Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հայաստանն անցնում է իր պատմության ամենաբարոյազանց էջին

Հայաստանն անցնում է իր պատմության  ամենաբարոյազանց էջին
21.01.2014 | 00:57

2014 թ. հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվեն կենսաթոշակները, սակայն դա չի վերաբերի 93 հազար դրամը գերազանցող կենսաթոշակներին (450 մարդ)։ Կառավարության դեկտեմբերի 26-ի նիստում այս մասին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, «ուրախացնելով» հասարակայնությանը. հիմա միջին կենսաթոշակը Հայաստանում կաճի 15 %-ով և կկազմի մոտ 36 հազար դրամ։ Ասատրյանի խոսքերով ասած, 5-10 %-ով կաճեն 19500 մարդու (ստաժը 52-77 տարի), 10-15 %-ով` 165 հազար մարդու (36-51 տարի), 15-20 %-ով` 101 հազար (29-35 տարի), 20-40 %-ով` 164 հազար մարդու (6-28 տարի) կենսաթոշակները։ Նախարարը նշեց նաև, որ Հայաստանի 32 հազար կենսաթոշակառուների թոշակը կգերազանցի ծայրաստիճան աղքատության շեմը։ Նա հաղորդեց, որ կկիրառվի կենսաթոշակների հաշվարկի նոր բանաձև, օրինակ, 10 տարվա ստաժի դեպքում 14800 դրամ ստացող մարդը 2014 թ. կստանա 21000 դրամ։ Նախատեսվում է նաև 2014 թ. հուլիսի 1-ից ավելացնել զինվորականների կենսաթոշակները։

Կարելի է մտածել, թե ի՜նչ հայրական հոգատարություն է ցուցաբերվում մեր տարեց հայրենակիցների, մեր պապերի ու տատերի, հայրերի ու մայրերի նկատմամբ։ Տա՜շ-տո՜ւշ, ուրախացիր, Հայաստանի հասարակայնություն։ Բայց, չգիտես ինչու, ուրախության նշույլ անգամ չկա մեր հոգում։ Ընդ որում, Հայաստանի շարքային քաղաքացիներիցս և ոչ մեկի։ Թվերը, որոնց մասին խոսեց նախարար Ասատրյանը, թվաբանական արտահայտությամբ` խոսքից թվի վերածվելով, սոսկ նշանակում են, որ մեր համաքաղաքացիների մեծ մասի ծերության և մյուս կենսաթոշակների հավելումը կկազմի ընդամենը ամսական երեք հազար դրամ։ Դա առհասարակ փող չէ։ Մի անգամ միայն մտիր ամենահետին խանութը և ամենապարզ գնումներն արա (առանց հացի, առանց մսի, առանց կարագի և այլն), և գրպանդ «կթեթևանա» առնվազն հինգ հազար դրամով։ Խեղճ թոշակառուներ։ Նրանց կենսաթոշակների հավելումը, միևնույն է, նրանց խանութ կամ «սուպերմարկետ» մտնելու և, ասենք, օճառ, անձեռոցիկ, զուգարանի թուղթ, ատամի մածուկ և այլն գնելու լրացուցիչ հնարավորություն չի տալիս։ Հետո նաև, ասում են, մեր ծերերը իրենց թոռնիկներին շատ են սիրում և ուրախ կլինեին առիթից առիթ մի քաղցր բան գնելու և անձամբ նրանց ձեռքը տալու։ Բայց այդ բանն էլի չեն կարողանալու անել թոշակների ամբո՜ղջ երեք հազար դրամով բարձրացման պարագայում։ Էս ի՜նչ հոգատար կառավարություն ունի հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետում։ Որքա՜ն է նա սիրում ու հարգում հայերի ավագ սերնդին։ Ինչպե՜ս է էապես բարելավում հայ ծերերի նկատմամբ իր հոգատարության թղթե ցուցանիշները։ Վերջապես, այս ի՜նչ անսահման, բայց սահմանափակ (երեք հազար դրամ` ամսական) քրիստոնեական սեր է ցուցաբերում նրանց նկատմամբ, ում շնորհիվ կրթություն են ստացել ու «մարդամեջ» մտել հանրապետականների բոլոր սերունդները` «ջահել-ահել»... Ասենք ինչո՞ւ միայն հանրապետականների։ Բոլորի։ Բոլոր նրանց, ում այսօր ընդունված է ընկալել որպես Հայաստանի ակտիվ քաղաքական և գործարար վերնախավ։

Այդուամենայնիվ, մեր կառավարող վերնախավի և ընդդիմադիրների կիսաքաղց հայրենակիցների սրտերում ու հոգիներում ուրախություն չկա իրենց տարեց համաքաղաքացիների նկատմամբ Հայաստանի կառավարության հայրական սիրո այդքան ցայտուն դրսևորման կապակցությամբ։ Նախարար Ասատրյանի հռչակած և «աղքատության (ավելի ճիշտ կլինի ասել` բացահայտ ու բացարձակ չքավորության) շեմից հեռանալուն» միտված այդ բոլոր միջոցառումներից 32 հազար հայ կենսաթոշակառուների համար բարոյազանցության հոտ է փչում։ Եվ ահա թե ինչու։ Հայաստանի քանի հարյուր հազարավոր կենսաթոշակառուներ տարրականորեն «չձգեցին» մինչև երկրի պատմության այդ լուսավոր պահը։ Բայց դա դժբախտության կեսն է միայն։

Հունվարի 1-ից նախատեսված է բարձրացնել ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձը, իսկ հուլիսի 1-ից` բոլոր պետծառայողներինը։ Ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներինը։ Ներդրվող մեխանիզմն առաջարկում է պետծառայողների աշխատավարձի չափը որոշել ինդեքսի միջոցով, իսկ որպես աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափ 2014 թվականից վերցվում է 66 հազար դրամ գումարը (մոտ 150 դոլար)։ Օրինագծի համաձայն, երկրի նախագահի աշխատավարձի ինդեքսը հուլիսից (այդ պահից է նախատեսվում օրինագծի կիրարկումը-ծանոթություն) կկազմի 20 (1,3 մլն դրամ կամ 3,2 հազ. դոլար), վարչապետինը` 18, նախարարներինը` 12, պատգամավորներինը` 10։ Նրանց մեծ խզումով հետևում են միջին և ստորին կարգի պաշտոնյաները` բժիշկները, ուսուցիչները, հրշեջները և այլք։ Այսպիսով, պետծառայողների աշխատավարձը կորոշվի ինդեքսները բազային դրույքաչափով բազմապատկելու միջոցով և ամեն տարի կհաստատվի բյուջեի հետ։ Օրինագիծը չի վերաբերում մասնավոր ոլորտին և չի կարգավորում երկրում նվազագույն աշխատավարձի որոշման հարցը։ Արդյունքում, օրինակ, նախարարների և պատգամավորների աշխատավարձը կկազմի 600-660 հազ. դրամ (1380-1500 դոլար)։

Ես չեմ կարող համաձայնել սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի կարծիքին, որը դեկտեմբերի 12-ին ողջունել էր կառավարության ու խորհրդարանի որոշումը և հայտարարել, թե «Հայաստանի պետծառայողների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացումը ճիշտ, բայց ուշացած քայլ է»։ Թե, իբր, պետծառայողների աշխատավարձի բարձրացումը այն հիմնական գործոններից է, որը մարդկանց խթանում է ավելի որակով կատարելու իրենց աշխատանքը։ Կենսաթոշակների հաշվարկի համակարգում փոփոխությունների հետ մեկտեղ (դրանք նույնպես առաջարկվել են կառավարության կողմից և ընդունվել խորհրդարանում) պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերի բարձրացումն արդեն նման է «ժանտախտի ժամանակ խրախճանքի»։ Չէ՞ որ հենց Ադիբեկյանն է խոստովանում, որ «երկրում չկա ապրուստի ամրագրված նվազագույն չափ։ Մինչդեռ դա շատ կարևոր ցուցանիշ է, որը պետք է ընկած լինի աշխատավարձի ու էլի այլ բաների որոշման սկզբունքների հիմքում։ Եթե պետությունը իրոք ուզում է հոգ տանել երկրի ամբողջ բնակչության և մասնավորապես պետծառայողների բարեկեցության մասին, ապա նա պետք է որոշի ապրուստի նվազագույն չափը և այդ տվյալներին համապատասխան էլ որոշի աշխատավարձը, արգելի գործատուներին` քիչ վճարել»։ Բռա՜վո։ Այդ դեպքում ի՞նչ մի ուրախանալու բան են կառավարության ու խորհրդարանի վերջին որոշումները։ Որ բարձրացնում են իրենց և իրենց նմանների «ապրուստի նվազագույն չա՞փը»։

Իսկ ինչպե՞ս վարվել այն պարագայում, երբ, ինչպես արդեն վերջին օրերին հնչում է համակարգի տարբեր քննադատների շուրթերից, ժողովուրդն իր բարեկեցության մակարդակն ու իր ապրուստի նվազագույն չափը որոշում է ոչ թե սխեմաներով ու դիագրամներով, ոչ թե կառավարության հաշվետվությունների աղյուսակներով, այլ ելնելով սեփական կենսամակարդակից։ Ամեն ինչ որոշում է «իր մաշկի վրա»։ Ինչպե՞ս վարվել, երբ թե՛ ծերերի կենսաթոշակների, թե՛ նույնիսկ միջին ու ստորին օղակների պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումները մեր ժողովրդի այդ խավերին (սոցիալապես առավել քիչ պաշտպանված) ամենևին չեն մոտեցնում պարենամթերքի ու ապրանքների հայաստանյան գներին։ Քանի՜-քանի անգամ եմ գրել, որ անբարո բան է ձմռանը «պլոկել» շարքային համաքաղաքացիներին ամեն տեսակի սակագների բարձրացմամբ` լինի դա գազի, թե էլեկտրաէներգիայի գինը։ Ես քիթս չեմ խոթում ուրիշների գրպանը, բայց, կարծում եմ, որ ոչ միայն ինձ, այլև Հայաստանի չքավոր թոշակառուների համար հետաքրքիր կլիներ իմանալ. խորհրդարանում քանի՞ պատգամավոր կա, որ այդ 660 հազար դրամ աշխատավարձի խիստ կարիքն ունի։ Իհարկե, ոչ չքավոր թոշակառուներ էլ կան, օրինակ, թեև կառավարության որոշման նախագծում նշվում է, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել նրա զբաղեցրած վերջին հաստիքի պաշտոնական դրույքի 92 %-ը, դատավորների կենսաթոշակների առավելագույն չափերը հետևյալն են.

1) Ընդհանուր իրավասության դատարանի դատավորինը և ժողովրդական դատարանի նախկին դատավորինը` 440132 դրամ, 2) Վարչական դատարանի դատավորինը` 503819 դրամ, 3) Վերաքննիչ դատարանի դատավորինն ու պետական արբիտրաժային դատարանի նախկին դատավորինը` 567506 դրամ, 4) Վճռաբեկ դատարանի դատավորինն ու Գերագույն դատարանի նախկին դատավորինը` 652407 դրամ։ Այսպիսով, պաշտոնաթող դատավորների առավելագույն կենսաթոշակը կկազմի 1070-1590 դոլար։ Բայց, համաձայնեք, Հայաստանի բնավ էլ ոչ հարյուր և նույնիսկ տասնյակ հազարավոր կենսաթոշակառուներ են գործուն տարիներին դատավորներ աշխատել մեր երկրում։ Բա նրա՞նք ինչ անեն այս կամ այն, երրորդ-տասներորդ ապրանքների «ցատկող» կամ «լողացող» գների վերաբերյալ կառավարության մարտավարության հետ։

Ահա հենց սա էլ մեր երկրում տիրող հոգեբանական իրադրությունն է։ Անբարո է բարձրացնել նախագահի, նախարարների, պատգամավորների և այլոց աշխատավարձը, երբ ուժային կառույցների` տարիքային կենսաթոշակի անցնող նույն աշխատակիցները անաղմուկ սկսում են պայքարել այն բանի համար, որ իրենք ունենան, ասենք, «ռուսական» կամ գոնե «ուկրաինական» կենսաթոշակ (եթե գոնե մի բռնելու տեղ ունենային Եվրամիության անդամ երկրի ուժայինի թոշակ ստանալու, չեմ կասկածում, մեր այդ համաքաղաքացիները կաշխատեին ստանալ նաև «եվրակենսաթոշակ)։ Մինչդեռ զինվորական կենսաթոշակների բարձրացումը մեր կառավարությունը «հետաձգել» է ամբողջ կես տարով։ Բա ո՛նց։ Ներկա նախագահի ու կառավարության շատ պետքն էր, որ զինվորական կենսաթոշակառուների մի ինչ-որ մաս կարող է չապրել մինչև 2014-ի հուլիսի 1-ը։ Մեր ժողովուրդը համբերատար ու դիմակայուն է, կապրի, երևի համոզված են նրանք, ովքեր հեղինակել են կենսաթոշակային գործի բոլոր նկարագրվող նորույթները։

Վերցնենք, օրինակ, վերջին օրերի խորհրդարանական կյանքի դրվագներից մեկը։ Պատճառը համարելով «հարգելի», Ազգային ժողովը համաձայնեց, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի քանի ամսով «ուսումնական գործուղման» մեկնի Միացյալ Նահանգներ։ «Գործուն բացակայության» ամբողջ ընթացքում նրա պատգամավորական բարձր աշխատավարձը կպահպանվի։ Կգա կստանա։ Բայց երբ գա ու ստանա, հազիվ թե տիկին պատգամավորը գոնե մի 200 հազար դրամ նվիրաբերի մի ինչ-որ կարիքավոր կենսաթոշակառուի, որը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Եվ դա դեռ վատթարագույն օրինակը չէ։ Չէ՞ որ, ի պատիվ տիկին Փոստանջյանի, նա դեռևս անցած տարվա հոկտեմբերի 24-ին իր ամբողջ խմբակցության անունից ազնվորեն հայտարարել էր, որ երկրում ոչ ոք (պաշտոնյաներից ու պատգամավորներից) նման աշխատավարձերի արժանի չէ։ «Մենք հանդես ենք գալիս հիշյալ օրենքների դեմ, քանի որ կարծում ենք, որ այն պայմաններում, երբ խորհրդարանը, կառավարությունն ու Սերժ Սարգսյանը ձախողել են տնտեսական քաղաքականությունը, չեն ապահովել քաղաքացիների բարօրությունը, նրանք իրավունք չունեն հավակնելու աշխատավարձերի բարձրացման։ Այդ թվում ես էլ իմ գործունեությունն եմ ձախողել։ Դրա փոխարեն պետք է կտրուկ բարձրացնել ուսուցիչների ու բժիշկների աշխատավարձը, քանի որ ի տարբերություն մեզ, նրանք կատարում են իրենց գործը»,- հայտարարել է մեր աղմկարար հայրենակցուհին խորհրդարանի նիստում։ Հիանալի է։ Դե ուրեմն ի՞նչ։ Հասարակայնությունը սպասի, որ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության բոլոր անդամները կհրաժարվեն իրենց շատ բարձր աշխատավարձերի՞ց։ Թե՞, այնուամենայնիվ, կստանան ու շնորհակալություն կասեն։

Այս բառերը ես հասցեագրում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մեր երկրի բոլոր չինովնիկներին։ Վերոհիշյալ կարգի անձանցից այդ ո՞րն է այդքան սակավապահովվածը։ Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ մեր խորհրդարանը լի է օլիգարխներով, պարզապես գործարարներով, «պրոֆեսիոնալ քաղգործիչ»-գործարարներով և այլն, որոնք Հայաստանի անկախության հաստատման տարիներին երբեք չեն եղել «խիստ կարիքավորների» թվում։ Մեկ անգամ ևս կրկնեմ, դա վերաբերում է ինչպես կառավարող հանրապետական կուսակցության ամբողջ խմբակցությանը, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններին և «այլընտրանքային ուժերին»։ Իսկ եթե Զարուհի Փոստանջյանի նման էլի մարդիկ կան, որ համաձայն չեն, որ իրենց ամսական աշխատավարձը 660 հազ. դրամ են դարձրել, ապա, տիկնայք և պարոնայք, դուք հիանալի հնարավորություն ունեք այդ բանը գործով ապացուցելու։ Պահեք ձեզ մի 200-300 դոլարի չափ գումար, մնացածը բաժանեք իրապես խիստ կարիքավորներին։ Նրանց, ովքեր կարող են տարիներով սպասել պետպատվերով վիրահատության և ամբուլատոր բուժման «հերթի»։ Նրանց, ովքեր միջոցներ չունեն երեխաներին դպրոցական հագուստ և պիտույքներ ապահովելու։ Ովքեր ի վիճակի չեն վճարելու ծախսած էներգիայի ու գազի բարձր սակագները և կա՛մ փախչում են երկրից, կա՛մ հրաժարվում են գազից։ Մեզանում առնվազն երկու միլիոն նման մարդիկ կան։

Դժվար էր պատկերացնել, որ սեփական ժողովրդի, սեփական զինվորականների և մյուս ուժայինների նկատմամբ այդքան անբարո վերաբերմունք կցուցաբերվի մի կուսակցության կառավարման շրջանում, որի հիմնադիր հայրերը հավատարմության երդում էին տալիս Գարեգին Նժդեհի գաղափարներին ու նպատակներին, և որի արդի ղեկավարներն ամեն պատեհ առիթով իրենց «նժդեհական» են կոչում։

Գոնե հազարամյակների ճշմարտությունը հիշեին ժամանակակից կեղծ-նժդեհականները. «Չես ուզում քո բանակը կերակրել` կկերակրես օտարի բանակը»։ Եվ դեռ հաստատ էլ չէ, թե դա կլինի դաշնակցի բանակը։ Վերջապես մի այսպիսի հարց. մի՞թե հայ հասարակայնությունը չի հասկանում, որ եթե իշխանությունը արհամարհանքով է վերաբերվում մեր ավագ սերունդներին, ապա էլ ավելի մեծ արհամարհանքով վերաբերվում է նաև մեզ։ Մեր զավակներին ու թոռներին։ Եվ դա այն պատճառով, որ Հայաստանում բարոյազրկության այդ խրախճանքի հեղինակներն ու ոգեշնչողներն իրենց լկտիաբար «կապույտ արյուն» են համարում, ազնվականներ։ Իսկ մեզ էլ, համապատասխանաբար, պլեբեյներ, ճորտեր... Ահա այսպես էլ վերջ է դրվում համազգային շահի առասպելին։ Ինչպես ասում են, գաղափարը` գաղափար, եղբայրությունը` եղբայրություն, իսկ ահա «փողը` ամեն մեկինս իրենը»։ Ափսոս։ Սերժ Սարգսյանի և հանրապետական կուսակցության վարչակազմը եզակի հնարավորություն ուներ, բայց նրանք հաջողությամբ թաղում են այն։ Ասում են «բարոյականության ոսկի կանոնն» է համարվում սա. «Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեին»։ Այդ կանոնի ժխտական ձևակերպումն էլ կա. «Այլոց հանդեպ մի արա այն, ինչ չէիր ուզի, որ քո հանդեպ անեին»։ ՈՒ հանրահայտ է, որ այս երկու ձևակերպումները աշխարհի հիմնարար բարոյական սկզբունքներն են։ Այս ամենը ամբողջ մարդկությանը (ուրեմն, պետք է ենթադրել, նաև մեզ` հայերիս) հայտնի է դեռ նախնադարյան ժամանակներից։ Օրինակ, թեև հին հույն գիտնական և փիլիսոփա Արիստոտելի երկերում մաքուր տեսքով ոսկի կանոնը չի հանդիպում, նրա բարոյախոսության մեջ կան համահունչ շատ դատողություններ։ Այսպես, «Ինչպե՞ս վարվել ընկերների հետ» հարցին Արիստոտելը պատասխանում է. «Ինչպես կուզեիր, որ նրանք վարվեին քեզ հետ»։
ՈՒրեմն ի՞նչ է ստացվում, հայ ժողովուրդը Հայաստանի իշխանության կողմից ընկալվում է ո՞չ որպես բարեկամ։ Ինչպես հասանք այդ աստիճանին։ Դե, լավ։ Այդ մարդիկ դեռ իրենց, կարծես, քրիստոնյա են նաև համարում։ Իսկ ինչո՞ւ նրանք` Հայաստանի իշխանությունները, չեն հիշում Հիսուսի պատգամները։ Ահա, «Ավետարան ըստ Մատթեոսի». «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են օրենքն ու մարգարեները» (Մտթ., Է 12), «Քո ընկերոջը քո անձի պես պիտի սիրես» (Մտթ., ԺԹ, 18-20), «Հիսուսը նրան ասաց. պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը` սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները» (Մտթ., ԻԲ 38-40)։ «Ավետարան ըստ Մարկոսի». «... ընկերոջն իր անձի պես սիրելը առավել է, քան ողջակեզները և զոհերը» (Մրկ., ԺԲ 32-34)։ «Ավետարան ըստ Ղուկասի». «Եվ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այդպես էլ արեք և դուք նրանց» (Ղուկ., Զ 31)։
Այս կանոնը բազմիցս կրկնում են նաև Հիսուս Քրիստոսի առաքյալները։ Հռոմեացիներին ուղղված թղթում` «Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, այս խոսքի մեջ են բովանդակվում, թե` սիրիր քո ընկերոջը ինչպես քո անձը» (Հռոմ. ԺԳ 8-9)։ Գաղատացիներին ուղղված թղթում «Ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Գաղ. Ե 13-15)։ Սբ. Հակոբոս առաքյալի թղթում. «Արքայական օրենքը ըստ Գրվածքի, թե «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Հակ. Բ 7-9)։ «Գործք Առաքելոց»-ում. «Որովհետև հաճելի թվաց Սուրբ հոգուն և մեզ` ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս կարևորներից. այն է` հեռու մնալ կուռքերին մատուցված զոհերից և արյունից ու խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից. ձեզ դրանցից հեռու պահելով` լավ կանեք։ Ողջ եղեք» (Գործք ԺԵ 28-29)։
Ասում են` ներկա որոշ իշխանավորներ քրիստոնյա չեն։ Կարելի է ասել` հեթանոսներ են։ Ասենք թե։ Բայց բազմաստվածություն նախընտրողները պարտավոր են հետևելու բարոյականության ոսկի կանոնին։ Բազմաստվածության համաշխարհային վերջին դավանանքներից մեկի` հինդուականության մեջ այն արտացոլված է։ Ահա` «Թող (մարդը) մեկ ուրիշին չսովորեցնի այն, ինչը տհաճ է իրեն...»։
Եվ այսպես, ովքե՞ր են մեր իշխանությունները։ Ժողովրդի նկատմամբ նրանց վերաբերմունքը ոչ մի կերպ չեն անվանի սիրո և հարգանքի վերաբերմունք։ Ազնվական հորջորջվողները իրենց թույլ են տալիս ծաղրել ժողովրդին։ Ինչի՞ է հավատում Հայաստանի իշխանությունը։ Չէ՞ որ թե՛ մահմեդական Ղուրանում, թե՛ հուդայական հնգամատյանում, թե՛ բուդդայականության, թե՛ կոնֆուցիականության մեջ բարոյականության ոսկի կանոնի նկարագրություն կա՛։ Բայց այդ կանոնը չկա Հայաստանի իշխանությունների վերաբերմունքում նրա՛նց հանդեպ, ովքեր հենց իրենց ամենօրյա ու հաճախ ծանր աշխատանքով ստեղծում են գլխավորը` արժեքներ...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ