Այսպես եղավ նաև Վրաստանի դեպքում: Արևմուտքը տվեց Աբխազիան ու Օսիան` Ռուսաստանի հետ խիստ «թաքուն» պայմանավորվածությունների արդյունքում: Ժամանակավորապես վերցնելով Վրաստանը: Ի պահ, որ հարկավոր դեպքում, եթե պետք լինի, տա նաև Վրաստանը: Իրենը Մեծ Մերձավոր Արևելքն է էս պահին, ու ամեն ինչ անելու է, որ գլուխ բերի մեծ կոմբինատոր Բժեզինսկու` Մեծ Մերձավոր Արևելքի նախագիծը: Իսկ Ռուսաստանին միշտ էլ հերթ կհասնի:
Նավթը կա ու կա: Ընդ որում, հիմա էլ «կա»: Իրանի հետ համաձայնությունը աշխարհում նավթի գինը երկու անգամ իջեցրել է:
Այսպիսով, Ժնևում «երկուսը` մեկում» տարբերակով Արևմուտքը հասավ Իրանի միջուկի խաղաղ օգտագործման բանակցությունների «հաղթական» ավարտին: Իհարկե, հասկանալի է` այդ խաղաղ զարգացումը հեչ պետք չէր ԱՄՆ-ին, սակայն մեծ խաղում շահելու համար նա միշտ պատրաստ է փոքրը զիջելու: Ընդ որում, զիջելու ոչ միայն ՈՒկրաինան Ռուսաստանին, համաժամանակյա Ֆյուլեի շուրթերով արտաբերելով, որ մինչև գարուն, երբ արդեն յոնջան աճած կլինի, ՈՒկրաինան կարող է և չասոցացվել Եվրոպայի հետ: Եվ ուրեմն` ԱՄՆ-ը հետ քաշեց նաև Ֆրանսիային, որի պատճառով նախորդ անգամ տապալվել էին բանակցություններն Իրանի հետ: Տեղյակ ենք` Մեծ Մերձավոր Արևելքի, նաև մեր տարածաշրջանի խաղում Ֆրանսիային հատկացված է առանցքային դեր. այդ Սարկոզին էր վրացական պատերազմի ժամանակ հայտնվել Վրաստանի կողմերում ու բանակցում Պուտինի հետ, որպեսզի Վովան Միշային կողքի ծառից չկախի: Այդ Ֆրանսիան էր «ռմբակոծում» Իրաքն ու Եգիպտոսը, այդ Ֆրանսիան էր, որ… բայց նա նախորդ օրը համաձայնեց, որ Իրանի միջուկը «խաղաղվի»:
ԱՄՆ-ն այս փուլում խաղի մեջ պահեց միայն Իսրայելին (ինչը կարծես թե քիչ չէ). Նաթանյահուն ասաց` Իրանի հետ հաշտվելով դեռ չգիտեք գլխներիդ գալիքը, հետո էլ՝ եթե Ահմադինեժադը գայլ էր` գայլի մորթով, ապա Ռուհանին գայլ է` գառան մորթով: Ասել է` Արևմուտքը փայտը ձեռն է պահում Իրանի հետ հարաբերություններում` ի դեմս Իսրայելի:
Ինչևէ, փաստը կայացավ, և մոտ քառասուն տարի կարծրացած սառույցը ԱՄՆ-Արևմուտքի ու Իրանի միջև հալվեց: Այս պահին` հանուն Սիրիայի: Չենք կասկածում, շուտով նույն Ժնևում Սիրիայի հարցով տեղի ունենալիք «Ժնև-2-ը» ևս հաջողություն կարձանագրի, սիրիական ընդդիմությունն էլ կմասնակցի… Ասադին էլ ոչ ևս կանեն, ըստ ամենայնի թույլ չտալով, որ նախագահական ընտրություններին մասնակցի:
Բա հիմա դրա համար չարժե՞ր, որ այս պահին Եվրոպայի համար բեռ դառնալու «հեռանկար», անհարմարություններ ստեղծող ՈՒկրաինայի հաշվով Արևմուտքն ասեր Ռուսաստանին` «առ, տար, քեզ ըլնի, հալալ ա»:
Երկրորդենք պնդումը. ԵՄ-ը խիստ նրբագեղ մաներայով ինքը հետ մղեց ՈՒկրաինայի ասոցացումը: Այլապես ինչու էր ընդամենը մեկ միլիարդ եվրո տալիս (ըստ Ազարովի ներկայացրած թվերի), Տիմոշենկոյի հարց դնում, ինչ-ինչ չկատարվելիք պահանջներ ներկայացնում:
ՈՒ թե ամփոփենք այս ողջ թնջուկը, ապա պետք է արձանագրել` խաղի միջնամասում բոլորը կուշտ, ուրախ և բախտավոր են: ԱՄՆ-Արևմուտքը, որ գլուխ է բերելու Իրանի ու Սիրիայի հարցը` առայժմ առանց ռմբակոծությունների: Ռուսաստանը, որը հասկանում էր` Իրան-ԱՄՆ մերձեցումից ինքը ոչինչ չէր շահելու, ավելի լավ է շնից մազ պոկի: Իսկ այդ մազն այնքան էլ մազ չէ. Պուտինի պատկերացմամբ` այն մի ամբողջ Մաքսային միություն է` յուր Եվրասիական հեռանկարներով (կկայանա՞ այդ ամբիցիան, թե՞ ոչ, այս պահին նույնիսկ էական չէ): Իրանը կարողացավ «խաղաղեցնել» իր միջուկը (իսկ լավատեղյակներն ասում են` Իրանն արդեն ունի միջուկային զենք) և վերջապես` ազատվել սանկցիաներից:
Մնաց հասկանանք. մենք՝ որպես երկիր, ի՞նչ շահեցինք այս ամենից:
Եթե շահեցինք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ