Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ո՞Ւմ և հանուն ինչի՞ է մեր զինծառայողը «խաղաղեցնում» Աֆղանստանում, երբ «Թալիբանը» հաղթում է ՆԱՏՕ-ին

Ո՞Ւմ և հանուն ինչի՞ է մեր զինծառայողը «խաղաղեցնում» Աֆղանստանում, երբ «Թալիբանը» հաղթում է ՆԱՏՕ-ին
24.11.2013 | 15:03

Ինչպես հայտնի է, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի և նրան հարող երկրների զորքերի դուրսբերումը նախատեսված է 2014 թվականին։ Բայց դեռ 2012 թ. հոկտեմբերի 7-ին աֆղանական «Թալիբան» շարժումը երկրի բնակչությանն ուղղված դիմումում հայտարարել էր, թե «լիակատար հաղթանակ է տարել օտարերկրյա ինտերվենտների նկատմամբ»։ Հայտարարությունը պնդում էր, որ օտարերկրյա զորքերը «այնքան ամոթահար ու նվաստացած են հեռանում Աֆղանստանից, որ դժվարությամբ են փորձում մի որևէ արդարացում մոգոնել դրա համար»։
Իհարկե, Հայաստանի ամերիկամետ քաղաքացիները մեզնից կպահանջեն, որ մենք ավելի շատ հավատանք ոչ թե «Թալիբանին», այլ ԱՄՆ-ի ղեկավարության խոսքին։ Եվ մերկ թվերը, կարծես, ամենևին էլ չեն խոսում ՆԱՏՕ-ի նկատմամբ թալիբների հաղթանակի մասին։ Ասենք, մերկ թվերը չէին խոսում նաև ԽՍՀՄ-ի նկատմամբ դուշմանների հաղթանակի մասին։ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հակաահաբեկչական գործողության 12 տարում զոհվել է ավելի քան երկու հազար ամերիկյան զինծառայող։ Բրիտանացիների կորուստները կազմում են մոտ 430 մարդ, մոտ 630 մարդ էլ կոալիցիայի մյուս երկրների կորուստներն են։ Սրանք պաշտոնական տվյալներ են։ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետտայի խոսքերով, Աֆղանստանում ձեռք բերված առաջադիմությունը հազարավոր կյանքեր է նստել միջազգային հանրության վրա։ «Կարծում եմ, ճիշտ կլիներ, եթե Աֆղանստանի նախագահը շնորհակալություն հայտներ նրանց, ովքեր մարտնչել և իրենց մահկանացուն են կնքել Աֆղանստանում, և ոչ թե քննադատեր նրանց»,- ասել է նա։ Սակայն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը համամիտ չէ իր ամերիկյան տերերի հետ։ Ելույթ ունենալով Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում, նա ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պահանջեց ակտիվացնել պայքարը տարածաշրջաններում ահաբեկչության գլխավոր բների դեմ, որոնք գտնվում են Աֆղանստանի սահմաններից դուրս։ «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է ահաբեկիչների դեմ կռվեն այնտեղ, որտեղ գտնվում են ահաբեկչության ակունքները,- հայտարարեց նա։- Նրանք ասում են մի բան, անում են միանգամայն հակառակը»։ Ի հավելում դրա, Քարզայը հիշեցրեց, որ Աֆղանստանի քաղաքացիական բնակչությունը շատ մեծ զոհեր է ունեցել ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով, մատնանշեց այն բարոյական վնասը, որ, օրինակ, աֆղանները կրել են ամերիկյան զինվորականների կողմից «Ղուրանի» այրման պատճառով և այլն։ Նույնիսկ խամաճիկները լուրջ դժգոհություններ ունեն իրենց տիկնիկավարներից։
Եվ հասկանալի է, թե ինչու։ Ամերիկացիները, հավանաբար, Աֆղանստանից իրենց զորքերը դուրս կբերեն 2014 թ. այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ Իսկ նրա տարածքի զգալի մասը նույնիսկ հիմա վերահսկում են «Թալիբանի» զինյալները։ Ասենք, Աֆղանստանի ուժային կառույցներում էլ հիմա քիչ չեն «Թալիբանի» եթե ոչ բացահայտ զինակիցները, ապա, առնվազն, արևմտյան օկուպացման շարունակման կատաղի հակառակորդները։ Ամերիկացիների ու եվրոպացիների մի շարք սպանություններ կատարել են ոչ թե թալիբները, այլ Աֆղանստանի պետական կառույցների ծառայողները։ Քարզայը լուրջ հիմքեր ունի երկյուղելու իր և իր ընտանիքի անվտանգության համար. նրա մահավճիռը, իբրև դավաճանի, վաղուց է կայացվել։ Եվ նրա եղբայրներից մեկի սպանությունը չարագույժ նախազգուշացում էր։ Դրա համար էլ ուզում է իր եղբայր Աբդուլլա Կայումին առաջադրել նախագահի թեկնածու 2014 թ. ընտրություններում և չի պատրաստվում «պայքարելու կոռուպցիայի դեմ» ու «ժողովրդավարական բարեփոխումներ կատարել»։
Գերմանական «Spiegel» շաբաթահանդեսի ձեռքն ընկած հետախուզական ծառայությունների գաղտնի զեկույցում Աֆղանստանում անվտանգության հետ կապված իրավիճակը գնահատվում է որպես օրհասական։ 2012 թ. հոկտեմբերի 9-10-ին Բրյուսելում հյուսիսատլանտյան խորհրդի` պաշտպանության նախարարների մակարդակով կայացած նիստում, որին էլ, ի դեպ, թալիբները հարմարեցրել էին իրենց հայտարարությունը Արևմուտքի հանդեպ տարած «լիակատար հաղթանակի» մասին, քննարկվեց հենց 2014-ից հետո աֆղանական անվտանգության ուժերի վարժեցման ու պատրաստման ուղղությամբ ՆԱՏՕ-ի նոր գործողության ձևաչափը։ Ակամա վերհիշում ես Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դևիդ Միլիբենդի խոսքերն այն մասին, որ եթե Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) զորամիավորումները դուրս բերվեն, ապա «թալիբների իշխանության գալը կդառնա ոչ թե օրերի, այլ ժամերի հարց»։ Այսինքն, Արևմուտքի պատասխանատու քաղգործիչները հիանալի իմացել են և գիտեն, որ «Թալիբան» շարժումը չի ստում, երբ հայտարարում է ՆԱՏՕ-ի նկատմամբ իր հաղթանակի մասին։ Բայց չէ՞ որ առայժմ երկրում կենտրոնացված է միայն ԱՄՆ-ի առնվազն 70 հազար զինծառայող։ Այդ պատճառով չէ՞, արդյոք, որ Բրյուսելի խորհրդակցություններից հետո Աֆղանստանի և Պակիստանի գծով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Մարկ Գրոսմանը 2012 թ. հոկտեմբերի 17-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ը շուտով Աֆղանստանի իշխանությունների հետ բանակցություններ կսկսի 2014-ից հետո այդ երկրի տարածքում ամերիկյան զինվորականների տեղաբաշխման շուրջ։ Եվ Գրոսմանը չթաքցրեց, որ ԱՄՆ-ը ծրագրում է շարունակել ռազմական գործողությունները։ 2011 թ. հայտարարելով 2014 թ. վերջին Աֆղանստանից զորքերի դուրսբերման պլանների մասին, Օբամայի վարչակազմը հայտարարում էր, որ այդ երկրում ռազմական ներկայությունը կպահպանի միայն 3-4 հազար զինծառայողի մակարդակով, ինչպես նաև կընդլայնի խորհրդականների հաստիքացանկը։ Այդ տարվա սեպտեմբերի 29-ին Կենտրոնական Ասիայի երկրներում Ֆ. Էբերտի անվան հիմնադրամի ներկայացուցիչ Վուլֆ Լապինսը Դուշանբեում կայացած «Անվտանգությունն ու կայունությունը Կենտրոնական Ասիայում` 2014 թ. Աֆղանստանից ISAF-ի դուրսբերումից հետո» թեմայով միջազգային խորհրդաժողովում հայտարարեց հետևյալը. «2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունների առաջ բերած շոկն ու վրեժի ծարավը ամերիկյան ունիլատերալիզմի (միակողմանի գործողությունների ծրագրերի- խմբ.) դոգմատիկներին (Չեյնի, Ռամսֆելդ, Պեռլա և այլք) իշխանական ուժեղ դիրքեր բերեցին... Երկու պատերազմներն էլ (Իրաք, Աֆղանստան) սկսած ԱՄՆ-ը հայտնվեց ահաբեկչության դեմ համապարփակ պայքարի թակարդում, որ լարել էր ՈՒսամա բեն Լադենը նրա դեմ։ Բեն Լադենը կարողացավ ԱՄՆ-ի գործողություններն օգտագործել իբրև անհավատների դեմ համաշխարհային ջիհադի (սրբազան պայքարի- խմբ.) արդարացում։ Ահաբեկչության դեմ պատերազմի քաղաքական աքսիոմը, այսպես կոչված, «քաղաքակրթությունների բախումը» վերածեց չարաղետ փորձանքի, վերարտադրվող մարգարեության։ Ահաբեկչության դեմ պայքարը ավտորիտար վարչակազմերը դարձրեց ամերիկացիների անհրաժեշտ օգնականներ։ Նրանց ցուցաբերվող աջակցությունը քաղաքական կայունությունը վերածեց լճացման ու ճահճացման»։ Հենց Լապինսը, հենվելով օպերատիվ տվյալների վրա, առաջինը հայտարարեց, որ թալիբներն արդեն հիմա իրենց հաղթող են համարում. «Նրանց մնում է միայն սպասել 2014-ին, որը նշված է որպես զորքերի դուրսբերման հաստատագրված տարեթիվ։ Նրանք բանակցության ոչ մի կարիք չեն զգում։ Աֆղանական ասացվածքն ասում է. «Օտարները մեր երկրում տիրապետում են ժամերին, իսկ ժամանակի տերը մենք ենք»։ Թալիբները գիտեն, որ ցանկացած դասավորության պարագայում իրենք կլինեն քաղաքական նոր կառուցվածքի մաս, և իրենցից կախված կլինի Աֆղանստանի ապագան... Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Աֆղանստանից դուրս բերի իր, պատերազմական իրավիճակում չափազանց կարևոր ստորաբաժանումները, կկորցնի առանցքային դիրքերը տարածաշրջանում...»։
Վերադառնանք Աֆղանստանում գտնվող ոչ արևմտյան զինվորականների հարցին։ Նրանց մեջ Հայաստանի առնվազն 126 քաղաքացի կա։ ՆԱՏՕ-ի գործողությանը մասնակցելու որոշումն ընդունվել է 2009 թ., 2010 թ. հունվարի 9-ին Երևանում Աֆղանստան ճանապարհեցին հայ խաղաղապահների առաջին խումբը` բաղկացած 40 մարդուց։ Հայ զինվորականները մտնում են գերմանական զորամիավորման կազմի մեջ, ապահովում են Ղունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը, ինչպես նաև Մազարի-Շարիֆ քաղաքի օդանավակայանի պահպանությունը, պարեկային ծառայությունը և անցակետի հսկողությունը (81 մարդ)։ Գումարած հինգ հրահանգիչ։ Մազարի-Շարիֆը «թեժ կետերից» մեկն է, մի քանի անգամ զավթվել է «թալիբների» կողմից, որոնք այնտեղ սպանդ են սարքել։ Հայաստանի զինվորականները Ղունդուզում հայտնվեցին 2010 թ. փետրվարի 14-ին, իսկ Մազարի-Շարիֆում` 2011 թ. հունիսի 20-ին։ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՆԱՏՕ-ի հետ 2011 թ. ապրիլի 4-ին կնքված մի համաձայնագիր, որով նախատեսվում է Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի գրեթե եռապատկում և առաքելությանը մասնակցության ժամկետի մեկամյա երկարացում։ Փաստաթղթի համաձայն, Աֆղանստանում հայ խաղաղապահների առավելագույն թվաքանակը պետք է հասցվեր 130-ի, իսկ զինվորական հերթապահությունների ժամանակ` 260-ի։ Աֆղանստանում հայ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը երկարացվեց նախ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը, ապա մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը։ Հայաստանը ԱՊՀ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից միակն է, որ իր զորախմբերով մասնակցում է Աֆղանստանի գործողություններին։ Հիշեցնենք, Աֆղանստանի գործողություններին մասնակցության որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ Հայաստանն իր խաղաղապահներին դուրս բերեց Իրաքից (46 զինծառայող, 2005-2008 թթ.)։ Թվերն էլ համադրելի էին Աֆղանստանում խաղաղարարության առաջին փուլում. 46-ը դուրս բերվեց Իրաքից, 40+5-ը մտցվեց Աֆղանստան։
Խոսք չկա, այդ երկրներում իրենց պարտականությունների կատարման ընթացքում հայ զինվորականների ձեռք բերած հմտությունները կարող են պետք գալ։ Բայց, օրինակի համար, Իրաքում Արևմուտքի խաղաղարարությունը վերջին հաշվով հանգեցրեց... հայ համայնքի փաստական անհետացմանը։ Դա մոտավորապես 20-30 հազար մարդ էր։ Իրաքահայերը բացահայտ սպանվում էին, նրանց պատանդ էին վերցնում, պայթեցվում էին հայկական եկեղեցիները... Երևի այս արդյունքը ևս Երևանում համարվել և համարվում է մեծ նվաճում Իրաքում խաղաղապահ գործողությանը մասնակցության գործում։
Պակաս անհասկանալի չէ Հայաստանի մասնակցությունը սերբական Կոսովոյի և Մետոխիայի (ԿոսՄետ) երկրամասի խաղաղարար գործողությանը։ Մերոնք այնտեղ էին 2004-ից հունական զորախմբի կազմում, 2012-ի փետրվարին հանվեցին այնտեղից, սակայն «հանգամանքների փոփոխման» պատճառով 2012 թ. հուլիսի 6-ին 35-հոգանոց ջոկատով նորից ուղարկվեցին ԿոսՄետ, ԱՄՆ-ի զորախմբի կազմում տեղակայված են ՈՒրոշևաց քաղաքի մոտակայքում գտնվող ամերիկյան «Բոնդստիլ» ռազմաբազայում և առաքելություն են իրականացնում «Արևելք» բազմազգ մարտական զորախմբի պատասխանատվության գոտում։ Այդտեղ ո՞ւմ և ումի՞ց են «խաղաղություն պահպանում» հայ զինվորականները։ Այն գոտում, ուր տեղաբաշխված են հայ խաղաղապահները, ոչ մի սերբ չկա, իսկ քրիստոնեական բոլոր տաճարները վաղուց ոչնչացված են։
Լուրջ հիմքեր կան երկյուղելու, որ հայ զինվորականներն այդպես էլ դուրս չեն բերվի Աֆղանստանից ընդհուպ մինչև 2014 թ. վերջը։ Երևի շատերն են հիշում, որ, օրինակ, 2011-13 թթ. ընթացքում Վրաստանում շատ «սև թղթեր» էին ստացվում վրացի խաղաղապահների վերաբերմամբ։ Եվ որքան մոտենում է 2014-ը, այնքան կշատանան գրոհները ՆԱՏՕ-ի ու դաշնակից երկրների զորքերի վրա։ Չկա ավելի հեշտ բան, քան փախչող հակառակորդի թիկունքին խփելը։ ՈՒ պիտի փախչեն հենց Ղունդուզի և Մազարի-Շարիֆի օդանավակայաններով, որոնք Աֆղանստանի հյուսիսի ռազմավարական կարևոր հանգույցներն են Տաջիկստանի սահմաններից ոչ հեռու։ Այժմ ԱՄՆ-ը դիվանագիտական ակտիվ աշխատանք է տանում Տաշքենդի ու Դուշանբեի հետ։ Որոշ զորքեր ու տեխնիկա արդեն սկսել են հանվել Բաքվով։ Արդյունքում, հայ խաղաղարարները շուտով միայն կապահովեն ՆԱՏՕ-ի ռազմարշավային զորախմբի դուրսբերումն Աֆղանստանից, բացառված չէ, պաշտպանելով Ղունդուզի և Մազարի-Շարիֆի օդանավակայանները հարձակվող «Թալիբանից»։
ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը երկարաձգելու շուրջ բանակցություններ Քարզայի հետ դեռ շոշափելիորեն չեն սկսվել։ Փոխարենը մենք գիտենք, որ 2012 թ. հունվարի 16-ին, երբ վրացի խաղաղարարների հերթական սպանություններից հետո Աֆղանստանում վրաց զորախմբի կորուստների թիվը հասավ 12-ի, Վրաստանի նախկին նախագահ Է. Շևարդնաձեն «սիրտը բռնած» պահանջեց ՆԱՏՕ-ի գործողություններից անմիջապես հանել վրացի զինծառայողներին։ Թբիլիսիի «Ասավալ-դասավալի» թերթի հետ ունեցած հարցազրույցում նա հայտարարեց. «Ժամանակն է վերջ դնելու այդ անիմաստ զոհերին։ Ես հույս ունեի, թե այն բանից հետո, երբ ամերիկացիները որոշեցին հանել զորքերն Աֆղանստանից, մեր իշխանությունները խելքի կգան և կհասկանան, որ մենք անելիք չունենք օտար կռիվներում։ Բոլոր երկրները հանում են զորքերը, իսկ մենք մեծացնում ու մեծացնում ենք զորախումբը։ Եվ ավելացրեց. «Չի կարելի արդարացնել նրանով, թե ՆԱՏՕ-ն «մեր առջև դուռը կբացի», իսկ միջազգային գործողությանը Վրաստանի մասնակցության շարունակումը և վրացական զորախմբի թվակազմի մեծացումը ոչ միայն «իշխանությունների սխալն են», այլև հանցագործություն երկրի հանդեպ»։ Ցավոք, Երևանում Շևարդնաձեի խոսքերը ոչ ոքի համար ահեղ նախազգուշացում չդարձան։ Զարմանալի է, թե ինչու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իմանալով ամբողջ վերոշարադրյալը, կարողացավ իրեն թույլ տալ 2011 թ. դեկտեմբերի 5-ին Բոննում, Աֆղանստանում անվտանգության ապահովման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակներում նկատել «որոշ առաջադիմություն Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում» և նույնիսկ` «դրական շարժն այստեղ ակնհայտ է»։ Ինչն էր վախեցրել և վախեցնում Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Միլիբենդին, Վրաստանի նախկին նախագահ և ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Է. Շևարդնաձեին, գերմանական BND հատուկ ծառայությանը, Էբերտ Լապինսի հիմնադրամի փորձագետին, վերջապես, Աֆղանստանի և Պակիստանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Գրոսմանին, և ինչու դա համառորեն որոշել են չնկատել Երևանում։
Բայց Հայաստանը, եթե չի վստահում Աֆղանստանում տիրող ճշմարիտ իրադրությանը տրվող արևմտյան գնահատականներին, ինչո՞ւ ուշադրության չի առնում գոնե ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդին առընթեր Աֆղանստանի հարցերի աշխատանքային խմբի 2011 թ. մարտի 16-17-ին Դուշանբեում կայացած նիստի ամփոփիչ հայտարարության հիմնական դրույթները, որոնցում ընդգծված է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մակարդակի կախումը Աֆղանստանում տիրող իրավիճակից։ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ-ի բոլոր միջոցառումներին ու աշխատանքային նիստերին, հետևաբար, Երևանը տեղյակ է Աֆղանստանի իրադրությունից բխող բոլոր վտանգների ու սպառնալիքների մասին, որոնք արձանագրվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Հայաստանը կարող էր հիշել նաև Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վլադիմիր Պրոնիչևի 2012 թ. փետրվարի 28-ի գնահատականը. «Աֆղանստանի անկայուն իրադրությունը իրական սպառնալիք է ոչ միայն նրա հետ սահմանակից երկրների, այլև ամբողջ նախկին խորհրդային տարածության համար, ընդ որում, գործ ունենք իրավիճակի վատթարացման միտումի հետ»։ 2012 թ. հունիսի 22-ին ՀԱՊԿ-ը որոշում ընդունեց Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու սահմանի պաշտպանության գործում։ Դեռ բեն Լադենին վերացնելուց հետո ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ հայտարարեցին, որ մտադիր են դուրս բերել իրենց զորքերը կամ, գոնե, կրճատել իրենց զորախմբերը։ Այսպես, 2011-ի մայիսին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել էր. «Ֆրանսիան մտադիր է արագացնել իր զորքերի դուրսբերումը Աֆղանստանից` կապված «Ալ Քաիդայի» պարագլուխ ՈՒսամա բեն Լադենի մահվան հետ», ավելացնելով, որ ոչ միայն Ֆրանսիան, այլև մյուս դաշնակիցները ուզում են վերանայել իրենց ծրագրերը Աֆղանստանում զորքերի գտնվելու վերաբերյալ։ Մինչև Ժյուպեի հայտարարությունը, իր զորքերը լիովին դուրս բերելու մասին հայտարարել էր Լեհաստանը։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ թե՛ Ֆրանսիային, թե՛ Լեհաստանին դրան դրդեց ոչ միայն բեն Լադենի վերացումը, այլև այն, որ նրանց զորքերը մեծ կորուստներ էին կրել, և որ ՆԱՏՕ-ի գործողությունը ձգձգվում էր։ ՈՒրեմն ինչո՞ւ պիտի ՀԱՊԿ անդամ Հայաստանը մեծացներ իր զորախումբն Աֆղանստանում, երբ այնտեղից փախուստ են տալիս ՆԱՏՕ-ի երկրները, և երկարացներ այնտեղ գտնվելու ժամկետը։ Եվ շատ ավելի հարուստ ու ռազմական առումով հզոր Արևմուտքի պետությունները ինչքա՞ն կարող են Երևանին խնդրել երկարաձգել Աֆղանստանում հայ զինվորների գտնվելու ժամկետը։ Աֆղանստանի առնչությամբ մեր որոշումներն արդյոք եղե՞լ են Վրաստանի ու Ադրբեջանի հետ «Արևմուտքում վարկանիշ բարձրացնելու մրցավազք», թե արտացոլել են Հայաստանի արտգործնախարարի գնահատականները, որոնք արմատապես հեռու են իրականությունից։ Աֆղանստանում հայ համայնք չկա, որի անդամների նկատմամբ թշնամին կարողանար «մուռ թափել», ինչպես Իրաքում։ Եվ մենք հազիվ թե լսենք, թե ինչ բախտի են արժանացել հայ մասնագետները ՀԱՊԿ-ի շրջանակներում տաջիկա-աֆղանական սահմանի պահպանության գործում Տաջիկստանին օգնություն ցուցաբերելիս։ Փոխարենը հայ զինվորականները շարունակում են նստել Աֆղանստանում և ԿոսՄետում։ Դեռ 2010 թ. մայիսի 28-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար գնդապետ Արթուր Սիմոնյանը խոստովանել էր, որ հարաբերական անդորրից հետո զինված ընդհարումները կարող են վերսկսվել։ Բայց 2011-13 թթ. իրավիճակը շեշտակիորեն վատթարացավ։
ՈՒստի Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում արդեն 2014-ի հունվարից սկսել հայ խաղաղապահների դուրսբերումը Աֆղանստանից, ինչպես նաև ԿոսՄետից։ Հայաստանին պետք չէ կոլեկտիվ պատասխանատվություն այն ամենի համար, ինչ այդ տարածաշրջաններում անում է ՆԱՏՕ-ն կամ ինչին միտումնավոր չեն խոչընդոտում ՆԱՏՕ-ի զինվորականները։ Հասկանալի է, որ Հայաստանում ոչ մի տեղ խաղաղապահները 700 հազար դրամ ¥մոտ 2 հազար դոլար¤ չեն վաստակի` միաժամանակ պահպանելով զինվորականի աշխատավարձը։ Բայց մեր զինվորականների կյանքը, երևի, համենայն դեպս, ամեն տեսակի փողից թանկ է։ Ո՞Ւմ և հանուն ինչի՞ է մեր զինծառայողը «խաղաղեցնում» Աֆղանստանում, երբ «Թալիբանը» հաղթում է ՆԱՏՕ-ին։ Չէ՞ որ վերջին տարիների իրադարձությունները ակնբախորեն ցույց են տալիս, որ որակյալ զինվորականների խիստ անհրաժեշտություն կա նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, Լեռնային Ղարաբաղի ճակատային գծերում։ Ի վերջո, այնտեղ «խաղաղապահներ» էլի կճարվեն։ Նույնիսկ Սիրիայում մեր խաղաղապահները բան կունենային պաշտպանելու և «խաղաղեցնելու»։ Դամասկոսի քրիստոնեական թաղամասերի վերջին գնդակոծություններն ու հայ երեխաների զոհվելը դրա ապացույցն են։ ՆԱՏՕ-ն նման խաղաղարար գործողություն չի՞ ֆինանսավորի։ Ոչինչ, թող ֆինանսավորեն Հայաստանի և սփյուռքի հարուստ հայերը, թող ֆինանսավորեն Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսությունները։ Իսկ Աֆղանստանի և ԿոսՄետի խնդիրները, այնուամենայնիվ, հարկ է թողնել նրանց, ովքեր դրանք ծնել են։ Պետք չէ մոռանալ կամ ինքնախաբեությամբ զբաղվել, որ աֆղան բնակչության մեծամասնության համար ՆԱՏՕ-ն և նրանք, ովքեր ՆԱՏՕ-ի հետ են, օտարերկրյա զավթիչներ են։ Եվ նրանց հետ կվարվեն համապատասխանաբար, չնայելով այն բանին, թե ովքեր են իրենց դիմաց` ամերիկացինե՞ր, թե՞ հայեր։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ