Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Առա՛ջ, Արգամիչ

Առա՛ջ, Արգամիչ
19.10.2013 | 11:40

Երբ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերի տնօրեն Հրայր Թամրազյանը Զարուհի Փոստանջյանի դստերը՝ Լուսինեին, մոր հետ զրույցի ավարտին հարց ուղղեց, թե արդյոք սպասո՞ւմ էր, որ Զարուհին այդպիսի հարց կտա Սերժ Սարգսյանին, աղջնակը միանշանակ պատասխանեց, թե, անշուշտ սպասում էր Զարուհի Փոստանջյանից լսել հենց այդ կարգի հարցապնդումներ:
Հարց է ծագում, մի՞թե Դավիթ Հարությունյանը և վերջինիս քայլերն ուղղորդող Հովիկ Աբրահամյանը դեռահաս աղջնակի չափ քաղաքական հոտառություն չունեին, որ կանխատեսեին, թե ի՛նչ կարգի հարցեր է մտադիր Սերժ Սարգսյանին հասցեագրելու ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Զարուհին: Ես այս երկուսի, մանավանդ Հովիկ Աբրահամյանի, մտավոր կարողություններով հիացած չեմ, բայց նրանց կատարյալ իդիոտներ չեմ համարում: Հետևաբար չեմ կարող հավատալ, որ նրանք գիտակցաբար չեն հրահանգել հանրապետական Արփինե Հովհաննիսյանին` զիջել պատվիրակության պահեստային անդամ Զարուհի Փոստանջյանին Սերժ Սարգսյանին հարց տալու առաջնային իրավունքը:
Սա անհերքելի ճշմարտություն է, որը ոչ մի առնչություն չունի, այսպես կոչված, «դավադրությունների տեսություն» բնորոշման հետ: Կատարված դավադրությունն այնքան պարզունակ է, այնքան ակնհայտ է, որ որևէ տեսական հիմնավորման կարիք չունի: Հովիկ Աբրահամյանը «կռիսական» հմտությամբ Սերժ Սարգսյանին աշխարհով մեկ խայտառակելու և եվրոպական մասշտաբների ցուցանք դարձնելու խնդիրը լուծեց փայլուն կերպով: Հիմա էլ փարիսեցիաբար ձեռնամուխ է եղել Զառային ԵԽԽՎ-ի պատվիրակությունից հեռացնելու գործին. «Մավրն իր գործն արեց, մավրը պետք է հեռանա»: Պետք է հեռանա, որպեսզի այս պատմության բեմադրիչը քաղաքական ցուցանքի վերածված իր զոհի աչքերում ձեռք բերի անհրաժեշտ ալիբի: Չէ՞ որ այդ զոհը Բաղրամյան 26 հասցեում դեռ շարունակում է զբաղեցնել գլխավոր կաբինետը:
Հարցական է միայն այն, թե խնամիների նենգ հաշվարկներում կոնկրետ ե՞րբ հասունացավ Սերժ Սարգսյանին այսպիսի դաժան նվաստացման ենթարկելու միտքը. այն ժամանա՞կ, երբ ընդառաջելով Սերժին՝ ԵԺԿ-ն բավարարեց ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի անդամակցության դիմումներն ու մերժեց ԲՀԿ-ի դիմումը, թե՞ երեք ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանն արգելեց Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով մեկնել ՈՒկրաինա, ուր Ծառուկյանին հոգեհարազատ Յանուկովիչը նախապատրաստվել էր մականունավոր ԱԺ խոսնակին պրեզիդենտական ընդունելության արժանացնելու: Նախագահական իշխանության հավակնորդի նախատեսվող պրեզենտացիան ձախողվեց, և գուցե հենց այդ ժամանակ էլ խնամիները Սերժ Սարգսյանին աշխարհով մեկ խայտառակելու վճիռ կայացրին:
Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ վաղ թե ուշ Բաղրամյան 26 հասցեում հենց ինքն է «բնավորվելու»: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե հենց ինքն է այսօր ներկայացնում Հայաստանի ամենահարուստ կլանը, եթե իրեն արդեն հաջողվել է իր «փարավոն խնամուն» պոկել Ռոբերտ Քոչարյանից և ենթարկել իրեն՝ վերածելով սեփական բոնապարտիստական ծրագրերի իրականացման կույր և բութ գործիքի: Ւսկ այսօրվա Հայաստանում իշխանությանը տիրապետելու համար մղվող պայքարում հարստությունը, փողը ունեն վճռորոշ նշանակություն:
Հետևաբար, առա՛ջ, Արգամիչ:


Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ