվում է մարդու բնավորությունը։ Դա այն տարիքն է, երբ մարդը մեծապես շփվում է սոցիալական գործոնների հետ: Կրտսեր տարիքի դպրոցականների մոտ երբեմն հանդիպում է դպրոցական նևրոզ, երբ երեխան վախենում է դպրոց գնալուց, ուսուցչից, դաս սովորելուց:
Ֆոբիաները տարածված են ողջ աշխարհում: Քանի որ, ինչպես արդեն նշեցի, դրանք պայմանավորված են նաև սոցիալական գործոններով, իսկ մենք դժվար տարիներ ենք ապրել` երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, մի հասարակարգից անցում մյուսին, հիմա էլ` ճգնաժամ, բնականաբար, կպչուն նևրոզով հիվանդների թիվը Հայաստանում շատացել է, այլ հարց է` դիմո՞ւմ են բժշկի, թե՞ ոչ: Այստեղ էլ դեր ունեն մարդկանց ֆինանսական վիճակը, հոգեբույժներին չվստահելու կամ նրանցից վախենալու խնդիրը: Այս հարցում մեծ է նաև ԶԼՄ-ների դերը, պետք է պարբերաբար լուսաբանել ու հանրությանը իրազեկել նման կարևոր խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին: Այլ կերպ ասած, պետք է կատարել լայն բժշկաառողջապահական քարոզչություն, քանի որ ժողովրդի առողջությունը պետության մեծագույն հարստությունն է:
Նյութը պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 10363

Մեկնաբանություններ