(սկիզբը` այստեղ)
Կրկին անդրադառնանք նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններին։ Նա տեղեկացրեց, որ առաջիկա հինգ տարում Հայաստանը կկարողանա 800 մլն դոլար տնտեսել ռուսական գազի արտահանական տուրքի վերացման հաշվին, իսկ «ՀայՌուսգազարդի» 20 % բաժնետոմսերը «տրվել են կուտակված պարտքերի մարման համար»։ Ի՞նչ պարտք, ո՞ր պարտքերի։ Որոնց մասին տեղյակ չէին ո՛չ Վ. Պուտինը, ո՛չ Վ. Սարգսյա՞նը։ Նրա ասելով` ռուսական գազի գները 2011 թվականից բարձրացվել են, այդ թվում և Հայաստանի համար, և 2011-ից հազար խմ գազի նախկին 180 դոլարի և իրական գնի միջև, որ պետք է վճարեր Հայաստանը, տարբերությունը հասել է մոտ 300 մլն դոլարի (հո չասացի՛ր)։ «Այն ժամանակ մեզ հաջողվեց ռուսական կողմի հետ պայմանավորվել, որ Հայաստանը կշարունակի գազը ստանալ նախկին 180 դոլարով` մինչև բանակցությունների ավարտը։ Մեր պայմանավորվածությամբ` պարտքի կեսը մարում ենք մենք, կեսը` ռուսները։ Ընդհանուր առմամբ, 2011-ից մինչև 2018 թվականը ֆինանսական բեռը, այդ թվում նաև ռուսական կողմի վրա ընկնող, զեղչումների ու չեղարկումների հաշվին կկազմի մոտ 1,1 մլրդ դոլար։ Դրանից մենք որոշել ենք 155 մլն դոլարը վճարել ի հաշիվ «ՀայՌուսգազարդի» 20 % բաժնետոմսերի»,- ավելացրեց Ա. Մովսիսյանը։ Մինչև սակագների հուլիսյան բարձրացումը իշխանությունները համառորեն հայտարարում էին, թե Հայաստանը շարունակում է Ռուսաստանին գազի դիմաց վճարել հազար խմ-ն 180 դոլար սակագնով, և ամեն կերպ հերքում էին ընդդիմության և մի շարք լրատվամիջոցների պնդումները, թե ռուսական գազի գինն արդեն բարձրացվել է, սակայն այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում, նպատակ ունենալով չխանգարել խորհրդարանական և նախագահական ընտրություններում, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ընտրություններում իշխանությունների հաղթանակին։ Նախարարը, մեկնաբանելով հայ սպառողների վրա «ՀայՌուսգազարդի» մատակարարած գազը կրկնապատիկ թանկ վաճառելու հանգամանքը, հայտարարեց, թե դա նորմալ է համարում։ Ա. Մովսիսյանն իր կարծիքին մնաց այն պարագայում, երբ «ՀայՌուսգազարդը» հանրապետության սահմանագլխին հազար խմ գազը ստանալու է 189 դոլարով` նախկին 270 դոլարի փոխարեն, սակայն բնակչությունը, միևնույն է, այն ստանալու է 156 հազար դրամով (385 դոլար)։ Նախարարն այդ աներևակայելի թանկությունը (մարժան) բացատրեց նրանով, որ Հայաստանում երկու տեսակի ճնշման գազ է օգտագործվում. բարձր, որն օգտագործում են խոշոր սպառողները, և ցածր ճնշման, որն օգտագործում է բնակչությունը։ ՈՒ իբր մեծ գումարներ են ծախսվում այն աշխատանքների վրա, որ գազն իջեցվի ցածր ճնշման և հասցվի սպառողին։ «ՈՒրեմն, «ՀայՌուսգազարդը» պետք է որոշակի մարժա (եկամուտ) ունենա, որ կարողանա այդ աշխատանքները կատարել... Սակագինն առաջանում է այսպես. գազի գինը սահմանագլխին, գումարած այդ աշխատանքը, մարժան, որ ունի «ՀայՌուսգազարդը», գումարած ՀՆԱ-ն։ Սա է ամբողջ սխեման»,- հայտարարեց նա լրագրողներին։
Դեկտեմբերի 3-ին Վիգեն Սարգսյանի հայտարարածից և ապա Արմեն Մովսիսյանի հայտարարածից այդքան ակնհայտ հետևո՞ւմ է, արդյոք, որ աշխարհի ամենաէժան գազը պետք է Հայաստանի կիսաընչազուրկ քաղաքացուն հասնի, փաստորեն, կրկնապատիկ թանկացած։ Ոչ, ամենևին։ Պարզապես Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ մտադիր են կատարելագործել սեփական ժողովրդի հիմարացման համակարգը։ Եվ շարունակելու են դա։ Օրինակ, լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակին նվիրեց մի ծավալուն վերլուծություն, որտեղ Հայաստանի իշխանությունների` ռուսական գազի հետ կապված «դերասանությունները» նկարագրելուց հետո հիշեցրել էր, որ Հայաստանում գազի այդքան բարձր գինը շատ լրատվամիջոցներ իրենց հոդվածներում բացատրել են ինչպես համակարգի կոռումպացվածությամբ, այնպես էլ «ՀայՌուսգազարդի» անարդյունավետ կառավարմամբ։ Եվ «Հայաստանում ռուսական գազի անհավանական արկածների» շուրջ տիրող ամբողջ իրավիճակն արդեն հանգեցրել է... ճիշտ է, հենց արևմտամետ ընդդիմության ակտիվացման (ավաղ, իշխանությունները ժամանակին «հոգ էին տարել», որ, օրինակ, խորհրդարանում ներկայացված չլիներ որևէ այլ, ասենք, իրանամետ կամ չինամետ կամ ռուսամետ ընդդիմություն), որը, հանուն արդարության, ասենք, տվյալ դեպքում մի շատ բան չի էլ ուզում. թափանցիկություն գազի «գնագոյացման մեխանիզմների» բացատրության հարցում։ Եվ, ի դեպ, նույն բանն ուզում է նաև երկրի հասարակ ժողովուրդը։ Ի միջի այլոց, դեկտեմբերի 17-ին երկրի խորհրդարանում տեղի ունեցած ունկնդրումների ժամանակ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը վերստին կրկնեց 300 մլն դոլար «պարտքի» մասին անհեթեթությունը, որը «կուտակվել էր 2010 թ. ապրիլից, և այդ «պարտքը» հայկական կողմը մարել է «ՀայՌուսգազարդի» 20 % բաժնետոմսերի վաճառման հաշվին և այլն, և այլն։
ՈՒնկնդրումներին ներկա խորհրդարանականները հետաքրքրվեցին, թե ինչու է պարտքի մասին իմացվում վերջին պահին, ինչու է պարտքը մարվում բաժնետոմսերի վաճառքով և ինչ պատճառով է, որ գազի գինը անփոփոխ է մնալու մինչև 2018 թ. (ինչը խիստ «ինքնատիպորեն» համապատասխանում է Ս. Սարգսյանի նախագահական լիազորությունների երկրորդ ժամկետի ավարտին), թեև, բաժնետոմսերի առքուվաճառքի մասին կնքված պայմանագրի համաձայն, խորհրդարանը պարտավորվում է մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը չընդունել այդ համաձայնագրին հակասող որևէ օրենսդրական ակտ։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ընդգծեց, որ գազի գների որոշման բանակցությունների առումով կարևորը արդյունքն է, ոչ թե ընթացքը. «Գաղտնի բանակցություններ չեն եղել, կուտակված պարտքի մասին չի հաղորդվել, քանի որ նման պարտադիր օրենսդրական դրույթ չկա, և ոչ ոք չի հետաքրքրվել այդ հարցով»։ Դրան դժվար է հավատալ. ժամանակին թե՛ բարձրագույն իշխանությունից, թե՛ նախարարից փորձել ենք ճշտել` արդյոք «Գազպրոմի» հետ բանակցությունների ընթացքում բացասական էֆեկտներ չե՞ն առաջանա... Մի քանի տարի առաջ հասարակայնությանը հավաստիացնում էին, որ` ոչ, նման էֆեկտներ չեն լինի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները երկնագույն վառելիքի արժեքի որոշման բանակցությունները գնահատեցին որպես անարդյունավետ, քանի որ կուտակված պարտքի մասին, որը մարվեց կառավարության բաժնետոմսերի վաճառքի հաշվին, հասարակայնությունը ոչինչ չգիտեր։ Այդ պայմաններում էներգետիկայի նախարարին առաջարկեցին հրաժարական տալ, որին, բնականաբար, Ա. Մովսիսյանը չհամաձայնեց։ Ծուռ նստենք, ուղիղ խոսենք. ինչո՞ւ պիտի համաձայներ, որ մեղավոր ճանաչվեր ինքը և ոչ թե, ասենք, վարչապետ Տիգրան Սարգսյա՞նը, կամ էլ հենց Հայաստանի նախագահ Ս. Սարգսյա՞նը։
Ինչպես կարելի է նկատել, Հայաստանում գազի գնի հարցը շուտով կարող է բուն իշխանության հարց դառնալ երկրում։ Գործող վարչակազմի արարքների հարց։ Եվ իզուր չէ, օրինակ, էթնոքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Արեգ Գալստյանը դեկտեմբերի 6-ի իր «Հայաստանը և Մաքսային միությունը. Եվրասիական ուղու ընտրության ներքաղաքական կողմը» հոդվածում արդարացիորեն նշում, որ հաճախ աչքաթող է արվում շտապ վերակողմնորոշման վերաբերյալ նախագահ Ս. Սարգսյանի ընդունած որոշման «ներքաղաքական կողմի վերլուծությունը» (եթե ելնենք սեպտեմբերի 3-ի հայտարարությունից և 2013 թ. օգոստոսի վերջին օրերի որոշ տեղեկություններից)։ Եվ հիշեցնում է, որ դեռ «ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանի իշխանությունները սկսել էին քննարկել երկրի Սահմանադրության հնարավոր փոփոխման հարցը, որը թույլ կտա անցնել խորհրդարանական տիպի հանրապետության»։ Այսպես, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարել է. «Քննարկումներն արդեն երկար ժամանակ են շարունակվում։ Եվ այս տեսակետից տարբեր կարծիքներ կան, որ ժամանակն է դիմելու Սահմանադրությանն ու որոշ փոփոխությունների ենթարկելու այն։ Անցումը խորհրդարանական կառավարման, անկասկած, քննարկման առարկա կդառնա»։ Այլ կերպ ասած, խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում հաջորդ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կարող է գլխավորել գործող նախագահ Ս. Սարգսյանը, և հաղթանակի դեպքում նա կընտրվի վարչապետ, արդեն այդ կարգավիճակով գլխավորելով Հայաստանը։ Ա. Գալստյանը նշել է նաև, որ ամերիկացի հայտնի քաղաքագետ, Կոլումբիայի համալսարանին առընթեր քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Դևիդ Սելլիվանը պարզաբանել է. «Խորհրդարանական հանրապետությունը Հայաստանում թույլ կտա ապագայում պահպանել այն իշխանությունը, որը, ընթացիկ օրենսդրության համաձայն, գտնվում է նախագահի ձեռքին»։
Այսպիսով, պարզվում է, առանց գազի գինն իջեցնելու էլ կարելի է փորձել «մեկ կրակոցով երկու նապաստակ խփել»։ Առաջին «նապաստակ»` կարելի է (պետք է միայն մի քիչ ջանք գործադրել, բարեբախտաբար, արևմտամետ «գրանտակերներ» կան...) որքան հնարավոր է խորացնել հակառուսական տրամադրությունները, ընդ որում, արդեն նույնիսկ շարքային քաղաքացիների միջավայրում. ասենք այսպես` ռուսներից անգամ Պուտինն է «ստում»։ Գազը նույնքան թանկ է։ ՈՒ մեկ էլ տեսար մի երկու տարի հետո այդ փաստը կարելի կլինի շատ հարմար ներկայացնել նաև Արևմուտքի հակառուսական շրջանակներում. տեսեք, թե մենք որքան ճարպկորեն, Ռուսաստանի հետ ստորագրելով ամենը, Հայաստանում ռուսներից լայն դժգոհության հասանք։ ՈՒ եթե նկատի առնենք, որ Հայաստանի իշխանությունները նորից իրենց «անգործությունը» բացատրում են «պարտքով», ապա, ասենք, Ռուսաստանի կողմից Կուբայի վիթխարի (բազմամիլիարդ) պարտքերի չեղարկումների մասին հաղորդումների ֆոնին հակառուսական տրամադրություններ բորբոքելն առհասարակ խնդիր չէ։ Երկրորդ «նապաստակ»` քիչ թե շատ նպաստավոր նախադրյալներ ստեղծել ՀՀԿ-ի և անձամբ Ս. Սարգսյանի վարչակազմի հետագա վերարտադրության համար։ Այն, ինչ չհասցրեց իրականացնել հարևան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նույնպես նախապես փոխեց Սահմանադրությունը։ Ո՞Ւմ ձեռագիրն է։ Անձամբ պարոն Սաակաշվիլու խորհրդատուներն ու նրան հրահանգողները ամերիկացիներն էին։ Ոչ թե ռուսները կամ ֆրանսիացիները։ Միգուցե Հայաստանի նախագահին էլ են հենց իրենք` ամերիկացիները հրահանգում։
Այստեղ էլ կուզեի մեջբերել Ա. Գալստյանից. «Ինչպես տեսնում ենք, խորհրդարանական հանրապետության անցնելը ձեռնտու է ներկա վերնախավին հետևյալ պատճառներով.
1. գործող նախագահը հնարավորություն է ստանում իշխանությունը կենտրոնացնելու իր ձեռքում որպես վարչապետ` անկախ ապագա նախագահական ընտրությունների արդյունքներից (փաստորեն, նախագահը կդառնա սոսկ խորհրդանշական դեմք),
2. Դեյուրե խորհրդարանը որոշակի անկախություն է ստանում իր վարչապետից, ինչը հնարավորություն կտա պահպանելու ներքին և արտաքին քաղաքական հավասարակշռությունը (պետության ղեկավարը կարող է վկայակոչել այն, որ այս կամ այն որոշումը (այս կամ այն արտաքին դերակատարին անհաճո) ընդունել է նման լիազորություններով օժտված մարմինը)։ Ընդ որում, հաշվի առնելով ներկա իրադրության առանձնահատկությունը, վարչապետը դեֆակտո որոշակի ազդեցություն կգործի այս կամ այն որոշման ընդունման վրա։
Հիմա հարց է առաջանում. «Ի՞նչ կապ ունի սա Ռուսաստանի նախագահի այցի հետ»։ Նկատի ունենալով Հայաստանի որոշակի ուժերի կերպափոխությունը, որոնք քաղաքական կշիռ են ձեռք բերել, նման խաղ խաղալը բավական դժվար կլինի։ Այս առնչությամբ գործող նախագահին պետք են իր օրինականության ճանաչման երաշխիքներ` ի դեմս արտքաղաքական առաջատար դերակատարների։ Ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարագայում, որպես նման երաշխատու կարող է հանդես գալ Ռուսաստանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե Հայաստանի ներկա նախագահն ինչ կտրուկ շրջադարձ կատարեց Արևմուտքի հանդեպ (կապված ՄՄ-ին միանալու Հայաստանի ցանկության մասին Մոսկվայում արած անսպասելի հայտարարության հետ), Եվրամիության երկրների կողմից նա արդեն աջակցություն չի ստանա։ Միաժամանակ, անհրաժեշտ է ասել, որ Վիլնյուսում ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելու Սարգսյանի «խոստման» գործոնը հենց առանցքային դարձավ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից նրա օրինականության «ակնթարթային» ճանաչման գործում։ Պատահական չէ, որ Ռուսաստանը մյուսներից ուշ պաշտոնական շնորհավորանք հղեց նորընտիր նախագահին։ Սակայն, ելնելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործոններից (գազի գնի բարձրացում, հարձակողական սպառազինության վաճառք Ադրբեջանին և այլն), Հայաստանի իշխանությունները հարկադրված էին ընտրություն կատարել. «հրաժարվել «եվրապաշտոնյաներին» տրված «խոստումներից» կամ լուրջ խնդիրների մի փունջ ստանալ Մոսկվայից»։ Արդյունքում ընտրությունը կատարվեց ընդդեմ ԵՄ-ի, որի հետևանքով, եվրոպացի քաղաքական շատ գործիչների կարծիքով, Հայաստանը «վերածվեց «անկանխատեսելի» և «անհուսալի» գործընկերոջ»։
Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Ա. Գալստյանի ենթադրություններին ու գնահատականներին, բայց նրա այն վարկածի ճշմարտացիությունը, որ, իր ձեռքին պահելով Ռուսաստանն ու նրա նախագահին սևացնելու լծակը, Ս. Սարգսյանն ու նրա շրջապատը ամբողջ թափով պատրաստվում են հավերժացնելու իրենց իշխանության դիրքերը երկրում, կասկած չի հարուցում։ Դե իսկ 2014-ի հունվար-փետրվարը Հայաստանի շարքային քաղաքացիներին ոչ մի լավ բան չեն խոստանում, ոչ էլ սեփական ժողովրդի հոգսերը թեթևացնելու երկրի իշխանությունների ցանկությունն է նկատվում։
Ավարտելով Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող արտաքին քաղաքական իրադարձությունների հետազոտությունը, նշենք. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի օրինաչափ իրադարձություն` Ադրբեջանի հետ արևմտամետ հայ քաղաքացիների ընկերացում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ինչպես մինչ այդ մեր երկրի արևմտամետ քաղաքացիները, հանդես եկավ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ։ Շնորհավորում ենք արևմտամետ հայերին Հայաստանում Ադրբեջանի «ազդեցության գործակալների» դերի կատարման առթիվ...
Վերջապես, նոյեմբերի 19-ին, գրեթե երկամյա դադարից հետո, Վիեննայում հանդիպում ունեցան Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Դա առաջին հանդիպումն էր «Ռամիլ Սաֆարովի աղմկալի գործից» հետո, երբ նախագահ Ալիևը հայ սպային սպանելու համար Հունգարիայում ազատազրկման դատապարտված Սաֆարովին 2012 թ. օգոստոսին վերադարձրեց Ադրբեջան, անմիջապես ազատ արձակեց ու ազգային հերոսի կոչում շնորհեց։ Թեև նախագահ Սարգսյանը Վիեննայի հանդիպումը համարեց նոր փուլ և ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների նոր մուտք, փորձագետների մեծ մասը հարկադրված էր խոստովանել, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումը բարձր մակարդակի բանակցությունների վերսկսումն էր միայն։ Եվ կարծում է, որ մոտ ժամանակներս բանակցություններում որևէ ճեղքում չի սպասվում։ Որ բուն հակամարտությունում առանձնակի շարժ չի ենթադրվում, վկայում է նաև այն փաստը, որ նախագահների հանդիպումից մեկ ամիս անց ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից սպանվեց Հայաստանի զինված ուժերի մի զինծառայող, դրան հավելած նաև ռազմաճակատի գծի վրա տեղի ունեցած այլ միջադեպերը։ Հարկ է նշել նաև, որ 2013 թ. ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, ընդ որում, ոչ միայն ԼՂ-ի հետ շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմաններում։
Բայց «նախագահների հանդիպումների» ձևաչափի վերականգնման նկատմամբ հետաքրքրությունը նաև այն է, որ դա տեղի է ունենում Արցախի իշխանությունները կարգավորման ուղղակի բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անխուսափելիության և անհրաժեշտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հաճախակի դարձած հայտարությունների ֆոնին։ Եթե ամռան-աշնան ընթացքում այդ մասին խոսում էին միայն Ֆրանսիայի ներկայացուցիչները, ապա հիմա դա երեք համանախագահների միասնական դիրքորոշումն է։ Իսկ դա անհնար է էական առավելություն չհամարել Արցախի ապագայի համար։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ