Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Չկա պրոֆեսիոնալիզմ` չկա դիվանագիտություն

Չկա պրոֆեսիոնալիզմ` չկա դիվանագիտություն
18.11.2013 | 11:28

Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդիի` Ճապոնիայում դեսպան նշանակվելու կապակցությամբ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ մի քանի հարց է ուղղել «DIPLOMAT.AM»-ին, որոնց պատասխաններն ամփոփված ենԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ վերոհիշյալ խորագիրը կրող հոդվածում:

Հարց. Իրավունք ունի՞ որևէ մեկը որպես դեսպան աշխատել, եթե չունի համապատասխան կրթություն ու փորձ:

Պատասխան. Իրավունք ունի, քանի որ դեսպանների կամ դիվանագիտական ավելի ցածր աստիճանների նշանակումը կարգավորող միջազգային որևէ փաստաթուղթ` պայմանավորված տվյալ անձնավորության մասնագիտական ու կրթական ցենզի հետ, գոյություն չունի:

Չկան նաև նման ազգային օրենսդրական փաստաթղթեր, որքան ինձ է հայտնի:

Այնպես որ, դիվանագետ կարող են աշխատել ու աշխատում են պրոֆեսիոնալ կրթություն չունեցող այլ մասնագետներ` բժիշկներ, ճարտարագետներ, ֆիզիկոսներ և այլք:

Այդ խնդրին տարբեր երկրներ տարբեր կերպ են մոտենում:

Շատերն աշխատում են իրենց արտգործնախարարությունները և արտասահմանյան ներկայացուցչությունները համալրել պրոֆեսիոնալներով կամ, մասնագիտական ժարգոնով ասած, կարիերային դիվանագետներով` հնարավորինս նվազեցնելով ոչ պրոֆեսիոնալների քանակն իրենց դիվանագիտական կորպուսներում:

Սովորաբար, դիվանագետ-պրոֆեսիոնալները բարձրակարգ մասնագետներ են, որոնց ընդունում և հարգում են օտար երկրների ղեկավարներն ու դիվանագիտական կորպուսը:

Իսկ դիլետանտներին ամենուրեք նայում են որպես աուտսայդերների` որպես կողմնակի մարդկանց:

Ո՞րն է պատճառը: Ոչ պրոֆեսիոնալը, որպես կանոն, դժվարանում ու խեղճանում է աշխատանքում, քաղաքական և միջազգային հարցերում, անգամ դիվանագիտական էթիկայում դրսևորում է անիրազեկություն, խնդիրներ ունենում` կապված օտար լեզուների հետ:

Անշուշտ, բացառություններ լինում են, երբ առանձին անհատներ, անկախ իրենց մասնագիտությունից և կրթական մակարդակից, հարմարվում են նոր միջավայրին և «մտնում են դիվանագետի մաշկի մեջ»: Սակայն, կրկնում եմ, դրանք հատուկենտ դեպքեր են:

Խնդիրն այն է, որ դիվանագիտությունն արվեստ է, եթե կուզեք, անգամ` արհեստ, որին տիրապետում են` անցնելով ծառայության բոլոր աստիճանները` քայլ առ քայլ: Որակյալ դիվանագետի ուսումնառությունը 10 տարի է, որից հետո նա շարունակում է սովորել` պրակտիկ աշխատանքին զուգընթաց (մինչև պաշտոնաթող լինելը) և իսկական պրոֆեսիոնալ դառնում է միայն երկար տարիներ անց:Դիվանագիտության մեջ պրոֆեսիոնալիզմը բացարձակ արժեք է:

Հարց. Այդ կինը (Քերոլայն Քենեդին-Ա.Ն.) դիվանագե՞տ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա փաստորեն նշանակվել է որպես Քենեդիի դուստր, այո՞:

Պատասխան. Քերոլայնը պրոֆեսիոնալ դիվանագետ չէ: Չնայած, ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, դեսպանների նշանակումը տեղի է ունենում Սենատի և Սենատական կոմիտեի հաստատումից հետո միայն, նախագահին երբեմն հաջողվում է «անցկացնել» իր նախընտրած դեսպանի թեկնածությունը, որը «դրսից է», իմա` պրոֆեսիոնալ չէ, սակայն ընտրությունների ժամանակ նպաստել է իր հաղթանակին, այդ թվում` ֆինանսների օգնությամբ: Ընդ որում, դրանից գաղտնիք չի սարքվում, և Սենատում հարցը լսելիս ասվում է անգամ գումարի չափը: Նման նշանակումները, սակայն, քիչ են:

Մի կարևոր նկատառում: Նշանակումից հետո նախագահի հովանավորչությունն իր թեկնածուի նկատմամբ ավարտվում է:

Այնպես որ, նախագահի «բոնուս» ստացած դեսպանն առաջին իսկ սխալի դեպքում անմիջապես հետ է կանչվում: Նման դեպքեր եղել են ԱՄՆ-ի դիվանագիտության պատմության մեջ:

Այդուհանդերձ, ինչո՞ւ է Օբաման նախընտրել Քերոլայնին:

Նախագահը, ըստ երևույթին, հիշում է, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ նրա հնարավորությունները շատ ավելի փոքր էին, քան Հիլարի Քլինթոնինը, Քենեդիների կլանը, Քերոլայնի հորեղբոր` Թեդի գլխավորությամբ, տառացիորեն տապալեց ամերիկյան «երկաթե լեդիի» թեկնածությունը և վճռորոշ դեր խաղաց Օբամայի հաղթանակի մեջ: Նման բաները չեն մոռացվում:

Հետո, ամեն ինչից զատ, հիշենք, թե ում աղջիկն է նա: Ջոն Քենեդիի, որը Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն է, ազգի սիրելին և մեծ տեղ է գրավում Ամերիկայի ու համաշխարհային պատմության մեջ:

Սակայն Օբամայի այդ նշանակումը, իմ կարծիքով, իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր:

Այսօր Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն առաջնային նշանակություն ունի Վաշինգտոնի համար: Իսկ չին-ճապոնական խիստ լարված հարաբերություններում հատկապես կարևորվում են Ամերիկայի դերակատարությունն ու աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը: Կկարողանա՞ արդյոք նորանշանակ դեսպանը հաջողությամբ կատարել իր առաքելությունը, ցույց կտա ժամանակը: Ճապոնիան շատ բարդ երկիր է, իսկ Տոկիոն ոչ Փարիզ է, ոչ էլ Մադրիդ:

Ի դեպ, դիվանագիտական աշխատանքում ոչ պրոֆեսիոնալների ներգրավումը հատուկ է ոչ միայն Ամերիկային, այլև ամբողջատիրական վարչակարգ ունեցող պետություններին:

Օրինակ, Խորհրդային Միությունում գոյություն ուներ բարձրաստիճան կուսակցական գործիչներին արտասահման գործուղելու պրակտիկա:

Այն կիրառվում էր երկու դեպքում: Խոշոր քաղաքական գործչին հեռացնում էին կենտրոնից, «արտաքսում» արտասահման: Այդպիսին էր նախկին արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովի նշանակումը Մոնղոլիա` որպես դեսպան: Եվ կամ կուսակցական բարձրաստիճան ղեկավարներին խրախուսանքի կարգով վստահվում էին սոցիալիստական երկրների կամ խորհրդային կողմնորոշման Երրորդ աշխարհի երկրների (Կուբա, Ալժիր, Անգոլա, Մոզամբիկ և այլն) դեսպանների պաշտոնները:

Իսկ կապիտալիստական առանցքային երկրների դեսպաններ Մոսկվան նշանակում էր միայն ու միայն կարիերային դիվանագետների:

Եթե խոսում ենք դիլետանտների դիվանագիտական նշանակումների մասին, չմոռանանք բռնապետական կամ կիսաբռնապետական, կոռումպացված համակարգ ունեցող պետությունները Աֆրիկայում և Ասիայում:

Նման արատավոր կադրային քաղաքականությանը տուրք են տալիս նախկին ԽՍՀՄ-ի, հատկապես` միջինասիական երկրները, որոնց ղեկավարներից շատերն իրենց երեխաներին և ազգականներին ուղարկում են ղեկավարելու արտասահմանյան ներկայացուցչությունները` առանց հաշվի առնելու նրանց ունակություններն ու կրթական մակարդակը:

Ոչ պրոֆեսիոնալ, «դրսի» կադրերի հաճախակի ներգրավումը դիվանագիտական աշխատանքի մեջ, ցավոք, կիրառվում է նաև Հայաստանում: Սա հղի է վտանգավոր հետևանքներով` հանրապետության արտաքին քաղաքականության, Հայաստանի ազգային հետաքրքրությունների ու պետական շահերի համար:

Բայց սա արդեն առանձին թեմա է:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ