Մարդու տարրական, ըստ էության, հուզական-հոգեբանական վիճակը՝ «երազանքը», մեկընդմիշտ հասարակական, գաղափարախոսական, անգամ քաղաքական տերմին է դառնում։ Բացի այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են, օրինակ, «ազատության երազանքը», «պայծառ ապագայի երազանքը», հանդիպում են նաև այդ «նվիրական ցանկության» ավելի գիտահակ (դոկտրինային) տարատեսակներ։ Ժամանակին ԽՍՀՄ-ը հանդգնեց հռչակել «մարդկության երազանք» հասկացությունը, բայց, ըստ երևույթին, կոմունիստների մեջ պակասում էր համոզմունքների անսասանությունը, և անհրաժեշտ պահին ոչ ոք թիկունք չկանգնեց սոցիալիստական ընտրության երազանքին։ Շատ երկար ժամանակ համաշխարհային իրողություններն ընթանում էին մեկ այլ տարփողված «երազանքի»՝ ամերիկյան «երազանքի» դիտանկյունից։ Ամերիկյան երազանքն ԱՄՆ-ի միջին բնակչի կյանքի իդեալն է, որն իրենից ներկայացնում է անձնական, նյութական բարեկեցություն և անհատականություն։ Երբ առաջին անգամ այդ տերմինն արծարծվեց Ջեյմս Ադամսի «Ամերիկայի էպոսը» երկում, որը գրվել էր Մեծ ճգնաժամի շրջանում, ամերիկյան երազանքը ներկայացվում էր իբրև ձգտում մի երկրում, ուր յուրաքանչյուր մարդու կյանքը պիտի լիներ ավելի լավ, ավելի հարուստ ու ավելի լիարժեք, ուր ամեն մեկը հնարավորություն կունենար ստանալու այն, ինչին արժանի էր։ ՈՒ թեև այդ հասկացության ավելի հստակ բանաձևում չկա, ԱՄՆ-ի բոլոր նախագահները պաշտոնակալման և համապատասխան որոշումներ ընդունելու ժամանակ պետք է իրենց ընտրողներին խոստանան, որ իրենց քաղաքականությունը մոտեցնելու է այդ երազանքի իրագործումը։ Ընդ որում, դա անվանում են «ամերիկյան քաղաքականության հոգի» և մեկնում իբրև «Անկախության հռչակագրում ներբողվող ժողովրդավարության իդեալ»։ Ավելին, ամերիկյան քաղաքական մոտեցումներին համապատասխան, դրանք, ինչպես նաև նյութական բարեկեցությունը, «պետք է սկիզբ առնեն Ամերիկայից և տարածվեն մյուս երկրներում»։ Այդ սխեման, ըստ էության, բավական երկար ժամանակ համաշխարհային ընդհանուր քաղաքականության կայուն և առաջատար, գուցե և միակ տարրն էր։ Սակայն վերջին ժամանակներս, կարծես, գաղափարախոսական այդ սառույցը շարժվել է, և քաղաքական բառապաշարում տեղ է գտել ևս մեկ երազանք, այս անգամ՝ չինականը։
Չինական ազգային թանգարանում ներկայացված «Վերածնության ուղի» ցուցահանդես կատարած այցի ժամանակ չին ղեկավարների նոր՝ հինգերորդ սերնդի առաջնորդ Սի Ցզինպինն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց «չինական երազանք» արտահայտությունը։ Նախագահ Սիի կարծիքով, արդարացի ու բարեկեցիկ հասարակարգի կառուցման, պետության ձեռք բերած տնտեսական և քաղաքական հաջողություններին համապատասխան համաշխարհային ասպարեզում Չինաստանի տեղի մասին չին ժողովրդի բազմադարյա իղձերի բուն էությունը կարտացոլվի երկրի էապես աճող ռազմական հզորության մեջ։ Փաստորեն, «չինական երազանքը» դարձել է երկրի պաշտոնական գաղափարախոսությունը առնվազն առաջիկա տասը տարիների համար։ Ներկայումս հայեցակարգը ձևավորման փուլում է. ՉԺՀ-ի հասարակական գիտությունների ակադեմիան, իր բոլոր գիտահետազոտական ինստիտուտներով (իսկ դրանց թիվը հասնում է մոտ հարյուրի) ձեռնամուխ է եղել այդ գաղափարի մանրազնին ուսումնասիրությանը, մշակմանն ու առարկայական իմաստավորմանը, իսկ տարբեր երկրների փորձագետներն սկսել են հաշվարկել դրա իրագործման տարբերակները։ Սի Ցզինպինը քաղաքական ու մեթոդական կողմնորոշումներ է տվել՝ մատնանշելով վերջնական նպատակը՝ «չինական երազանքի» իրականացումը։ Եվ շատերը կանխատեսում են, որ «չինական երազանքը» 21-րդ դարի համաշխարհային նոր գլոբալ նախագիծ է։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ այժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Այսպես, օրինակ, բանավեճը ծավալվում է հետևյալ գաղափարախոսության շրջանակներում. «Դուրս կգա՞, արդյոք, «երազանքը» սոցիալիզմի սահմաններից», «Կվերանա՞ն, արդյոք, «մարքսիստական հիմունքները» Չինաստանի քաղաքական բառապաշարից», «Իսկ ի՞նչ բան է «չինական երազանքը»։ Չինաստանի առաջնորդը փորձեց պահպանել գաղափարախոսական բաղադրիչը՝ «երազանքի» իրագործումը շաղկապելով «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի» զարգացման հետ։ Թեև հարկ է նկատել, որ այդ հիշեցումը չինացիների մեծամասնության համար զուտ ձևական բան է և, ըստ էության, չի փոխել գաղափարի ընդհանուր ընկալումը։ ՉԺՀ-ում այն ընկալում են «սոցիալիզմի» շրջանակներից շատ ավելի լայն, նույնիսկ չինական առանձնահատկությամբ, և համարում են «Չինաստանի վեհացման» ինչպես համազգային, այնպես էլ, միաժամանակ, անձնական ծրագիր։ Հատկապես նշում են, որ նրանում դուք արդեն չեք գտնի ո՛չ դասակարգային պայքարի, ո՛չ գիտական կոմունիզմի սկզբունքների ակնարկ։ Ըստ էության, շարքային չինացիների համար ազգային գաղափարի մարմնավորման դոկտրինի, իսկ ավելի կարճ՝ «չինական երազանքի» երեք գլխավոր սկզբունքներն են՝ «Չինաստանում սկիզբ առնողը», «Չինաստանին պատկանողը» և «Հանուն Չինաստանի իրագործվողը»...
Եվ այստեղ, միանգամայն բնականորեն, ծագում են այլ հարցեր. «Ինչպե՞ս է ՉԺՀ-ի ղեկավարությունը գնահատում «երազանքը» համաշխարհային տնտեսության ու քաղաքականության ընդհանուր համատեքստում», «Արդյոք առաջադրված գաղափարի հետևում կոշտ ու ագրեսիվ «ազգայնական օրակարգ» թաքնված չէ՞», «Մտադի՞ր են, արդյոք, չինացիները, ԱՄՆ-ի օրինակով, այն տարածելու աշխարհում»։ Թեև, կարծես, բուն «չինական երազանք» արտահայտությունը Չինաստանը վերցնում է «ամերիկյան երազանքի» նմանությամբ, բայց հատկապես ընդգծվում է, որ Պեկինը մտադիր չէ կրկնելու ամերիկյան կամ եվրոպական ուղին։ Նա կարող է և պատրաստ է ստեղծելու սեփական մի բան, սակայն խիստ կարևոր է, որ դա լինի ոչ ի հակադրություն Արևմուտքի և ամբողջ աշխարհի։ Չին գաղափարախոսներն իրենց դոկտրինի արժեքավորությունը բացատրում են նրանով, որ այն «ներառել է համամարդկային արժեքների մասին չինական լավագույն ավանդական պատկերացումները»։ Շեշտադրվում են հոգևոր և ներդաշնակ սկիզբը, համադրությունն ամբողջ քաղաքակիրթ մարդկության հիմնական արժեքների հետ։ «Չինական երազանքը» թեև հռչակվում է իբրև «երազանք չինացիների համար», բայց այն բնավ չի բացառում, նույնիսկ լրացնում է այլ ժողովուրդների ազգային «երազանք-գաղափարները», ստեղծելով մարդկության միասնական և բազմակողմանի ընդհանուր երազանք։ «Սինխուա» գործակալությունն ընդգծում է. «Այդ ազգային հայեցակարգում երեք առանցքային տարրերի՝ խաղաղության, զարգացման ու համագործակցության զուգորդումը հույսեր է ներշնչում ոչ միայն չին ժողովրդին, այլև բոլոր զարգացած և զարգացող պետություններին»։ Այսինքն, բացի «Չինաստանում արտադրված» լինելուց, զարգացման չինական ուղին ու կառավարման մոդելը խրախուսում են նաև «Չինաստանում սկիզբ առնելու, ամբողջ աշխարհին պատկանելու» և համընդհանուր զարգացման մոդելների բազմազանությունը հարստացնելու հայեցակարգը։ Այլ կերպ ասած, «աշխարհին անհրաժեշտ «չինական երազանք» գաղափարի ուրվագծերը զարգացման անհրաժեշտ պահանջ են մեր դարաշրջանում, և Չինաստանը պետք է մեծ ավանդ ներդնի մարդկության զարգացման գործում»։ Չինական հեղինակավոր «Խուանցյու Ժիբաո» թերթում հրապարակված հոդվածում ասվում է. «Չինական երազանքը» ընդհանուր ոչինչ չունի քաղաքական հարկադրանքի հետ, այն թույլ է տալիս հասարակության շրջանում հարստության և ընտրության բազմազանության այնպիսի մակարդակ, որը ոչ միայն մթագնում է չինական արդի պատմության օրինակները, այլև բացում է ամբողջ աշխարհի պատմության նոր էջ։ Մենք հավատում ենք, որ «չինական երազանքն» իրոք բոլորի առջև կբացի նոր հնարավորություններ և երջանկության նոր ուղիներ, և դա բացատրվում է հենց նրանով, որ այդ երազանքն այժմ ամեն չինացու սրտում է»։
Սակայն սկզբունքորեն կարևոր է, որ «երազանքի» այսօրվա տարբերակը չվերածվի բացառապես «ռազմական» կամ «ազգայնական երազանքի»։ Այս կապակցությամբ այլազգի մեկնաբանները նշում են, որ Սի Ցզինպինն առանձնակի կարևորում է զինված ուժերի հզորացումը, համարում է, որ չին ազգի մեծ վերածնության նախադրյալը երկրի զարգացումն ու նրա պաշտպանունակության ամրապնդումն են։ Եվ դա լիովին համապատասխանում է Չինաստանի կոմկուսի կենտկոմի լիագումար նիստում երկրի առաջնորդի գաղտնի զեկուցմանը, որը նվիրված էր կարգապահության ստուգմանը, և որի հիմնական դրույթները, այնուամենայնիվ, հասու են դարձել արևմտյան մամուլին։ Եթե հավատալու լինենք իտալական «Կորիերե դելա Սերա» թերթին, ապա Սի Ցզինպինը հանդես է եկել հետևյալ թեմայով. «Ինչո՞ւ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Ինչո՞ւ խորհրդային կոմկուսը փուլ եկավ»։ Սիի կարծիքով, «ռուսները պարտություն կրեցին, որովհետև նրանց իդեալներն ու համոզմունքներն անսասան չէին»։ Այլ խոսքով՝ ԽՍՀՄ-ի բնակիչներն այդ շրջանում արդեն չէին հավատում իրենց «խորհրդային երազանքին», ինչը և նպաստեց աշխարհի երկրորդ հզոր կայսրության փլուզմանը։ Բայց, միաժամանակ, միջազգային լայն հանրության համար նախատեսված հայտարարություններում չինական լրատվամիջոցները նշում են. «Չինաստանի կողմից պաշտպանունակության ամրապնդումը միտված է սեփական պետական ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանն ու պետության խաղաղ զարգացման ապահովմանը։ ՉԺՀ-ն անշեղորեն հանդես է գալիս իբրև մոլորակի խաղաղության պաշտպանության անկոտրում ուժ և խստորեն կկատարի այդ հանդիսավոր հանձնառությունը։ Չինաստանը երբեք չի վերածվի հեգեմոնի, երբեք չի զբաղվի նվաճմամբ»։ Փորձագետների շրջանում այդ թեմայով կարծիքները շատ են, և առայժմ դժվար է ասել, թե, ի վերջո, ինչն է գերիշխելու։ Բայց, ամենայն հավանականությամբ, համընդհանուր ազգայնականությունը, այնուամենայնիվ, հիմնական ռեսուրսը չի դառնա։ Հնարավոր է, «չինական երազանքում» կպահպանվի որոշակի համամասնությամբ ներքին և արտաքին արժեքների ինչ-որ հավաքանի՝ առանց ծայրահեղությունների ու ծայրահեղականության՝ ազգայնականության «առողջ չափաբաժնի» համեմվածությամբ։ «Չինական երազանքի» իրագործման մյուս հնարավորությունը չինական բարեփոխումների առաջանցիկ բնույթի պահպանումն է, բայց արդեն Չինաստանը մեծ «համաշխարհային ֆաբրիկայից» ներդրումների, տեխնոլոգիաների ու ապրանքների համաշխարհային շուկայի վերածելու հիմքի վրա։ Եվ տնտեսական առաջընթացը դրա իրագործման օբյեկտիվ ու բազային հիմքն է։ Ազգային առաջադրանքների իրագործման ճանապարհին Չինաստանին սպասող հնարավոր ներքին դժվարությունների շարքում փորձագետներն առանձնացնում են ՀՆԱ-ի տարեկան աճը բարձր մակարդակի վրա պահելու խնդիրը, ներքին շուկայի առավելությունների վրա հիմնված տնտեսական աճի նոր մոդելի զարգացման տեմպերի պահպանումը, չինական տնտեսության սոցիալական և բնապահպանական ուղղվածության ուժեղացումը։ Նրանց դիտարկմամբ՝ երբ Չինաստանը դարձավ երկրորդ համաշխարհային տնտեսական տերությունը, այդ ժամանակ էլ հենց առաջացավ «չինական երազանքի» անհրաժեշտությունը։
Եվ վերջին հիմնարար հարցերը. «Որքա՞ն է իրական «համաշխարհային» և «չինական» երազանքի զուգադիպությունը», «Ապագայում մարդկությանն ի՞նչ կտա նոր դոկտրինի տարածումը», «Մարդկության գոյատևման ու զարգացման «համաշխարհային օրակարգում» իր տեղը կգրավի՞, արդյոք, չինական տարբերակը»։ Թեև ակնհայտ է, որ նախագծի արդյունքներն ու դրա իրագործման ժամկետները հազիվ թե որևէ մեկը ճշգրիտ իմանա, այնուամենայնիվ, վերջում մեկ անգամ ևս անդրադառնանք ՉԺՀ-ի առաջնորդի կարծիքին։ Սի Ցզինպինը նկատում է, որ արդի աշխարհը կոշտ մրցակցության աշխարհ է, ուր ազգը, առանց կողմնորոշիչ երազանքի, իր տեղը չի գտնի և կհայտնվի պատմության լուսանցքում։ «Չինական երազանքը» շատ լուրջ բան է, քանի որ մարդն ու ազգը կյանքի նկատմամբ իրենց պահանջներն իրականացնում են երազանքի միջոցով։ Առանց երազանքի երկրի գոյության իմաստն արդի աշխարհում կորսված համարիր»,- ասում է նա, և դժվար է չհամաձայնել նրա հետ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից