(սկիզբը` այստեղ)
Ավաղ, Արևմուտքը չհամաձայնեց ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։ Եվ դրանով իսկ ապացուցեց, որ Հայաստանի վրա ճնշում եղել է, միայն ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի կողմից։ Շատ պարզ օրինակ. Մոսկվայում ոչ ոք դեմ չէր, որ Հայաստանը միաժամանակ զարգացներ հարաբերությունները և՛ ՄՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Դեմ էր միայն Արևմուտքը։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դեպի Արևմուտք Հայաստանի կուրսը ոչ մի հեռանկար չունի։ Այդուամենայնիվ` ոչ։ Եվ ահա թե ինչու։ Ժանրի օրենքների համաձայն, այն անձինք, ովքեր մեկ տարի շարունակ (ուշադրություն դարձրեք) պաշտպանում էին Եվրամիությանը միտված կուրսը և մշտապես հայտարարում էին, որ պատրաստ են Վիլնյուսի համաձայնագրերի ստորագրմանը, պարտավոր են հրաժարական տալ։ Չէ՞ որ, ի վերջո, նրանց քաղաքականությունը, այսպես ասած, մերժվել է նախագահի կողմից։ Սակայն բոլորն իրենց տեղերում են, ներառյալ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը դեռ վերջերս ջանում էր ապացուցել անապացուցելին, թե իբր ՄՄ անդամ երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայությունը համարյա գլխավոր խոչընդոտն է այդ կառույցին Հայաստանի անդամակցության ճանապարհին։ Նույն կերպ մտածողներն իրենց տեղերը պահպանեցին նաև երկրի նախագահի աշխատակազմում։ Այլ կերպ ասած, այդ մարդիկ քաղաքական երեսպաշտներ են։ ՈՒ նրանց վարքագծում իրականում չկան ո՛չ քաղաքականություն ու քաղաքական խելամտություն, ո՛չ տնտեսություն ու տնտեսական հաշվարկ։
Ապա հաջորդեց տարվա իր կարևորությամբ երկրորդ արտքաղաքական իրադարձությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած դեկտեմբերյան պետական այցը։ Ռուսաստանի ղեկավարի այցը տեղի ունեցավ Լիտվայում «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո և չափազանց արգասավոր եղավ ստորագրված փաստաթղթերի ընդգրկմամբ ու բովանդակությամբ։ Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվեցին մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, այդ թվում` Հայաստանին մատակարարվող գազի, նավթամթերքների և չմշակված արտահանական տուրքերի վերացման միջկառավարական համաձայնագիրը։ Ստորագրվեցին գազի ճյուղին առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը 80 %-ից հասցնել 100 %-ի և Հայաստանի համար ռուսական գազի գինը հազար խմ-ի համար իջեցնել 189 դոլարի (մինչ այդ 270 դոլար էր)։ Ստորագրվեցին միջուկային անվտանգության ասպարեզում համագործակցության մասին համաձայնագիր և մինչև 2020 թ. ընկած ժամանակամիջոցում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման 2014-17 թթ. միջոցառումների պլանը։ Նախագահներն ընդգծեցին նաև, որ անհրաժեշտ է է՛լ ավելի խորացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Այդ առումով որոշվեց, որ Հայաստանը ռուսական զենք կգնի ներռուսական գներով։ Գործարկվեց Հրազդանի ՋԷԿ-ի երկար սպասված 5-րդ էներգաբլոկը։ Վ. Պուտինը Երևանում ասաց, որ հույժ անհրաժեշտ է «անվտանգության բարձ» ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ ՈՒրեմն ռուսներն ուզում են թույլ չտալ, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվի ճգնաժամի ճիրաններում։ Բայց ինչո՞ւ այդ մասին պետք է մտածեն ռուսները, ոչ թե հայկական իշխանությունները։
Հատկանշական է, որ հայկական արևմտամետ ընդդիմությունը միարժեք չընդունեց Պուտինի այցը և դրա արդյունքում կնքված համաձայնագրերը, հայտարարելով, թե «իշխանությունները ծախում են Հայաստանը պարտքերի դիմաց»։ Ընդդիմության այդ մասը նաև կոչ արեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան սկսվեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա կատարած այցելությունից, ինչը, իբր, վկայում է Հայաստանի հետ հարաբերություններում ռուսական գերակայությունների մասին և այլն։ Խորհրդարանական ընդդիմությունը փորձեց կանխել գազի համաձայնագրի վավերացումը։ Մտադրություն կա նաև հայց հարուցելու Սահմանադրական դատարան։ Բնականաբար, սոցցանցերում հակառուսական տրամադրությունների հերթական ալիքն է բարձրացվում։ Բայց ո՞վ է այս ամենի իրական մեղավորը։
Մինչ 2013 թ. որոշակիորեն կարևոր նշանակություն ունեցած վերջին իրադարձություններին անցնելը ուզում եմ մեկ անգամ ևս առանձնացնել ներքաղաքական «դիմակահանդեսների» և հայ-ռուսական հարաբերությունների հարցերը։ Իսկ ժողովուրդը լռում է, հը՞... Դե, էսպես միայն էստեղ-էնտեղ, երթուղայիններում կամ տաքսիներում, ինչ-որ մեկի խոհանոցում է «մորմոքուն» քննարկում գնում։ Բայց ընդհանուր առմամբ ժողովուրդը լռում է։ Իսկ դիմակավորված հին սադրիչի նոյեմբերի 5-ի «դիմակահանդեսային անկարգությունը» կամ ՈՒկրաինայի դրոշներով մի ինչ-որ 150 տխմարների և, այսպես կոչված, «ԼԳԲՏ ընկերության» դեկտեմբերի 2-ի (Վ. Պուտինի Երևան գալու օրվա) անկարգությունները իշխանության դեմ ելույթ համարել հայ ժողովուրդը ոչ մի կերպ չի կարող։ Զուր չէ, որ ռուսական առաջնորդի այցի դեմ «բողոքների» երթի ընթացքում «Հայազն» կուսակցության ներկայացուցիչները հարձակվեցին ԼԳԲՏ-ակտիվիստներից մեկի վրա, փորձեցին խլել «վարդագույն-երկնագույն» դրոշը, պահանջեցին հեռացնել նրան և, առհասարակ, ԼԳԲՏ-ականներին դուրս շպրտել բողոքի ցույցի մասնակիցների շարքերից։ Վեճին միջամտեցին այլ ցուցարարներ, նրանց հաջողվեց հանգստացնել կուսակցության անդամներին և այլն։ «Հակապուտինականները» սկզբում ծրագրել էին երթ անցկացնել Երևանի կենտրոնական փողոցներով և ակտն ավարտել Բաղրամյան պողոտայում` նախագահի նստավայրի մոտ, ուր պետք է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու պահանջ պարունակող «նամակ» հանձնեին։ Բողոքի ակտը` միտինգն ու երթը, որոնք Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակվածության պատճառով արտոնված չէին քաղաքապետարանի կողմից, գլխավորում էին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները (բա էլ ովքե՞ր...), արևմտամետ ոչ կառավարական կազմակերպությունների և տարբեր հիմնադրամների ներկայացուցիչները։ Եվ, իհարկե, «վարդագույն-երկնագույնները»։ Ոստիկանությունը, սկզբում նախազգուշացնելով «դիմակահանդեսի» անօրինականության և չարտոնվածության մասին, այնուհետև 110 մարդու «բերման ենթարկեց», մնացածները հրաժարվեցին «երթի» մտադրությունից։ Բռնվածներն ավելի ուշ ազատ արձակվեցին։
ՈՒ վերջ։ Ահա և Վ. Պուտինի այցի ամբողջ ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Գնաց Ռուսաստանի նախագահը` և էլի վերջ։ Հետագա օրերին էլ ոչ ոք չփորձեց Երևանի փողոցներում որևէ բան «ցուցանել». լինի դա ընդդեմ գործող նախագահ Ս. Սարգսյանի, թե Ռուսաստանի նախագահի կամ Մաքսային միությանը Հայաստանի պատրաստվող անդամակցության։ Հատկանշական փաստ է հակառուսականությունը, հակառուսաստանյան դրսևորումները նրանց, որոնց հիմքեր կան համարելու դեկտեմբերի 2-ի «պինգվինների» ակտի կազմակերպիչներ ու գաղափարական ոգեշնչողներ։ Ոմանց ձեռքին պլակատներ կային` «No Russia» (դե հայը ո՞նց կարող է յոլա գնալ առանց անգլերենի), «Պուտին, հեռացիր», «Կորչի բռնատիրությունը», «Ինքնորոշո՛ւմ» և այլն։ Այդուամենայնիվ, եթե կողմնորոշվելու լինենք բնակչության ծախու հատվածի թվակազմով, որոնք նախընտրում են «ոչ Ռուսաստանը», այլ «ինչ-որ արևմտյան» մի բան (նույնիսկ ՈՒկրաինայի և ԼԳԲՏ-ի դրոշները պետք եկան), ապա դա ոչ թե ազդեցություն, այլ ներգործություն է։ Բայց ահա այն, ինչի մասին Ռուսաստանի նախագահի այցի նախօրեին որոշել էին նախազգուշացնել, թե, իբր, «եվրաինտեգրորդները» և արևմտամետ «գրանտակեր ակտիվիստները» սադրանք են նախապատրաստում, այդպես էլ տեղի չունեցավ։
Թեև ասել, թե խելացնորների այդ շատ սակավաթիվ խումբը ամենևին արժանի չէ, որ նրա նկատմամբ համարժեք ակցիաներ իրականացվեին, նույնպես ճիշտ չէ։ Օրինակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը նոյեմբերի 9-ին երթ էր կազմակերպել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի։ Մի քանի տասնյակ համախոհների առջև Սաքունցը հայտարարեց, թե «Ցեղակրոնի» ղեկավարը զբաղվել է միայն «ոչ իրավական որոշումների դեմ ուղղված քաղաքացիական անհնազանդության իրավունքի իրացմամբ» (նկատի է առնվում Մաքսային միությանը միանալու Երևանի մտադրությունը)։ Նույն Ա. Սաքունցը, որն իրեն իրավապաշտպան է հորջորջում և, ի դեպ, կապեր ունի մի շարք (նույնքան խորշելի) ռուս արևմտամետների հետ, արդեն նոյեմբերի 21-ին Facebook-ի իր էջում հայտարարեց. «Նա, ով Պուտինի այցի օրը փողոց դուրս չգա նրան ասելու` «կորիր այստեղից», քուչի շուն է, անկախ դիրքից, զբաղմունքից, սեռից, տարիքից... ուրեմն նա ստրուկ է` զուրկ մարդկային տարրական արժանապատվությունից։ Ահա... Եթե ուրիշ տարբերակ կա, ասեք», դրանով իսկ վիրավորելով Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հանրապետության սերտ համագործակցության օգտին։ Պետք է խոստովանել, որ պարոն «իրավապաշտպանը» մարդու իրավունքների ոլորտի նրբությունների շատ յուրօրինակ ըմբռնում ունի։ Ասենք, եթե Շ. Հարությունյանը համարձակվեց նոյեմբերի 5-ին ամբողջ ժողովրդին «լիրբ» անվանել, ապա ինչո՞ւ պիտի Ա. Սաքունցն իր ժողովրդին «քուչի թուլա» չանվանի։ Ընդ որում, երկուսն էլ բացարձակապես անպատիժ են իրենց հասցրած այդ վիրավորանքների համար, չնայած դրանք հասցեագրված են փաստորեն ամբողջ հայ ժողովրդին։ Ա. Սաքունցին, իհարկե, պետք է դասել «ռուսատյաց-եվրաինտեգրահակ» հայ կաստայի շարքը, փառք Աստծո` խիստ սակավաթիվ։
Այս կարգի հակառուսական արտահայտություններ հնչում են ոչ միայն հասարակական գործիչների ու գրանտակեր փորձագետների, այլև մի շարք քաղաքական գործիչների շուրթերից։ Այսպես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Պուտինի այցն անվանեց «այցելություն ֆորպոստ»։ «Ինձ համար անընդունելի է այն ամբողջ իրարանցումը, որ նկատվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում։ Հայաստանը բարձրաստիճան շատ պաշտոնյաների է ընդունել, բայց նման իրարանցում չի եղել։ Անընդունելի է, երբ Հայաստանի անկախությունն ու ինքնուրույնությունը նվիրում են Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին` հանուն սեփական կարճաժամկետ ճոխության»,- հայտարարել է Մարտիրոսյանը մի հարցազրույցում։ Քաղաքական գործիչը բացահայտորեն անտեսում է իրողությունները։ Համենայն դեպս, Արմեն Մարտիրոսյանն ու մյուսները երբեք չեն բողոքել, ասենք, Նիկոլա Սարկոզիի կամ Արևմուտքի մեկ այլ չինովնիկի այցելության դեպքում։
Բայց ահա դեկտեմբերի 5-ին բողոքի ակտ տեղի ունեցավ «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» կարգախոսով։ Եվ պարզվեց, որ ներքին խնդիրները շատ ավելի են հուզում Հայաստանի քաղաքացիներին, քան ամերիկացիների լիուլի ֆինանսավորած «No Russia» կարգախոսը։ Ապա հասարակական կարծիքը բառացիորեն ցնցվեց, երբ Հայաստանի սպառողների միավորման նախագահ Արմեն Պողոսյանը, ըստ էության, խոստովանեց, որ ազգը ճիշտ չի սնվում և որ «երկրում տեղի ունի հացի քրեական թանկացում»։ Մենք, իբր, հաց ենք գնում, որն իրականում մեծ մասամբ օդ է։ Կամ էլ երկրի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դեկտեմբերի 9-ի հայտարարությունը, երբ նա, հիմնվելով Հայաստանում անցկացված «Կոռուպցիայի համաշխարհային ծանրաչափ-2013» հարցման տվյալների վրա, հայտարարեց, որ հարցվածների 69 %-ը համարում է, որ երկրի դատական համակարգը կոռումպացված է կամ խիստ կոռումպացված։ Դեկտեմբերի 10-ին Երևանի օպերայի հրապարակում մեկնարկեց, այսպես կոչված, Հայ ազգային կոնգրեսի ամենամյա երթը` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Կոնգրեսի անդամներն ու կողմնակիցները օպերայի մոտ էին հավաքվել` ձեռքներին հայկական դրոշներ ու պլակատներ` «Որտե՞ղ են մարտի 1-ի մարդասպանները», «Ո՛չ ոստիկանական բռնությանը», «Առաջ դեպի անՍերժ Հայաստան» և այլն։ Հրապարակում էին նաև կռված երկրապահներ, ինչպես նաև նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ ընդհարման պատճառով կալանավորված «դիմակահանդիսավար» Շ. Հարությունյանի կողմնակիցները` նրա որդու` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ։ Վերջիններս նույնպես դիմակներով էին, ձեռքներին կարմիր ու սև դրոշներ, իսկ բերանները փակված էին կարմիր ու սև ժապավեններով։ Բայց, ինչպես և նոյեմբերի 5-ին, «դիմակահանդեսայինների» ներկայությունը կաշկանդում էր բոլոր նրանց նախաձեռնությունը, ովքեր, միգուցե, կցանկանային հարել հակաիշխանական ելույթներին, սակայն իրենց արժանապատվությունից ցած էին համարում անգամ կանգնել «խաղալիքային ընդդիմության» կողքին և այլն...
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ