Թեհրանի և Բաքվի հարաբերություններում տեղի ունեցող այսօրվա իրադարձությունները հիշեցնում են պատերազմի հայտարարում` առանց պաշտոնական ակտի և առանց ավանդական պատերազմական գործողությունների։ ՈՒստի մտքումդ «սառը պատերազմ» բնորոշումն է ծագում։
Դժվար է ասել, դրա հետ կապ ունի՞, արդյոք, այն, որ Ժնևում վերսկսվել են բանակցությունները Իրանի և իրանական միջուկային ծրագրով զբաղվող «Մեծ վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) միջև։ Բայց առաջին հայացքից Թեհրանի և Բաքվի հարաբերությունների փոփոխությունն ուղղակիորեն Ժնևի հետ կապված չէ։ Սակայն այն, գոնե առայժմ, միանգամայն կայուն բնույթ է կրում։ Որովհետև, եթե վերականգնելու լինենք իրադարձությունների ու փաստերի ժամանակագրությունը, ապա հարկ կլինի հետևություն անելու, որ թե՛ Ապշերոնում, թե՛ Թեհրանում միտումնավոր են ձգտել հարաբերությունների ներկա սրմանը։
Զուտ արտաքուստ սրումը սկսվեց այն բանից հետո, երբ փոխհրաձգություն տեղի ունեցավ Իրանի և Ադրբեջանի սահմանագլխին, ընդ որում` Թալիշստանի ադրբեջանական մասում։ Ադրբեջանական սահմանապահ զորքերի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Յարդըմլիի շրջանի տարածքում ադրբեջանցի սահմանապահների և Իրանից թափանցած մաքսանենգների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով մեկ սահմանախախտ սպանվել է, մեկ ուրիշը` վիրավորվել։ Սակայն իրանական իշխանությունները այլ կերպ են մեկնաբանել միջադեպը։ Թեհրանի փոխանցմամբ` Իրանի երկու քաղաքացու, առանց որևէ պատճառի, գնդակոծել են, երբ նրանք օրինական հիմունքներով անցել էին սահմանը և արդեն գտնվում էին Թալիշստանում։ Իրանի խորհրդարանը Բաքվին բացահայտորեն մեղադրել է զինված սադրանքի և իր հարազատներին այցելելու գնացող Իրանի քաղաքացու դիտավորյալ սպանության մեջ։ Այդ միջադեպից արդեն երեք օր հետո Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը Թեհրանի մտահոգությունը հայտնեց Իրանի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի սահմանապահների ցուցաբերած վատ վերաբերմունքի կապակցությամբ։ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հայտարարեց, որ Բաքվում Իրանի դեսպանությունը ուսումնասիրում է ադրբեջանական սահմանային անցակետերում իրանցիների նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքի մասին տեղեկությունները։ Իսկ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը անհիմն է համարել Իրանի քաղաքացի Բահրամ Ֆայազիին Բաքվի դատարանի ներկայացրած լրտեսության մեղադրանքները. Իրանի քաղաքացին 15 տարվա բանտարկության է դատապարտվել լրտեսության մեղադրանքով։
Եվ ահա նոյեմբերի 7-ին Ադրբեջանը համաշխարհային հանրությանը պաշտոնապես բողոքեց, որ Իրանը «միակողմանի կարգով» փակել է իր սահմանները։ Կուտակվել են հազարավոր մարդիկ, բազմաթիվ ավտոմեքենաներ։ Հաջորդ օրը Բաքվում Իրանի դեսպանությունը հավաստեց, որ փակված են Բիլեսևարի և Ջուղայի (Նախիջևան) անցակետերը։ Սակայն, իրանական կողմի մեկնաբանմամբ, դրա մեղքը ադրբեջանական կողմինն է։ Իրանի դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Մուհամեդ Այաթոլլահի հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլն արվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական սահմանապահները փակել էին «Փոլդեշտ-Շահթահթի» անցակետը (Նախիջևանի սահման), իսկ այն բացելու իրանական կողմի երկօրյա ջանքերը արդյունք չեն տվել։ «Անհայտ անձինք Փոլդեշտից ոչ հեռու կրակ են բացել ադրբեջանական կողմից սահմանի մոտ աշխատող տրակտորի վրա։ Այդ կապակցությամբ Ադրբեջանը նոյեմբերի 6-ին փակել է «Փոլդեշտ-Շահթահթի» անցակետը։ Դա լուրջ դժվարությունների առաջ է կանգնեցրել իրանցի վարորդներին ու քաղաքացիներին։ Միջազգային օրենքների ու նորմերի համաձայն, սովորաբար, երբ սահմանային կետերում նման միջադեպեր են տեղի ունենում, երկու երկրների սահմանապահները հանդիպում ու տեղում հարթում են հարցերը, ու նման դեպքերում սահմանը չի փակվում»,- ասել է Իրանի դեսպանը։ Նա նաև ավելացրել է, որ, սպասելով երկու օր, նախապես զգուշացնելով ադրբեջանական կողմին, փակվել են Բիլեսևարի ու Ջուղայի անցակետերը։
Դրանից հետո Ադրբեջանի հետ Իրանի սահմանում տիրող իրավիճակի մասին առանձնապես հետաքրքիր հաղորդագրություններ չեն ստացվել։ Փոխարենը, սակայն, պարզվել է, որ Իրանի կողմից սահմանի փակումը միակողմանի չի եղել, և դա Ադրբեջանի միակողմանի գործողությունների կապակցությամբ պատասխան միջոցառում է եղել։ Բացի այդ, հասկանալի է դարձել, որ հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 6-ը նրանց միջև ընկած սահմաններում առնվազն երկու զինված միջադեպ է եղել։ Նաև հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 16-ից սկսվել և շարունակվել են ամենաիսկական մարտական գործողությունները Լեզգիստանի ադրբեջանական մասում` Կուսարի քաղաքում ու մոտակա արվարձաններում։ Բաքվի վարկածով, իբր ամեն ինչ կապված է եղել ավելի վաղ տարադրամի փոխանակման կետը թալանած հանցագործների ձերբակալության հետ։ Բայց Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարած գողոնի գումարը (6 հազար մանաթ, մոտավորապես 7,5 հազար ԱՄՆ դոլար) ստիպում էր կասկածել, որ նման փողերի համար կարելի է անտառում հարձակվել ոստիկանների վրա, սպանել նրանցից մեկին` մայորի, և վիրավորել երեքին, հետո էլ առնվազն մեկ շաբաթից ավելի կռիվ տալ ոստիկանության ու անվտանգության ուժերի դեմ։ Իսկ դա արդեն հանգեցնում է այն ենթադրությանը, որ հոկտեմբերին Ադրբեջանը ինչ-որ ոչ այնքան հասկանալի զինված միջադեպեր է ունեցել և՛ հարավային, և՛ հյուսիսային սահմաններում։ Զուգադիպությո՞ւն է, թե՞ օրինաչափություն։ Պատշաճ մանրամասն տեղեկույթի բացակայությունը թույլ չի տալիս ենթադրությունից այն կողմ անցնել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Լեզգիստանում ադրբեջանական ոստիկանության վրա բացահայտ հարձակումներից ոչ այնքան առաջ Բաքվի իշխանությունները ռուսական լեզգիներից «պոկել էին» երկու գյուղ` Խրախ-Օբան և ՈՒրյան-Օբան, և սկսել վերագրանցումն ու վերանվանումը։ Եվ դա առաջ էր բերել Դաղստանի ռուսական լեզգիների զանգվածային բողոքները։
Իսկ ի՞նչ էր հոկտեմբերին տեղի ունենում Իրանի ներսում։ Պարզվում է` շատ բան։ Նախ, Թեհրանի մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Քերեջ քաղաքի մոտ սպանեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)` կիբեռպատերազմների ստորաբաժանման հրամանատար Մոջթաբ Ահմադիին։ Տասն օր հետո Թեհրանում անհայտ անձինք սպանեցին Իրանի արդյունաբերության ու հանքերի նախարարի տեղակալ Բաֆդար Ռահմաթ Աբադիին։ Եվ ահա այստեղ մենք ծանրակշիռ հիմքեր ունենք համարելու, որ ինչ-որ ուժեր ֆիզիկապես վերացրել են... այո, իրանական միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց։ Ինչպես հայտնի է, 2010-12 թթ. Իրանում տեղի ունեցան միջուկային հետազոտությունների ոլորտին առնչություն ունեցած գիտնականների ու զինվորականների դեմ ուղղված մի շարք սպանություններ ու մահափորձեր։ Թեհրանը դրանցում մեղադրեց իսրայելական ու արևմտյան հատուկ ծառայություններին։ 2012 թ. Իրանը Ադրբեջանին մեղադրեց այն բանում, որ Բաքուն իր տարածքը տրամադրում է Իսրայելի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին, որտեղից էլ նրանք նախապատրաստում են Իսլամական Հանրապետությունում իրենց կողմից իրականացվող ահաբեկչական ակտերը։ ԻՀՊԿ կիբեռպատերազմների ստորաբաժանումը այն նույն զինվորականներն են, որոնք զբաղված են Բուշեհրի ատոմակայանի և միջուկային հետազոտությունների բոլոր կենտրոնների կիբեռանվտանգությամբ։ Իսկ արդյունաբերության և հանքերի նախարարությունը բացահայտորեն և անմիջականորեն զբաղված է ուրանի արդյունահանմամբ և այդ նույն կենտրոններին դրա մատակարարմամբ։
ՈՒ վերստին հարց է առաջանում. ժամանակային առումով որքա՞ն են պատահական շատ պատասխանատու և իրազեկ անձանց դեմ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի զուգադիպությունները իրանա-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական սահմաններին տեղի ունեցած զինված միջադեպերին։ Այստեղ անմիջապես էլ հիշողությանդ մեջ արթնանում է այն փաստը, որ հոկտեմբերի 21-ին թուրքական լրատվամիջոցները հրապարակեցին մի հետաքրքիր հաղորդագրություն այն մասին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը չեղարկել է Թուրքիային 10 անօդաչու թռչող սարքերի («Predator») մատակարարումներն այն բանից հետո, երբ Թուրքիայի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը Իրանին տեղեկություններ էր հաղորդել իսրայելական 10 գործակալների մասին, որոնց բարեհաջող մերկացրին և ձերբակալեցին։ Առանց մանրամասների մեջ խորանալու գոնե ասենք, որ Թեհրանը պնդում էր, որ իսրայելական լրտեսները բացահայտվել են Թուրքիայի հետ կապ չունեցող այլ գործողությունների ընթացքում, և որ դա իրանական հակահետախուզության շնորհքն է եղել, ինչպես նաև Իրաքի ու Սիրիայի հատուկ ծառայությունների հետ գործակցության արդյունք։ Սակայն է՛լ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ հենց հոկտեմբերի 21-ին է ԻՀՊԿ-ն Ռուսաստանին փոխանցել ամերիկյան «ScanEagle» անօդաչու թռչող սարքի պատճենը (այդ սարքը ԻՀՊԿ-ն կալանել էր 2012 թ.)։ «ԻՀՊԿ-ի հավաքած անօդաչու սարքն իսլամական Իրանի տեխնիկական հնարավորությունների խորհրդանիշ է, և այսօր մենք այն նվիրեցինք Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևին և ռուս ժողովրդին»,- հայտարարեց Իրանի Հաթամ-օլ-Անբիայի ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին` Թեհրանում Բոնդարևի հետ կայացած հանդիպումից հետո, որը 4-օրյա այցով գտնվում էր Իրանում։ Իրանը այդ կարգի անօդաչու սարքերի հավաքման հոսքագիծը ներկայացրել էր 2013 թ. փետրվարին։ Էսմայիլին Ռուսաստանի ՌՕՈՒ գլխ. հրամանատարին նվիրեց նաև Պարսից ծոցում «արտատարածաշրջանային» պետությունների (իմա` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների) ռազմանավերի ու ռազմական տեխնիկայի` ԻՀՊԿ-ի կողմից անցկացված զննության տեսանկարահանումը` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնելու համար։
Կան նաև մի շարք այլ փաստեր, որոնք կամա թե ակամա կապում ես թե՛ հարևան երկրների ու Ադրբեջանի սահմաններին տեղի ունեցող փոխհրաձգությունների, թե՛ Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային «սառը պատերազմի», թե՛ Թեհրանում պաշտոնատար անձի ու զինվորականի սպանության , թե՛, վերջապես, «անօդաչու սարքերի հարցի» հետ։ Բառացիորեն թվարկենք դրանք. 1. սեպտեմբերի 23-ին Ռուսաստանը ստորագրեց Բուշեհրի ԱԷԿ-ը վերջնականորեն Իրանի հսկողությանը հանձնելու արձանագրությունը, և հայտարարվեց ատոմակայանի երկրորդ բլոկի կառուցման մասին, 2. սեպտեմբերի 27-ին Իրանը սկսեց հայրենական մշակման «Shahed-129» անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը, որն ընդունակ է կրելու ութ ռումբ կամ իրանական «Sadid» հրթիռ և նախատեսված է մշտակա և շարժական նպատակակետերի խոցման համար։ Դրանց գործողության շառավիղը 1700 կմ է, թռիչքի տևողությունը` 24 ժամ, 3. սեպտեմբերի 29-ին Իրանը հայտարարեց Կասպից ծովում նոր հետախուզանավերի ջրարկումը սկսելու և այնտեղ իր ռազմածովային ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին, 4. հոկտեմբերի 2-ին սկսվեց Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորքերի և ոչ ռազմական բեռների տարանցումը Բաքվով, 5. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի կասպյան նավատորմի ռազմանավերի ջոկատը Մախաչկալայից դուրս եկավ հավաքերթի, որի նպատակն է «ստուգել Կասպից ծովում նավարկության անվտանգության համակարգը», 6. վերջապես, նոյեմբերի 7-ին Ադրբեջանը հայտարարեց, որ Ղարադաղի շրջանի տարածքում գտնվող Պուտա ավանում ներկայումս նոր ռազմաբազա է կառուցվում, որը հանդերձված կլինի նավավարության նոր միջոցներով ու հսկողության համակարգերով, և որ մտադրություն կա մոտակա տարիներին Ադրբեջանի հարավային և հյուսիսային ուղղություններում կառուցելու ՌԾՈՒ դիվիզիոնների բազաներ։
Այս փաստերի ամենապարզ թվարկումը պերճախոս կերպով վկայում է, որ Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն Կասպից ծովում ինչ-որ ռազմական գործողությունների են պատրաստվում։ Կամ, առնվազն, այդ ծովում իրենց իրավունքների կոշտ պաշտպանության։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանը «պատասխան միջոցների» դիմում է հենց, ինչպես արտահայտվել է գեներալ Էսմայիլին, «արտատարածաշրջանային» երկրների թելադրանքով, որոնցից Ապշերոնում լայնորեն ներկայացված են հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականները։ Ի դեպ, ընթերցողին հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականները «ներկայացուցչություն» ունեն անգամ Արցախի ռազմաճակատի գծի հենց մերձակայքում (նախկին Ֆիզուլու (Կարյագինոյի) շրջանի նախկին Կարախանբեյլի գյուղի մոտ)։
Այդուամենայնիվ, միջազգային հարաբերություններում և անմիջականորեն Ադրբեջանի հետ առնչություններում Իրանի գործոնը Կասպից ծովում էլ պետք է առանձնացնել։ Կասպից ծովի, ինչպես նաև ծովի ավազանում Ադրբեջանի կողմում «արտատարածաշրջանային» երկրների «կիսաթաքուն» ռազմական ներկայության խնդիրը առայժմ մի կողմ թողնենք։ Բանն այն է, որ Իրանի կոշտ «պատասխան միջոցները» միայն ընդհանուր առմամբ և մասնավորապես Կասպից ծովում ռազմական պատրաստություններին չէ, որ վերաբերում են։ Ադրբեջանի վրա իրանական «սառը հակահարձակումը», փաստորեն, ամենալայն ճակատով է տեղի ունենում։ Բայց ոչ վերջին հերթին` միջազգային ասպարեզում մշակույթի ոլորտում։ Եվ այն սկսվել է դեռ 2012 թ. դեկտեմբերի 26-ին, երբ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթ-փուրը իրանական «azariha.org» կայքի հետ հարցազրույցում հայտարարեց, որ «պատմության մեջ չի եղել «Ադրբեջան» անունով պետություն. այն ստեղծվել է կեղծիքների միջոցով»։ Իրանցի խորհրդարանականը, մասնավորապես, նշեց. «Պատմական փաստաթղթերի համաձայն, Արաքս գետից հյուսիս ընկած տարածքը Առան (Առանը Աղվանքի արաբերեն անվանումն է- թարգմ.) անունն է կրել, իսկ Արաքս գետից հարավ ընկած տարածքը` Ադրբեջան. այսինքն, և՛ Առանը, և՛ Ադրբեջանը Իրանի մասն են եղել։ Հետագայում, երբ Արաքս գետի հյուսիսային մասը վերանվանվեց Ադրբեջան, միակ նպատակն էր Արաքս գետից հյուսիս և հարավ ընկած տարածքներն անվանել Հյուսիսային և Հարավային Ադրբեջան։ Այս կապակցությամբ անգամ ստեղծվեց ժողովրդավարական կուսակցությունը, որի նպատակը իրանական Ադրբեջանի առանձնացումն էր»։ Դա հեռագնա նախազգուշացում էր Բաքվի իշխանություններին։ Եվ այն անմիջապես ստիպեց վերհիշել, որ դեռ 2012 թ. օգոստոսի 9-ին Իրանի բոլոր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Սեյեդ Հասանա Ֆիրուզաբադին Բաքվին մեղադրել էր «հակաիսլամական քաղաքականություն» վարելու և իր ժողովրդին Իսրայելին ու ԱՄՆ-ին ենթարկելու մեջ և նախազգուշացրել. «Ես մեկ անգամ արդեն զգուշացրել եմ, որ Առանի ժողովրդի երակներում իրանական արյուն է հոսում, և նրանց սրտերը ավելի ուժեղ են բաբախում իսլամի, Ղուրանի և իմամ Ալիի հանդեպ սիրուց։ Ես հուսով եմ, որ պարոն Ալիևը ուշադրության կառնի այս հանգամանքը, այլապես հանգուցալուծումը «սև» կլինի, չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը»։
Բայց անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին խորհրդարանական Մանսուր Հաքիքաթ-փուրից հետո իրանական զինվորականները ոչինչ չավելացրին։ Սակայն Իրանի արմատական շրջանակներին մոտ կանգնած ISNA լրատվական գործակալությունը հայտարարեց, որ Իրանը գանգատ կուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին` իրանական թառ երաժշտական գործիքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակի մեջ որպես ադրբեջանական մտցնելու համար։ Հենց այդ ժամանակ էլ, 2012 թ. դեկտեմբերին, Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին IRNA պաշտոնական լրատվական գործակալության հետ ունեցած հարցազրույցում հասկացրեց, թե էլի ուր է պատրաստ «խփելու» Թեհրանը. նա նշել էր, որ պարսից գրականության դասական, իրանցի խոշորագույն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի հետ կապված կեղծումները վկայում են «Ադրբեջանի մշակույթի աղքատիկության» մասին։
Իսկ հիմա մեկ անգամ էլ անդրադառնանք 2013 թ. հոկտեմբերին. 1. հոկտեմբերի 14-ին Իրանը գանգատ ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Նիզամի Գյանջևիի գրական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ։ Երկրի նոր փոխնախագահ ու մշակութային ժառանգության կազմակերպության նոր նախագահ Մոհամմադ Ալի Նաջաֆին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային հասցեագրված նամակում իր բողոքը հայտնելով Նիզամի Գյանջևիի շիրմաքարի պարսկերեն չափածո տապանագիրը թուրքերեն տեքստով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնության կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նման գործողությունները կասեցնելու և պոետի շիրմաքարի զարդաքանդակի նախնական տեքստը վերականգնելու ուղղությամբ։ Նամակում բողոք է հայտնվել նաև Ադրբեջանում սերմանվող պարսկատյացության դեմ։ 2. Հոկտեմբերի 30-ին նույն Մոհամմեդ Ալի Նաջաֆին ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է մերժել հեծյալ գնդակախաղը կամ հեծելապոլոն (չովղան խաղը) որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն ցուցակի մեջ ընդգրկելու Ադրբեջանի հայտը և Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված բոլոր փաստաթղթերը վերադարձնել։ «Այս իրավիճակում արժե կրկնել Նովրուզի տոնի հետ կապված փորձը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվեց որպես ոչ միայն Իրանի և Ադրբեջանի, այլև հինգ այլ երկրների ժառանգություն։ Ադրբեջանը հեծյալ գնդակախաղի ֆեդերացիա անգամ չունի։ Իսկ Իրանի ժողովուրդն արդեն 2500 տարի է` հեծյալ գնդակախաղ է խաղում»,- հայտարարել է Նաջաֆին։ Արևմտյան երկրների լրատվամիջոցներն այս կապակցությամբ նշել են, որ Ֆիրդուսու «Շահնամե» ստեղծագործության մեջ պատկերված միջնադարյան պարսկական մանրանկարը վառ ապացույց է այն բանի, որ հեծյալ գնդակախաղը Իրանին է վերաբերում։
Մենք Հայաստանում հիանալի գիտենք, որ Իրանի դիրքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ում շատ ամուր են։ Ապացույցն այն է, որ Թեհրանի բոլոր հայտերը` կապված ներկայումս Իրանի տարածքում գտնվող եկեղեցական ճարտարապետության հայկական արդեն չորս հուշարձաններին համաշխարհային կարգի մշակութային օբյեկտների կարգավիճակ շնորհելու հետ, բավարարվել են։ Բոլոր չորսն էլ ներգրավված են Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Աշխարհը գիտե, թե իրանցիներն ինչքան հստակ ու մանրաքնին են համապատասխան փաստաթղթեր նախապատրաստում։ ՈՒստի և մենք պետք է ակնկալենք, որ Ադրբեջանի առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Իրանի հասցեագրած բոլոր բողոքները վաղ թե ուշ կբավարարվեն։ Այսինքն, աշխարհը Ադրբեջանին կմեղադրի մշակութային ժառանգության (տվյալ դեպքում` իրանական) յուրացման փորձեր անելու մեջ։ Իմ կարծիքով, դա միջազգային իրավական լուրջ ապտակ կդառնա Բաքվի վարչախմբին (ի դեպ, Իրանի նկարագրված քայլերը մեզ համար էլ են խթան` բարձրացնելու նախիջևանյան Ջուղայի գոնե միայն խաչքարերի ոչնչացման հարցը)։ Բայց անհնար է այն տպավորությունը չստանալ, որ թվարկված բոլոր փաստերն ու հոկտեմբերի իրադարձությունները վկայում են, որ Բաքվի հանդեպ քաղաքականության հարցում Թեհրանի մոտեցման մեջ անվիճելի փոփոխություն է տեղի ունենում։ Եվ դա նշանակում է, որ մեր հակառակորդը աստիճանաբար աննախանձելի վիճակի մեջ է հայտնվում։ Մի բան է դիմակայել միայն հայերին, այլ հարց է ադրբեջանական «չարությունները» անտեսել չցանկացող Իրանի հետ բախվելը։ Եվ երրորդ հարցը` եթե Ռուսաստանը «լռելյայն» համաձայնի և՛ Հայաստանի, և՛ Իրանի հետ...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ