Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ոչ մի նախարար կախարդական փայտիկ չունի»

«Ոչ մի նախարար կախարդական փայտիկ չունի»
08.09.2009 | 00:00

«ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»
Անցած ուրբաթ լրացավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պաշտոնավարման 100 օրը։ Նշանակման հաջորդ օրը նա հարցազրույց տվեց լրատվամիջոցներին, և առաջին հարցազրույցը խոստումնալից էր։ Հատկապես ուշագրավ էր այն հավաստիացումը, թե գործազրկության խնդիրը նույնպես կարող է լուծվել։ Ինչպե՞ս։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք նախարարի հետ։
-Ոչ մի նախարար կախարդական փայտիկ չունի,- ասաց Գևորգ Պետրոսյանը:- Եթե նախարարը հայտարարում է, որ պատրաստակամ է լուծելու իր ոլորտի խնդիրները, դա չի նշանակում, թե նա մեկ-երկու ամսում բոլոր խնդիրները լուծելու պարտավորություն է ստանձնում։ Բնական է, որ կարճ ժամանակահատվածում իրատեսական չէ լուծել այնպիսի խնդիր, ինչպիսին գործազրկության չափերի կրճատումն է։ Պաշտոնավարության առաջին իսկ օրից ես ձեռնպահ եմ մնացել ոչ ողջամիտ, անիրատեսական խոստումներ շռայլելուց։ Պարզապես խնդիրը հետևյալն է` ես տիրապետում եմ ոլորտում առկա խնդիրներին և ունեմ դրանք լուծելու վճռականություն։ Երբ խորանում ես դրանց ծագումնաբանության մեջ, ապա հասկանում ես, որ դրանց մի զգալի մասը ոչ թե անլուծելի, այլ պարզապես դժվար լուծելի է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաքելությունն աշխատանքի (զբաղվածության) և սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակումն ու իրականացման կազմակերպումն է, և ես վճռական եմ` լուծելու այդ խնդիրները։ Ինչո՞ւ եմ ասում` խնդիրները դժվար, բայց լուծելի են։ Օրինակ, 2009-ի պետբյուջեով նախատեսված էր 700 մլն դրամ` վարձատրվող հասարակական աշխատանքների համար, որոնք կոչված են ժամանակավորապես մեղմելու գործազուրկների վիճակը։ Հիմա եթե հետամուտ եմ լինում, որ պետբյուջեից հատկացվող միջոցները նպատակային ծախսվեն, որ վարձատրվող հասարակական աշխատանքները փաստացի կատարվեն և ոչ թե միայն հանձնվեն թղթին, մի՞թե դա չի նպաստում ոլորտի առաջընթացին։ Իմ ձևավորած հանձնաժողովի ուսումնասիրություններից պարզվել է, որ փաստաթղթերով փաստացի ցույց է տրվել որոշակի աշխատանքների ծավալ, սակայն իրականում այն լիովին չի համապատասխանել իրավիճակին, այսինքն, աշխատանքները կատարվել են ոչ լրիվ կամ որոշակի թերություններով։ Հիմա եթե հայտարարում եմ, որ փորձելու եմ դրանք վերացնել, կարծում եմ, դա միանգամայն իրատեսական է։ Այլ բան է, եթե հայտարարեի, թե իմ պաշտոնավարման ընթացքում գործազրկությունը կնվազի, ասենք, 1,7 տոկոսով կամ, օրինակ, մեկ ամիս անց այլևս չի լինի ընտանեկան նպաստի համակարգում անհիմն ներառված ոչ կարիքավոր նպաստառու: Դա կլինի պարզապես ինքնախաբեություն, իսկ ես ինքնախաբեությամբ զբաղվելու սովորություն չունեմ։
-Ինն ամիս է անցել արդեն, 700 մլն դրամի զգալի մասը հատկացված է։ Որքանո՞վ են նպատակային ծախսվել այդ գումարները։
-Այս պահին չեմ կարող ստույգ թվերի լեզվով խոսել, քանի որ հանձնաժողովը դեռ չի հասցրել Հայաստանի բոլոր մարզերում ուսումնասիրություններ կատարել և ներկայացնել իրավիճակը: Մի բան կարող եմ ասել միայն, որ գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և արդյունքները շուտով ավելի տեսանելի կդառնան:
-Որքան հասկացա, նախընտրում եք խոսել ընդհանուր առմամբ իրականացվող քաղաքականությունից, քան կոնկրետ թվերից։
-Առաջին հերթին կարևոր եմ համարում ներկայացնել ոլորտում իրականացվող քաղաքականությունը։ Զբաղվածության մասին հարցից հետո Դուք կարող եք անդրադառնալ նաև նպաստներին և այլ ոլորտների։ Ըստ ոլորտների` թվերով կարող եմ խոսել, սակայն կարևոր եմ համարում նշել յուրաքանչյուր ոլորտում տարվող քաղաքականությունը, որը պետք է նպաստի սոցիալական հարցերի կարգավորմանը։
-Այդ դեպքում խոսենք զուտ քաղաքականությունից։ Երեք ամիս է` պաշտոնավարում եք և, բնականաբար, ուսումնասիրել եք ոլորտը։ Խնդրում եմ նշեք մեկ-երկու ոլորտ, որտեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված բացթողումները կարգավորվել են։
-Օրինակ, հասարակական աշխատանքների զբաղվածության ծառայության ոլորտը: ՈՒսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների վերացման կապակցությամբ տրվել են հանձնարարականներ, որ մարդկանց ապօրինաբար չներառեն գործազուրկների ցուցակում, չներգրավեն վարձատրվող հասարակական աշխատանքներում և այլն։ Առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր։ Անուններ չեմ ուզում տալ, որ չիջնենք անձնական բամբասանքի մակարդակի։ Զգալի աշխատանք է արվել նաև իրավական բարեփոխումների առումով: Մասնավորապես, կառավարություն են ներկայացվել մի շարք կարևոր օրինագծեր, այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, որի հիմքում դրված է բոլորովին նոր հայեցակարգ, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և այլն: Մեր նպատակն է օրենքները հնարավորինս համապատասխանեցնել մեր իրականությանը, որովհետև, երբ դրանք չեն արտացոլում տվյալ երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրականությունը, ապա օրենքներում ամրագրված ցանկացած լավ դրույթ մնում է թղթին հանձնված բարի մտադրություն։ Դրա հետ մեկտեղ պահպանում ենք միջազգային կառույցների պահանջները, որոնց անդամակցում է Հայաստանը։
-Այնուամենայնիվ, կարծում եմ` չեք ժխտի, որ նպաստների ոլորտում ցուցակների խնդիրը դեռ կա։ Ամեն տարի դրանք մաքրվում են, բայց այդպես էլ չեն մաքրվում, և դրանցում հայտնվում են ՏԻՄ ղեկավարների բարեկամներ, ծանոթներ։ Դա եղել է, կա և, երևի, թե կլինի։ Դրա դեմ ինչպե՞ս եք պայքարելու, ասենք, համայնքի ղեկավարը զանգում է Ձեզ և ասում, որ ցուցակում նշված մարդն իր ծանոթն է կամ բարեկամը։
-Բացառված է, որ ես բավարարեմ որևէ այդպիսի անխոհեմ խնդրանք` անկախ խնդրողի անձից կամ զբաղեցրած պաշտոնից։ Ինչ վերաբերում է այդպես էլ չմաքրվող, ինչպես Դուք եք ասում, ցուցակներին, ապա ես Ձեր վատատեսությանը համամիտ չեմ։ Հենց օրեր առաջ փոխվարչապետին եմ ներկայացրել վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն այս տարվա սկզբից 32 հազար ընտանիք չի ներկայացել փաստագրման։ Դրա պատճառը նախորդ տարվա ընթացքում իրականացված համապատասխան աշխատանքներն են։ Դրանց արդյունքում պարզվել է, որ շուրջ 17 հազար ընտանիք կեղծ տեղեկություն է ներկայացրել, և նրանց վճարումներն այժմ դադարեցված են։ Արդյոք սա աշխատանքի արդյունք չէ՞։
-Չնայած պետության իրականացրած քայլերին, այնուհանդերձ, Ձեր կարծիքով, մեր երկրի սոցիալական քաղաքականությունը ճի՞շտ ուղու վրա է, հատկապես զբաղվածության ոլորտում։
-Այն, որ Հայաստանում այս պահին զբաղվածության վիճակը գովելի չէ, ընդունում եմ։ Ինձ թույլ չեմ տա ոլորտի հեղինակությունը «բարձր պահելու» նպատակով ասել, որ դա այդպես չէ։ Չէ՞ որ ես էլ հասարակության անդամ եմ և անկախ այն բանից, որ նախարար եմ, աշխատանքային ժամից հետո քաղաքացի եմ։ Բայց, մյուս կողմից, ասել, որ պետությունը ոչինչ չի անում աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատման ուղղությամբ, ճիշտ չէ։ Պնդմանս հիմքում դնում եմ թե՛ ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը, թե՛ կառավարության գործունեության ծրագիրը։ Պետությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։ Չնայած պետության կողմից իրականացվող քայլերին, այնուհանդերձ, չքավորությունը մեծ տոկոս է կազմում։
-Կներեք, իսկ գործազրկություն կամ աղքատություն ո՞ր երկրում չկա։ Միացյալ Նահանգները, որ գերհզոր երկիր է, միևնույն է, գործազուրկների մեծ բանակ ունի։ ՈՒղղակի մեր ազգային մտածողության համաձայն, մենք սովորություն չունենք այլ երկրների կենցաղը լիարժեք ուսումնասիրելու և որպես օրինակ վերցնում ենք միայն այդ երկրի դրական իրողություններն ու համադրում մեր իրականության հետ։ Այդ երկրների դրական երևույթները չենք կարող արհեստականորեն վերցնել և փոխպատվաստել մեզ մոտ` մոռանալով, որ այլ երկրներում դրական արդյունքների հասնելու համար հարյուրավոր տարիներ են պետք եղել։ Այս 100 օրում որևէ կոնկրետ ծրագիր իրականացրե՞լ եք։
-Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում որոշեցի անձամբ ուսումնասիրություն իրականացնել։ Նախարարության աշխատակազմի ղեկավարի և մի քանի այլ աշխատողների հետ շրջեցինք մայրաքաղաքի բանուկ փողոցներով, մտանք շուկաներ, եկեղեցի, որտեղ կարելի էր հանդիպել թափառաշրջիկ և մուրացկան երեխաների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց։ Հարկադրաբար կամ բռնի ուժով մարդուն մուրացկանության մեջ ներգրավելը թրաֆիքինգի դրսևորում է։ Իմ խնդիրն էր պարզել, թե մուրացկանների մեջ ովքեր են այն մարդիկ, որոնք իբրև զոհ հայտնվել են այդ ճանապարհին։ Շուրջ 10 կիլոմետր շրջելու ընթացքում հանդիպեցինք ընդամենը երեք մուրացկանի: Նրանց հետ զրույցում մենք չներկայացանք։ Երեքից և ոչ մեկն էլ թրաֆիքինգի զոհ չէր։ Մի կողմից մտածում էինք, որ շատ դեպքեր կհայտնաբերենք, սակայն, մյուս կողմից, ուրախալի էր, որ մեր քաղաքում այդպիսի երեխաներ շատ չհանդիպեցին, ինչը նաև մեր իրավապահների և այլ կառույցների բարեխիղճ աշխատանքի արդյունքն է։
-Երեք ամիս է պաշտոնավարում եք և այցելում տարբեր հաստատություններ, շփվում բազում ցավոտ խնդիրների հետ։ Այդ ամենը տեսնելով` ինքներդ Ձեզնից չե՞ք հիասթափվում։
-Տարօրինակ հարց է: Ինքս ինձնից չեմ կարող հիասթափվել իմ պաշտոնավարումից առաջ ստեղծված իրավիճակի համար: Ինձնից կհիասթափվեմ, եթե կրկին այցելեմ նույն հաստատությունը, որի տնօրենին պատժել եմ (այդպիսի դեպքեր էլ են եղել) ու հանկարծ տեսնեմ` նախկին վիճակն է տիրում։ Կնշանակի, որ իմ վարչարարությունն արդյունավետ չի եղել։ Բացի ինքս ինձնից հիասթափվելուց, նաև կստիպեմ այդ մարդկանց, որ իրենք էլ իրենցից հիասթափվեն։ Գիտե՞ք ինչ, կարծում եմ, կարևորն այն է, որ չեմ ուզում խնամքի կարիք ունեցող որբ երեխային տեսնել ցնցոտիների մեջ, սոված կամ կյանքի համար վտանգավոր պայմաններում։
-Այսինքն` այցելությունները նպաստելու են, որ երեխաները ցնցոտիներում չհայտնվե՞ն։
-Դա նպաստելու է, որ երեխան ապրի արժանավայել, լինի ուշադրությամբ շրջապատված, մեծանա կյանքի համար անվտանգ պայմաններում։ Դրանք այն անհրաժեշտ նախապայմաններն են, որոնք հետագայում երեխային պատրաստում են կյանքի ավելի կարևոր փուլերի։
-Դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է անի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, երբ նման հաստատություններին բյուջեից հատկացվող գումարը մեծ չէ, չհաշված ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամը, երբ, ասենք, 3-4-հոգանոց ընտանիքի միակ կերակրող ձեռքը, օրինակ, 100 հազար դրամ (լավագույն դեպքում) աշխատավարձ է ստանում։ Ինչպե՞ս պետք է լուծեք մի խնդիր, որն առաջին հերթին պայմանավորված է երկրի տնտեսական զարգացմամբ։
-Ընդհանրապես համաձայն չեմ Ձեր հարցադրմանը։ Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ որպես նախարար ստանում եմ 300 հազար դրամ աշխատավարձ։ Հիմա ի՞նչ, ասեմ` դա ինչ գումար է, որ այդքան չարչարվե՞մ։
-Խոսքն այդ մասին չէ, ուզում եմ հասկանալ` ինչպե՞ս պետք է նպաստեք, որ աշխատողի աշխատավարձն այսօրվա տնտեսական վիճակում բարձրանա։ Եվ հետո գուցե Դուք և մյուս պաշտոնյաները 300 հազար դրամ աշխատավարձ եք ստանում, սակայն դա ձեր եկամտի միակ աղբյուրը չէ։
-Պայքարում եմ, որ ՊՈԱԿ-ների տնօրեններն իրենց բարեկամ-հարևաններին ձևականորեն աշխատանքի չընդունեն, ձևակերպեն ու հետո յուրացնեն այդ միջոցները։ Եթե այդ կեղծարարությունը կանխվում է, ապա դա չի՞ նշանակում, որ իրականում մի կարիքավոր մարդու աշխատանքի վերցնելով լուծվում է այդ մարդու ընտանիքի հացի խնդիրը։ Իհարկե, պետք է հասնել նրան, որ Հայաստանում մարդը վաստակի ոչ միայն հացի խնդիրը լուծելու, այլև արժանապատիվ կյանք ապահովելու համար: Համոզված եմ, որ եթե ներկա պայմաններում պետությունն ունենար աշխատողների աշխատավարձի վերանայման հնարավորություն, ապա հաստատ ձեռնպահ չէր մնա այդ հնարավորությունն օգտագործելուց։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին, ապա բիզնես չունեմ։ Իմ երկրորդ բիզնեսը (նկատի ունեմ` մյուս աշխատանքը) Երևանի պետական համալսարանում դասախոսելն է: Իրավաբանական ֆակուլտետում արդեն 13 տարի դասավանդում եմ։ Շատ կարևոր է մարդու տեսակը։ Կան բիզնես ունեցող մարդիկ, որոնք ցանկություն ունեն պաշտոնը բիզնեսի վերածելու։ Բիզնես չունեմ, կարող եք այլ աղբյուրներից էլ ճշտել, և պաշտոնը բիզնեսի չեմ վերածում։
-Դուք կուսակցական նախարար եք: Ինչպե՞ս եք համատեղում կուսակցական շահերն ու նախարարության գործերը:
-Իմ սկզբունքը հետևյալն է. առաջին` պարտավոր եմ կատարել կառավարության գործունեության ծրագիրը։ Երկրորդ` քանի որ ես առաջադրվել եմ ԲՀԿ-ից, պարտավոր եմ կենսագործել նաև մեր կուսակցության ծրագիրը սոցիալական ապահովության ոլորտում: Ստանալով մեր երկրի նախագահի և մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վստահությունը, այլ տարբերակ չունեմ, քան գործել օրենքի շրջանակներում և անել ինձնից կախված հնարավոր ամեն բան` ժողովրդաշահ գործունեություն իրականացնելու ուղղությամբ: Լավ եմ աշխատում, թե վատ, ժողովուրդն ու երկրի ղեկավարությունը կարող են գնահատել։ Համենայն դեպս, փորձում եմ անել հնարավորը, որ իմ նկատմամբ մեր կուսակցության ցուցաբերած վստահությունն արդարացնեմ։
-Ձեր ղեկավարման օրից սկսած կադրային փոփոխություններ կատարվե՞լ են համակարգում, եթե այո, ի՞նչ հիմքով։
-Գնահատվել է միայն աշխատանքի որակը։ Քաղաքական հողի վրա կադրային փոփոխություններ չեն կատարվել։ Ինձ համար կարևոր չէ, թե լավ աշխատողը որ կուսակցությունից է։ Եթե ոլորտի կառույցների վիճակը վատ է, բնականաբար, ղեկավարները պատժվում են։ Օրինակ, առաջինն իր կատարած ապօրինությունների և երեխաների շահերին հակառակ գործողությունների համար պատժեցի Գյումրու մանկատան տնօրենին, որը հենց ԲՀԿ-ական էր։ Դրանից հետո այցելեցի Նորքի մանկատուն, որի տնօրենն ընդդիմադիր գործիչ Արա Սահակյանի կինն է, և նրան իր կատարած բարեխիղճ աշխատանքի դիմաց խրախուսեցի։ Ինձ համար ոչ մի աշխատող ո՛չ թշնամի է, ո՛չ էլ հակառակորդ, կարևորը նրա լավ աշխատանքն է։ Օրերս ընտանիքիս հետ այցելեցի Գավառի մանկատուն, որի տնօրենը ՀՀԿ անդամ է։ Մթնոլորտն այնպիսին էր, որ աղջկաս ու տղայիս հետ ամբողջ օրն անցկացրեցինք այնտեղ։ Մինչ այդ տնօրենին, որը հանրապետական կուսակցության անդամ է, պարգևատրել էի շնորհակալագրով ու նախարարության հուշամեդալով։
-Շատ եք այցելում մանկատներ։ Դա Ձեր հոգո՞ւ պահանջն է, թե՞ Ձեր PR մենեջերի ծրագիրը:
-PR մենեջեր չունեմ։ Գործում եմ` ելնելով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման շահերից և մեր կուսակցության հռչակած ծրագրերից։ Ինձ ոչ ոք ո՛չ նման բան է հանձնարարում, ո՛չ խնդրում և ո՛չ էլ պարտադրում։ Դա իմ իրավական պարտականությունն է։ Առաջին անգամ Ձեր առաջ եմ բացում այս գաղտնիքը` մայրս մանկատանն է ապրել։ Ինձ շատ են հարցնում` ինչո՞ւ ես երեխաներիդ հետ մանկատուն գնում։ Նրանց տանում եմ, որ կոտրեմ «արտոնյալ երեխա» պիտակը, որը, ցավոք, առկա է մեր իրականության մեջ։ Մեր երեխաների և մանկատանն ապրող երեխաների տարբերությունը միայն այն է, որ վերջիններիս կյանքը լավ չի դասավորվել։ Մենք էլ պետք է փորձենք նպաստել նրանց` բարեկեցիկ ապագա կառուցելու հարցում: Դրա համար ամեն մի պաշտոնյա պետք է իր ընտանիքի ուրախությունից, իր ժամանակից մի քիչ էլ տրամադրի այլ անձանց, կարիքավոր մարդկանց:
-Ինչո՞ւ են ասում, որ Ձեր աշխատանքային օրերի գերակշիռ մասը «Բելաջիո» ռեստորանում եք անցկացնում։
-Նման հրապարակումը, ըստ երևույթին նպատակ ուներ ասելու, թե մինչ նախարար լինելը երբեք չեմ ճաշել բարձրակարգ ռեստորաններում։ Ասեմ, որ մինչ այդ էլ եմ այցելել այդպիսի հաստատություններ։ Իսկ կոնկրետ այդ օրը «Բելաջիո» ռեստորան չեմ էլ այցելել։ ՈՒղղակի ճանապարհին ընկերներիցս մեկը զանգահարեց, ասելով, թե շտապ խոսելու բան ունի ինձ հետ։ Ես այդ պահին, ժամը 18:30-ի սահմաններում գտնվում էի տան ճանապարհին ու որպեսզի մեքենաները չկանգնեին ճանապարհի վրա, չխոչընդոտեին հասարակական տրանսպորտի բնականոն ընթացքը, պայմանավորվեցինք «Բելաջիո» ռեստորանային համալիրի հրապարակում հանդիպել։ Ընդհանրապես, չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր չեղած տեղը սենսացիա են փնտրում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ